Popular Posts

Tuesday, July 31, 2012

դատավոր Գայանե Կարախանյանի հորաքրոջ աղջիկն է


Քարոլին Բաղումյանը ամերիկահայ է: Նա վաղուց երազում էր հաստատվել Հայաստանում: 2004թ. համացանցի միջոցով նա բնակարան է վարձել եւ ժամանել Երեւան: Բանալին փոխանցել է տունը «նայող» կինը` Նունուֆար Հովհաննիսյանը: Վերջինս ասել է, որ զբաղվում է շինարարությամբ, ունի լուրջ կապեր եւ կարող է Քարոլինին օգնել իրագործելու երազանքը՝ Հայաստանում մշտապես բնակություն հաստատելու հարցում:
«Նունուֆար Հովհաննիսյանի հետ պայմանավորվեցինք, որ իմ միջոցներով պետք է գնի հողամաս եւ դրա վրա կառուցի առանձնատուն: Նրան փոխանցեցի համապատասխան ձեւի եւ բովանդակության լիազորագրեր, որ իմ փոխարեն կատարեր գործարքներ: Ընդհանուր վերցրեած՝ բանկային փոխանցումներով եւ կանխիկ Նունուֆարին տվել եմ 539 հազար ԱՄՆ դոլար (բոլոր փաստաթղթերը կան, եւ նա չի հերքում, որ այդքան գումար է ստացել)»,- պատմում է Քարոլին Բաղումյանը:
2005թ. Նորքի 13 փողոցի 80/1 հասցեում «շինարար» Նունուֆար Հովհաննիսյանը 45 հազար դոլարով 550 քմ հողամաս է գնել (ավելի ուշ պարզվել է, որ հողամասի իրական գինը 38 հազար է եղել – հեղ.) եւ սկսել առանձնատան շինարարությունը: Տարիներ շարունակ նա Քարոլինից գումարներ է պահանջել առանձնատունը վերջնական տեսքի բերելու համար, բայց շինարարությունն այդպես էլ չի ավարտվել: Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վարչության պետի գրության համաձայն՝ տեղատեսությամբ պարզվել է, որ կիսակառույցում առկա են նախագծային շեղումներ: Իսկ շենքը, ըստ 2010թ. դեկտեմբերին կատարված գնահատման, արժե 114 մլն դրամ, այսինք՝ մոտ 200 հազար ԱՄՆ դոլարով պակաս գումար է ներդրվել դրա վրա, քան Քարոլինը հատկացրել է Նունուֆար Հովհաննիսյանին:
Այս ամենը պարզելուց հետո Քարոլին Բաղումյանը որոշել է դադարեցնել «համագործակցությունը» Նունուֆար Հովհաննիսյանի հետ: Սակայն «շինարար» կինը պնդել է, որ Քարոլինը կատարված աշխատանքների դիմաց դեռ մի բան էլ իրեն աշխատավարձ պետք է վճարի եւ դիմելով դատարան՝ պահանջել է հօգուտ իրեն բռնագանձել 40 հազար ԱՄՆ դոլար ու սրան գումարել համապատասխան տույժտուգանքի տոկոսագումարը: Եվ ահա ամերիկահայ Բաղումյանը հայտնվել է հայաստանյան դատական համակարգի սարդոստայնում: Ընդհանրապես, ասում են՝ իրական Հայսաստանը ճանաչելու համար բավական է մեկ անգամ դատարանի հետ գործ ունենալ:
«Ես ասում եմ՝ ինչո՞ւ ես 40 հազար պահանջում, գուցե 60 հազար եմ պարտք: 2,5 տարի է խնդրում եմ՝ ցույց տվեք մեկ փաստաթուղթ, կտրոն, մեկ փաստ, որ ծախսերը կապացուցեն: Բայց դատավորների համար սա նշանակություն չունի,- ասում է Քարոլին Բաղումյանը եւ առաջ ընկնելով՝ շարունակում,- միակ ամենաարդար դատավորը, որ ես տեսա, վերաքննիչից Նարինե Բարսեղյանն էր: Նա մեկ շաբաթ էլ Նունուֆարին ժամանակ տվեց, բայց ոչ ներկայացավ, ոչ էլ փաստեր բերեց, գործը նորից հետ ուղարկվեց առաջին ատյան»:
Առավել ուշագրավը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատավոր Էդիկ Ավետիսյանի արարքն է: Նունուֆար Հովհաննիսյանի փաստաբանը դատարանին ներկայացրել է կողմերի միջեւ կնքվելիք հաշտության համաձայնագիրը, որով ընդգծվել է Քարոլինի՝ 40 հազար դոլար պարք լինելու հանգամանքը:
«Էդիկ Ավետիսյանը դատարանում ինձ հարցնում է՝ ընդունո՞ւմ ես: Նիստի ձայնագրությունը կա. 5 անգամ ասում եմ՝ ոչ, ոչ... Բայց դատավորը «պեչատում է», որ ես համաձայն եմ, հաշտության համաձայնագիրն իր որոշմանը չի էլ կցում (ինչն օրենքով պարտավոր է) եւ իմ փոխարեն որոշում է, որ հաշտությանը համաձայն եմ»,- պատմում է Քարոլին Բաղումյանը: Ոչնիչ չեն փոխել նաեւ վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները:  
Կիսակառույց առանձնատունը դեռեւս գրանցում չի ստացել, իսկ հողամասը Քարոլինի անունով է: Նունուֆար Հովհաննիսյանի պահանջով՝ կիրառվել է արգելանք, եւ հնարավոր է, որ շուտով այն աճուրդով վաճառվի՝ 40 հազարը եւ դրա տոկոսները «տուժող» Հովհաննիսյանին «վերադարձնելու» համար:
Սա այն դեպքում, երբ պարզվել է, որ «շինարար» Նունուֆարը շինարարական գործունեություն ծավալելու լիցենզիա չի ունեցել, հաշվապահություն չի վարել եւ առհասարակ շինաշխատանքներ կատարելիս որեւէ մեկի հետ համապատասխան պայմանագրեր չի կնքել:
Այս ընթացքում նաեւ հայտնի է դարձել Նունուֆար Հովհաննիսյանի «ուժի» գաղտնիքը եւ դատավորների «անաչառության» պատճառը: Նունուֆար Հովհաննիսյանը դատավոր Գայանե Կարախանյանի հորաքրոջ աղջիկն է:  
Քարոլինի փաստաբան Գեւորգ Չաքմիշյանը մանրամասնում է, որ կառուցապատման աշխատանքներն ինքնին գործարք են, եւ եթե առանց պայմանագրի շինարարների հետ գործարք է կատարվում, ապա այն ուղղակի անվավեր է համարվում:
«Այսինքն՝ Քարոլինը գումար է տվել, դրանով Հովհաննիսյանն անվավեր գործարք է կատարել, ուրեմն բարի եղեք գումարը վերադարձրեք, իսկ եթե այն շենք է դարձել, տվեք շենքը,- նշում է փաստաբան Չաքմիշյանը,- այս հինքով դիմել ենք դատարան: Սկզբում Կենտրոնի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը, հետո էլ վերադաս դատավորներն ասում են՝ լիազորագիր կա, դա բավարար է, որ մյուս գործարքին չնայենք՝ հիմնավո՞ր է, թե՞ ոչ: Իրավաբանության տեսանկյունից սա մանկապարտեզի սխալ է, որը դիտավորյալ է արվում: Ասում եմ՝ բայց լիազորագիրն ի՞նչ կապ ունի, մենք մյուս գործարքն ենք վիճարկում: Դատավորներն էլ առանց պատճառաբանության, ոչ մի բանից չվախենալով՝ օրենքը բացահայտ ոտնատակ են անում»:
Փաստաբանն ասում է, որ խարդախության եւ յուրացման հիմքները ստուգելու համար դիմել են ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը: ԱԱԾ-ն չի արձագանքել, իսկ ոստիկանությունը հետաքննություն է սկսել, բայց քրեական գործ այդպես էլ չի հարուցվել:
«Այստեղ կան նաեւ հարկերից, տուրքերից չարամտորեն խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծխավալելու երեւույթներ: Դիմեցինք ՊԵԿ նախագահին եւ գլխավոր դատախազին, գործը հանձնարարվեց ՊԵԿ-ի հետաքննիչին: 6-7 ամիս է՝ գործն ընթացքի մեջ է, եւ դեռ որեւէ որոշում չի կայացվել,- շարունակում է Գեւորգ Չաքմիշյանը: - Բացի դրանից՝ առանց լիցենզիայի աշխատելու դեպքում օրենքը կատարված աշխատանքների արժեքի կեսի չափով տուգանք է սահմանում: Նման իրավիճակներում հարկայինը կարող է մարդուն 10 հազար դրամի համար տուգանել եւ չգիտես ինչ իրավիճակների մեջ դնել: Այստեղ այդ արժեքի կեսի հաշվարկով մոտ 250 հազար դոլարի մասին է խոսքը, բայց ոչինչ չեն անում: Իսկ մենք ունենք տեղեկություններ, որ դատավոր Գայանե Կարախանյանը բազմակի միջնորդություններ է ներկայացրել հետաքննիչներին»:
Քարոլին Բաղումյանը դիմել է նաեւ սփյուռքի եւ արդարադատության նախարարներին: Կրկին ոչինչ չի փոխվել: Իսկ նախագահականից պատասխանել են, որ դիմումը մակագրվել է գլխավոր դատախազություն:
«Դրանից հետո ոստիկանությունից գնացել են, որ հենց տնից Նունուֆար Հովհաննիսյանին վերցնեն, բայց Գայանե Կարախանյանը նորից խառնվել է, եւ նախագահի հրամանի գործը կարճել են»,- ասում է Քարոլին Բաղումյանը: Իսկ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում նա գրել էր. «Չեմ ուզում ես էլ արժանանալ այն սփյուռքահայերի բախտին, որոնք այստեղ հանդիպելով որոշ խաբեբաների, վնասվել են եւ լքել հայրենիքը՝ այլեւս չուզենալով նրա մասին լսել... »:

