Popular Posts

Monday, February 18, 2013

ասաց որ բոլոր հարցերին կպատասխանի վաղը Ազատության Հրապարակում ժամը 17-ին:


ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այսօր ընտրությունների օրը հայ ժողովուրդը հաղթանակել է:

«Բոլորս գիտենք, որ հաղթանակի մեջ ենք: Ես հարգում եմ բոլոր մրցակիցներին ու առաջին հերթին Սերժ Սարգսյանին՝ այն ավանդը, որ նա ունեցել է պատերազմում ու պետականաշինության մեջ: Բայց հենց ինքն է, որ 20 տարվա մեջ առաջին անգամ, այսօր պետք է ընդունի, որ ժողովուրդը հաղթել է: Ոչ թե Րաֆֆին հաղթել ու Սերժը պարտվել, այլ հայ ժողովուրդը ազգ է դարձել»,- ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը ընդգծեց, որ Հայաստանի քաղաքացին այսօր խոսել է ու շատ հստակ է խոսում է բոլոր մարզերում և ասում է, որ սա մեր երկիրն է, մեր հայրենիքն է:

«Հենց Սերժ Սարգսյանն է այն մարդը, որ կարող է ընդունել, որ Հայաստանը արժանի է դե յուրե նախագահության: Ես այլևս հորդորով հանդես չեմ գա, ժողովուրդը խոսել է ու քվեարկել է: Ասում եմ գեներալ, հրամանատար, մարզպետ քաղաքապետ լինի, ով խեղում է հայ ժողովրդի ու քաղաքացու ձայնը պատասխան է տալու: Ինձ համար բնավ կարևոր չէ ինչ կուսակցության է, բոլորը պատասխան են տալու, ով սպառնա հայ ժողովրդին, լինի հերոս է թե շարքային»,-ասաց նա և ավելացրեց, որ իրեն անհրաժեշտ է ընդամենը հինգ տարի:

Րաֆֆի Հովհաննիսյանը չցանկացավ պատասխանել որևէ հարցին, այլ ասաց որ բոլոր հարցերին կպատասխանի վաղը Ազատության Հրապարակում ժամը 17-ին:

ԿԸՀ-ն հրապարակում է ընտրատեղամասերում ձայների նախնական արդյունքները. 522 ընտրատեղամասերի տվյալներ


ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը առցանց տարբերակով թարմացնում է ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ ընտրատեղամասերից ստացված տվյալները և ներկայացնում այն ըստ նախագահի թեկնածուների միջև բաշխվածության։


Մինչ այդ հիշեցնենք, որ ընտրություններ նախնական ամփոփ արդյունքները հայտնի կլինեն վաղը ժամը 20.00-ին։ Ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կլինեն ընտրություններից 7 օր անց։

Արդեն հաշվարկվել են 522 ընտրատեղամասերի նախնական արդյունքները։
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

Բագրատյան Հրանտ՝ 7378            2.10%
Հայրիկյան Պարույր՝ 3728             1.06%
Հովհաննիսյան Րաֆֆի՝ 115.332.   32.88%
Ղուկասյան Անդրիաս՝ 1850          0.53%
Մելիքյան Արման՝ 755                  0.22%
Սարգսյան Սերժ՝ 220.106            62.76%
Սեդրակյան Վարդան՝ 1585          0.45%։ 

հարուցվել է 2 քրեական գործ՝ մեկը Էրեբունիում, իսկ մյուսը Շենգավիթում՝ երկուսն էլ ուրիշի փոխարեն քվեարկելու հատկանիշներով


ՀՀ նախագահի ընտրության ընթացքում՝ այսօր, ՀՀ ոստիկանությունը ստացել է 70 ահազանգ. ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը:

Նա տեղեկացրեց, որ հարուցվել է 2 քրեական գործ՝ մեկը Էրեբունիում, իսկ մյուսը Շենգավիթում՝ երկուսն էլ ուրիշի փոխարեն քվեարկելու հատկանիշներով:

70 ահազանգերից 25-ը գրանցվել է Երևանում, իսկ 45-ը՝ մարզերում: Դրանցից 22-ը եղել են ընտրակաշառքի մասին:
Ստացվել են նաև այնպիսի տեղեկություններ, որոնք վերաբերել են ընտրատեղամասերում ոստիկանների իրականացրած ծառայություններին, սակայն ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում:

մատերի կոմբինացիա՝ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի անվան դիմաց


Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գտնվող 7/12 ընտրատեղամասում, ուր այս պահին ձայների հաշվարկ է ընթանում, անվավեր քվեաթերթիկներից մեկի մեջ տեղ էր գտել «Չակ Նորիս» գրառումը, իսկ մեկ ուրիշում՝ մատերի կոմբինացիա՝ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի անվան դիմաց: Երկու քվեաթերթիկ էլ անվավեր են ճանաչվել։

