Popular Posts

Wednesday, August 8, 2012

Պուտինն ու Սարգսյանը համաձայնության են եկել գազի գնի շուրջ



Ռուսաստանը և Հայաստանը համաձայնության են եկել գազի գնի շուրջ: Այս մասին հայտնել է Մոսկվայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որի խոսքերը մեջբերում է «Կոմերսանտը»:

«Այսօր մենք խոսել ենք կարևոր թեմայի՝ Հայաստան մատակարարվող գազի գնի շուրջ: Կարծում եմ, որ փոխհամաձայնության ենք եկել դրա ձևավորման սկզբունքների շուրջ: Այն պետք է բխի գազի իրական շուկայական գնից՝ բազմապատկված կամ բաժանված, ինչպես ուզում եք, Հայաստանին բնական գազով ապահովելու համար՝ ըստ տարածաշրջանում համադրելի գների և սակագների՝ պահպանելով նրա (Հայաստանի) տնտեսության արդյունավետությունը»,- հայտարարել է Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո:

Հուլիսի սկզբին հայաստանյան ԶԼՄ-ներում տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ հոկտեմբերի 1-ից ռուսական գազի գինը կարող է բարձրանալ, հիշեցնում է այսօր ռուսաստանյան «Կոմերսանտը», հավելելով, որ այժմ Հայաստանը «Գազպրոմին»1000 խմ գազի համար 180 դոլար է վճարում, և գազի գնի բարձրացում էր նախատեսվում ապրիլի մեկից:

Ռուսաստանյան պարբերականը այնուհետև հիշեցնում է, որ այս առիթով անգամ ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Facebook սոցիալական ցանցում գրել էր, թե արդեն գազի գինը բարձրացել է 60 դոլարով, և որ Հայաստանի իշխանություններն իբր առայժմ լռում են այդ մասին: Իսկ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ավելի ուշ հավաստիացրել էր, որ որևէ գաղտնի պայմանավորվածություն չկա, գրել է «Կոմերսանտը»:

Պուտինը հիշատակել է Ռուսաստանից Հայաստան ուղղվող տրանսֆերտների մասին



Սերժ Սարգսյանի հետ մոսկովյան հանդիպմանը ՌԴ նախագահ Պուտինը բավական ուշագրավ հիշեցում է արել երկու երկրների տնտեսական հարաբերության մասին խոսակցության կոնտեքստում:

Պուտինը հիշատակել է Ռուսաստանից Հայաստան ուղղվող տրանսֆերտների մասինʽ ասելով, որ դրանք կազմում են տարեկան մոտ մեկ միլիարդ դոլար, ինչը Հայաստանի համախառն ներքին արդյունքի զգալի մասն է: Պուտինի այս հիշատակումը ուշագրավ է երկու ասպեկտով:

Նախ, առաջին հերթին, Ռուսաստանը, ըստ էության, հիշեցնում է Հայաստանին տասնյակ հազարավոր միգրանտների մասին, որոնք, ըստ էության, դարձել են Ռուսաստանի պատանդը Հայաստանի հետ հարաբերություններում: Բանն այն է, որ այդ մարդիկ և նրանց ընտանիքներն աշխատում և ապրում են, կամ նրանց հարազատները Հայաստանում ապրում են ռուսական աշխատանքի հաշվին: Եթե դա չլինի, ապա դժվար է պատկերացնել, թե ինչ կլինի այդ մարդկանց հետ: Նաև դժվար է պատկերացնել, թե ինչ կլինի Հայաստանի հետ: Դա, այսպես ասած, հեղափոխական կոնտինգենտ է, սոցիալական բունտի ռեսուրս, որի մասին Ռուսաստանը, ըստ էության, հիշեցնում է Հայաստանին: Այդ հիշեցումը հատկանշական է այն առումով, որ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման հիմնական առանցք էր դիտվում այն, որ Պուտինը Սերժ Սարգսյանի առաջ պետք է ուղղակի դներ Եվրասիական միության իր նախագծին միանալու հարցը:

Ռուսաստանը, այդպիսով, Հայաստանին երևի թե ակնարկում է, որ Ռուսաստանում աշխատող և Հայաստանի տնտեսության համար ահռելի նշանակություն ունեցող տրանսֆերտային ռեսուրսը կարող է խնդիրներ ունենալ Ռուսաստանում, ինչն էլ կարող է իր հերթին խնդիր լինել Հայաստանի իշխանության համար, եթե այդ մարդիկ նոր աշխատանք չգտնեն արտերկրում և վերադառնան Հայաստան: Տրանսֆերտների մասին Պուտինի հիշեցման ուշագրավ մյուս ասպեկտն այն է, որ դա տեղի է ունենում Ռուսաստանից Հայաստանի ակնկալած 1 միլիարդ դոլար պարտքի մասին տեղեկատվության ֆոնին: Այդ տեղեկատվությունը հայտնվեց հայաստանյան մամուլում, իսկ Հայաստանի իշխանությունը, ըստ էության, չհերքեց դա:

Եվ թերևս ուշագրավ է, որ խոսելով տրանսֆերտների մասինʽ Պուտինը հիշատակում է 1 միլիարդ դոլար գումարը, ինչը, ըստ էության, թերևս նշանակում է, որ Ռուսաստանը Հայաստանին մերժում է 1 միլիարդ դոլարի վարկը: Պուտինը երևի թե ակնարկում է, որ Ռուսաստանում աշխատանք գտած քաղաքացիների մեկ միլիարդ տրանսֆերտը արդեն իսկ հենց Ռուսաստանի ֆինանսական օժանդակությունն է Հայաստանին, ու ավելին սպասել պետք չէ:

Ըստ երևույթին, այդ ամենը խոսում է այն մասին, որ Պուտին-Սարգսյան հանդիպումը, ըստ էության, խոշոր հաշվով տեղի է ունեցել փոխադարձ զգալի անվստահության մթնոլորտում: Իհարկե, դժվար է ասել, թե հանդիպման արդյունքում արդյոք ցրվե՞լ է այդ անվստահությունը: Բայց, խնդիրը տվյալ պարագայում այն հիշեցում-ակնարկներն են, որ Ռուսաստանն անում է Հայաստանի հաշվինʽ ցույց տալով, թե Հայաստանը որքան կախված է Ռուսաստանից, և ինչը ուղղակի անհնար է հաղթահարել, եթե երկրում տեղի չեն ունեցել լայնածավալ համակարգային տնտեսա-քաղաքական, իրավական բարեփոխումներ:

Friday, August 3, 2012


Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի նախագահ և Տիգրան Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո Հայաստանի արտաքին պարտքն ավելացել է շուրջ երեք անգամ։
Պետության և սերունդների հաշվին դրսից փող բերելն ու այստեղ մսխելը դարձել է այս իշխանության գործելաոճը։ Ու որպեսզի այս ամենը քողածածկվի, Տիգրան Սարգսյանը պարբերաբար խոսում է օլիգոպոլիաների դեմ պայքարի, կոռուպցիայի վերացման և նման այլ բաների մասին։
Կյանքը, սակայն, ցույց է տալիս, որ ինչքան շատ են «բարեշրջիչները» խոսում կոռուպցիայի դեմ պայքարից, այնքան կոռուպցիան ավելի կենտրոնացված ու կատարելագործված տեսք է ստանում. ցինիզմն ու փարիսեցիությունը չափ ու սահման չեն ճանաչում։
Բերեմ մեկ օրինակ, որից պարզ կդառնա, թե ինչպես են սրանք դրսից բերած փողն օգտագործում։
Առիթ եղել է «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրի մասին գրելու (տե՛ս http://7or.am/am/news/view/38031/«Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» կոչված կառույցը, որը ղեկավարում է ՀՀ էկոնոմիակայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը, հենց այդ գիլյոտինի ֆունկցիան կատարելու համար է ստեղծված։ Այդ կենտրոնը զբաղվում է ՀՀ օրենսդրության սխալները շտկելով, որի համար դրսից մոտ մլն եվրո է բերվել։
Փաստորեն, Կառավարությունն ու օրենսդիրները (չհաշված նախագահի աշխատակազմը) համատեղ ջանքերով և հարկատուներիս հաշվին օրենքներ են ընդունում, բայց պարզվում է, որ դրանք անորակ են, ու կարիք կա գիլյոտին կիրառելու։
Ուշագրավն այն է, որ օրենքներից շատերը գրվում են դրսից բերված դրամաշնորհներով կամ այլ խողովակներով։ Այսինքն՝ ստացվում է, որ իշխանությունը նախ դրսից փող է բերում ու դրանք «լվանում» օրենք գրելու և ընդունելու վրա, որից հետո կրկին փող է բերում, որպեսզի ընդունած օրենքները «գիլյոտինավորի»։ Սա, ըստ էության, օրինական կոռուպցիայի ձև է և գումարների անարդյունավետ օգտագործման վառ օրինակ։
Ինչի՞ համար է ստեղծվել «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնը»։ Ինչի՞ համար են ընդհանրապես նման «կենտրոնները»։ Որպեսզի մի երկու թուղթ մրոտեն ու 2 մլն եվրո՞ մսխեն։ Եվ այս մարդիկ զբաղվում են կոռուպցիայի դեմ պայքարո՞վ։
Կարելի է բազում այլ օրինակներ բերել, սակայն այս մի դեպքն էլ հերիք է՝ պատկերացնելու համար, թե ինչպես են«երկրորդ սերնդի» բարեփոխման լոզունգով կառավարողներն իրականում «նոր սերնդի» կոռուպցիայով զբաղվում կամ առնվազն անիմաստ վատնում հանրապետություն մտած գումարները։
Վիճակը շտկելու միայն մեկ ձև կա. առաջնորդվել ՀՀ Սահմանադրության 1–ին ու 2–րդ հոդվածներով և համապատասխան իշխանություն ձևավորել, իշխանություն, որը կգնա համապարփակ բարեփոխումների ճանապարհով։