Նպատակային փլուզում են երկրի տնտեսությունը


Դեռեւս 2011 թ. սեպտեմբերի 29-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, անդրադառնալով 2012 թ. բյուջեի եկամտային մասին, նշել էր, որ Հայաստանի պատմության մեջ հարկային եկամուտների նման աճ չի նախատեսվել, այն էլ` ճգնաժամային շրջանում: «Դրա համար մենք մեծ անհանգստություն ունենք և պետք է լուրջ աշխատենք այդ փաստաթղթի վրա, որպեսզի հասկանանք, թե հաջորդ տարի այդ հարկերի հավաքագրումը որտեղից ենք ակնկալելու»,- ասել էր Գագիկ Խաչատրյանը: Նախատեսվում էր հարկերն ավելացնել  հարկային բազայի ընդլայնման եւ վարչարարության ուժեղացման շնորհիվ:
Այսօր ակնհայտ է, որ ՊԵԿ-ը դժվարանում է հավաքել նախատեսված չափի հարկեր: Խոշոր հարկատուների երկու ներկայացուցիչ, իրենց անունները չնշելու պայմանով, մեզ ներկայացրին խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Աշոտ Արզումանյանի մոտ երեկ կայացած հանդիպման մանրամասները: Արզումանյանը հավաքվածներին ասել է, որ երկրի բյուջեի նախատեսված մուտքերի հավաքագրումը չի ապահովվում: Նա նշել է, որ խոշոր հարկատուների կողմից ներկայացված ՀԴՄ-ի կտրոններն, ըստ էության, իրական պատկերը չեն ներկայացնում եւ այսուհետ ՀԴՄ կտրոնների հետ միասին խոշոր հարկատուները պետք է ներկայացնեն հաշիվ-ապրանքագրեր:
«Նպատակային փլուզում են երկրի տնտեսությունը եւ չենք հասկանում՝ սա որտեղից է արվում: Ամեն ինչ անում են, որ փակենք այստեղ ունեցած արտադրությունները, թողնենք գնանք Հայաստանից»,- ասում է խոշոր հարկատուներից մեկը: Նրանցից մյուսը այս քաղաքականությունը պայմանավորում է վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Գագիկ Խաչատրյանի միջեւ եղած հակասությամբ: «Վարչապետը հարկերի շեմը բարձրացնում է՝ իմանալով, որ դժգոհություններ են լինելու եւ հնարավոր չի լինելու այդքան մուտքեր ապահովել: Ահա այդ հակամարտությունից տուժում ենք մենք՝ հարկատուներս»,- ասում է մեր զրուցակից երկրորդ խոշոր հարկատուն:
Մենք առաջարկեցինք այս հարցը քննարկել կլոր սեղանի շուրջ՝ հրավիրելով նաեւ պետական կառույցի ներկայացուցիչներին: Նրանք կտրականապես դեմ են նման նախաձեռնության մասնակցել, սակայն կողմ են նման թեմաներով բանավեճերի: 
Գագիկ Խաչատրյանն էլ ամեն ինչ անում է, որ հարկերը հավաքագրի, հակառակ դեպքում ստիպված է լինելու հրաժեշտ տալ իր պաշտոնին: Բայց նա արդեն լուրջ խոչընդոտների է հանդիպում, եւ չի բացառվում, որ նորից ազատման դիմում ներկայացնի:  

Փաստաբանները պահանջում են անհապաղ տրամադրել «Հարսնաքարի» գործով բոլոր փաստաթղթերն ու նյութերը


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.07.2012թ. ոստիկանությունն իր պաշտոնական կայքում (www.police.am) տարածել էր հաղորդագրություն՝ «Անհրաժեշտ պարզաբանում» վերտառությամբ: Ամենևին նպատակ չունենալով ներքաշվել որևէ վիճաբանության մեջ, սակայն, միաժամանակ, գիտակցելով իրավունքի՝ քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված համընընդհանուր սկզբունքների կարևորությունը՝ ամրագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին հռչակագրով, Սահմանադրությամբ և քրեական դատավարության օրենսգրքով, ելնելով հանրային գերակա շահի հրամայականից, պարտադրված ենք բացահայտել վերջերս շրջանառվող հայտնի դեպքերի զարգացման իրական ընթացքը և ժամանակագրությունը՝ տալով պատշաճ հիմնավորումներ և, որ ամենակարևորն է, կանխարգելելու փաստերի և իրավական դրույթների հետագա հնարավոր խեղաթյուրումները:
Այսպես, 10.07.2012թ. մենք՝ փաստաբաններ Լուսինե Հակոբյանս և Տիգրան Եգորյանս, Վահե Ավետյանի հայր Գառնիկ Ավետյանից ստանալով համապատասխան լիազորագրեր և ղեկավարվելով քրեական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածով, հենց հաջորդ օրը, 11.07.2012թ., ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության գրասենյակ ենք մուտքագրել դիմում՝ Գառնիկ Ավետյանին տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդ ճանաչելու խնդրանքով:
Ներկայացվել է համապատասխան դիմում և մեր լիազորությունը հավաստող լիազորագրեր՝ ստորագրված Գառնիկ Ավետյանի կողմից: Ուստի՝ այդ պահից ի վեր առկա էր տուժողի մերձավոր ազգականի ցանկությունը՝ իրեն իրավահաջորդ ճանաչելու մասին, և վարույթն իրականացնող մարմնին ոչինչ չէր խանգարում հնարավորինս արագ համապատասխան որոշում ընդունել:
Սակայն վերջինս գերադասել է այլ գործելաոճ: 18.07.2012թ. չստանալով որևէ արձագանք՝ մենք հեռախոսով կապվեցինք քննչական խմբի ղեկավար, քննիչ՝ Ռուբեն Մկրտչյանի հետ ով հայտնեց, որ մեզ որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ճանաչելու համար իրեն անհրաժեշտ է դիմում Գառնիկ Ավետյանից:
Տեղեկացրեցինք, որ մեր ներկայացրածը հենց այդ դիմումն է, իսկ մեզ գործին մասնակից դարձնելու վերաբերյալ դիմումը կներկայացնենք Գառնիկ Ավետյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելուց հետո: Քննիչ Ռ. Մկրտչյանը պատասխանեց, որ ընդունում է Տ. Եգորյանի տեսակետը, բայց իրենք այդպես չեն անում և պահանջեց, որ հենց Գառնիկ Ավետյանը դիմում ներկայացնի, ինչին մենք պատասխանեցինք, որ ներկայացված դիմումը հենց Գառնիկ Ավետյանի կողմից մեզ տրված հանձնարարության արդյունքն է, և այն պետք է դիտարկել որպես Գ. Ավետյանի կողմից ներկայացված դիմում: Բավական երկար բանավիճելուց հետո մենք խնդրեցինք դիմումին գրավոր պատասխանել:
Չստանալով պատասխան՝ 19.07.2012թ. համապատասխան բողոք ներկայացրեցինք գլխավոր դատախազություն՝ պահաջելով սահմանել վերահսկողություն վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ՝ ապահովելու օրինականությունը և բացառելու քննություն իրականացնող մարմնի կամայականությունը:
20.07.2012թ. մեզ զանգահարեց Ռ. Մկրտչյանը և հետաքրքրվեց, թե արդյոք բերելու ենք Գ. Ավետյանի ձեռքով գրված դիմումը՝ իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին, ինչին մենք պատասխանեցինք, որ սպասում ենք հուլիսի 11-ին ներկայացված դիմումի պատասխանին:
Մոտ 5 րոպե անց մեզ զանգահարեց Ռ. Մկրտչյանի վերադաս բաժնի պետ Ա. Այվազյանը, որը մեզ մեղադրեց գործընթացը ձգձգելու մեջ: Ի պատասխան՝ մենք հետաքրքրվեցինք, թե ինչն է նրանց խանգարում Գառնիկ Ավետյանին, ըստ իր լիազոր ներկայացուցիչների ներկայացրած դիմումի, ճանաչել տուժողի իրավահաջորդ: Ա. Այվազյանը պատասխանեց, որ այդ դեպքում իրենք գիտեն թե ում և ինչ պատասխանել:
23.07.2012թ. քննիչ Ռ. Մկրտչյանը զանգահարել է Գառնիկ Ավետյանին և հայտնել, որ պատրաստվում է նրան ճանաչել տուժողի իրավահաջորդ հուլիսի 24-ին, սակայն նշված օրը նա այդպես էլ տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել:
25.07.2012թ. քննիչ Ռ. Մկրտչյանը զանգահարել է Գառնիկ Ավետյանին և հայտնել, որ նա կարող է ներկայանալ քննչական գլխավոր վարչություն ժամը 17:45: Գառնիկ Ավետյանը, մեր ուղեկցությամբ, ներկայացել է վարչություն ժամը 18:00-ին և փորձել կապվել քննիչ Ռ. Մկրտչյանի հետ, սակայն վերջինս տևական ժամանակ չի պատասխանել մեր՝ փաստաբաններիս և Գառնիկ Ավետյանի հեռախոսազանգերին:
Հերթապահ մասում ոստիկանը զանգահարել է ինչ-որ տեղ, խոսել հեռախոսով և հայտնել, որ քննիչ Ռ. Մկրտչյանը տեղում չէ, ինչից հետո քննիչ Ռ. Մկրտչյանին զանգահարել եմ Լ. Հակոբյանս, և քննիչը վերջապես պատասխանել է հեռախոսազանգին: Լուսինե Հակոբյանս հայտնել եմ, որ մենք սպասում ենք մուտքի մոտ: Քննիչ Ռ. Մկրտչյանը պատասխանել է, որ Գառնիկ Ավետյանի համար անցագիր կպատվիրի, իսկ մեզ առաջարկել է սպասել դրսում:
Մենք հայտնել ենք քննիչ Ռ. Մկրտչյանին, որ մեր վստահորդը ցանկանում է մտնել շենք միայն մեր ուղեկցությամբ, սակայն Մկրտչյանը պատասխանել է. «թող Ավետյանը բարձրանա, կքննարկենք»: Ժամանակ չձգելու նպատակով մենք բացատրել ենք Գառնիկ Ավետյանին, որ նա կարող է բարձրանալ և պահանջել ապահովել իր փաստաբանների ներկայությունը:
Գառնիկ Ավետյանի շենք մտնելուց 2 ժամ հետո նոր մեզ հրավիրել են քննիչի աշխատասենյակ, որտեղ մենք ներկա ենք գտնվել Գառնիկ Ավետյանի ցուցմունք տալու գործողությանը: Հարկ է ավելացնել նաև, որ նույն ամսի 25-ին մենք ստացել էինք 11.07.2012թ. մուտքագրված դիմումին քննիչի գրավոր պատասխանը, որում ուղղակի գրավոր շարադրված էին քննիչի նույն պնդումները:
Անհասկանալի էր, թե ինչ անհրաժեշտություն կար կազմելու և ուղարկելու այդ գրությունն առհասարակ, երբ վաղուց բաց էին թողնվել դիմումին արձագանքելու ժամկետները, իսկ հուլիսի 23-ին, երբ ուղարկվել էր քննիչի պատասխան գրությունը, Գառնիկ Ավետյանն արդեն հրավիրվել էր քննչական գլխավոր վարչություն իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչելու հարցով:
Բացի այդ, 25.07.2012թ.-ին ներկայացրել ենք միջնորդություն՝ գործի նյութերին ծանոթանալու և համապատասխան փաստաթղթերի պատճենները ստանալու վերաբերյալ:
Քննիչ Ռ. Մկրտչյանը, ծանոթանալով դիմումին պատասխանել է, որ հաջորդ օրը ժամը 14:00-ին կհատկացնի հայցվող պատճենները, սակայն նշված օրը, հուլիսի 26-ին, քննիչ Մկրտչյանը նորից չէր պատասխանում ոչ՛ մեր զանգերին և ոչ՛ էլ հաղորդագրություններին, իսկ հուլիսի 27-ին ի պատասխան հերթական զանգին հայտնեց, որ ներկայացված միջնորդությանը կպատասխանի գրավոր և պահանջեց այսուհետ իր հետ շփվել միայն գրագրության միջոցով: Առ այսօր այդ փաստաթղթերը չեն տրամադրվում հակառակ օրենքի պահանջի:
Քրեական դատավարության պահանջների համաձայն՝ պատճառաբանված որոշում է կայացվում միջնորդությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու դեպքում, իսկ բավարարելու պարագայում վարույթն իրականացնող մարմինը հատկացնում է թույլատրելի նյութերի պատճենները կամ հնարավորություն ընձեռում ծանոթանալու դրանց, ինչի վերաբերյալ կազմում է արձանագրություն:
Այժմ անհասկանալի է, թե ինչն է ստիպել քննիչ Ռ. Մկրտչյանին հրաժարվել ի կատար ածելու իր՝ որպես պաշտոնատար անձի կողմից արդեն իսկ բանավոր կարգով բավարարված միջնորդությունը: Ինչն է նրան ստիպել որոշել տալ դրան գրավոր պատասխան՝ ևս մի քանի օրով հետաձգելով փաստաթղթերին՝ մեր ծանոթանալու գործընթացը:
Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ փաստաբանները չեն կարող հանդես գալ միջնորդությամբ մինչև սահմանված կարգով դատավարական կարգավիճակի հաստատումը, ապա այն ևս տարակուսանք է առաջացնում, քանի որ մենք չէինք ներկայացրել որևէ միջնորդություն:
Չտրվելով քրեական դատավարության օրենսգրքի բազմաթիվ վերաբերելի և ոչ վերաբերելի հոդվածներին հղումներ կատարելով երկարաշունչ հայտարարությունների գործելաոճի գայթակղությանը՝ ցանկանում ենք հանրությանը առավել հանրամատչելի և հասկանալի լեզվով ներկայացնել հետևյալ պարզ իրողությունները:
Կյանքի իրավունքը Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով երաշխավորված իրավունք է, ինչով պարտավորված պետությունը, տվյալ դեպքում ի դեմս նախաքննության մարմնի, պարտավոր է ապահովել, մասնավորապես սպանությունների դեպքում, արդյունավետ քննություն: Ինչպես հայտնի է նույն իրավական փաստաթղթերի բովանդակությունից, ինչպես նաեւ միջազգային դատական ատյանների նախադեպային իրավունքից, կյանքի իրավունքի խախտման գործերով արդյունավետ քննության բաղադրիչ է հանդիսանում նաև տուժողին՝ օրենքով նախատեսված սահմաններում դատավարությանը մասնակից դարձնելու իրավական հնարավորությունը:
Այսինքն, գործը քննող քննիչը կամ քննչական խումբը սույն քրեական գործի հարուցման պահից ի վեր ուղղակի պարտավոր էր տուժողի իրավահաջորդ ներգրավել սույն գործում: Ոստիկանությունը ոչ միայն այս հրամայականից շարունակաբար խուսափում էր, այլ տևական ժամանակ նույնիսկ մեր դիմումը ստանալուց հետո իր գործելաոճն արդարացնելու նպատակով սկսեց դիմել բազմաթիվ հոդվածների մեջբերմամբ Գառնիկ Ավետյանի կողմից համապատասխան դիմում չներկայացնելուն:
Այսինքն, ստացվում է, որ ոստիկանությունը տեղյակ չէր, որ մահացած սպայի մերձավոր հարազատը ցանկանում էր ներգրավել գործում: Այդ դեպքում որն էր պատճառը, որ անմիջապես չարձագանքեց մեր դիմումին. եթե դա Գառնիկ Ավետյանի անունից գործելու դատավարական լիազորություն չունեցող անձանց կողմից էր ներկայացված, ինչպես սխալմամբ պնդում է ոստիկանությունը, ապա դրանով առնվազն հստակորեն արտահայտված էր սպայի հոր՝ դատավարական գործողություններին մասնակից դառնալու կամաարտահայտությունը լիազորագրի ձևով:
Սպանված սպայի կյանքի իրավունքի խախտման դեպքի քննության նկատմամբ նախանձախնդրություն դրսևորող ցանկացած կառույց ուղղակի անմիջապես պետք է արձագանքի նման կամարտահայտությանը՝ բոլոր հնարավոր պայմաններն ապահովելով Գառնիկ Ավետյանին օր առաջ դատավարական կարգավիճակով օժտելով՝ նաև քննության արդյունավետության և հանրային վստահության բարձրացման նպատակներ ունենալով:
Այնինչ, պետական կարևոր այս մարմնի պատասխանից ոչ այլ ինչ, քան «դուք մեզ չասեք, թե մենք ինչ անենք» հասկանալ հնարավոր չէ: Ի պատասխան ոստիկանության մեջբերած բազմաթիվ դատավարական հոդվածների՝ պետք է նկատել, որ ոստիկանությունն առհասարակ չի ընկալել, որ դրանք միայն ու միայն կոչված են վերը նշված իրավական հրամայականի պահանջը ապահովելու, այլ ոչ տնային աշխատանքը չկատարած դպրոցականի նման արդարանալու համար: Ի՞նչն ըստ էության փորձում քողարկել ոստիկանությունը:
• Այն, որ անձին կյանքի հետ անհամատեղելի ծանր մարմնական վնասվածքներ հասցվել է 17.06.2012թ.-ին, մինչդեռ նրա հայրը տուժողի իրավահաջորդ է ճանաչվել միայն 25.07.2012թ.-ին,
• Այն, որ ողջ այս ընթացքում քննչական մարմինը գործը գնդակի նման այս ու այն կողմ ուղարկելով (սկզբից ՊՆ քննչական ստորաբաժանում, իսկ հետո նույն ստորաբաժանումից՝ ՔԳՎ) խիստ զբաղված լինելով, 29.06.2012թ.-ից մի քանի րոպե ժամանակ չէր ունեցել Գառնիկ Ավետյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու համար,
• Որ գործի քննության վրա ջանքեր և ռեսուրս ծախսելու փոխարեն՝ նստած երկարաշունչ հայտարարություններ է հրապարակում, որոնք լի են հեգնական և արհամարհական ոճական դարձվածքներով,
• Մի քանի օր շարունակ, մեր միջնորդությամբ խնդրված գործի նյութերի պատճեններ տրամադրելու փոխարեն՝ քրեական դատավարության օրենսգրքի իմացության ցուցադրական PR շոուներ կազմակերպելով՝ չմոռանալով նաև իրենց գործելաոճի նկատմամբ քննադատական վերաբերմունք ունեցող լրատվամիջոցներին էլ պատասխանելու ոստիկանականության դիրքին անհարիր գնահատականներով:
Ի վերջո նման պատասխաններից հայտնի էլ չէ, թե ինչ կապ ունի Հանրապետության ոստիկանությունը քննչական համակարգի հետ, եթե այդ գործառույթն անկախ է ոստիկանական գործառույթից:
Նախաքննության մարմնի պատասխան գործողություններից և հայտարարությունից պարզ է դառնում, որ քրեական դատավարության օրենսգրքի բազում հոդվածներին հղումներով ցանկացել է ընդհամենը քողարկել իր գործողությունների ընթացքում տուժողի իրավահաջորդի իրավունքների շարունական խախտումները:
Հանրային մեծ հնչեղություն ունեցող գործով մեր՝ արդյունավետ քննություն ապահովելու պահանջի նման անտեսումն անհամատեղելի է ոստիկանության բարձր մակարդակով բազմիցս հնչեցված՝ գործի հրապարակային քննություն ապահովելու հավաստիացումների հետ: Հայտնում ենք, որ որևէ պարագայում չենք հրաժարվելու սույն գործով բաց և հրապարակային գործելու մեր մտադրությունից և նույնն էլ խորհուրդ ենք տալիս ոստիկանությանը: Որպես առաջին քայլ՝ պահանջում ենք անհապաղ մեզ տրամադրել սույն գործով բոլոր փաստաթղթերն ու նյութերը, որոնց քրեական դատավարության օրենսգրքի ուժով մենք ունենք ծանոթանալու իրավունք:
Փաստաբաններ՝
Տիգրան Եգորյան
Լուսինե Հակոբյան

Sunday, July 29, 2012

Գագիկ Ծառուկյանի հետ Լոնդոն մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը «համապատասխաններին» հրահանգել է փակել Պալաչի գործադուլների ու բողոքի ակցիաների թեման

Արձակուրդային այս սեզոնում ՀՀԿ-ն ու իր ղեկավարը փորձում են ոչ միայն սեփական շարքերում խաղաղություն հաստատել` Վարդանիկին հորդորելով սպասել և Թալինում հանդարտության կոչելով ՀՀԿ-ական հակամարտող կողմերին, այլև ԲՀԿ-ի հետ են կամուրջներ կառուցում: Գագիկ Ծառուկյանի հետ Լոնդոն մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը «համապատասխաններին» հրահանգել է փակել Պալաչի գործադուլների ու բողոքի ակցիաների թեման: Ինչին էլ ձեռնամուխ է եղել Գագիկ Բեգլարյանը: Արդյունքում Պալաչը ոչ միայն բարիացել ու ներողություն է խնդրել Ծառուկյանից, այլև մինչև ամսվա վերջ Իտալիայից ընտանյոք հանդերձ կվերադառնա Հայաստան` բարիշելու Ծառուկյանի հետ:

Friday, July 20, 2012

դատարանն այսօր մերժել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի


Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. այս մասին  ասաց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի ղեկավար Արթուր Սաքունցը:

Սաքունցը դատարանից պահանջում էր Վլադիմիր Գասպարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել իր արտահայտությունները, որոնք, ըստ կազմակերպության՝ զրպարտություն են: Ինչպես նաև պահանջում էր ոստիկանապետից բռնագանձել խորհրդանշական 10 ՀՀ դրամ` իրավապաշտպան կազմակերպությանը և ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա կազմակերպած` ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերին զրպարտելու համար:

Արթուր Սաքունցը նշեց, որ ինքը դեռևս չի ստացել դատարանի վճիռը, սակայն ըստ նրա, իրենք ամեն դեպքում մտադիր են այն բողոքարկել Վերաքննիչ դատարանում:

Նշենք, որ հայցադիմումի համար հիմք են հանդիսացել Վլադիմիր Գասպարյանի կողմից 2011 թ. հոկտեմբերի 17-ին «Հրապարակ» թերթի էլեկտրոնային էջում և 2011 թվականի հոկտեմերի 15-ին «Զինուժ» ծրագրում տրված հարցազրույցները:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ «Հրապարակ» օրաթերթի էլեկտրոնային էջում տպագրված՝ «Ով արյուն կլափի, թող գա իր երեխու դեմ» հոդվածի մեջ ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի կողմից կատարված հետևյալ արտահայտություններն իրենց մեջ ներառում են վիրավորանք և զրպարտություն` «Ցավացող ծնողը լկտի չի լինի, ցավացող ծնողը կանգնած է, բայց ես տեսնում եմ լկտիություն բանակի նկատմամբ, նախարարի նկատմամբ, ես տեսնում եմ թույն՝ մեջները: 20 տարեկան պոչիկներով լակոտներին, որ բերել են Հելսինկյան կազմակերպությունները, ու էդ լակոտների բերանների արտահայտություններն անձնական վիրավորանք են հասցնում: Երբ փսլնքոտ լակոտը երկիր պահած, երկրի համար տուժած մարդուն վիրավորում է լկտի բացականչություններով, ես դա չեմ հանդուրժելու…: Նրանք անպատվում են պաշտպանության նախարարին, ասելով՝ էդ միոտանին: Ես ասում եմ՝ էդ չորսոտանիներիցդ շատ գործ է անում մեր միոտանին, չէ՞ որ էդ մարդն ինչ-որ արել է, ես չեմ պաշտպանում, արել է էս երկրի համար, որ էդ ոտքը կորցրել է»:

Հայցադիմումի մեջ նշվում է նաև, որ Վ.Գասպարյանն իր ելույթներում, միևնույն ժամանակ առանց ուղղակիորեն անուններ տալու, վիրավորում է նաև քաղաքացիական հասարակության այն բոլոր ակտիվ և համարձակ ներկայացուցիչներին, ովքեր ձայն են բարձրացրել ընդդեմ անօրինականությունների և ներկայումս մեր հասարակության մեջ ավելին քան արդիական թեմայի, այն է՝ բանակում մահացությունների թվին, դրանց անարդյունավետ քննությանը և մեղավորներին չպատժելուն:

Ինչ վերաբերվում է Վլադիմիր Գասպարյանի՝ «Զինուժ» ծրագրում տված հարցազրույցին, ապա հաղորդման ժամանակ նա հայտարարել է. «Ոնց կարող է ցավալ մարդու սիրտը մի երկրի բանակի համար, երբ ֆինանսավորվում ու աշխատավարձ է ստանում ուրիշ երկրներից: Ո՞նց կարող է մարդու սիրտ ցավա, երբ նա մտածում է` ինչքան աղմկահարույց, ինչքան վատ դեպք պատահի, էնքան լավ է, որովհետև դրա վրա ավելի շատ փող կարող է աշխատի: Այդ մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են անհայրենիք, աներկիր, անշնորհք, ուրիշին դուր գալու, ուրիշին ծառայելու, նոքարի, սեփական արժանապատվությունը չունեցող երևույթներ են: Նրանց մեջ մարդիկ կան, ովքեր բանակի կողքով անգամ չեն անցել: …Ու հաստատ իմացեք, վաղը, եթե հանկարծ ինչ-որ բան լինի, ոչ միայն խոր թիկունքում նրանց չենք գտնելու, այլև Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այդ երևույթներին չենք կարողանալու գտնել: Մի քանի օր առաջ այդ խմբերից մեկի հայտարարությունն եմ կարդում թերթերում, որտեղ պահանջում են այս, այս, այս տեղեկությունները` կապված հազարավոր զինծառայողների հետ: Սիրելիներս, իսկ ձեր պատվիրատուները էլ ի՞նչ հանձնարարություն են ձեզ տվել` իմանալու մեր բանակից, միգուցե ամբողջ ցանկը հրապարակեք և հետո ամենախայտաբղետ արտասահմանյան հիմնադրամների մոտ գնաք հերթ կանգնեք»:

Եթե Վանո Սիրադեղյանը հայտնաբերվի նա անմիջապես կձերբակալվի


ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը, եթե գա Հայաստան ու հայտնաբերվի, անմիջապես կձերբակալվի: Այս մասին այսօր ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ քայլերի կդիմի Ոստիկանությունը, եթե հայտնաբերվի Վանո Սիրադեղյանը:


«Եթե Վանո Սիրադեղյանը հայտնաբերվի նա անմիջապես կձերբակալվի»,-նշեց Հունան Պողոսյանը՝ հավելելով, որ Վանո Սիրադեղյանը գտնվում է միջազգային հետախուզման մեջ:


Հիշեցնենք, որ 2000 թվականին ՀՀ Ազգային ժողովը Վանո Սիրադեղյանին զրկեց պատգամավորի անձեռնմխելիությունից, ապա` պատգամավորական մանդատից:

Վերջինս մեղադրվում է մի շարք քաղաքական գործիչների դեմ ծրագրված սպանությունների կազմակերպման  մեջ, և առայսօր գտնվում է միջազգային հետախուզման մեջ։

Վերջին շրջանում բավական ակտիվացել է Վանո Սիրադեղյանի՝ Հայաստան հնարավոր վերադարձի հարցը: Այդ կապակցությամբ Facebook սոցիալական ցանցում ստեղծվել են մի քանի նախաձեռնություններ: Այդ կապակցությամբ հայտարարություններով են հանդես եկել նաև մի քանի կուսակցություններ:

Շիրակ Թորոսյանին հերթական անգամ արգելել են մտնել Ջավախք


Վրաստանին շատ լավ կսազեր Հայաստանի անհաջող տեգրակնոջ դերը, որը երբեք առիթը բաց չի թողնում հարվածել թիկունքից ու խորիմաստ ժպտալ աչքերի մեջ նայելով:
Եվս մեկ անգամ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» համայնական միության նախագահ Շիրակ Թորոսյանին թույլ չտվեցին հատել հայ-վրացական սահմանը: Ջավախքում կայանալիք աշուղ Ջիվանուն նվիրված միջոցառումից առանց գրավոր կամ բանավոր պատճառաբանման ԱԺ պատգամավորը ստիպված է եղել հետ վերադառնալ:
Վրացական նենգության մասին «Իրավունքը» զրուցել է, արդեն մի փոքր թևաթափ եղած Շ.Թորոսյանի հետ.
-Ի՞նչ պիտի մտածեմ այս մասին, շատ վատ է, որ թույլ չեն տալիս:
-Արդյոք մուտքի արգելքի հետ կապված չե՞ք փորձել հարցը լուծել դիվանագիտական օղակներով կամ ԱԳՆ-ի միջոցով:
-Դրանք արդեն հնացած հարցեր են, հարյուր անգամ ասել ենք, փորձել ենք, ասվել ու խոսվել է, ուղղակի վրացական կողմը անդրդվելի է մնում:

Նահապետ Գևորգյանի ձերևբակալված որդին աշխատել է Սերժ Սարգսյանի վերահսկողականում

Ինչպես հայտնի է, նախօրեին ձերբակալել էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի` Նովոյի որդին` Արտակ Գևորգյանը: ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը երեկոյան, ժամը 20.30-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ` ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Արտակ Գևորգյանին պատկանող, Երևան քաղաքի Տերյան փողոցում գտնվոդ բնակարանում, որտեղ խոհանոցի անկյունակ բազմոցի նստելատեղի տակից հայտնաբերվել է 4,5 մմ տրամաչափի «Բայկալ» օդամղիչ ատրճանակ: Հայտնաբերված ատրճանակի օրինականությունը ստուգվում է: Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Թերթը տեղեկացել է, որ Արտակը սիրում է «գլամուր» գիշերային ժամանցը, ըստ այդմ ամեն ինչ անում է պարբերաբար երեկոյի հերոս դառնալու համար: «ՉԻ» տեղեկություններով, Արտակ Գևորգյանը ոչ վաղ անցյալում աշխատել է նախագահականում: Վերջինս եղել է Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայությունում, սակայն հերթական աղմկոտ պատմությունից հետո նրան ագատել են աշխատանքից:
Արտակ Գեորգյանը տարիներ առաջ աշխատում էր դատախազությունում` որպես քննիչ: ԱԱԾ թերթի աղբյուրի հավաստմամբ` Արտակը սեփական դիմումի համաձայն «հեռացվել» է աշխատանքից: Պատճառը անօրինական զենք-զինամթերքի հայտնաբերումն էր նքա մեքենայից: Շատերը զարմացած են, թե ինչպես են իրավապահները համարձակվել կալանավորել Արտակին հուլիսի 17-ի հայտնի դեպքի առիթով: Չէ՞ որ նրա ամենակարող հայրը հեշտությամբ կարող էր «ջրել» գոքծը: Թերթի աղբյուրի վկայությամբ` այս անգամ Արտակին «քավորություն» անելու պարտականությունն իր վրա է վերցրել աները` դատախազ Սամվել Մկրտչյանը: Ըստ լուրերի` նա իր խնամի Նահապետին խոստացել է գործը տեղում «լուծելուց» առաջ Արտակին կալանքից ազատել գրավի դիմաց: Բայց, երևի, «շուխուրը» մեծ էր, և որոշումը մի քանի օքով հետաձգվել է:

Եթե նույնիսկ Ներսիկ Նազարյանը չազատվի պաշտոնից, ապա կոլեգիայի նիստի ժամանակ նա կենթարկվի սուր քննադատության

Այսօր ՀՀ ոստիկանությունում տեղի կունենա կոլեգիայի նիստ, որին մասնակցելու է նաև Սերժ Սարգսյանը: Ոստիկանությանը մոտ կանգնած թերթի աղբյուրները չեն բացառում, որ նիստը կարող է ավարտվել նշանակալի իրադարձությամբ, զբաղեցրած պաշտոնից կարող է ազատվել Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը: Երեկ երեկոյան դրությամբ, թերթի աղբյուրների գնահատմամբ, այդ պաշտոնանկության հավանականությունը հիսուն-հիսուն էր: Եթե նույնիսկ Ներսիկ Նազարյանը չազատվի պաշտոնից, ապա կոլեգիայի նիստի ժամանակ նա կենթարկվի սուր քննադատության: Թե ինչով է պայմանավորված ոստիկանապետ Նազարյանի հնարավոր պաշտոնանկությունը, երեկ դեռ հայտնի չէր:


«Հայ ազգային կոնգրես»-ի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվեց 6 տարի ազատազրկման


«Հայ ազգային կոնգրես»-ի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվեց 6 տարի ազատազրկման: Այս մասին այսօր վճիռը կարդաց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը: Մյուս ամբաստանյալները` ՀԱԿ ակտիվիստներ Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը և Արտակ Կարապետյանը դատապարտվեցին 2-3 տարի ազատազրկման: Վերջիններս կալանքի տակ կվերցվեն վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

Այս պահին դատարանի առջև ՀԱԿ ակտիվիստներն անցկացնում են բողոքի ակցիա: Դատական նիստին ներկա էին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Արամ Մանուկյանը:

Մինչ այդ, հուլիսի 19-ի դատական նիստում, ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների պաշտպան Ստեփան Ոսկանյանը միջնորդեց իր 4 պաշտպանյալներին անմեղ ճանաչել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Իր պաշտպանական ճառում պաշտպանը միջնորդել էր նաև իր պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործը կարճել: Ըստ պաշտպանի, իր պաշտպանյալներ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին. Սարգիս Գևորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին առաջադրված մեղադրանքը շինծու է:

Նշենք, որ մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանն իր մեղադրական ճառում, միջնորդել է դատավորին Տիգրան Առաքելյանին դատապարտել 6 տարի, Արտակ Կարապետյանին` 3 տարի 6 ամիս, իսկ Սարգիս Գևորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին` 2 տարի ազատազրկման:

Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարևանությամբ միջադեպ էր տեղի ունեցել ՀԱԿ երիտասարդների և ոստիկանների միջև, նրանք բերման էին ենթարկվել ոստիկանության բաժին: Հետագայում Տիգրան Առաքելյանին առաջադրվել էր խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանների, նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, Ա. Կարապետյանին՝ խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, իսկ Ս. Գևորգյանին ու Դ. Քիրամիջյանին՝ խուլիգանության մեղադրանք:

ԲՀԿ-ն Գյումրիի քաղաքապետի ընտրություններում կառաջադրի Սամվել Բալասանյանի թեկնածությունը



Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել սեպտեմբերին կայանալիք Գյումրիի քաղաքապետի ընտրություններում առաջադրել Սամվել Բալասանյանի թեկնածությունը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, այդ որոշումը կայացվել է գյումրեցիների շրջանում անցկացված հարցումների հիման վրա:

եթե սիրիահայերը տեղափոխվեն Հայաստան, ապա մենք Սիրիայում կկորցնենք մեր ավանդական սփյուռքը



Այսօր կառավարության փակ-գաղտնի նիստի օրակարգի հիմնական հարցերից էր սիրիահայերի խնդիրը:

Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտնեց, որ վարչապետը տվել է հանձնարարականներ, որոնց արդյունքները առաջիկայում կերևան:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը իր հերթին նշեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ:

Նշենք, որ Սիրիայից 12-15 հազար սիրիահայեր փորձում են գալ Հայաստան, սակայն չեն կարողանում` տարբեր վարչական քաշքշուկների պատճառով: Վերջերս սփյուռքի նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր` եթե սիրիահայերը տեղափոխվեն Հայաստան, ապա մենք Սիրիայում կկորցնենք մեր ավանդական սփյուռքը:

Նա ինձ համար Նաիրի Հունանյանից ոչնչով չի տարբերվում



Ես երբևէ որևէ մեկի վրա չեմ կրակել, եղել է միայն ինքնապաշտպանություն, -ասաց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` անդրադառնալով իր հասցեին Հայաստանի քաղաքագետների միության ղեկավարի հնչեցրած մեղադրանքներին:

Ըստ Տիգրան Ուրիխանյանի` անէական մարդու անէական խոսքերը մեկնաբանելն այլևս աննպատակահարմար է, քանի որ նա փորձում է իրեն հարիր ոճով ինքնահաստատվել` պախարակելով մարդկանց և փորձելով զուլալ ջուրը պղտորել: Մանրամասնելով դեպքը և մեղադրանքը, որ կրակել է իրավապաշտպան Միքայել Դանիելյանի ուղղությամբ` ասաց, որ Միքայել Դանիելյանը և նրա ընկերները ալկոհոլի ազդեցության տակ խուլիգանական արարքներ են թույլ տվել իր ու էպիլեպսիայով հիվանդ կուսակից ընկերոջ նկատմամբ, որի արդյունքում ինքնապաշտպանվելու համար կրակել է холостой փամփուշտներով: «Ցավում եմ, որ այդ խուլիգանները խիստ պատիժ չկրեցին, որովհետև ունեն արտասահմանյան լուրջ հովանավորություն: Դատն ավարտվեց իմ կողմից անհրաժեշտ ինքնապաշտպանություն եզրահանգմամբ, և նա երկու անգամ բողոքարկեց անարդյունք, դրա վերաբերյալ կա պաշտոնական տեղեկատվություն և մեկնաբանելու խնդիր չէ»,- հստակեցրեց Տիգրան Ուրիխանյանը:

Խոսելով Հմայակ Հովհաննիսյանի ակնարկից, թե Տիգրան Ուրիխանյանի նման մարդու հետ մի թիմում լինել չէր կարող` ասաց, որ եթե Հմայակ Հովհաննիսյանը շարունակի, ստիպված կլինի հանրությանը տեղեկացնել, թե նա ինչպես էր խնդրում, աղաչում, պաղատում, որպեսզի իրեն չզրկեն պատգամավորական մանդատից և օժտեն մանդատով, կարծես թե դա պարգև է, հնարավորություններ տվող կարգավիճակ է, ոչ թե պատասխանատվության տիրույթ:

Նշենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն ասել էր, որ չէր կարող աշխատել մի թիմում, որտեղ Տիգրան Ուրիխանյանը մամլո խոսնակ է: «Նա ինձ համար Նաիրի Հունանյանից ոչնչով չի տարբերվում, քանի որ կրակել հայ մարդու, իրավապաշտպանի վրա»,- ասել էր նա: 

Եթե ինձ կսատարի ԱԻՄ-ը, շատ լավ, եթե ոչ, ՀՅԴ-ն կսատարի. Պարույր Հայրիկյան



ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը 2012-ին տեղի ունեցած ՀՀ խորհրդարանական ընտրությունները և ԼՂՀ-ի նախագահական ընտրությունները գնահատում է որպես պատմական իրողություն:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ խորհրդարանական ընտրությունները կարող էին շատ բան փոխել, սակայն մեր խորհրդարանը շարունակեց մնալ ոչ բավարար որակով: Իսկ ինչ վերաբերում է ԼՂՀ-ի ընտրություններին, Պարույր Հայրիկյանն ասաց, որ սա առաջին դեպքն էր, երբ ԼՂՀ-ից ԱԻՄ-ին չէին հրավիրել Արցախ, միգուցե սա կապվցած էր իրենց չեզոքության հետ:

Նա նշեց նաև, որ այս տարի լրանում է ԱԻՄ-ի ձևավորման 25-ամյակը, և իրենք մտադիր են նշել. «Ցանկացած պատմական իրադարձություն, որի հոբելյանը նշվում է, նախևառաջ դաստիարակիչ է նոր սերնդի համար: Պատրաստվում եմ նամակ գրել ՀՀ նախագահին կամ վարչապետին, որպեսզի պետական մակարդակով նշվի 25-ամյակը»:

Իսկ ինչ վերաբերում է 2013-ի նախագահական ընտրություններին, Պարույր Հայրիկյանը ևս մեկ անգամ նշեց, որ ինքը պարտավոր է մասնակցել նախագահական ընտրություններին. «Եթե ինձ կսատարի ԱԻՄ-ը, շատ լավ, եթե ոչ, ՀՅԴ-ն կսատարի: Իսկ նա, ով ասում է ընդդիմության միասնական ճակատ, կամ միամիտ է, կամ խաբեբա, որովհետև եթե ԱԺ-ում մեծամասնություն չկա, խաբեությամբ է հնարավոր ինչ-որ բանի հասնել»:

«Դուք օգտագործվում եք, տղերք». Արամ Մանուկյանը դիմել է ոստիկաններին



ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ ԱԺ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ամաչում է ոստիկանների համար, «էն տղերքի համար, որ փոխանակ հանցագործների դեմն առնեն, փոխանակ «Հարսնաքարի» այլանդակությունների դեմն առնեն, փոխանակ զինվորների սպանությունների դեմն առնեն, քաղաքացու դեմն են առնում»:
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում, Կոնգրեսի չորս ակտիվիստների դատավճռի հրապարակումից հետո Մանուկյանը նման խոսքերով դիմել է հավաքված ոստիկաններին:
«Դուք օգտագործվում եք, տղերք, ափսոս եք: Դուք հանցագործության դեմ պայքարելու փոխարեն, պայքարում եք քաղաքականների դեմ, այսպես չի կարող  լինել, ով գնում է էս ճանապարհով, կործանվելու է: Հայաստանը լքում են դրա համար, անարդարության համար: Էն մեծ, աղմկոտ սպանությունները ստվերում են մնացել, ու տղերքը, որ գրագետ քաղաքական ելույթ են ունենում… ամբողջ ուժով հարձակվել եք նրանց վրա, չի կարելի, էսպես չի լինի: Ես հայտարարում եմ` այսօրվանից դիմում եմ գրելու բոլոր այն միջազգային կառույցներին, որոնց անդամ է  Հայաստանը, որի անդամ է ՀՀՇ-ն: Եվրոպական բոլոր ուժերը, ես խոստանում եմ,  Տիգրանի ազատման գործընթացին են ներգրավվելու: Ես հույս ունեի, որ խոհեմություն կունենաք,  մի քիչ սառը ուղեղ կունենաք էս ձևի հիմարություն չանելու համար», – ասել է Արամ Մանուկյանը:
Նա նշել է, որ 3 օր առաջ է վերադարձել Վրաստանից, որտեղ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի լիբերալ կուսակցությունները հանդիպել են և վերահաստատել պատրաստակամությունը պայքարել քաղբանտարկյալների համար: Նա նշել է, որ սկսել է գործ անել Ադրբեջանի քաղբանտարկյալների համար, և «գալիս եմ Հայաստան, ու այս ձևի ապուշ վճռի առաջ եմ կանգնում»:
«Մենք շարունակելու ենք` և’ ՀԱԿ-ը, և’ այն մարմինը, որի անդամ է ընտրված Տիգրան Առաքելյանը (նկատի ունի ՀՀՇ-ն): Պայքարելու ենք, Հայաստանում  քաղբանտարկյալ չի լինելու, և մենք կապացուցենք դա: Էնտեղ դատախազ չկար: Թքել եմ այն մարդկանց վրա, ովքեր հայ են կոչվում ու սենց պատվեր են կատարում` իրավաբանությունը մոռացած: Չկա իրավաբանություն: Ոչ դատախազություն, ոչ դատարան, ոչ իրավաբանություն, զրո է, այդ զրոն կլցնենք մեր արդարությամբ, մեր պայքարով, կտեսնեք, որ էդպես է լինելու»,- հավելել է Արամ Մանուկյանը:

Բարեբախտաբար, ԼՂ-ում ընտրակաշառք հասկացությունը չի ընկալվում



Արցախի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը ընտրությունների անցկացումը դրական է գնահատում: «Արձանագրեցինք ազատ-արդար և մրցակցային ընտրություններ:

Այս ընտրություններն անշրջելի են դարձնում ժողովրդավարության զարգացումը ԼՂՀ-ում: Այս ընտրությունները կարող են օրինակելի լինել տարածաշրջանի որոշ երկրների համար»,- այսօր Ստեփանակերտում հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով` ԼՂՀ ընտրությունները ցույց տվեցին, որ արցախցին կառուցում է անկախ ու ժողովրդավարական պետություն, և ինքն է տնօրինում իր ճակատագիրը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը նշեց, որ շրջելով տարբեր ընտրական տեղմասերում` փորձել է խախտումներ հայտնաբերել: Սակայն ոչ ընտրացուցակների անճշտության, ոչ էլ մարդկանց նկատմամբ ճնշումներ գործադրելու դեպքեր չի հայտնաբերել: Հրանտ Բագրատյանը նաև պարզել է, որ, բարեբախտաբար, Արցախում ընտրակաշառք հասկացությունը չի ընկալվում: «Անցել են նորմալ ընտրություններ, ընդդիմության և իշխանության գործունեությունն էլ ավելի նպաստելու է Արցախի զարգացմանը»,- ասաց Բագրատյանը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Խաչատուր Քոքոբելյանը նույնպես արձանագրեց, որ արդար և բարձր մակարդակով ընտրություններ են անցկացվել:

«Թվերը խոսում են այն մասին, որ Ղարաբաղում ժողովրդավարությունն այլևս անշրջելի գործընթաց է: Եվս մեկ անգամ միջազգային հանրությունը համոզվեց, որ սա դե ֆակտո կայացած պետություն է: Այդպիսի պետության հետ չեն կարող հաշվի չնստել անգամ չցանկացողները»,- նշեց Քոքոբելյանը:

Վրաստանը չի ճանաչում ԼՂՀ-ում անցկացված նախագահական ընտրությունները



Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Վրաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում անցկացված նախագահական ընտրությունները: Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ միանշանակորեն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությունը:

Վրաստանի ԱԳՆ-ը կարծում է, որ անհրաժեշտ է ակտիվացնել միջազգային հանրության ջանքերը, որպեսզի կառուցողական երկխոսության միջոցով կարելի լինի հասնել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Ես Պալաչին պիտի ոչնչացնեմ



Մինչ Արթուր Հարությունյանը (Պալաչ) շարունակում է ընտանիքի անդամների հետ միասին զբոսնել արտերկրում, Հայաստանում նրան պատկանող «Քինգ դելյուքս» ընկերության կողմից շահագործվող 259՝ Աբովյան-Երևան և 275՝ Չարենցավան-Երևան երթուղիների վարորդները միայնակ կռիվ են տալիս Գագիկ Ծառուկյանի բարեգործական ավտոբուսների վարորդների հետ: 259 համարի երթուղու վարորդներից մեկը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է.

«Ամեն ինչ շատ վատ է: Ոնց որ շանը ոսկոր ցույց տան ու արագ հետ տանեն: Հասարակ մի բան. եթե ես կանգառներից մեկում չեմ կանգնում, ինքն էլ չի կանգնում, որ հետևիցս գա: Պարզ երևում է, որ ուզում են խանգարեն, որ չաշխատենք: Այնպես էլ արագ են քշում»: Իսկ 275 համարի՝ Չարենցավան-Երևան սպասարկող երթուղու վարորդ Մեյվանդը մեզ վստահեցրեց, որ այլևս չի գնալու աշխատանքի:


«ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները տեղեկացրին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկվանից ավելացրել է բարեգործական «Պազիկ»-ների թիվը Երևան-Չարենցավան երթուղում: «Ես Պալաչին պիտի ոչնչացնեմ»,-իր մտերիմ շրջապատում հայտարարել է Գ. Ծառուկյանը:

Իսկ Արթուր Հարությունյանը շարունակում է իր մտերիմներին «տարհանել» երկրից: Մեր աղբյուրների վկայությամբ՝ Պալաչի մտերիմ մի քանի ընկերներ ևս վերջին օրերին իրենց ընտանիքի անդամների հետ լքել են Հայաստանը: Ըստ ամենայնի՝ Հարությունյանը մտադիր է հեռակա պայքար մղել Ծառուկյանի դեմ: «ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ առաջիկա երկուշաբթի օրը «Քինգ դելյուքս» ընկերության վարորդները փակելու են Երևան-Չարենցավան, Երևան-Աբովյան մայրուղին: Այս անգամնրանք խոստանում են չբացել ճանապարհն այնքան ժամանակ, քանի դեռ իրենց հարցին լուծում չի տրվել:

Հիշեցնենք, որ «Քինգ դելյուքս» ընկերությունը դիմել էր ՀՀ կառավարությանը, որպեսզի նրանք արգելեին Ծառուկյանի բարեգործական ավտոբուսների գործունեությունը, սակայն, համաձայն «ժողովուրդ»-ի տեղեկությունների, գործադիրում չեն կարողանում օրենսդրական հիմնավորում գտնել, որով հնարավոր լինի արգելել բարեգործությունը: Ավելին, «Ծառուկյան» հիմնադրամը՝ որպես բարեգործական կազմակերպություն, գրանցված Է ՀՀ կառավարությունում, ուստի գործադիրը պետք Է ինչ-որ անորոշ պատասխանով հարցի լուծման կոմպրոմիսային տարբերակ առաջարկի»:

Monday, July 16, 2012

Վարդանիկ Ղուկասյանը մասամբ լուծել է վերստին իր աթոռին հաստատվելու հարցը

Ըստ «ՉԻ» տեղեկությունների, Գյումրիի քաղաքապետ Վարդանիկ Ղուկասյանը սեպտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ մասամբ լուծել է վերստին իր աթոռին հաստատվելու հարցը: Չնայած նրան, որ խորհրդարանական ընտրությունների խայտառակ ցուցանիշներից հետո ՀՀԿ վերնախավը` ի դեմս Տիգրան Սարգսյանի և շատ ուրիշների չթաքցրեց իր վերաբերմունքը Վարդանիկի նկատմամբ, այդուհանդերձ խոսում են այն մասին, որ Վարդանիկը իր աստվածատուր լեզվի և շնորհքի օգնությամբ կարողացել է սառույցր կոտրել: Լուրեր կան, որ Գյումրիի քաղաքապետի համար այս ընթացքում վերին էշելոնի մոտ միջնորդություններ են արվել ինչպես կոալիցիոն գործընկեր, ՕԵԿ լիդեր Արթուր Բաղդասարյանի, այնպես էլ Վարդանիկի հոգևոր շրջանակների կողմից, ինչն էլ, ըստ էության, իրավիճակը փոխել է: Ասում են` ՀՀԿ վերնախավր մտափոխվել է ու որոշել վերանայել Վարդանիկի հարցը և վերջապես վճռել, թե որ տարբերակն է իրենց համար ավելի ձեռնտու: Վարդանիկին տուն ճանապարհե՞լը, թե՞ նորից նրան «շանս» տալը, որի դեպքում գուցեև Վարդանիկը կկարողանա դարձի գալ` բերելով ՀՀԿ-ի համար պահանջվող ձայները:
«ՉԻ»-ն փորձել է վերոնշյալ տեղեկության վերաբերյալ ծանոթանալ և´ ՀՀԿ-ի, և´ անձամբ Վարդան Ղուկասյանի կարծիքին, սակայն երկու դեպքում էլ թերթի փորձերը ապարդյուն են անցել: 

Հովիկ Աբրահամյանն իր մոտ է կանչել Գյումրու քաղաքապետի՞ն

Երեկ ԱԺ առաջին հարկում հայտնվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` փոխքաղաքապետի ուղեկցությամբ: «Ինչո՞ւ եք եկել» հարցին ասել է. «Հարցերի չեմ պատասխանում, շատ հոգնած եմ, երկար ճանապարհ եմ էգե»: Ըստ թերթի աղբյուրների, նրան կանչել էր Հովիկ Աբրահամյանը: Մոտ 45 րոպե հետո Ղուկասյանը նույն վերելակով վերադարձել է: Թերթի տվյալներով` Աբրահամյանը նրան հարցրել էր. դնելո՞ւ ես թեկնածությունդ քաղաքապետի ընտրություններում: «Հա»,- եղել էր պատասխանը: Ինչ էր ասել հետո Աբրահամյանը, անհայտ է, սակայն Ղուկասյանն ակնհայտորեն տրամադրություն չուներ: «Մի տեսակ տխուր եք»: Ասաց. «Էնկան ուրախ եմ, երջանիկ էսօրվա վիճակից, քո հարցերից, էս պառլամենտի տեսքից»: «Ո՞ւմ եք տեսնում Ձեզ մրցակից»: «Լևոն Բարսեղյանին, մինակ Լևոն Բարսեղյանին, ուրիշ ոչ մեկին»: «Չէ, մեկ է` ընկճված եք, կարո՞ղ է այստեղ Ձեզ այն չեն ասել»: «Ես կարո՞ղ եմ ընկճվել, երբ ինձ խփել էին, ես հեչ էդ ժամանակ ընկճված չէի, հիմա ընչի՞ ընկճված պետք է լինեմ օր»:

Քոչարյանի` մարտի 1-ի հետ կապված այս «Ալարկոտությունը» սկսվել է այն բանից հետո, երբ վերջինս նորից վերականգնել էր իր հարաբերությունները հայտնի Նեմեց Ռուբոյի հետ

Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանր երեկ հայտարարել է, թե դուրս է գալիս Կոնգրեսից, թե իբր Կոնգրեսը մոռացաթյան է մատնել Մարտի 1-ի թեման, և որ իր համար անընդունելի էր եղել ԲՀԿ-ի վերաբերյալ առաջին նախագահի քաղաքագիտական վերլուծությունը, որոնց պատճառով էլ ինքը իբր դադարեցրել է իր համագործակցությունը Կոնգրեսի հետ: Ավելին, Քոչարյանը նաև փորձել է արդարացնել իր վաղեմի ընկեր Նեմեց Ռուբոյին` «Հարսնաքարի» դեպքերի հետ կապված` չմոռանալով վերջինիս անընդհատ իր ընկերը անվանել: Մարտի 1-ի մասին մոռանալու մեջ Կոնգրեսին մեղադրող Անդրանիկ Քոչարյանը, չգիտես ինչու, մոռանում է խոսել մեկ կարևոր հանգամանքի մասին: Փաստահավաք խմբի կողմից գրված վերջին զեկույցից հետո նույն Քոչարյանին` Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի կողմից հանձնարարություն է տրվել գրել ևս 2 նոր զեկույց` մեկը մարտիմեկյան դեպքերին ոստիկանության գործողությունների իրավաչափության մասին, մյուսը` Բարձրագույն իշխանության` Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և մարտի 1-ին ստեղծված իշխանական օպերատիվ շտաբի գործողությունների մասին: Քոչարյանը, սակայն, այդ զեկույցներն այդպես էլ չի գրել: Թերթի տեղեկություններով, ուղիդ մեկ տարի շարունակ Քոչարյանին հիշեցվել է, որ ինքը պետք է ներկայացնի այդ 2 զեկույցները, ինչը, սակայն, անհասկանալի պատճառներով Քոչարյանն այդպես էլ չի արել: Ավելին, թերթի տեղեկություններով, Քոչարյանի` մարտի 1-ի հետ կապված այս «Ալարկոտությունը» սկսվել է այն բանից հետո, երբ վերջինս նորից վերականգնել էր իր հարաբերությունները հայտնի Նեմեց Ռուբոյի հետ, ում հետ մտերիմ ընկերական հարաբերություններ է ունեցել մինչև 2008-ը, եղել վերջինիս ֆինանսական հովանու ներքո, սակայն մարտի 1-ից հետո այդ հարաբերությունները առկախվել էին:

Իրանական նավթի գլխավոր հնդկական գնորդը «շրջվել» է Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի կողմը


Իրանական նավթի գլխավոր հնդկական գնորդը` MRPL նավթավերամշակման գործարանը Թեհրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետևանքով այս ամսվա ընթացքում Իրանից կատարվելիք ներկրումները փոխարինել է Ադրբեջանից, Սաուդյան Արաբիայից և ՄԱԷ-ից առաքումներով, գրում է Reuters-ը:

Գործակալությունը նշում է, որ MRPL-ի կողմից նավթի դադարեցումը լուրջ հարված է Իրանի համար, որը կիսով չափ անկում է գրանցել նավթի վաճառքի ցուցանիշների` կիսով չափ անկում է գրանցել ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից կիրառվող պատժամիջոցներից հետո:

«MRPL-ը քայլեր է ձեռնարկել Իրանից նավթի ներկրումը դադարեցնելու համար, կառավարության գործադրած ճնշման, կիրառվող պատժամիջոցների, ինչպես նաև Իրանի կողմից` Հորմուզի նեղուցը փակելու մասին սպառնալիքների պատճառով»,- նշել է գործարանի անանուն մի աշխատակից:

Ծառուկյան Գագիկն ասում է՝ ոնց ուզում եք, քշեք


Կոտայքի մարզում այսօր գործադուլ են սկսել մոտ տասը՝ Երևան-Աբովյան, Չարենցավան-Երևան, Չարենցավան-ներմարզային և Աբովյանի ներքաղաքային շուրջ մեկ տասնյակ երթուղիներ, մի շարք երթուղիների ավտոբուսների վարորդներ:

Ինչպես Tert.am-ին հայտնեց «Քինգ դելյուքս» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը՝ «գծից դուրս են եկել  40 ավտոբուս և 80 վարորդ:

Հիշեցնենք, որ մոտ վեց ամիս է, բոլոր նշված երթուղիների վարորդները բողոքում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ բոլոր նշված ուղղություններով անվճար բարեգործական ավտոբուսների առկայությունից, ինչը այսպես ասած՝«խփում է իրենց գործին»: Մի քանի օր առաջ էլ հայտարարվել էր գործադուլի և Երևան-Աբովյան ավտոճանապարհը փակելու պատրաստակամության մասին:

«Այս պահի դրությամբ թույլ չտվեցինք, որ նման քայլին դիմեն (նկատի ունի ճանապարհը փակելը) և բավարարվեցինք նրանով, որ այսօր ամբողջությամբ Չարենցավանի ուԱբովյանի ավտոկայանների մեջ են կանգնած»,- ասաց Ա. Դալլաքյանը:

Վերջինս համարում է, որ անվճար երթուղիները անօրինական են գործում, քանի որ դա արվում է ուրիշների հաշվին: «Չի կարա բարեգործությունը որևէ մեկի հաշվի լինի»,- վրդովված ասաց «Քինգ դե լյուքսի» տնօրենը՝ հավելելով. «Էսօր Աբովյան և Չարենցավան քաղաքները դառել են պարալիզացված քաղաքներ, և մարդիկ ընդունակ չեն ինչ-որ բան անելու: Այսինքն՝ անօրեն երևույթները ավելի շատ են, քան օրենքովը»:

Արթուր Դալլաքյանը հավելեց նաև, որ ամբողջությամբ հասկանում է վարորդներին, քանի որ «վառելիք չեն կարողանում առնել ու անգամ գոնե 1000 դրամ տուն տանել»: Նա տեղեկացրեց նաև, որ վերջին տարիներին նման դեպք չի եղել: Աբովյան-Երևան երթուղու մեկ տոմսն արժե 200 դրամ:

Նշենք, որ ինչպես հաղորդվում է մամուլով՝ «Քինգ դելյուքսը» պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանին՝ «Պալաչին», ում հետ վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները սրվել են:

Ի պատասխան դիտարկմանը, որ ավտոբուսների վարորդների գործադուլներից, որպես կանոն, օգտվում են տաքսիստները, իսկ «Քինգ դելյուքսը» ևս ունի տաքսի ծառայություն, ընկերության տնօրենը նշեց, որ վաղվանից գործադուլին միանալու են նաև տաքսի ծառայության մոտ 120 վարորդներ:

Ընկերության ներկայացուցիչը հայտնեց, որ արդեն իսկ դիմել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ ընդդեմ «բարեգործական անվճար երթուղի կոչեցյալի»:

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ այս ակցիան հակասում է «Բարեգործության մասին» օրենքին, և պաշտոնապես գրանցված չէ, և այդ դեպքում, անհասկանալի է՝ ինչպես կարող է կոչվել բարեգործություն:

«Կառավարությունում ոչ մեկ չի իմանում, թե նման բարեգործական երթուղին ով ա: Տրանսպորտի նախարարությունում չեն իմանում, մենակ տեղեկացրել են, որ նմանատիպ լիցենզավորված երթուղի գոյություն չունի»,- ասաց ընկերության ներկայացուցիչը՝ հավելելով, որ այն մասին , թե ով է բարեգործական ակցիայի հեղինակը, իրենք իմացել են «անվճար բարեգործական երթուղի» ցուցանակ- գրություններով ավտոբուսների վարորդներից, որոնք ասել են՝«Ծառուկյան Գագիկն ասում է՝ ոնց ուզում եք, քշեք»:

ոստիկանությունը նույնիսկ չի էլ փորձել պարզել` Ռուբեն Հայրապետյանի ասածները համապատասխանու՞մ են իրականությանը

Այն վարկածը, թե հունիսի 17-ին «Հարսնաքարում» տեղի ունեցած դաժան ծեծի ժամանակ Ռուբեն Հայրապետյանը եղել է ոչ թե ռեստորանում, այլ դրա մոտ գտնվող Ֆուտբոլի ակադեմիայում, վկայում է միայն Հայրապետյանի ցուցմունքը:
Դրանից բացի` այլ ապացույց չկա: Այս եզրակացությանը կարելի է հանգել ոստիկանությունից թերթի թղթակցի հարցին տրված երեկվա պատասխանից: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանին երեկ թերթի թղթակիցը հարցրել է` արդյոք Ֆուտբոլի ակադեմիայում կամ դրա մերձակայքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունների միջոցով կարելի՞ է հաստատել, որ Հայրապետյանը իսկապես այնտեղ է եղել: Ահարոնյանը ասել է.«Ասուլիսի ժամանակ Արսեն Այվազյանը (ոստիկանության ՔԳՎ ՀԿԳՎ պետ) հայտնել էր Հայրապետյանի գտնվելու վայրը` ըստ նրա ցուցմունքի»: Փաստորեն, ոստիկանությունը նույնիսկ չի էլ փորձել պարզել` Ռուբեն Հայրապետյանի ասածները համապատասխանու՞մ են իրականությանը, և արդյո՞ք դեպքի պահին Հայրապետյանն իրոք «Հարսնաքարում» չի եղել: 

Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմն անցնող շաբաթվա ընթացքում հանդես էր եկել նախաձեռնությամբ` ԱՊՀ բոլոր երկրների համար ներդնել կենսաթոշակային հավասար իրավունքներ


Հայաստանի կոմունիստական կուսակցությունը կողջունի Ռուսաստանի Դաշնության նախագահի «համարձակ քայլը»՝ ԱՊՀ տարածքում ստեղծել միասնական կենսաթոշակային տարածք, սակայն դա կանի  մեկ պայմանով, այս մասին Tert.am-ին հետ զրույցում ասաց ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։

«Սա նրա կողմից մեծ ավանդ կլինի ամբողջ Սովետական միության թոշակառուների հարցում, որովհետև Հայաստանում ամենաընչազուրկ խավը պատերազմի և աշխատանքի վետերաններն են, և , առհասարակ, թոշակառուները»,- ասաց նա։

«Թոշակ, որը չի բավարարում նույնիսկ իրենց հացի փողի համար, թոշակ, որով չեն կարողանում իրենց դեղորայքի հարցերը հոգալ, քանի որ աչքի մի կաթիլ (դեղն) այնքան թանկ է, ինչքան իրենց թոշակն է»,– ավելացրեց նա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմն անցնող շաբաթվա ընթացքում հանդես էր եկել նախաձեռնությամբ` ԱՊՀ բոլոր երկրների համար ներդնել կենսաթոշակային հավասար իրավունքներ:

«Բոլոր Խորհրդային Հանրապետությունները ընդհանուր մեծ ներդրումներ են ունեցել Սովետական միության մեջ՝ յուրաքանչյուրն իր բաժնով և Հայաստանը դրանց մեջ լավագույններից էր. թե՛ գիտությամբ, թե՛ արդյունաբերությամբ, թե՛ գիտական ցենզով և թե՛ պաշտպանական նշանակության արտադրությամբ: Այնպես որ, Հայաստանն իր արժանին բերել է Սովետական Միության ամրապնդմանը… Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովուրդն իր ավանդը ներդրեց ԽՍՀՄ-ի՝ Գերմանիայի հանդեպ տարած հաղթանակի համար: Բավական է նշել, որ 600.000 հայ մասնակցեց, որից 300.000-ն իր կյանքը տվեց այդ հաղթանակի համար»,- Հայաստանի կոմունիստական կուսակցության անունից հայտարարեց Հայաստանի կոմունիստների առաջնորդը՝ ավելացնելովր, որ այս ձեռքբերումները միանշանակ աշխատանքի և պատերազմի հայ վետերաններինն են:

Ռուսականմամուլը Կրեմլի այս նախաձեռնությունն արդեն իսկ համարել է «պոպուլիստական». ռուս փորձագետները տարակուսանք են հայտնում, թե ինչո՞ւ պետք է ԱՊՀ անդամ պետություններում թոշակները վճարվեն Ռուսաստանի պետբյուջեից. ԱՊՀ երկրներում ամենաբարձր կենսաթոշակը Ռուսաստանում է` ամսական մոտ 250 դոլար, իսկ Հայաստանում միջին կենսաթոշակը 70 դոլար է: Եվ ընդհանուր գնահատականն այն է, որ Ռուսաստանն այդ ձևով ցանկանում է ընդլայնել իր քաղաքական ազդեցությունը ԱՊՀ երկրներում:

Իրանական հետուստատեսությանն արգելել են եթերում հավով կերակրատեսակներ ցուցադրել


Իրանական հեռուստատեսությանն այսուհետ արգելվում է եթերում ֆիլմերի և հաղորդումների այն հատվածների ցուցադրումը, որտեղ առկա են հավից պատրաստված կերակրատեսակներով տեսարաններ, ինչը կապված է երկրում հավի մսի կտրուկ թանկացմանի հետ, գրում է vz.ru-ն:

Այս մասին հայտարարել է Իրանի ոստիկանապետ Իսմայիլ Ահմադի Մոքադամը:
«Տարբեր ալիքներով ցուցադրվում են հաղորդումներ և ֆիլմեր, որտեղ հերոսները հավի միս են ուտում, սակայն պետք է հաշվի առնել, որ դրանք դիտող բազմաթիվ մարդիկ բավարար միջոցներ չունեն այն գնելու համար, ինչի արդյունքում էլ ավելի է սրվում սոցիալական լարվածությունը երկրում»,- ասել է նա:

Իրանում հավի մսի կտրուկ թանկացումը կապված է ՄԱԿ-ի և արևմտյան մի շարք երկրների կողմից կիրառվող պատժամիջոցների հետ, ինչ հետևանքով երկրում տնտեսական դրությունը գնալով վատթարանում է:

ՀՀԿ–ի նախընտրական պաստառը դեռ մնում է շենքի վրա

Թեև ՀՀ խորհրդարանական ընտրությունները ավելի քան երկու ամիս է ավարտվել են, սակայն ոչ բոլոր տեղերում են, որ իրականացվում է ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջը, ըստ որի, նախընտրական քարոզչության հետ կապված միջոցառումների ժամանակ փակցված քարոզչական պաստառներն ընտրություններից հետո հանվում են համապատասխան թեկնածուի, կուսակցության կամ կուսակցության դաշինքի կողմից: 


ՀՀԿ կուսակցության գովազդային նման մի պաստառ մինչ օրս փակցված է Գրիգոր Արծրունու 88 հասցեում տեղակայված բարձրահարկ բնակելի շենքի վրա: Գովազդային պաստառը զբաղեցնում է շենքի վերին 8 հարկերի պատակողմյա հատվածը, որտեղ չկան պատուհաններ։ 


Ընտրություններից հետո քաղաքական գովազդ պարունակող պաստառների վերացումը, ըստ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի, առաջին հերթին բխում է կուլտուրայից՝ անկախ նրանից թե ինչ է օրենքը սահմանում:


«Իհարկե պետք է և՛ տվյալ համայնքները, և՛ տվյալ քաղաքական ուժերը կամ մեծամասնակաով առաջադրված պատգամավորի թեկնածուները պետք է միջոցներ ձեռնարկեն համապատասխան ժամանակահատվածում պաստառները վերացնելու ուղղությամբ»,– ասաց նա:


«Եթե որևէ քաղաքական ուժ կամ անձ ընտրությունների ժամանակ իր ուժերն է փորձել, ապա տրամաբանական է, որ ընտրություններից հետո այդ ուժը ինքը պետք է հոգ տանի, որպեսզի իր նկարները կամ գովազդային պաստառները այլ վիճակներում չհայտնեն հանրության աչքի առջև»,- նշեց պատգամավորը և ավելացրեց, որ այս ուղղությամբ պետք է վերահսկողություն իրականացնեն և՛ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, և՛ համայնքները:


Հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն հետևել է օրենքի պահանջին և խորհրդարանական ընտրություններից հետո մաքրել է քաղաքական գովազդ պարունակող պաստառները, Հովհաննես Սահակյանը պատասխանեց.«Ընտրություններից հետո համապատասխան ժամկետներում մաքրվել են Հանրապետական կուսակցության գրեթե բոլոր գովազդային պաստառները: Սակայն բացառություններ, իհարկե, հնարավոր են: Մաքսիմալ կերպով փորձել ենք հանել բոլոր պաստառները»։ 


Ի դեպ, անդրադառնալով առհասարակ քաղաքական գովազդի տեղին ու չափսին, Հովհաննես Սահակյանը նշեց, որ ընտրությունների ընթացքում փակցված գովազդային պաստառները պետք է ամրացվեին միայն օրենքով սահմանված համապատասխան տեղերում: 


«Այս ընտրությունների ժամանակ օրենքը հստակ կանոնակարգում էր, որ քաղաքական գովազդային պաստառներ չի թույլատրվում փակցնել բնակելի շենքերի, մուտքերի վրա: Իսկ այն տեղերը, որոնք հանրային են, ապա համապատասխան տախտակների վրա կարելի էր փակցնել: Գովազդի ծավալը ևս հստակեցված էր՝ 5քմ »,-ասաց նա:


Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ինչով է բացատրվում Գրիգոր Արծրունու 88 բարձրահարկ բնակելի շենքի վրա մինչ օրս տեղակայված գովազդային պաստառը, որը տարբերվում է իր առանձնապես մեծ չափերով, Հովհաննես Սահակյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ ու չի էլ տեսել այդ պաստառը: Սակայն միաժամանակ հավաստիացրեց, որ հարցազրույցից հետո միջոցներ ձեռք կառնվեն խնդիրը լուծելու ուղղությամբ:

ՀՅԴ Արցախի կառույցը Արցախի նախագահական ընտրություններում սատարելու է նախագահի թեկնածու, գործող նախագահ Բակո Սահակյանին

ՀՅԴ Արցախի կառույցը Արցախի նախագահական ընտրություններում սատարելու է նախագահի թեկնածու, գործող նախագահ Բակո Սահակյանին, այս մասին  ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Արա Փուլուզյան՝ միաժամանակ հերքելով էլեկտրոնային որոշ լրատվամիջոցներով տարածված այն տեղեկատվությունը, թե նշված կառույցը պաշտպանելու է մեկ այլ թեկնածուի՝ Վիտալի Բալասանյանի թեկնածությունը։


«Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը և ապատեղեկատվություն են։ Դրա վառ ապացույցն է այսօր առավոտյան ԼՂՀ նախագահի թեկնածու Բակո Սահակյանի հանդիպումը ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամների հետ, որի ժամանակ կոմիտեն կրկին անգամ հավաստել է, որ պաշտպանում է գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը»,–  ասաց Արա Փուլուզյանը։


Նա նաև հավաստեց, որ հանդիպման ընթացքում հավաստիքներ են հնչել ապագա համագործակցության և ծրագրերի իրականացման ուղղությամբ։

այս փուլում արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտություն չկա

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը անտրամաբանական է համարում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի այն հայտարարությունը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը տեխնիկական պատճառներով չի հասցրել ստորագրել «Հարսնաքարի» գորով ԱԺ լսումներ հրավիրելու ձևաթուղթը, բայց անընդհատ կապի մեջ է եղել և դրանով համարել է, որ «ժառանգության» բոլոր պատգամավորները ստորագրել են:


Ըստ նաիրա Զոհրաբյանի՝ նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ «եթե ԲՀԿ խմբակցության 7 պատգամավորներ ստորագրել են, ուրեմն եկեք համարենք, որ բոլոր 37 –ը ստորագրել են»: Եվ ԲՀԿ բոլոր պատգամավորներն էլ, որոնք արձակուրդում են «հոգով » այստեղ՝ Հայաստանում մնացածների հետ են: 


«Խնդիրը դա չէ. ցանկացած պատգամավոր ազատ է ստորագրելու կամ չստորագրելու, միանալու կամ չմիանալու որևէ նախաձեռնության: Ինձ համար տարօրինակը համառությունն է՝ ակնհայտորեն խեղաթյուրելու փաստերը: Իսկ մնացածը… ի վերջո, դա բացառապես Րաֆֆի Հովհաննիսյանի գործն է»,-  ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:


Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այս թեման ակտիվորեն քննարկվում էր, և որոշ օգտատերեր հետևյալ հարցադրումն էին անում. եթե ակնհայտ էր, որ անհրաժեշտ ձայները չեն հավաքվելու, ուրեմն ինչո՞ւ էր այս գործընթացը նախաձեռնվում:


Ինչին ի պատասխան էլ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը պատասխան հարցադրում էր արել՝«իսկ ինչու՞ է ակնհայտ», փաստորեն, ակնարկելով, որ ցանկության դեպքում ԲՀԿ-ն կարող է ր կանչել Հայաստանից դուրս գտնվող իր պատգամավորներին և ապահովել 44 ստորագրությունը:


Նաիրա Զոհրաբյանն ի պատասխան ասաց, որ «Բարգավաճը» որևէ խաղի կանոն չի խախտել ու որևէ անսպասելի քայլ չի արել՝ գործընկեր կուսակցություններին նախազգուշացնելով, որ մի քանի պատճառներով ԲՀԿ–ն չի կարող ապահովել այդ ստորագրությունները։ 


«Առաջին, տեխնիկապես դա հնարավոր չէ, և երկրորդ մենք գտնում ենք, որ այս փուլում արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտություն չկա: Մենք ազնիվ ենք եղել և այդ մասին բոլոր աշխատանքային քննարկումներին ասել ենք»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ քանզի կար նախաձեռնություն, այստեղ մնացած պատգամավորները միացել են ստորագրահավաքին:

ոչ իրավաբան, անգրագետ մեկի բողոքը դատարանն ընդունել է վարույթ, իսկ Օհանյանինը ոչ

«Մեր գրասենյակը գործում է արդեն 7 տարի, սակայն ոչ մի բողոք Վճռաբեկ դատարանը դեռևս չի ընդունել վարույթ: Լավ, ուրեմն, Պարգև Օհանյանը` նախկին դատավոր, իրավաբան, դասախոս, պրակտիկ մասնագետ, իր գրասենյակով չկարողացա՞վ գոնե մի գործով մտնել Վճռաբեկ դատարան: Աբսուրդ է: Մենք վերցնում ենք գործեր, որոնց համար վստահ ենք, որ պետք է ընդունեն, կազմված է գրագետ, կոռեկտ և լիարժեք, սակայն տեսեք, թե ինչ է ստացվում: Այ, այսպիսի վիճակ է: Այդ դեպքում թող բացատրեն խտրականության շարժառիթները: Կարող եմ բերել այնպիսի փաստեր, երբ ոչ իրավաբան, անգրագետ մեկի բողոքը դատարանն ընդունել է վարույթ, իսկ Օհանյանինը ոչ: Վճռաբեկ դատարանն անխոցելի, անպատժելի մարմին է, քանի որ նույն ինքը` դրա նախագահը, Արդարադատության խորհրդի նախագահն է»,-թերթի թղթակցին տված հարցազրույցում` անդրադառնալով դատական համակարգին, ասել է նախկին դատավոր, իրավաբան, «Պրեզումցիա» իրավաբանական գրասենյակի ղեկավար Պարգև Օհանյանը` հավելելով, թե «ոչ դուխով» փաստաբաններին դատավորները նվաստացնում են դատական նիստերի ժամանակ:

Sunday, July 15, 2012

Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի ՌԴ –ի հետ սահմանակից Կազբեգիի շրջանում մասնակցել է շքեղ հյուրանոցի բացմանը

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր Վրաստանի ՌԴ –ի հետ սահմանակից Կազբեգիի շրջանում մասնակցել է շքեղ հյուրանոցի բացմանը և հայտարարել, որ նրանում սպասում է «Ռուսաստանից հարյուր հազարավոր զբոսաշրջիկների», հաղորդում է «Վզգլյադ» պարբերականը:

Նա նաև խոստացել է այնտեղից մինչև Թբիլիսի (ավելի քան 150 կմ) թունել կառուցել: Իր խոսքով, ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքը կպաշտպանի Վրաստանը «ՌԴ ղեկավարության նոր արկածախնդրությունից»:

«Այստեղ շատ ռուսներ կգան, և նրանք կհամոզվեն, որ սա խախաղ տեղ է», - ասել է Սաակաշվիլին:
«Ժողովուրդների միջև հարաբերությունը` ճանապարհ է ՌԴ-ի և Վրաստանի հարաբերությունների վերականգնման և Ռուսաստանի զսպման համար», - նշել է նա:

Նա ասել է, որ Վրաստանի հանդեպ «թշնամական» է տրամադրված միայն ՌԴ ղեկավարությունը, այլ ոչ ժողովուրդը, սակայն դա էլ է ժամանակավոր:

Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը որոշել էր աջակցել նույն վայրում շքեղ խաղատան բացմանը, որը, վարչապետ Վանո Մերաբիշվիլիի հրամանով նաև ազատվում է տարեկան եկամտահարկից:

հերթական անգամ դատախազությունը ծառայեց որպես բութ գործիք

ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով դատաքննության ընթացքում երեկ մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանի կարդացած մեղադրական ճառը վկայում է, որ «հերթական անգամ դատախազությունը ծառայեց որպես բութ գործիք՝ քաղաքական իշխանության համար, իսկ այս ողջ գործընթացը՝ «քաղաքական հետապնդում» է,- նման գնահատական հնչեցրեց ՀԱԿ անդամ, արտաքին հարցերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը:

Նա հավելեց, որ դեռ հույս ունի, որ դատարանն ավելի բարձր կգտնվի և չի ստանձնի այդ գործիքի դերը այն իշխանությունների համար, որը «ձախողել է բոլոր իր խոստումները խոստացված բարեփոխումների ճանապարհին»:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում, մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը միջնորդեց Տիգրան Առաքելյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից՝ զուգորդված իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով), ինչպես նաև 316-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելը և նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը):

Տիգրան Առաքելյանի համար դատախազը պահանջեց 6 տարի, Արտակ Կարապետյանի համար՝ 3 տարի 5 ամիս 19 օր, Սարգիս Գևորգյանի համար՝ 1 տարի 11 ամիս 20 օր , իսկ Դավիթ Քիրամիջյանի համար՝ 2 տարի ազատազրկում:

Հիշեցնենք, որ անցյալ տարի օգոստոսի 9-ին մայրաքաղաքի Խնկո-Ապոր անվան գրադարանի մոտից երիտասարդները բերման ենթարկվեցին, ապա կալանավորվեցին ոստիկանների հետ բախման արդյունքում: Ինչպես պնդում էին դատարան կանչված ոստիկան-վկաները՝ Տիգրան Առաքելյանն ու մյուսները հրմշտել են ոստիկաններին, քաշքշել, վիրավորել, նրանց հետ լեզվակռվի մեջ մտել, իսկ արդեն Կենտրոնի ոստիկանություն տեղափոխելիս Տիգրան Առաքելյանը հարվածել է և կոտրել կարմիրբերետավորի քիթը: Այս «հարվածի ձայնը» լսել է մեքենայի մեջ գտնվող ոստիկաններից մեկը:

Վլադիմիր Կարապետյանը, ով հաճախ է ներկա լինում Առաքելյանի և մյուս ակտիվիստների դատավարությանը, նշեց, որ դատարանում մի քանի անգամ ևս համոզվել է, որ որևէ մեղադրանք չի հաստատվել և այն ցուցմունքները, որ տալիս էին ոստիկանության ներկայացուցիչները, ծայրից ծայր սուտ են: «Հետևաբար, նաև տեղյակ լինելով գործի մանրամասներին, կարող եմ պնդել, որ սա քաղաքական մակարդակում կայացված վճիռ է: Իրենք քաղաքական պայքարը պատկերացնում են բացառապես ազատազրկման և հետապնդումների միջոցով, և հերթական փորձն է արվում՝ ամրապնդելու քաղբանտարկյալներ ունենալու վերջին տարիների ավանդույթը»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով, որ եթե Տիգրանը շարունակի մնալ անազատության մեջ, ապա Հայաստանը կունենա «երկրորդ էշելոնի» քաղբանտարկյալներ, իսկ Հայաստանը՝ կրկին կդառնա «դատապետություն», որտեղ կան քաղաքական հայացքների համար ազատազրկված քաղբանտարկյալներ:
2012 հուլիսի 19 –ին նշանակված դատական նիստին կհնչեն պաշտպանական ճառերը: