Popular Posts

Sunday, April 22, 2012

Եթե ցանկանում եք Հայաստանը վերածել թուրքերի համար արոտավայրի, ընտրեք Սերժ Սարգսյանին



Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ապրիլի 21-ին Գառնիում ընտրողների հետ կայացած հանդիպմանը արած այն հայտարարությունը. «Եթե ցանկանում եք Հայաստանը վերածել թուրքերի համար արոտավայրի, ընտրեք Սերժ Սարգսյանին»:

Շարմազանովի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ցավով պետք է նշեմ, որ ՀԱԿ-ի առաջնորդն անցնում է կոռեկտության բոլոր սահմանները: Ստիպված եմ հիշեցնել, որ 1997թ-ին հենց նա էր ձգտում Հայաստանը Թուրքիայի համար արոտավայր դարձնել, սակայն, փառք Աստծո, ազգային ուժերի ճնշման ներքո Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացավ: Թող հիշի 1992թ. մարտի 5-ին «Կոմսոմոլսկայա պրավդային» տված իր հարցազրույցը, որտեղ անձամբ ինքն էր ասել, թե համաձայն է, որպեսզի Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակ ունենա: Թող հիշի և քիչ խայտառակվի»:

Սարկոզին և Օլանդը



 Ֆրանսիայում ապրիլի 9-ին պաշտոնապես մեկնարկել է նախագահական նախընտրական քարոզարշավը: Նախագահական ընտրությունների առաջին փուլը նշանակված է ապրիլի 22-ին: Սոցհարցումների առաջին եռյակում են գործող նախագահ Նիկոլա Սարկոզին, նրա գլխավոր հակառակորդ, սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը և ազգայնական թևի ներկայացուցիչ Մարին Լե Փենը: Երկրորդ փուլ դուրս գալու ամենահավանական շանսերն ունեն Սարկոզին և Օլանդը:

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառում Վաշինգտոնում



Ապրիլի 18-ին Վաշինգտոնում` ԱՄՆ Կոնգրեսի հարևանությամբ` Քափիթլ Հիլլում գտնվող Բարեփոխման լյութերանական եկեղեցու սրահում, տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության ականատեսներ» խորագրով ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը։ Ցուցահանդեսը բացվել է «Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանի» ջանքերով, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության գերմանացի ականատեսների` մինչ այժմ անհայտ կամ քիչ հայտնի լուսանկարներ։

Բացման արարողությանը ներկա են եղել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա.Պողոսյանը, ՀՀ դեսպանության և ԱՂՀ ներկայացուցչության աշխատակիցներ, լյութերանական եկեղեցու հոգևորականներ, հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսի բացման խոսքում դեսպան Մարգարյանը մասնավորապես նշել է, որ նման միջոցառումները Հայոց Եղեռնի զոհերի հիշատակի նկատմամբ հարգանքի տուրք մատուցելուց բացի հետագա ցեղասպանությունների հնարավորությունը կանխարգելելու կարևոր առաքելություն են կատարում։ Նա շնորհակալություն է հայտնել Բարեփոխման լյութերանական եկեղեցուն ցուցահանդեսն իրենց մոտ անցկացնելու համար։

Բարեփոխման լյութերանական եկեղեցու առաջնորդը կարևորել է Ցեղասպանության զոհերի ոգեկոչումը։ Նա համոզմունք է հայտնել, որ հավատացյալների համայնքը պետք է իրազեկվի 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին։

Վաշինգտոնի «Հայկական ազգային ինստիտուտի» տնօրեն Ռ.Ադալյանը ներկայացրել է ցուցանմուշները և հակիրճ պատմական ակնարկ կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Tuesday, April 17, 2012

Հայաստանը դարձյալ պարտվեց ՄԻԵԴ-ում՝ ընդդիմադիրների դեմ հալածանքների պատճառով


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի(ՄԻԵԴ) Մեծ պալատը ապրիլի 10-ին Հայաստանի դեմ կայացրել է երկու վճիռ, որոնք երկուսն էլ վերաբերում են ընդդիմադիր ՀԺԿ եւ «Հանրապետություն» կուսակցության անդամների դեմ 2004-ի ապրիլին հետապնդումներին: Հայաստանի այն ժամանակվա ղեկավարության ծավալած հետապնդումների հետեւանքով՝ այժմ հարկատուների միջոցներից այս երկու գործերով պետք է վճարվի ընդհանուր առմամբ 68 600 եվրո՝ իբրեւ փոխհատուցում:
Առաջին վճիռը «Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի» գործով է: Ընդդիմադիր կուսակցության անդամ Արտակ Գաբրելյանը ձերբակալվել էր 2004 թվականի ապրիլի 8-ին՝ հանրահավաքին մասնակցելու կոչ անող թռուցիկներ բաժանելու համար: Նույն տարվա հունիսին նա դատապարտվեց մեկ տարվա պայմանական ազատազրկման՝ իշխանությունը բռնությամբ տապալելու կոչերի համար:  Արտակ Գաբրելյանը բողոքել էր, որ պետության կողմից նշանակված պաշտպանն իրեն համապատասխան իրավական օգնություն չի տրամադրել, անգամ առանձին չի հանդիպել: Նաեւ բողոքել է, որ հնարավորություն չի տրվել խաչաձեւ հարցաքննության ենթարկելու վկաներին, որոնց ցուցմունքների վրա էր հիմնված մեղադրանքը: ՄԻԵԴ Մեծ պալատն այժմ գտել է, որ խախտվել է արդար դատաքննության իրավունքը: Եվ եթե երեք ամսվա ընթացքում կողմերը չվիճարկեն այս վճիռը եւ այն դառնա վերջնական՝ Արտակ Գաբրիելյանը կստանա 2500 եվրո՝ ոչ նյութական վնասի եւ 1,600 եվրո՝ որպես կատարված ծախսերի փոխհատուցում:
Մյուս գործը կոչվում է «Հակոբյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի», որով հայտատուներն են Հակոբ Հակոբյանը, Գոռ Մարտիրոսյանը եւ Համլետ Պետրոսյանը: Երեքն էլ ընդդիմադիր կուսակցությունների անդամներ են:  Նրանք ձերբակալվել էին 2004 թվականի ապրիլ-մայիս ամիսներին եւ ենթարկվել վարչական կալանքի՝ 4-7 օր ժամկետով՝ կանխելու համար նրանց մասնակցությունը Երեւանում տեղի ունեցող  ցույցերին: Նրանք բողոքել են, թե իրենց կալանավորումն ապօրինի էր, եւ մեղադրանքները՝ արհեստական: Նաեւ պնդել են, թե վարչական վարույթն անարդար էր, քանի որ իրենց գործերը քննել են արագացված կարգով՝ չտալով նախապատրաստության համար բավարար ժամանակ, նաեւ հնարավորություն չեն ունեցել բողոքարկել դատավճիռը:
Եվրոպական դատարանն ընդունել է բողոքի հիմնավորվածությունը՝ խախտված համարելով արդար դատաքննության իրավունքը, նաեւ հաստատված համարել, որ խախտվել է հավաքների ազատության իրավունքը՝ երաշխավորված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով:
Վճիռը վերջնական դառնալուց հետո՝ յուրաքանչյուր դիմողի պետք է վճարվի 7 հազար եվրո՝ ոչ նյութական վնասի, ու եւս 7 հազար եվրո՝ իբրեւ կատարված ծախսերի փոխհատուցում:

ՀՅԴ-ն գալիս է ամբողջական եւ համակարգային իշխանափոխություն անելու


ՀՅԴ-ի նախընտրական քարոզարշավի հերթական կանգառը Արմավիրում էր, որտեղ երեկ տեղի ունեցավ հանրահավաք ու եզրափակվեց ազգային ազատագրական երգերի կատարումներով հայտնի սասունցիներ Ներսիկ եւ Աղասի Իսպիրյանների, նաեւ Ալլա Նահապետյանի ելույթներով: Նրանց կատարումներն ուղեկցվում էին ՀՅԴ-ին ընտրելու՝ արմավիրցիներին ուղղված հորդոր-կոչերով: Երեկվա հանրահավաքում ի թիվս այլ դաշնակցական պատգամավորների խոսեց նաեւ կուսակցության ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նա ասաց, թե քաղաքական կուսակցությունների բազմազանության մեջ պետք է ճիշտ կողմնորոշվել եւ վստահել այն կուսակցությունը, որը կարող է երաշխավորել իր առաջարկած ծրագրերի ամբողջական կենսագործումը: «Մենք միակ խոչընդոտը, որ տեսնում ենք այս ամենի հետ կապված՝ գործող իշխանություններն են եւ այն համակարգը, որը ծնում է այսպիսի իշխանություններ: Դրա համար մենք եկել ենք ամբողջական իշխանափոխություն իրականացնելու`  մեր վճռական կամքով եւ ծրագրով: Մենք վստահ ենք, որ նախեւառաջ պետք է հեռացվեն գործող  իշխանությունները, որովհետեւ նրանք ամբողջությամբ ցույց են տվել, որ ձախողել են բոլոր այն խոստումներն ու ծրագրերը, որոնք, իբր, պետք է իրականացնեին նախորդ տարիներին, ու մեր երկիրն օր-օրի էլ ավելի է հայտնվում չքավորության մեջ: Մենք հեռացնելով այդ իշխանություններին պետք է այնքան վճռականություն ու անձնական կամք ունենանք, որ փոխենք նաեւ այն իշխանական համակարգը, որը ծնել է այս իշխանություներին ու չգայթակղվենք նույն այդ իշխանական լծակներով, որ մենք էլ չդառնանք դրանց նման մեկը»,- ասաց Ռուստամյանը:
Նրա ասելով, այսօր բոլորը խոսում են այն գաղափարների մասին, որի կրողը ՀՅԴ-ն է եղել 122 տարի շարունակ: «Նրանք յուրացրել են այդ գաղափարկներն ու դարձել են դաշնակցականներից ավելի դաշնակցական»,- հեգնեց Ռուստամյանը՝ թվարկելով դրանք. ազգային գաղափարախոսության կարեւորության, ժողովրդավարության, սոցիալիզմի մասին հայտարարություններ, նաեւ հեղափոխություն: Ռուստամյանը փորձեց փաստարկել նաեւ, թե ինչու ընտրողներն իրենց քվեն պետք է տան Դաշնակցությանը. «նախ՝ ՀՅԴ-ն գաղափարական ուժ է ու ոչ թե մեկ անձի շուրջ համախմբված քաղաքական ուժ, ՀՅԴ-ն անցած տարիներին ենթարկվել է բազմաթիվ հալածանքների եւ ամուր կանգնած է մնացել իր դիրքերու»մ եւ այլն:
Նա արմավիրցիներին հորդորեց չհիասթափվել, մի կողմ չքաշվել, չասել, թե մեկ է՝ ընտրությունից ոչինչ կախված չէ: «Պետք է կոտրել այս կարծրատիպը: Այդպես մտածողները, հավատացեք, ջուր են լցնում իշխանությունների ջրաղացին»,- հայտարարեց Ռուստամյանը՝ խոստանալով ամեն ընտրատեղամասում ապահովել ՀՅԴ-ի ներկայացուցիչների վճռական պայքարը, որ հնարավոր լինի յուրաքանչյուր ընտրողի ձայնը պաշտպանել «անկախ այն բանից, թե նա ում կտա իր ձայնը: Ում ուզում է՝ թող տա: Դրա համար մենք այսօր պատրաստ ենք համագործակցել քաղաքական բոլոր ուժերի հետ»:

Այդքանից հետո թող չխոսեն ընդդիմադիր լինելու կամ համատեղ պայքարի մասին

«Ժառանգության» պատգամավոր, թիվ 6 ընտրատարածքից պատգամավոր առաջադրված Արմեն Մարտիրոսյանը չհերքեց, որ ինքն իր քարոզարշավների ընթացքում հայտարարել է, որ ի’նքն է ընդդիմության թեկնածուն: Մեր դիտարկմանը, թե` ՀԱԿ-ականները սոցցանցերում դժգոհում են` այդ ինչպե՞ս եք համարձակվում ասել, որ դո’ւք եք ընդդիմադիրը, եթե այնտեղ կա ՀԱԿ-ի Ավետ Պողոսյանը, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց.«Ես ընդհանրապես համարձակ տղա եմ, կարծում եմ` իմ կյանքով դա ապացուցել եմ, եւ որոշների նման վտանգավոր պահերին չեմ թաքնվել, եւ երբ իրավիճակը ի քիչ հստակեցվել է, նոր երեւացել` ուսերին նստած, իբրեւ թե` եկել եմ, ես եմ: Վախենալու խնդիր չունեմ: Այո, ես ասում եմ, որ ընդդիմության ներկայացուցիչը ես եմ, եւ ես այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ավագ գործընկերներին ՀԱԿ-ից` Մյասնիկ Մալխասյանին եւ Պետրոս Մակեյանին, որոնք,   իմանալով, որ ես առաջադրվելու եմ 6-րդ ընտրատարածքում, չցանկացան խոչընդոտել իմ ընտրապայքարին, ինչի համար ես շնորհակալ եմ, քանի որ եթե նրանք առաջադրվեին, ես մտածելու բան կունենայի: Բայց վերջին օրով բերել դնել ՀԱԿ-ի մի թեկնածուի, որին նույնիսկ Կոնգրեսի ներկայացուցիչները չեն ճանաչում, կարծում եմ, ընդամենը իմ քարոզարշավը խոչընդոտելու համար էր: Որովհետեւ բոլոր այն ընտրատարածքներում, որտեղ մենք իմացել ենք նախօրոք, որ ՀԱԿ-ը թեկնածուներ է առաջադրել, մենք չենք առաջադրվել: Ես դեռ մեկ տարի առաջ էի ասել, որ 6-րդում առաջադրվելու եմ, եւ այս հանգամանքը չնկատելու տալը… հետեւությունները թողնում եմ մեր քաղաքացիներին»:
Այնուհանդերձ, Արմեն Մարտիրոսյանը հաջողություն մաղթեց ՀԱԿ ներկայացուցչին` «հաջողություն եւ բարի ճանապարհ, որեւէ խնդիր չեմ տեսնում, քաղաքական դաշտ է, եւ բոլորն իրավունք ունեն պայքարելու, ուղղակի այդքանից հետո պետք չէ խոսել համատեղ պայքարելու մասին, ընդդիմադիր կեցվածքի մասին եւ այլն…»:
Պարոն Մարտիրոսյանը նաեւ ասաց, որ 6-րդ ընտրատարածքի իր համակիրները տեղեկացրել են, որ ՀԱԿ-ի թեկնածուի քարոզարշավի ընթացքում «քարոզիչները» բնակիչների հետ «բացատրական» աշխատանքներ են տանում, դռնեդուռ ընկած «սեւ փիառ» են անում «Ժառանգության» նկատամամբ, թե` գիտե՞ք, «Ժառանգությունը» ծախված է, հանկարծ ձայն չտաք…
«Ժառանգության» պատգամավորը նաեւ պատմեց, որ սկզբում իր ընկեր եւ կուսակից Ստյոպա Սաֆարյանը մտադիր էր առաջադրվել թիվ 2 ընտրատարածքում, «սակայն Րաֆֆի Հովհաննիսյանն ուղղակի մի նախադասություն ասաց, ասաց` Ստյոպա, բայց կարծես թե` այնտեղ Վլադիմիր Կարապետյանն է ուզում առաջադրվել, եւ դրանից հետո միանգամից որոշումը փոխվեց, եւ Ստյոպա Սաֆարյանն առաջադրվեց թիվ 1-ում: Չեմ խոսում Խաչատուր Սուքիասյանի, Սասուն Միքայելյանի, Մանուել Գասպարյանի մասին, բոլոր այն թեկնածուների մասին, որոնց մասին մենք նախապես իմացել ենք, որ առաջադրվելու են»:

Մաշտոցի պուրակի դեպքերով հարուցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ


Մաշտոցի պուրակում  ապրիլի 15-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ապամոնտաժող քաղաքացիների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ է հարուցվել և իրականացվել: Հայատարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ և կից տեսանյութերով: 

«2012 թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտային հարող պուրակում մի խումբ անձանց կողմից հերթական անգամ նախաձեռնվել և փորձ է արվել իրականացնել ժամանակավոր տեղադրված կրպակների ապամոնտաժումը: Նախապես մշակված գործողությունների պլանով և դերերի հստակ բաշխմամբ մեկ տասնյակից ավելի անձինք, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, տապալելով տեղադրված երկաթյա արգելապատնեշները, իրենց ենթադրյալ իրավունքների իրացման նպատակով ներխուժել են ոստիկանության աշխատակիցների կողմից օրինական հիմունքներով պահպանվող տարածք և փորձել վնաս պատճառել այնտեղ գտնվող գույքին:
Իրավախախտում կատարած անձինք նշված գործողություններով վտանգել են նաև իրենց և այլոց կյանքն ու առողջությունը, քանի որ այդ տարածքում եղել են էլեկտրական լարման տակ գտնվող սարքավորումներ, իսկ իրավախախտներից ոմանց ոստիկանները ստիպված են եղել իջեցնել մի քանի մետր բարձրությունից:
Ոստիկանության աշխատակիցների համաձայնեցված, համարժեք և զուսպ գործողությունների արդյունքում իրավախախտում կատարած անձինք դուրս են բերվել պահպանվող տարածքից և կարճ ժամանակ անց այգում վերականգնվել է հասարակական կարգն ու հանրային անդորրը: Իրավիճակը լիովին վերահսկելու պայմաններում ոստիկանությունը անհրաժեշտ չի համարել կիրառել վարչական ներգործության որևէ այլ միջոց:

Հարկ է նշել, որ ապրիլի 15-ին պլանավորված և իրականացված գործողություններն իրենց բնույթով որակապես տարբերվում էին մինչ այդ պուրակի տարածքում տեղի ունեցած այլ միջադեպերից: Մասնավորապես, դրանք աչքի էին ընկնում ընդգծված ագրեսիվ բնույթով, ունեին ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու ակնհայտ միտում և ուղղված էին որոշակի արժեքների վնաս հասցնելուն:

Ապրիլի 15-ի իրադարձություններն ավելի ընդգծեցին ոստիկանությանը ֆիզիկական ընդհարումների մեջ ներքաշելու և պատժողի կերպարով ներկայացնելու առանձին անձանց անթաքույց մտադրությունները, որոնք իրականություն չեն դարձել ու չեն դառնալու: Իր հերթին նման գործելաոճն ակնհայտ է դարձնում այսօրվա իրավախախտների իրական, բնապահպանական խնդիրների հետ անհամատեղելի և միանգամայն կանխատեսելի նկրտումները:

Առկա իրավիճակում, երբ շարունակաբար չարաշահվում է հասարակական կարգի և այլոց իրավունքների պաշտպանությանն ուղղված ոստիկանության կանխիչ և հարաբերականորեն պասիվ գործելակերպը, ինչպես նաև ձեռնարկվում են ենթադրյալ իրավունքների ապօրինի իրացման և ուրիշի գույքին վնաս պատճառելու նոր փորձեր, անհրաժեշտություն է առաջանում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում իրավական գնահատական տալ վերոշարադրյալ փաստերին և դրանց ընթացքում որոշակի վարքագիծ դրսևորած կոնկրետ անձանց գործողություններին:

Ուստի, սույնով պաշտոնապես հայտնվում է, որ 2012 թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտային հարող այգում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ հարուցվել և իրականացվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ: Նշված գործընթացի նախաձեռնումը պայմանավորված է բացառապես իրականացված անօրինական գործողությունների էությամբ ու բովանդակությամբ: Այսուհետ ևս ոստիկանության ամեն մի գործողություն համարժեք է լինելու յուրաքանչյուր հնարավոր իրավախախտման բնույթին, վտանգավորության աստիճանին և առաջացրած հետևանքներին»:

ԵՊԼՀ–ն չի լուծարվի, Զոլյանի հեռացումն էլ քաղաքական ենթատեքստ չունի


Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ Երևանի Վ. Բրյուսով անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրն Զոլյանին ազատելու հրամանագիր ստորագրելուց հետո Ֆեյսբուք սոցիալական կայքում հանդես է եկել մեկնաբանությամբ՝ ասելով, որ համալսարանը չի լուծարվի և վստահեցրել, որ ռեկտորի հեռացումը քաղաքական ենթատեքստ չունի։

«Մի կողմ թողնելով հարցի հուզական կողմը, ուզում եմ հայտնել հետևյալը`
1. Աբսուրդային են այն լուրերը, թե Բրյուսովի անվան լեզվաբանական համալսրանը լուծարվելու է:
2. Համալսրանի և ոչ մի ուսանող այս ընթացքում չի տուժել և չի տուժելու, դասերը, ստուգարքները, քննությունները շարունակվելու են սովորական ռեժիմով:
3. Այս տարվա շրջանավարտները կստանան իրենց հասանելիք դիպլոմները:
4. Դիպլոմում սխալ մասնագիտական գրառմամբ ոչ մի նախկին շրջանավարտ անհանգստանալու կարիք չունի: Մեր մեղքն է, որ այդ խախտումը ուշ է հայտնաբերվել, և ոչ թե ձեր»,– գրել է Արմեն Աշոտյանը:
ԿԳ նախարարը նաև ընդգծել է, որ Սուրևեն Զոլյանը ազատվել է աշխատանքից ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում և ավելացրել, որ հարցի իրավական մանրամասնությունները պատրաստ են ներկայացնել դատարանում:

«Հարցը չունի քաղաքական ենթատեքստ: Սակայն որոշ քաղաքական շրջանակներ և քաղաքականացված և ուղղորդված ԶԼՄ-ներ փորձում են շահարկել այն:
Հ.Գ. Հարգում եմ Ս. Զոլյանի մասնագիտական կարողություններն ու վաստակը, ցավում եմ իր անվայելուչ ու հայ մտավորականին ոչ հարիր պահվածքի համար:
Ինձ համար չկան արտոնյալ պայմաններում աշխատող մարդիկ: Կան պետություն, օրենքներ, ՀՀ քաղաքացիներ»,– գրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Ճանապարհային երթևեկության վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի նոր հասցեներ


Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում շարունակվում են երթևեկության վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, ինչպես տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության կայքից, 2012թ. ապրիլի 20-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության արագության վերահսկողության արագաչափ սարքերը, որոնք տեղակայված են Դավիթաշենի կամրջի վրա, Եղվարդի և Աշտարակի խճուղիներում, Արցախի, Դավիթ Բեկի, Քոչինյան, Ռուբինյանց, Բաբաջանյան, Շիրակի և Սարալանջի փողոցներում:

Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունեցել ՀՀԿ-ի բարձրախոսով


Այսօր «Ժառանգություն-Ազատ դեմոկրատներ» նախընտրական շտաբը, ինչպես նախապես հայտարարել էր, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի կենտրոնում ժամը 17-ին հանդիպում էր նշանակել սիսիանցիների հետ: Սակայն ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, ժամանակին տեղ հասնելով՝ տեսել են, որ ՀՀԿ-ի կազմակերպած համերգը չի ավարտվել:
«ՀՀԿ-ի հանրահավաքը ավարտվել էր, բայց համերգը՝ ոչ: Եվ քանի որ մեր ընտրողները նույնպես արդեն հավաքվել էին կենտրոնում, Րաֆֆի Հովհաննիսյանը, օգտվելով ընձեռած հնարավորությունից, հենց այդտեղից՝ բեմահարթակից, բարձրախոսով ելույթ ունեցավ սիսիանցիների առջև»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք Հովսեփ Խուրշուդյանը դիտավորություն տեսնում է այն բանում, որ ՀՀԿ-ն համերգը ճիշտ ժամանակին չի ավարտել, նա պատասխանեց. «Ոչ, ուղղակի նրանք չէին հասցրել ավարտել, բայց դա չխանգարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթով հանդես գա, ինչպեսև ողջունի այդտեղ հավաքված բոլոր սիսիանցիներին, որոնց մեջ թերեւս կային ոչ միայն մեր կողմնակիցները»:

ԲՀԿ-ն դժգոհ չէր, իսկ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը չեն արձագանքել առաջարկին


Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը շարունակում  է  հանդիպումները2012թ Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերինախընտրական շտաբերի ղեկավարների հետ:
Այսօր Պաշտպանը հանդիպել է  «Միավորված հայեր» և «Բարգավաճ Հայաստան»  կուսակցությունների  նախընտրական շտաբերի ղեկավարների  հետ և քննարկել ընտրական գործընթացներում Մարդու իրավունքների պաշտպանի  աշխատակազմի խորհրդատվական և դիտորդական հնարավորությունները`  առաջարկելով համագործակցություն  նախընտրական, միջընտրական և հետընտրական շրջանում:
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ խնդիրների, «Միավորված հայեր»  կուսակցությունը մասնավորապես մատնանշեց նախընտրական շրջանում իշխանական ուժերի կողմից  վարչական ռեսուրսի կիրառման դեպքերը, ինչպես նաև մասնավոր տարածքների սեփականատերերի շրջանում վախի մթնոլորտի գոյությունը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբի ղեկավարը  հիմնականում բավարարված էր  նախընտրական զարգացումներով և էական խնդիրներ չէր արձանագրել, բացի ընտրացուցակներում առկա  որոշ անճշտություններից:
Պաշտպանի հետ հանդիպման առաջարկին այս պահին դեռևս չեն արձագանքել միայն «Օրինաց երկիր» և   Հայաստանի Հանրապետական կուսակցությունները:
Պաշտպանի հաջորդ հանդիպումը կկայանա վաղը` Հայ Ազգային Կոնգրեսի  նախընտրական շտաբի ղեկավարի հետ:

Ձեր կողմից հիշատակած քաղաքական գործչի որեւէ պնդում իրավական հիմք չունի


ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանից այսօր Aravot.am-ը հետաքրքրվեց` ընդդիմությունը պնդում է, որ ընտրացուցակներն ուռճացված են` մասնավորապես նման տեսակետ ունի ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նրա այդ պնդումներն անհի՞մն եք համարում: Պարոն Քոչարյանը պատասխանեց. «Ձեր կողմից հիշատակած քաղաքական գործչի որեւէ պնդում, որեւէ փաստարկ իրավական հիմք չունի: Մենք բազմիցս բացատրել ենք, թե որն է պատճառը, որ բնակչության` պետական ռեգիստրում հաշվառումների թվի աճ կա: Հաշվառում անցած անձանց թվաքանակը երկուսն են` չափահաս դարձած անձանց թվաքանակը 2008-ից մինչ օրս եւ կառավարության քաղաքականության փոփոխության արդյունքում երբ մի շարք իրավունքների իրականացումը պայմանավորվեց ռեգիստրում հաշվառում ունենալու հետ, մարդիկ հարկադրված էին արդեն հաշվառվել: Եթե քաղաքացին կարող էր անձնագիր ստանալ առանձ հաշվառման, 2008-ից դա անձնագրայինում մերժելու հիմք դարձավ, հարկադրված էին հաշվառվել, թիվը սկսեց աճել: Բնականաբար, այդ թվերը թվում է, թե ուռճացված են, դրանք ուռճացված չեն»:
Որպես ՀՀ քաղաքացի, այսպիսի հսկայական արտագաղթի պայմաններում, իսկապես հավատո՞ւմ եք, որ 2 մլն 482 հազար մարդ կա Հայաստանում, ընտրողի մասին չենք խոսում` պարոն Քոչարյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ գիտի` այդքան մարդ Հայաստանում կա՞, թե՞ոչ: Ես կարող եմ ասել, թե Հայաստանում քանի մարդ է հաշվառվել, իսկ թե քանի մարդ է Հայաստանից դուրս եկել` առանց հաշվառումից դուրս գալու, այդ տվյալները որեւէ մեկը չի կարող ասել: Մի մոռացեք, որ 2012-ի հոկտեմբերին միայն կարող են ամփոփվել Մարդահամարի տվյալները, եւ Հայաստանից մշտապես բացակայողների տվյալները մի փոքր կորոշակիանան միայն այդ ժամանակահատվածում»:
Մեր դիտարկմանը, որ ամեն տարի վստահեցնում են, որ մաքրամաքուր ցուցակներ են` պարոն Քոչարյանը պատասխանեց, որ այս տարվա խոստումները լուրջ հիմք ունեն, որովհետեւ երբեւէ ընտրացուցակները հրապարակային չեն եղել, մատչելի չեն եղել հանրության համար, բայց այս տարի ԸՕ-ն այդ հնարավորությունը տվեց, եւ ակնհայտ է, որ անճշտությունների թիվը անհամեմատ ավելի փոքր է լինելու, քան նախորդ տարիներին:
Ոստիկանության հատկապես անձնագրային վարչությունից մարդիկ լուրջ դժգոհություններ ունեին, որ ամեն ինչի համար 1000-2000 դրամ ստիպված են դնել սեղանին: Մեր հարցին` կոռուպցիայի կրճատման հարցում բարելավում նկատո՞ւմ եք` պարոն Քոչարյանը պատասխանեց. «Ցավում եմ, որ դուք չեք նկատում վերջին շրջանում այդ բարելավումը: Ես կարծում եմ, որ անձնագրային ծառայություններն այս իմաստով հպարտանալու տեղ ունեն: Վերջին 2-3 տարվա բարեփոխումները կոռուպցիոն ռիսկերն էապես նվազեցրել են: Իսկ կոռուպցիան պետական ապարատի արատ է, եւ միայն անձնագրային ծառայությանը չի սպառնում»: Մեր դիտարկմանը, որ, այո, ասում են` ձուկը գլխից է հոտած` նա հակադարձեց. «Ձուկը գլխից հոտելու խնդիր չի, ուղղակի կարեւորը` որ լինի շատ սահմանափակ եւ խիստ վերահսկելի: Այդ խնդիրը, կարծում եմ, մենք լուծել ենք: Կոռուպցիան չի կարող անվերահսկելի չափեր ունենալ անձնագրային ծառայությունում: Դա անհնար է, որովհետեւ ի տարբերություն մի քանի տարի առաջվա գործող վարչարարության, որն ուղղակի որեւէ իրավական առումով չկառավարվող վարչարարություն էր, անձնագրային ծառայություններն իրենց հայեցողությամբ էին իրականացնում անձնագրավորում, այսօր գոյություն ունի անձնագրային օրենսդրություն: Ես չեմ բացառում, որ կոռուպցիոն դեպքեր կլինեն, բայց հավատացած եղեք, որ անձնագրային եւ վիզաների վարչությունն այն օղակը չի, որ այդպես լուրջ մտահոգվելու տեղիք տա»:

ի՞նչ նկատի ունի, ուղեղի՞ ծավալը, թե՞ իր չափսերը


«Որ հայտարարում է իր կալիբրի չեն, ի՞նչ նկատի ունի, ուղեղի՞ ծավալը, թե՞ իր չափսերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հարց տվեց ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի՝ բանավեճերից հրաժարվելուն:
Թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն Aravot.am-ին այս առնչությամբ ասաց .«Այն բանի ծավալը նկատի ունեմ, որը Հրանտ Բագրատյանը չունի: Բնականաբար, դա ուղեղի մասին է: Ես երբեւիցե դեբատ չեմ հրավիրել: Ես լրագրողներին ու Փաշինյանին խորհուրդ կտամ, թող վերցնեն, «զապիսները» կան, վերցնեն ծերից ծեր ուշադիր նայեն: Ես ասել եմ, նույնիսկ նշել եմ, որ կդադարեմ իմ ընկերոջը (Սամվել Ալեքսանյանին) հարգելուց, եթե Փաշինյանի հետ գնամ բանավեճի»:

Մի խանութպանի հարցը այսօր ամբողջ պետության խնդիր է դարձել


«Մի խանութպանի հարցը այսօր ամբողջ պետության խնդիր է դարձել: Եթե ՍԱՍ-ի Արտակը խոսք չունի, որ դիմի ընտրողներին, դիմում է փողի ու ուժի միջոցին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, որը մեծամասնական ընտրակարգով առաջադրված է Արաբկիր համայնքում:
Խոսելով իր մրցակիցների մասին՝ Սաթիկ Սեյրանյանն ասաց, որ քաղաքական պայքար է տեսնում միայն Արամ Մանուկյանի և Զարուհի Փոստանջյանի միջև. «Իշխանական թեկնածուի առումով ես նվեր ունեմ: Իշխանութայն թեկնածուն հրաժարվում է ոչ միայն բանավեճից, այլև անգամ մեկ բառ արտասանելուց: Հույսը դրել է իր փողի վրա: Սա փողարշավ է, որի դեմ ես պայքարելու եմ»:

Նա նադրադարձավ նաև ՍԱՍ սուպերմարկետի աշխատողներին. «ՍԱՍ-ի աշխատողները ոնց որ ստրուկ լինեն: Մեկը ուսման, մյուսը վարկի մարման համար է աշխատում: ՀՀԿ-ն ասում է, «Հավատա, որ փոխենք», ես որպես քաղաքացի, ինչպե՞ս հավատամ»:

Սաթիկ Սեյրանյանը հավաստիացնում է, որ իր համար դժվար էր թեկանծություն դնելու որոշում կայացնել` ավելի ծանր աշխատանք ստանձնելու և սիրված աշխատանքից հրաժարվելու պատճառաբանությամբ: Ըստ նրա, թեպետ լրագրողներն իրենց աշխատանքային գործունեության ընթացքում մի շարք հարցեր են բարձրացրել, սակայն դրանց պետք է քաղաքական որոշում տրվի:

Ս. Սեյրանյանը վստահ է, որ լրագրողների մուտքն ԱԺ որակական փոփոխությունների կհանգեցնի, ոչ միայն մամուլի, խոսքի ազատության հաստատման, այլև մարդու մեկ օրվա խնդիրների բարձրացման գործում. «Մենք միլիմետր առ միլիմետր նվաճել ենք խոսի ազատությունը, բայց սա պասիվ ազատություն է, քանի որ բարձրաձայնմանը չեն հետևում գործողությունները»:

«Ժառանգությունը» միասնական շտաբի ձևաչափի մասնակից է


Քաղաքագետ, Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ հաշվի առնելով փաստը, որ «Ժառանգություն» կուսակցությունը ընտրությունների վերահսկողության միասնական շտաբ ստեղծելու մասին հռչակագրից իր ստորագրությունը պաշտոնապես հետ չի վերցրել, ապա կմնա այդ ձևաչափի մասնակից ՝ անկախ նրանից կուսակցությունը վաղը կմասնակցի Հայաստանի քաղաքագետների միության ընդլայնված նիստին, թե՝ ոչ:
«Այլապես թող հետ վերցնեն ստորագրությունը և հայտարարեն, որ ուխտադրույժ են»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ում նախաձեռնությամբ ստորագրվեց վերոհիշյալ փաստաթուղթը:
Հիշեցնենք, որ «Ժառանգությունը» ապրիլի 4- ին՝ քաղաքական չորս ուժերի՝ Հայ հեղափոխական դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան», և «Հայ ազգային կոնգրչես» ընդդիմադիր դաշինքի հետ միասնական ընտրությունների վերահսկողության միասնական շտաբ ձևավորելու մասին հռչակագրի տակ ստորագրելուց հետո հայտարարեց, որ մի շարք առաջարկներ ունի, որոնց չընդունումն անիմաստ է դարձնում իրենց մասնակցությունը: Իսկ «Ժառանգության» հիմնական առաջարկն այն էր, որ փաստաթղթի տակ ստորագրեն հիշյալ կուսակցությունների առաջին դեմքերը:
Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, ով իրեն այս գործընթացի «մոդերատոր» է համարում, նշեց, որ ինքը կուսակցությունների նախագահներից ճշտել է՝ ստորագրություն դրած անձինք իրենց կողմից լիազորված եղե՞լ են, և ստացել՝ դրական պատասխաններ:
Հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյա՞նն ինչ պատասխան է տվել, Հմայակ Հովհաննիսյանն ասաց. «Քանի որ և՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, և՛ «Ժառանգության» միասնական ցուցակում ընդգրկված Խաչատուր Քոքոբելյանը մասնակցել են պլենար նիստին նախորդող սեկցիոն նիստերին, ապա ինքը հռչակագրի ստորագրման ժամանակ սպասել է հենց Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայությանը: Սակայն «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, որ ինքն է լիազորված փաստաթղթի տակ ստորագրություն դնել:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ կողոպտվել և «անշարժունակ» էր դարձել Հմայակ Հովհաննիսյանի Վոլգա ԳԱԶ 31 մակնիշի ավտոմեքենան, ինչը քաղաքագետը միանշանակորեն կապել էր ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ստեղծելու իր նախաձառնության հետ:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ այսօր տեղի չունեցավ Հմայակ Հովհաննիսյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը, որը նվիրված էր լինելու նրա Վոլգայի կողոպուտին, քաղաքագետն ասաց, որ իրեն դեռ անհրաժեշտ են ինչ-ինչ հանգամանքներ պարզել, որպեսզի «պատկերը լինի ամբողջական»:
Ի դեպ, այս պահին Հմայակ Հովհաննիսյանն արդեն ունի մեքենայի կողոպուտի՝ իր համար միանգամայն հիմնավորված վարկածը, բայց այն դեռ լրացուցիչ տեղեկատվությամբ հիմնավորելու կարիք ունի:
Հարցին, թե՝ քաղաքագետը և՞ս ուխտադրժություն է համարում այն, որ հռչակագրի ստորագրմանը միացած երկու ուժերից՝ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն երեկ մասնակցել են նույն նպատակների շուրջ Դավիթ Հարությունյանի կողմից առաջարկվող ֆորմատին, Հովհաննիսյանը նախ արձանագրեց, որ միասնական վերահսկողության գաղափարն իրենն է, քանի որ այս մասին, դեռ հունվարից սկսած, քննարկումներ է կազմակերպել, ապա նկատեց, որ դեմ չէ, եթե ՀՀԿ-ում էլ են «տոգորվում այդ գաղափարով»: Բայց չմոռացավ նաև հավելել, որ գաղափարն անհնար է յուրացնել։
«Դա նյութական արժեք չէ, որ վերցնես, մեքենա չէ, որ կողոպտես, գաղափարը կողոպտել հնարավոր չէ»,- եզրափակեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահը:

ԵՊԼՀ-ի դեմ գործարք է հասունանում, որ նախապատրաստվել է վարչապետի անմիջական մասնակցությամբ

Թերթը գրում է. «Ինչո՞ւ հանկարծ խիստ նկատողություն հայտարարվեց ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանին, երբ տառացիորեն իրենց աշխատանքից հեռացման են արժանի այն բուհերի ռեկտորները, որոնք իրենց ուսանողներին քշում-տանում են ՀՀԿ միջոցառումներին: Պատկերացնո՞ւմ եք, բուհի ռեկտորին ողջ ուսանողության առաջ նկատողություն հայտարարես մի քանի բացակայությունների համար և այն էլ, ինչպես հետո է պարզվում` հարգելի: Նկատենք` մենք դեռ չենք ասում մեկ-երկու բացակայության համար նկատողություն անել մի մարդու, որ այնքան մեծ ներդրում ունի Հայաստանի անկախության կերտման, նոր սերնդի դաստիարակության գործում, այլ ընդամենը ընդգծում ենք` բուհի ռեկտորին:
Որոշ կայքեր արդեն տեղեկություններ են հրապարակել այն մասին, որ ԵՊԼՀ-ի դեմ գործարք է հասունանում, որ նախապատրաստվել է վարչապետի անմիջական մասնակցությամբ: Ահա այն. «Հավաստի աղբյուրների համաձայն, այս դեպքում Արմեն Աշոտյանը գործում է վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ, իսկ ավելի ճիշտ` հենց նրա հանձնարարությամբ: Բանն այն է, որ կառավարությունը մտադիր է լուծարել Հայաստանի լավագույն բարձրագույն հաստատություններից մեկը և այն միացնել Հայկական մանկավարժական համալսարանին, իսկ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի շենքն էլ վաճառել»: Հավատա՞նք: Առանց կրակ ծուխ չի լինում, չէ՞: Լավ, մի՞թե ուրիշ կերպ հնարավոր չէ, մի՞թե յուրաքանչյուր հարց մեզ մոտ պետք է լուծվի տակից, թաքուն, իրար բզկտելով: Նույնը չէ՞, ինչ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էր անում` արվեստի ուսումնարաններ միացնել-զատելով: Աշոտյանը, սակայն, Պողոսյանի չափ համեստ չէ ու ոչ էլ դաստիարակության շարունակականության թեզին է հետևում: Նրա համար ինչ Սուրեն Զոլյանը, ինչ ԿԳ նախարարության շենքի անբարեխիղճ էլեկտրիկը: Պըլտ, և նկատողությունը պատրաստ է: Իսկ սա շատ ցավալի է ու ստիպում է մտածել, որ ոչ թե ԿԳ նախարարության էլեկտրիկը, այլ Աշոտյանն իր տեղում չէ: Հայտնվել է այնտեղ, այո, բայց իր տեղում չէ»:

Ալիկ Սարգսյանը Ծովագյուղում էր ԲՀԿ-ական թեկնածուին աջակցելու համա՞ր


Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մարտի 30-ին այցելել է Գեղարքունիքի մարզ` Ծովագյուղ: Մեր աղբյուրների փոխանցմամբ` թիվ 23 ընտրատարածքում ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանը սատարում է ԲՀԿ-ական թեկնածուին` Էդուարդ Սահակյանին և Գեղարքունիքի մարզ են այցելել` նրան օգնելու համար: Նրա նպատակն է մարզում դեմ գնալ ՀՀ ներկայիս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
Փորձեցինք լուրը ճշտել Ալիկ Սարգսյանից, սակայն նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին; Իսկ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ Գեղարքունիքի շտաբի պատասխանատու Հրանտ Մադաթյանը հերքեց այդ լուրերը` ասելով, որ նման այց չի եղել, նույնիսկ այդ մարդիկ իրենց տրածաշրջանով չեն անցել: Մինչդեռ ծովագյուղցիները «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում պնդեցին միանգամայն հակառակը»:

Sunday, April 15, 2012

Ամբողջությամբ կատարվել է բյուջետային մուտքերի ծրագիրը


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարության ղեկավարը նիստն սկսել է 2012 թառաջին եռամսյակի բյուջետայինհավաքագրման արդյունքի ամփոփումով։ «Քանի որ հարկային եկամուտների խնդիրը 2011թվականին բուռն քննարկման առարկա էր, և մտահոգություն կար բյուջեի կատարման հետկապված` ուզում եմ ձեզ ներկայացնել առաջին եռամսյակի արդյունքները», – ասել էվարչապետը։ – Մենք հարկային և մաքսային հավաքագրմանինչպես նաև սոցիալականապահովության վճարների  ծրագիրն ամբողջությամբ կատարել և նույնիսկ գերակատարելենք։ Հավաքվել է 177 մլրդ դրամինչը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատավելի է մլրդ 570 մլն դրամով։ Այսպիսովծրագիրն ամբողջությամբ կատարվում է, ևհամոզված եմոր այս տեմպը մինչև տարեվերջ կպահպանենք։
         Միևնույն ժամանակ ցանկանում եմ տեղեկացնելոր մենք միջնաժամկետ ծախսայինծրագրի մակրոտնտեսական ցուցանիշներն արդեն իսկ հաստատել ենքհամաձայնությանենք եկել Կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ։Հանձնարարական է տրված բոլոր գերատեսչություններինորպեսզի իրենց ծախսայինծրագրերը նախապատրաստեն երեք տարվա կտրվածքով։ Այդ քննարկումը նույնպեսկսկսենքորպեսզի ըստ գերատեսչությունների մեզ համար հստակ լինեն առաջիկա երեքտարիների մեր ծախսերը»։


Մասնավորը հետաքրքրված է Գյումրու տեխնոպարկով

ՀՀ կառավարությունը հաստատել է Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2012 թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը, որոնցով սահմանվում են պետբյուջեով տեխնոպարկին ընթացիկ տարում հատկացված 163 մլն դրամի ծախսման ուղղությունները։ Այս առնչությամբ վարչապետՏիգրան Սարգսյանը կարևորել է այնոր տեխնոպարկում արդեն աշխատում ենլաբորատորիաները։ «Մասնավոր հատվածի հետաքրքրությունը չափազանց մեծ է, և մենքֆինանսական միջոցներ ենք հատկացնումինչը Գյումրու տեխնոպարկինհնարավորություն է տալու մասնավոր հատվածի հետ ծրագրեր իրականացնել։ Դանշանակում էոր մայիսին կսկսենք շենքի շինարարությունը», – շեշտել է կառավարությանղեկավարը։
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից երեքում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք կնպաստեն թանկարժեք մետաղների ոլորտում աշխատանքների իրականացման կատարելագործմանը և արդյունավետության բարձրացմանը։ Մասնավորապես, հստակեցվել և ՀՀ օրենսդրության պահանջներին են համապատասխանեցվել հարգորոշման և հարգադրոշմման արտոնագրման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, հայտում նշվող տվյալները, հայտի քննարկմանը վերաբերող դրույթները։ Հաջորդ որոշմամբ կրճատվել է առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության արտոնագրման գործընթացը, այն դարձվել է առավել մատչելի, ինչի շնորհիվ ակնկալվում է նվազեցնել վարչարարությունը։ Մեկ այլ որոշման փոփոխման և լրացման արդյունքում ՀՀ օրենսդրության պահանջներին է համապատասխանեցվել երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման արտոնագրման կարգը, վերացվել են տեղ գտած անճշտությունները։
Փոփոխություն է կրել մինչև 180 օրվա ընթացքում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքը ՀՀ տարածքից արտահանելու դեպքում դրա ներմուծման համար գանձված ԱԱՀ գումարի վերադարձման կարգը։ Գումարն ստանալու համար անձն այսուհետև դիմելու է միայն մաքսային մարմին (հարկային մարմին այլևս չի դիմելու)` ներկայացնելով համապատասխան դիմում։ Որոշմամբ կբարելավվեն գործարար միջավայրի պայմանները։
Պետական գույքի հաշվառման բազայի հավաստիության և կառավարելիության աստիճանը բարձրացնելու նպատակով գործադիրը փոփոխել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից ևս մեկը` ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը պարտավորեցնելով գույքի ընտրանքային ուսումնասիրության և դրա արդյունքում հայտնաբերված թերությունների հաշվետվությունը ներկայացնել ՀՀ  կառավարություն։

Երևանում կստեղծվեն արդիական ջերմոցներ

            Կառավարությունն  իր նիստում որոշել է Երևանի քաղաքապետարանին տրամադրելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հատկացնել 1 մլրդ դրամ` քաղաքում ջերմատների կառուցման և զարգացման ներդրումային ծրագրի նախապատրաստական աշխատանքը կազմակերպելու համար։ Նկատի է առնվել այն հանգամանքը, որ առկա ջերմատները կառուցվել են տասնամյակներ առաջ և իրենց տեխնոլոգիայով և արդյունավետությամբ զիջում են ժամանակակից ջերմատներին։ Որոշման արդյունքում կստեղծվեն ներդրումային ծրագրի իրականացման նպաստավոր պայմաններ, իսկ Երևանի ջերմաէլեկտրակայանի հարակից տարածքում ջերմատների կառուցմամբ կապահովվի բուսաբուծական արտադրանքի շուրջօրյա արտադրություն, կհիմնվեն նոր աշխատատեղեր։
ՀՀ կառավարությունը «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը թույլատրել է երկարաձգել մինչև 2012 թ. հոկտեմբերի 1-ը։ Ընկերության գործունեությունն ունի բնապահպանական կարևոր նշանակություն։ Այն վերամշակում է «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ արտադրական թափոնը` հեղուկ թռչնաղբը և ստանում կենսագազ, որից էլ` էլեկտրաէներգիա։
Գործադիրը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Դպրոցաշինության ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գույքը` տրանսպորտային միջոցները, մեքենաներն ու սարքավորումները, օտարել դասական աճուրդով։ Նույն սկզբունքով են օտարվելու նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցի N2/1 հասցեում գտնվող օժանդակ շինությունները։ Որոշումների նպատակն է ավելացնել պետբյուջեի մուտքերը։
Կառավարության որոշմամբ Երևանի Նուբարաշենի խճուղու N7 հասցեում տեղակայված ՀՀ ոստիկանության զորքերի նախկին զորամասի տարածքը և շենք-շինությունները հետ են վերցվել և ամրացվել «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` նախարարության քրեակատարողական ծառայությանը հանձնելու նպատակով։
ՀՀ կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կլուծվի 1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած անձանց կենսաթոշակ նշանակելու ժամանակ նրանց ապահովագրական ստաժը սահմանելու հարցը։ Փախստականների մեծ մասը չունի աշխատանքային գրքույկ, անձնագիր և անձը հաստատող այլ փաստաթուղթ։ Այդ խնդրով զբաղվում է կառավարության որոշմամբ ստեղծված ապահովագրական ստաժ սահմանող հանձնաժողովը։
Ներդրվում են անձը հաստատող «նոր սերնդի» փաստաթղթերը
ՀՀ կառավարությունն իր երեք որոշումներից մեկով սահմանել է ՀՀ քաղաքացու անձնագրի, նույնականացման քարտի, ժամանակավոր վկայականի ձևերը, վերջինիս տրամադրման կարգը, մյուսով` առավել սեղմ ժամկետում անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) համար գանձվող վճարի չափը, վճարովի ծառայության մատուցման պայմանագրի ձևը, երրորդով` հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք տրամադրելու կարգը, տեղեկանքի ձևը, ինչպես նաև քաղաքացու ցանկությամբ հանրային ծառայության համարանիշ հատկացնելու կարգը։
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և 10-ով ավելացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առավելագույն թվաքանակը. նպատակը նախարարության դիվանագիտական դպրոցի լավագույն շրջանավարտներին արտաքին գերատեսչության համակարգ ընդունելու հնարավորության ստեղծումն է։
Կառավարությունն իր նիստում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին թույլատրել է բացել «Հայաստանի Հանրապետությունում 2012-2013 թթ. ընտրությունների ընթացքում «Պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացում» անվամբ արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ։
Ազգային փոքրամասնություններին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով կառավարությունը «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացրել է 10 մլն դրամ։ Գումարը կօգտագործվի ազգային փոքրամասնությունների ՀԿ-ների ծրագրերի իրականացման նպատակով։
Ուշադրության կենտրոնում է ատոմակայանի անվտանգությունը

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- ատոմային էլեկտրակայանում շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի քննության կարգը,
- պետական վերահսկողության շրջանակում սննդամթերքի, կենդանական և բուսական ծագման հումքի, պետության կողմից իրականացվող մնացորդային մոնիթորինգի ընթացքում սննդամթերքի և կենդանական ծագման հումքի մնացորդների լաբորատոր փորձաքննության ենթակա ցուցանիշների ցանկերը, ինչպես նաև 2012 թ. սննդամթերքի լաբորատոր փորձաքննության ծրագիրը,
- Լոռու մարզի Հարթագյուղ համայնքը Վանաձոր-Գյումրի մայրուղուն միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգման, Հարթագյուղ-Խնկոյան միջհամայնքային ավտոճանապարհի վերանորոգման և Լենուղի-Այգևան-Մ-5 ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների գնման արդյունքները` համապատասխանաբար ընտրված մասնակիցներ ճանաչելով «Լոռու ՃՇՇ»» ՓԲԸ-ն մոտ 380 մլն դրամ և «Կուարլինի» ՍՊԸ-ն` մոտ 627 մլն դրամ պայմանագրային գումարներվ։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներին։
Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունման դեպքում դրանք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին և կհեշտացնեն թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը։ Օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ՀՀ քաղաքացիների գանգատներով կայացված որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է որպես փոխհատուցում վճարել 63 հազար 545 եվրո, 120 հազար ԱՄՆ դոլար և 29 մլն 520 հազար դրամ։ Որոշում է ընդունվել կատարել այդ վճարումները։
Գործադիրն այլ կատեգորիա է փոխադրել Արարատի մարզի Դաշտաքարի և Լոռու մարզի Հաղպատի գյուղական համայնքների հողերի մի մասը` համապատասխանաբար արդյունաբերական օբյեկտների կառուցման և գոյություն ունեցող արհեստանոցի ընդարձակման նպատակով։
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