42 ընտրատեղամասերի արդյունքներ, որոնք չեն համապատասխանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ 21 ընտրատեղամասերի նախնական արդյունքների հետ


ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ իրենք ունեն 42 ընտրատեղամասերի արդյունքներ, որոնք չեն համապատասխանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ 21 ընտրատեղամասերի նախնական արդյունքների հետ:

«Այդ ընտրատեղամասերից մենք ունենք 27 հազ. 902 ձայն ընդհանուր, որից 19 հազ 57-ը կամ 68%-ը Րաֆֆի Հովհաննիսյանինն են և մնածացը կամ 32%-ը Սերժ Սարգսյանի ձայներն են: Այս տվյալները դժվարությամբ ենք ստանում, հրահանգվել է բոլոր նախագահներին, այնտեղ որտեղ հաղթում է Րաֆֆի Հովհաննիսյանը չտրամադրել արձանագրությունները: Փորձում են անվավեր դարձնել ձայները: Օրինակ՝ 600 ձայն գողացվել է 6/16 գողացվել է հաշված տրցակները և վերադարձվել է ձայները փոխված: Զեյթունի 3/25-ում մինչ այժմ չի բացվել քվեատուփերը»,- ասաց նա և ավելացրեց, որ տեղամասերից մեկում ընտրակեղծքիներ տեսնելով ներկա դիտորդները բողոքել են ու ոստիկանություն կանչել:

Հովսեփ Խուրշուդյանը նաև նշեց, որ իրենց վստահված աղջիկ անձանց սպառնացել են՝ թե վնաս կտանք ընտանիքիդ ու լցոնումներ իրականացրել:

Sunday, February 17, 2013

Ոստիկանության հայտարարությունը ընտրակաշառք բաժանելու մասին ԶԼՄ-ներում տարածված հաղորդումների վերաբերյալ


ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ներկայացվում են պարզաբանումներ ԶԼՄ-ներում ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ և կից ներկայացվում են տեսանյութեր.

ՀՀ Նախագահի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում օրինականության ապահովման, իրավախախտումների և, հատկապես, ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքների դեմ ուղղված ոտնձգություների նախականխման, կանխման և խափանման, ինչպես և այդպիսի իրավախախտումներ կատարած անձանց հայտնաբերման նպատակով ՀՀ ոստիկանությունը շարունակում է իրականացնել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

2013 թ. հունվարի 21-ից մինչ օրս նախընտրական գործընթացի շրջանակներում ֆիզիկական և իրավաբանական անձանց ու ԶԼՄ-ների կողմից ներկայացված, ինչպես և ոստիկանության ամենօրյա գործառույթների իրացման արդյունքում ստացված ավելի քան 7 տասնյակ առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ իրականացվել և ներկայումս շարունակում են իրականացվել ստուգողական գործողություններ:

Վերջին օրերին մի շարք ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում սկսել են բավական ինտենսիվ տեղեկություններ հայտնվել այն մասին, թե ՀՀ այս կամ այն բնակավայրում կամ թաղամասում ընտրողներին ընտրակաշառքներ են բաժանվում: ՀՀ ոստիկանության իրավասու ստորաբաժանումներն օպերատիվ կերպով արձագանքել են այդ հաղորդումներին և առավելագույն սեղմ ժամկետներում ձեռնարկել իրավիճակից թելադրվող հասանելի և օրինական բոլոր միջոցները հաղորդումներում նշված փաստերի իսկությունը ճշտելու համար:

Իրավական ընթացակարգերով նախատեսված ստուգումների արդյունքում դեպքերի գերակշռող մեծամասնությամբ պարզվել է, որ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տեղեկությունները եղել են կամ չկոնկրետացված խոսակցությունների (ասեկոսեների) վերարտադրության հետևանք, կամ հաղորդում ներկայացրած անձանց ենթադրությունների արդյունք, կամ էլ ունեցել են այնքան ընդհանրական բնույթ, որ որոշակի փաստերի կամ անձանց վերաբերյալ ողջամիտ տվյալներ չեն պարունակել, իսկ մի շարք դեպքերում հաղորդում ներկայացրած անձինք հրաժարվել են տրամադրել իրենց վկայակոչած փաստերը հաստատող նյութեր կամ այլ կերպ համագործակցել իրավասու մարմինների հետ:

Այսպես, Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Հրանտ Մկրտչյանը նախագահի թեկնածուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե գյուղում 5000 դրամ կաշառք են բաժանում, սակայն հետագայում, ի պատասխան ոստիկանության աշխատակիցների հարցմանը, պնդել է, թե Օշական գյուղում նման դեպք չի եղել, իսկ ինքը ընտրակաշառքի մասին տեղեկացել է ընդհանուր խոսակցություններից:
Ինչ վերաբերում է ոստիկանության հետ չհամագործակցելու դեպքերին, ապա այս առումով հատկանշական են ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի և «Գալա» հեռուստաընկերության օրինակները, երբ սոցիալական ցանցում կամ հեռուստաեթերում ընտրակաշառքներ բաժանելու մասին բարձրաձայնող անձինք հետագայում պարզապես հրաժարվել են իրավապահ մարմիններին նյութեր կամ այլ տեղեկություններ տրամադրել իրենց կողմից վկայակոչվող փաստերի վերաբերյալ:

Բարձր գնահատելով օրենսդրության պահանջների պահպանմանը, ինչպես և իրավախախտումների բացահայտմանն ուղղված մեր քաղաքացիների, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների ակտիվությունն ու ցուցաբերած ջանքերը, ՀՀ ոստիկանությունը միաժամանակ հորդորում է բոլորին ցանկացած իրավախախտման, այդ թվում՝ ընտրակաշառքներ բաժանելու դեպքերի վերաբերյալ հաղորդումներում նշել կոնկրետ կամ որոշակի փաստեր կամ նմանատիպ հաղորդումներ ներկայացնելուց հետո աջակցել ոստիկանությանը համապատասխան տեղեկությունների արժանահավատությունը կամ դրանց աղբյուրների օրինականությունը ստուգելու հարցում:


Բոլոր դեպքերում ընտրական գործընթացի օրինականությունն ապահովելու համար ՀՀ ոստիկանությունն այսուհետ ևս շարունակելու է ձեռնարկել իր իրավասության մեջ մտնող բոլոր օրինական և անհրաժեշտ միջոցները, ընդհանուր նպատակի իրականացման գործում ակնկալելով ֆիզիկական անձանց, ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների օժանդակությունն ու համագործակցությունը:

Ոստիկանության պարզաբանումը Բաղրամյան 26 հասցեում գրանցված 55 ընտրողների վերաբերյալ տեղեկատվության առնչությամբ


Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում է տարածել նախագահական ընտրությունների ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը։ Պարզաբանման մեջ ասված է.


www.a1plus.am համացանցային կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն Բաղրամյան 26 հասցեում, որտեղ տեղակայված է ՀՀ Նախագահի նստավայրը, գրանցված է 55 ընտրող /10/30 ընտրական տեղամասի 984-ից մինչև 1039 ընտրողներով/:
Հանրության շրջանում ապատեղեկատվություն տարածելու դեպքերը բացառելու նպատակով ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ Երևան քաղաքի Բաղրամյան փողոց 26 հասցեում տեղակայված է ՀՀ Նախագահի աշխատակազմի վարչական շենքը, որտեղ ըստ բնակչության պետական ռեգիստրի և ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալների որևէ քաղաքացի հաշվառված չէ:
Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ՀՀ Նախագահի աշխատակազմի վարչական շենքի հարևանությամբ տեղակայված Բաղրամյան 26 հասցեի եռահարկ բազմաբնակարան բնակելի շենքին, որը բաղկացած է 5 մուտքերից: Նշված շենքում քաղաքացիների հաշվառումներն իրականացվել է բնակարանների նշումով` մասնավորապես. Բաղրամյան 26 շենք, 3, 6, 7, 8, 9, 11, 12, 14, 15, 16, 17, 18, 20, 23, 25, 28, 29, 30 և 31:
Հետևաբար` 10/30 ընտրական տեղամասում 984-ից մինչև 1039 հերթական համարների ընտրողները հանդիսանում են Բաղրամյան 26 հասցեի եռահարկ բազմաբնակարան բնակելի շենքի բնակիչները, որոնք իրավաչափորեն ընդգրկված են ընտրացուցակում:
Զանգվածային լրատվության միջոցներին կրկին հորդորում ենք զերծ մնալ անհարկի շտապողականությունից, կասկած հարուցող նյութերը առանց ճշգրտելու հրապարակելուց և դրանով իսկ հանրությանը թյուրիմացության մեջ գցելուց: Վերստին կոչ ենք անում համակողմանի ուսումնասիրել իրողությունները և հանրությանը ներկայացնել ոստիկանության հետ համագործակցության արդյունքում մինչև վերջ ստուգված ու հավաստի տեղեկատվություն:

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի Facebook-ի էջում տեղադրվել է հայտարարություն, որով ահազանգ է հնչեցվում Երևանի ընտրատեղամասերում լրացուցիչ ցուցակներով հանրապետության այլ բնակավայրերի ընտրողներ ներկայացնելու և միաժամանակ նրանց իրենց բնակավայրերի ընտրացուցակներից չհանելու մասին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

ԱՀԱԶԱՆԳ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԲՈԼՈՐ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻՆ. ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԲՈԼՈՐ ՕՐԻՆԱՊԱՇՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Մենք տեղեկացած ենք, որ Սերժ Սարգսյանի շտաբներում հասկանալով, որ անգամ ընտրակաշառքներով և այլ ընտրակեղծիքներով հնարավոր չի լինելու ապահովել անգամ երկրորդ փուլ, այսինքն Սերժ Սարգսյանը պարտվելու է Րաֆֆի Հովհաննիսյանին արդեն առաջին փուլում, մի նոր ընտրախախտում են կիրառում, որն է` Երևանի յուրաքանչյուր ընտրատեղամասում լրացուցիչ ցուցակով հարյուրավոր անձանց են ընդգրկում, ովքեր չեն հանվում նաև տպագրված և հանձնաժողովներին տրամադրված` իրենց բնակության վայրում առկա ցուցակներից, այսպիսով, «օրինական» հիմք է նախապատրաստվում կրկնակի քվեարկության համար:

Մեր ունեցած տեղեկություններով անձնագրային բաժինները անգամ չեն հասցրել այդքան ծավալի տեղեկանքներ տալ լրացուցիչ ցուցակներով անձանց` «Հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալների ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ»:

Ամենահետաքրքիրն այն է որ նույն բնակավայրից Երևանի կոնկրետ մեկ ընտրատարածքի ցուցակում հաշվառվել են երբեմն ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ անձիք: Իսկ մեկ այլ բնակավայրից` Երևանի մեկ այլ ընտրատարածքում:

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը այս պահին միջոցներ է ձեռնարկում` այս զանգվածային կեղծիքը հաստատելու, փաստագրելու և կանխելու ուղղությամբ: Արդյունքների վերաբերյալ մենք կհայտնենք ձեզ հաջորդիվ:

Այս պահին հորդորում ենք ձեզ շտապ և ԲՈԼՈՐ ԽՈՂՈՎԱԿՆԵՐՈՎ տարածել հետևյալ տեղեկատվությունը. բոլոր վստահված անձիք և հանձնաժողովների անդամները պետք է լրացուցիչ ցուցակներով ընտրողների մասով հատկապես ուշադիր լինեն, պահանջեն և ստուգեն նրանց անձնագրերը, որպեսզի դրանց վերջին էջում քառակուսի կնիքի հետքեր չլինեն, պահանջեն նրանցից Ոստիկանության անձնագրային բաժնից տրված և կնքված տեղեկանքը «Հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալների ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ», որում նշված է լինում նաև նրանց ժամանակավոր գրանցման հասցեն:

Եթե անձը չունի նման տեղեկանք` թույլ մի տվեք նրան քվեարկել: Եթե այդպիսի տեղեկանքն առկա է` հարցրեք նրանց, թե որտեղ է գտնվում այդ հասցեն, եթե չգիտի` արձանագրեք:
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՍԱ ՇՏԱՊ ՏԱՐԱԾԵԼ
Երկուշաբթի` փետրվարի 18-ին, տեղի կունենա Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության քվեարկությունը: Ընտրատեղամասերն ընտրողների համար բաց կլինեն ժամը 8-ից մինչև ժամը 20:00-ն, քվեարկությունը կտևի 12 ժամ:
ՀՀ նախագահի թեկնածուներն են Հրանտ Բագրատյան («Ազատություն»), Պարույր Հայրիկյան (ԱԻՄ), Րաֆֆի Հովհաննիսյան («Ժառանգություն»), Անդրիաս Ղուկասյան, Արման Մելիքյան, Սերժ Սարգսյան (ՀՀԿ) և Վարդան Սեդրակյան: Քվեարկության օրը ժամը 12:00-ին, 15:00-ին, 18:00-ին և 21:00-ին կհրապարակվեն տեղեկություններ, ըստ մարզերի և Երևան քաղաքի քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի մասին: Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքները կամփոփվեն և դրանց վերաբերյալ կազմված արձանագրությունը կհրապարակվի ոչ ուշ, քան քվեարկությունից 10 ժամ հետո: Ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները կամփոփվեն և պաշտոնապես կհրապարակվեն մինչև փետրվարի 19-ը, ժ. 20:00-ն: Նախագահի ընտրության քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կկազմվի, ընտրության արդյունքները կամփոփվեն, և ընտրության արդյունքների վերաբերյալ որոշումը կընդունվի փետրվարի 25-ին:

Հանրահավաքները տեղի կունենան փետրվարի 20-ին և 22-ին Ազատության հրապարակում, իսկ 22-ին` Մատենադարանի մոտ

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է փետրվարի 18-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններից հետո մի քանի օր հանրահավաքներ անցկացնել Երևանի Ազատության հրապարակում և Մատենադարանի մոտ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն, Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչը նախօրեին և երեկ միանգամից երեք հանրահավաքի իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան, որոնք ընդունվել են` ի գիտություն: Հանրահավաքները տեղի կունենան փետրվարի 20-ին և 22-ին Ազատության հրապարակում, իսկ 22-ին` Մատենադարանի մոտ: Ինչպես տեղեկացրել էր թերթը, Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչը Երևանի քաղաքապետարան հանրահավաքի իրազեկման հայտ էր ներկայացրել նաև այսօրվա համար:

Լիբանանահայերի հո՞սք է սպասվում

Փետրվարի 14-ին և 15-ին Լիբանանում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել ՀՀ անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողություն: Հանդիսավոր երդման արարողությունից հետո դեսպան Քոչարյանը 200-ից ավելի լիբանանահայերի հանձնել է ՀՀ քաղաքացու անձնագրեր: Լիբանանում ՀՀ դեսպանությունը վերջին շաբաթների ընթացքում ՀՀ անձնագրեր է հանձնել նաև շուրջ 60 սիրիահայերի, որոնք քաղաքական զարգացումների բերումով` ժամանակավոր բնակության են հաստատել Լիբանանում: ՀՀ ԱԳՆ-ի տարածած այս տեղեկատվությունից կարելի է եզրակացնել, որ Սիրիայի հայ քաղաքացիների հետ մեկտեղ Հայաստան տեղափոխվելու ծրագրեր ունեն նաև հարյուրավոր լիբանանահայեր: Հավանաբար, այս ամենի պատճառն այն է, որ ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են ի հայտ գալիս, որ նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո իրավիճակի ապակայունացում է սպասվում նաև Լիբանանում: Համենայնդեպս, Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի որոշակի փուլերում սիրիացի զինված ապստամբները բազմիցս մարտերը տեղափոխել են Լիբանանի տարածք: Այս ամենը լիբանանահայերին, հավանաբար, ստիպում է ավելի հեռատես գտնվել և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել:

Արամ Սարգսյանի ներքին հրահանգը կուսակցության երկրապահական թևին

Քարոզարշավի վերջին օրերին ոմանք սպասում էին, որ ՀՅԴ-ն վերջին պահին իր անդամներին կհորդորի աջակցել Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն այդպես չեղավ: Այս առումով որոշակի սպասումներ կային արևմտյան արժեհամակարգի կողմնակից Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության կողմից նույնպես: Թերթի հստակ տեղեկություններով` հանրապետության տեղական կառույցներին, նրա երկրապահական թևին կուսակցության կողմից ներքին հրահանգ է իջեցվել` պաշտպանել Հրանտ Բագրատյանի թեկնածությունը: Գաղտնիք չէ, որ «Հանրապետություն» կուսակցության Վազգեն Սարգսյանի երկրապահական թևը բավականին կուռ և կայացած կառույցներ ունի տեղերում, որոնք իրենց ազդեցությունը որոշակի շրջանակների վրա դեռ պահում են: Ի դեպ, նախորդ օրը Բագրատյանի շտաբը բանավեճի էր հրավիրել Հովհաննիսյանին, և բոլորին էր հետաքրքիր, թե ինչպես է Հովհաննիսյանը տնտեսական իր «հինգ քայլով» հասնելու ու առաջ անցելու միջազգային չափանիշներով տնտեսական «մագիստր» Բագրատյանից, և, ինչպես կատակում են քաղաքական շրջանակներում, «բարևելու կարևոր գործը Րաֆֆիին չէր թողնելու մասնակցեր բանավեճի»: Ինչպես տեղեկացել է թերթը` նա չի արձագանքել այդ առաջարկին:

Վարչապետն իր պաշտոնավարման ընթացքում իր ազգականներին ապահովել է «յուղոտ» պաշտոններով

Վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնավարման ընթացքում հոգացել է ոչ միայն իր, այլև ազգականների մասին` նրանց ապահովելով «յուղոտ» պաշտոններով: Պարզվում է` ՀՀ քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի ղեկավարը Տ. Սարգսյանի հորեղբորորդին է` Հրայր Սարգսյանը: Դեռ նախորդ տարվա հուլիսի 12-ին կառավարության նիստում որոշում է կայացվել «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ը միացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ենթակայության ««Դպրոցաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին, տնօրենն էլ դարձել է Հ. Սարգսյանը: Թերթը նշում է, որ հենց այս ԾԻԳ-ի միջոցով են կատարվում քաղաքաշինական բոլոր կարևոր ու «փողոտ» ծրագրերը, ասել է թե` սա է «ատկատների» բույնը: Հ. Սարգսյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասել է, թե իր պաշտոնավարումն ամենևին կապ չունի հորեղբորորդու` վարչապետ լինելու հետ: Ըստ նրա` ինքը մոտ 15 տարի այդ ոլորտում է աշխատել` նախկինում լինելով նաև «Լինսի» հիմնադրամի, «Դպրոցաշինություն» ծրագրի տնօրենը:

Վաղը՝ փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի կունենան ՀՀ նախագահի ընտրությունները, իսկ մինչ այդ՝ այսօր «լռության» օր է:
Ըստ ընտրական օրենսգրքի 4-րդ գլխի 18-րդ հոդվածի 5-րդ կետի ընտրությունների քվեարկության և նրան նախորդող օրը նախընտրական ցանկացած քարոզչություն արգելվում է: Սակայն ըստ միևնույն կետի՝ տեղամասային կենտրոնում չգտնվող քարոզչական նյութերը քվեարկության օրը մնում են իրենց տեղերում:

ՀՀ նախագահի այս ընտրությունները 1991թ.-ից ի վեր 6-րդն են:
Թեև նախապես որպես նախագահի թեկնածու էին գրանցվել 8 թեկնածուներ, սակայն նրանցից մեկը՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը փետրվարի 8-ին ինքնաբացարկ ներկայացրեց:
Այսպիսով քվեաթերթիկի վրա նշված կլինի 7 թեկնածուի անուն՝ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյան, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյան, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյան, ԱԻՄ ղեկավար Պարույր Հարիկյան, էպոսագետ Վարդան Սեդրակյան, քաղաքագետ Արման Մելիքյան, «Ռադիո Հայ» ՍՊԸ հիմնադիրների ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյան:

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, որը այսօրվա՝ փետրվարի 17-ի դրությամբ կազմում է՝ 2.505.980։ Իսկ ընդհանուր ընտրողներից այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված են 135 քաղաքացի։ 

Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը հայտարարություն է տարածել


Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում հայտարարում է ՀՀ ընտրական օրենսգրքի 59-րդ հոդվածով նախատեսված հանձնաժողովի երկու անդամների միջև գտնվելու և նրանց գործունեությունը վերահսկելու իրավունքը նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձանց զիջելու մասին։
Հայտարարությունում ասված է.
Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը

կարևորելով`

ընտրությունների նկատմամբ ժողովրդի վստահության բարձրացումը,
քվեարկության ընթացքի առավել արդյունավետ վերահսկողությունը,
բացակա քաղաքացիների փոխարեն քվեարկելու և կրկնակի քվեարկության դեպքերի բացառումը,

հենվելով`
ՀՀ ընտրական օրենսգրքի, հատկապես` 59-րդ հոդվածի ընձեռած հնարավորությունների վրա, ըստ որի թեկնածուների վստահված անձինք քվեարկության ողջ ընթացքում իրավունք ունեն նստել (գտնվել) հանձնաժողովի երկու անդամների միջև և անմիջականորեն վերահսկել վերջիններիս գործունեությունը, ինչպես նաև

նկատի ունենալով, որ
որոշ դեպքերում Ս. Սարգսյանի վստահված անձինք վերոնշյալ իրավունքից առաջնահերթ օգտվելու հնարավորություն ունեն, քանի որ Ս.Սարգսյանը միակ թեկնածուն է, ով առաջադրվել է խորհրդարանում ներկայացված կուսակցության կողմից,

հայտարարում է`
Ս.Սարգսյանի վստահված անձանց ՀՀ ընտրական օրենսգրքի 59-րդ հոդվածով նախատեսված հանձնաժողովի երկու անդամների միջև գտնվելու և նրանց գործունեությունը վերահսկելու իրավունքը զիջում է
բոլոր կենտ համարներ ունեցող ընտրական տեղամասերում` Հ. Բագրատյանի վստահված անձանց, իսկ
բոլոր զույգ համարներ ունեցող ընտրական տեղամասերում` Ր. Հովհաննիսյանի վստահված անձանց:

Եգիպտոսը ճանաչել է Կոսովոյի անկախությունը


Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը կիրակի օրը հայտարարել է, որ ճանաչում է Կոսովոյի անկախությունը, երբ Կոսովոյում նշում են Սերբիայից անկախացման 5-րդ տարեդարձը, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտնում են Կոսովոյի ԶԼՄ-ները:
Այս հայտարարությունը հնչել է Պրիշտինայում Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչիի և Եգիպտոսի նախագահի օգնական Պակինամ Հասան Խալիլ Շարկավիի հանդիպումից հետո: Վերջինս Կոսովո էր ժամանել տոնակատարություններին մասնակցելու համար:
Շարկավին հայտնել է, որ Կահիրեն Կոսովոյի հանդեպ բաց դռների քաղաքականություն է վարում, իսկ երկու երկրները «գտնվում են դրական հարաբերությունների կառուցման ու փոխըմբռնման ուղու վրա»:

2008-ի փետրվարի 17-ին ԱՄՆ-ի և Եվրամիության մի շարք երկրների աջակցությամբ Կոսովոյի ալբանական իշխանությունները անկախություն հռչակեցին Սերբիայից: Մինչ օրս Կոսովոն ճանաչել է շուրջ 30 պետություն:

Monday, February 4, 2013

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը խմբակցությունից հեռանալու դիմում է գրել, վերջինս կգործի որպես անկախ պատգամավոր՝ ներկայացնելով «Ազատ դեմոկրատների» քաղաքական մոտեցումները: այս մասին հայտնեց Խաչատուր Քոքոբելյանը և հավելեց. «Եվ ինքս կմնամ այն բոլոր պատվիրակություններում, որոնցում եղել եմ, համաձայն՝ ԱԺ կանոնակարգ-օրենքի»:

Ի պատասխան հարցի, թե երեք ամիս առաջ հայտնի էր իր և «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի տարաձայնությունների մասին, հետևաբար ինչո՞ւ է հենց հիմա խմբակցությունից հեռանալու դիմում գրվում, Խաչատուր Քոքեբելյանը հիշեցրեց, որ դեռևս նախորդ տարվա հոկտեմբերի 22-ին այս մասին հանդես է եկել ԱԺ ամբիոնից ունեցած ելույթով:

«Ինքս դեմ լինելով ձևական գործողություններին՝ օգտվել եմ «ԱԺ կանոնակարգ-օրենքից» և ընդամենը օրենքի պահանջով դա փաստագրել եմ: Ինչ վերաբերում է ինչո՞ւ հիմա, ապա ԱԺ նստաշրջանը նոր է սկսվել, և այս պահին կարող էինք դա անել: Ասեմ, որ դա որևէ կապ չունի ՀՀ-ում տեղի ունեցող, այդ թվում՝ նախընտրական գործընթացների հետ»,- ասաց «Ազատ դեմոկրատների» նախագահը՝ տեղեկացնելով, որ ԱԺ նախագահի դիմումն ուղարկել է երեք-չորս օր առաջ:

Տևական ժամանակ սպասվում էր, որ «Ազատ դեմոկրատները» կսատարի ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին, ինչը տեղի չունեցավ: Այդուհանդերձ, կուսակցության հայտարարության մեջ այնքան էլ փակագծեր չէին բացվում, թե ինչու՝ ոչ Հրանտ Բագրատյանը:

Ի պատասխան այս դիտարկման, Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ առիթ ունեցել է այս մասին խոսելու և ավելացրեց. «Կարծում եմ՝ ճիշտ չէ այս պահին խոսել որևէ թեկնածուին պաշտպանելու մասին, որովհետև ոչ մեկին ո՛չ կուզենամ իմ հայտարարությամբ վնասած լինել, ո՛չ էլ օժանդակել: Ուստի, զերծ կմնամ դրանից, միայն ասեմ, որ թեև կուսակցությունը, մասնավորապես, Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագրի շատ ու շատ մոտեցումներ կիսում է, բայց միևնույնն է՝ այն լիարժեք համահունչ չէ մեր մոտեցումներին»:

Այս մոտեցումից, ինչպես նաև Եվրամիության հետ համագործակցության մասով թեկնածուների նախընտրական պլատֆորմներում հստակ դրույթների բացակայությունից ելնելով էլ «Ազատ դեմոկրատները» կայացրել է իր որոշումը՝ արտահայտելով իրենց զուտ քաղաքական, այլ ոչ անձնական մոտեցումը:

«Եվրամիության հետ կապված՝ մենք խիստ կողմնակից ենք և արտաքին քաղաքական գերակայություններում խիստ կարևոր հարց ենք համարում, որ Հայաստանը ձգտի և դառնա ԵՄ անդամ, այլ ոչ թե կողմ լինի ինտեգրացիայի և բավարարվի դրանով: Եթե ուշադիր լինե՛ք, ապա թեկնածուների ծրագրերում այդ մասին հստակ դրույթ չկա»,- ասաց «Ազատ դեմոկրատների» նախագահը:

Եթե «Ազատ դեմոկրատները» որոշակի քաղաքական վերաբերմունք ունենար Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ, ապա այդ հարցի հետ կապված որոշակի դիրքորոշում արդեն իսկ արտահայտած կլիներ: Սա կուսակցության նախագահի պատասխանն էր հարցին, թե ի՞նչ վերաբերմունք ունեն «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամի մատնանշած պայքարի նոր մարտավարության հանդեպ:

«Ես, շատ ազնվորեն ասեմ, որ մինչև վերջ չեմ կարդացել Նիկոլ Փաշինյանի հայտնի պայմանագիրը և կարծում եմ՝ բոլոր այն հարցերը, որոնք ուղղված են Պայմանագրին, պետք է ուղղեք դրա հեղինակին»,- ավելացրեց Խաչատուր Քոքոբելյանը:

Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատներ»-ում եղած մի շարք գործիչներ առաջին բեկորն էին, որ պոկվեցին ՀԱԿ-ից և միավորվեցին նոր քաղաքական ուժում՝ «Ազատ դեմոկրատներ»-ում: Հետո նրանց հետևեցին այլ քաղաքական ուժեր, անհատներ: Ի պատասխան, թե հիմա հետադարձ նայելով կարո՞ղ է ասել՝ սա օրինչափությո՞ւն էր, թե ոչ, «Ազատ դեմոկրատների» նախագահն ասաց. «Ձեր ձևակերպման հետ, թույլ տվեք համաձայն չլինել, որովհետև մենք ոչ թե պոկվեցինք, այլ մի խումբ քաղաքական գործիչներով, որոնք մինչև այդ պահը գործել էինք ՀԱԿ-ի շրջանակներում և պատասխանատվություն էինք կրել ողջ այդ ժամանակահատվածի համար, և մինչև մեր այնտեղ գտնվելու պահը, նաև ողջ հետընտրական և նախընտրական գործընթացի ժամանակ երբևիցե չենք խուսափել մեր պատասխանատվությունից, ստեղծեցինք նոր քաղաքական ուժ: Հենց դրանում էինք տեսնում քաղաքական գործընթացները և մեր մոտեցումներն ու սկզբունքները առաջ տանելու հնարավորությունը: Ես հպարտորեն նշել եմ, որ շնորհակալ եմ էդ անցած ճանապարհի համար: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հետ կապված գնահատականներին, ապա այլևս ՀԱԿ-ի գործունեության հետ կապված որևէ գնահատական տալ չեմ պատրաստվում»,- ասաց Խ. Քոքոբելյանը՝ այնուամենայնիվ, ցավ հայտնելով այն բանի համար, որ թափ հավաքած շարժումը չկարողացավ լուծել այն խնդիրները, որոնց համար պայքարում էր: Ավելին՝ դրանք ձախողել է:

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գիշերը «Ազատ դեմոկրատների» նախագահը այցելել է Պարույր Հայրիկյանին և կուսակցության անունից զորակցություն հայտնել, իսկ հիմա ձեռնպահ է մնում այցելություններից՝ գտնելով, որ հիվանդին չպետք է ավելորդ անգամ անհանգստացնել: Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե տպավորություն է, որ շատերն իրենց այցելություններից շոու են սարքում, ապա ասաց, որ քաղաքականության մեջ PR-ով զբաղվողի համար ցանկացած առիթ կօգտագործվի՝ այն շոուի մաս դարձելու համար:

Խաչատուր Քոքոբելյանը կրկնեց կուսակցության վարչության հայտարարությունում մատնաշվածը, որ թեկնածուի նկատմամբ կատարվածը միմիայն մահափորձ է: Ասաց, որ հստակ է, որ այս միջադեպը միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակության վրա չի կարող լավ ազդեցություն թողնել: Նաև հավելեց, որ ցավում է, որ այսօր ՀՀ-ում քաղաքացին, այդ թվում ՀՀ նախագահի թեկնածուն պաշտպանված չէ նման ոտնձգություններից:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը նախօրեին այցելել էր նախագահի թեկնածու, Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանին: ՍԴՀԿ անդամ, ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը, անդրադառնալով Գ. Սահակյանի այցին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հետաքրքիր հիշեցում է արել, «ճիշտ կլիներ`Գալուստ Սահակյանը ժամանակին` տարիներ առաջ, այցելած լիներ նախագահական նստավայրի մոտ անձրևի տակ նստացույց հայտարարած Գրետա Սարգսյանին` Սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը: Եթե այն ժամանակ նա այցելեր, դա կհասկանայի: Այս դեպքում նրա այցը չեմ հասկանում»: Ու իսկապես, հետաքրքիր է, թե ինչ շարժառիթներով է նա գնացել Ա. Ղուկասյանի մոտ, որին պատկանող «Ռադիո հայ»-ի հիմնական գործընկեր ռուսական ռադիոկայանը հենց հաջորդ օրը խզեց իր պայմանագիրը նախագահի թեկնածուի հետ:
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում օձի տարին լավ չի սկսվել: Ծովագյուղի դաշնակցական համայնքապետ Գևորզ Թովմասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մտահոգվել է. «Զբաղված ենք թաղումներով: Անընդհատ մարդ է մահանում: Այսօր էլ հինգերորդին ենք թաղել: Հինգն էլ ծերեր են եղել: Հինգ ձայն էլ կորցրինք»: Թերթի հարցին, թե գյուղի բնակիչները գալիք նախագահական ընտրություններին ում օգտին են հակված քվեարկելու, պատասխանել է. «Մեր պրեզիդենտին կընտրենք, քանի որ մեր դպրոցը վերանորոգել է, գույք է տվել, գազ է քաշել»: Այսպիսով` թեև դաշնակցականներն առաջիկա նախագահական ընտրություններին բացառել են իշխանության թեկնածուին աջակցելը, այնուամենայնիվ, կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Թովմասյանն իր «ձայնը տալու է» Սերժ Սարգսյանին: Թերթը փորձել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից պարզել, թե կուսակցությունն այդ դեպքում ինչ կանի, վերջինս ասել է. «Մենք ունենք կանոնագիրք, ունենք կուսակցության որոշում և դրանից բխող հետևանքներ»: