Popular Posts

Saturday, February 25, 2012

ՆԱՏՕ-ն Աֆղանստանի նախարարություններից դուրս է բերում իր ներկայացուցիչներին


ՆԱՏՕ-ի ղեկավարությունը  Աֆղանստանի տարբեր նախարարություններից հետ է կանչել իր բոլոր աշխատակիցներին այն բանից հետո, երբ այսօր Աֆղանստանի Ներքին գործերի նախարարությունում ՆԱՏՕ-ի 2 խորհրդական սպանվեց, տեղեկացնում է BBC-ն` վկայակոչելով Անվտանգության նպաստման միջազգային ուժերի (ԱՆՄՈՒ) հրամանատար, գեներալ Ջոն Ալենի հայտարարությունը:
«Հասկանալի պատճառներով` մարդկանց պաշտպանելու համար, ես շտապ քայլեր եմ ձեռնարկել Քաբուլի և շրջակայքի նախարարություններում աշխատող ԱՆՄՈՒ-ի բոլոր աշխատակիցներին հետ կանչելու վերաբերյալ»,- հայտարարել է Ալենը` այդ հարձակումն անվանելով «վախկոտություն»:
Ըստ նախնական տեղեկությունների` ՆԱՏՕ-ի խորհրդականների սպանության դրդապատճառը նախարարությունում սկսված վիճաբանությունն է եղել, սակայն այդ կառույցը առայժմ հրաժարվում է հայտնել, թե սպանվածները որ երկների քաղաքացիներ են:
Աֆղանստանյան գաղտնի ծառայությունների տվյալներով խոսքն ամերիկացի գնդապետի և մայորի մասին է: Նրանց սպանած անձի ինքնության կամ նրան բռնելու մասին տեղեկություններ չկան:
Զինվորական պաշտոնյաների սպանության պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» իսլամիստական շարժումը:

Հորմուզի նեղուցը փակելու դեպքում ԱՄՆ-ը պատրաստվում է ռազմական գործողությունների


Իրանի կողմից Հորմուզի նեղուցի հնարավոր փակմանը խոչնդոտելու նպատակով, Պենտագոնն իր ուժերն է ավելացնում Պարսից ծոցում, տեղեկացնում է Wall Street Journal-ը։
ԱՄՆ-ի պաշտպանության գերատեսչությունը տեղեկացրել է Կոնգրեսին, որ մտադիր է ընդլայնել իր հետախուզական ու ականների հայտնաբերման ու վնասազերծման ռեսուրսները։ Նաև ավելացվելու է ափամերձ տեղակայման հրթիռների ու ռազմանավերի հայտնաբերման համակարգերը, որոնք առավելապես օգտագործվելու են իրանական արագընթաց նավակներ հայտնաբերման համար:
Պարբերականը նշում է, որ այս ամենը ցույց է տալիս, թե ինչպիսի իրական քայլեր են անում պատերազմ հրահրողները առճակատման նախապատրաստման համար Սպիտակ տունը և ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը փորձում են հարթել իրավիճակն ու խնդրի լուծման այլ ուղիներ փնտրում։
Տարածաշրջանում ամերիկյան զինված ուժերի գլխավոր հրամանատար Ջեյմս Մաթիսը զպառզինության արդիականացում էր պահանջել, Պենտագոնի ստրատեգների կողմից զորքերի մարտութնակության մեջ թերությունների հայտնաբերումից հետ, այն դեպքում, եթե Թեհրանն, այնուամենայնիվ, որոշի փակել Նեղուցը:
«Եթե թշնամիները ցույց են տալ իրենց ուժը, ապա մենք մեզ հարց ենք տալիս՝ թե մենք ինչ կարող ենք անել, որպեսզի կարողանանք նրանց շախ և մատ անել»,- ասել է ամերիկյան բանակի մի սպա, ով ցանկացել է գաղտնի պահել իր անունը։
Հիշեցնենք, որ տարածաշրջանում լարվածությունն ուժեղացավ այն բանից հետո, երբ Իրանի իշխանությունները հայտարարեցին որ Հորմուզի նեղուցը կփակեն եթե արևմտյան երկրների կողմից իրանական նավթի արտահանման պատժամիջոցներ կիրառվեն։ 

Ինչպե՞ս է Գյուլը «տաքացնում» Թուրքիայի փոխվարչապետ Արընչին


Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը twitter-ում կիսվել է Կարսում տեղի ունեցած ձմեռային զորավարժությունների վերաբերյալ իր տպավորություններով եւ դրանք տպավորիչ որակել:
Նա գրել է, որ տպավորվել է հատկապես «գրպանի վառարան» կոչվող քիմիական տաքացուցիչով, որը հնարավոր է դնել գրպանում եւ տաքանալ մի քանի ժամ: Թուրքիայի նախագահն այն փորձարկել է վարչապետի օգնական Բյուլենթ Արընչի վրա:
CNN turk-ը ներկայացրել է այն խոսակցությունը, որը տեղի է ունեցել Գյուլի եւ Արընչի միջեւ այդ ընթացքում:
«Մրսո՞ւմ ես»,-Արընչին հարցրել է Գյուլը: «Ոչ»,- եղել է պատասխանը: Գյուլը փորձել է քանդել Արընչի բաճոնը, ապա տեսնելով, որ վերջինս շատ տաք է հագնված, ասել է. «Եթե այսքան շատ հագուստ հագնես, բնական է, որ չես մրսի»: 

Սաակաշվիլին անձամբ է փորձարկել վրացական նոր զրահամեքենան


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ներկա է եղել վրացական արտադրության «Լազիկա» զրահամեքենայի փորձարկումներին:
Վրացական նոր մեքենայի մարտական հատկանիշները ներկայացվել են Թբիլիսիի մոտակայքում գտնվող Վազիանի ռազմակայանում, ինչին նախագահից բացի ներկա են եղել նաև ռազմական գերատեսչության ներկայացուցիչներ:
«Լազիկան ծանր հզոր և շարժունակ ծանր զրահամեքենա է, և պեըտք է նշել, որ քիչ երկրների մասնագետներ կարող են նման մեքենաներ ստեղծել: Վերջին երկու տարում մենք լրջորեն ենք աշխատել այս ուղղությամբ և կարողացանք լուծել դրված խնդիրը», - ասել է Սաակաշվիլին:
Վրաստանի Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, «Լազիկան» զինված է սպառազինության հեռակարվան հնարավորությամբ: Մեքենայի վրա տեղադրվելու է 23մմ-անոց հրանոթ և 7,62մմ-անոց գնդացիր, իսկ ջերմային տեսախցիկները հանրավորություն են տալիս հակառակորդին հայտնաբերել օրվա ցանկացած պահի և կրակ բացել ցանկացած օդերևութաբանական պայմաններում: 

հարցեր արտակարգ դրության օրինագծի վերաբերյալ հարցեր արտակարգ դրության օրինագծի վերաբերյալ հարցեր արտակարգ դրության օրինագծի վերաբերյալ հարցեր արտակարգ դրության օրինագծի վերաբերյալ հարցեր արտակարգ դրության օրինագծի վերաբերյալ հարցեր արտակարգ դրության օրինագծի վերաբերյալ

Եթե «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքով՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը, կանչվել-հետ բերվելուց հետո 180 աստիճանով փոխվել է, ապա «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի կարծիքով այն շարունակում մնալ հակասահմանադրական: Դա այդպե՞ս է, թե ոչ վերջնականապես պարզ կլինի երկուշաբթի օրը առավոտյան, երբ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստը լիագումար նիստից առաջ կշարունակի ուրբաթ օրը հանձնաժողովի ընդհատված աշխատանքները և եզրակացություն կներկայացնի օրենքի նախագծին: 

Հիշեցնենք, որ կառավարությունը լրամշակման նպատակով հետ էր կանչել, ապա մեկ օր չանցած այն կրկին ԱԺ էր ուղարկել նախորդ քառօրյայի ժամանակ խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը, որը խորը քննադատության է արժանանում արտակարգ դրության պայմաններում ՝ բանակի ներգրավվածության հնարավորությունը թողնելու համար: Մամուլում արդեն իսկ այս փոփոխությունները որակվել են որպես «խմբագրական բնույթի», մինչդեռ Գալուստ Սահակյանը, հակառակը, պնդում է, որ դրանք 180 աստիճանով փոփոխություններ են:

«Մոտ քսան առաջարկ միայն մեր խմբակցությունն է արել և դրանք ընդունվել են»,-Tert.am–ի հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ ամենակարևոր փոփոխությունը վերաբերում է բանակին:

«Բանակը արտակարգ դրության, միտինգի հետ կապ չի ունենա, կմասնակցի միայն դրա հետևանքների վերացմանը, էն էլ՝ միայն հատուկ ստորաբաժանումը՝ ոստիկանության օրենքին համապատասխան վերապատրաստումից հետո, առանձին սցենարների դեպքում»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: 

Հարցին, թե «առանձին սցենար» հասկացությունը ներառո՞մ է, մարտիմեկյան հայտնի դեպքերին նման իրավիճակներ, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ոչ և ավելացրեց, որ կարող է գործել այն դեպքերում, երբ պետությանը սպառնացող վտանգ կա: 
Ըստ Գալուստ Սահակյանի՝ նման սցենարները կարող են տարբեր լինել, օրինակ՝ այս պայմաններում գործող , նաև ՝ այլ պետություններից ներթափանցած զինված խմբավորումների, նրանց կողմից պետական նշանակության օբյեկտներին սպառնացող վտանգի դեպքում:

Նշենք, որ այս տարբերակում գրված է, որ եթե զինված խմբավորումների գործունեությունը հնարավոր չէ կանխել միայն ոստիկանության և ԱԱԾ ուժերի միջոցներով, ապա այս պարագայում զինված ուժերը կարող են ներգրավվել:
ՀՀԿ–ական պատգամավոր Կորյուն Նահապետյանն էլ մեզ հետ զրույցում այն կարծիքը հայտնեց, որ լրամշակված տարբերակում այս մասով որոշակի փոփոխություն կատարվել է, այսինքն՝ ամրագրվել են հիմքեր:
Նշելով նաև, որ օրենքի նախագիծն անցել է միջագային փորձաքննություն և Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ որևէ մտահոգություն արտահայտված չի եղել այս հարցի օրենսդրական կարգավորման կապակցությամբ, ՀՀԿ-ական պատգամավորը նաև ասաց, որ այլ երկրների սահմանադրական փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշակի բացառիկ դեպքերում, թույլատրելի է համարվում ԶՈւ ներգրավումը: Ըստ Կորյուն Նահապետյանի՝ այլ հարց է, որ կարող է քննարկվի, թե որքանով են այդ դեպքերը բացառիկ:

Հարցադրմանը, որ բանակը առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում արտակարգ ռեժիմի պայմաններում ներգրավվում էր որպես «բուն մասնակից», իսկ այժմ՝ որպես «հետևանքների մասնակից», «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն արձագանքեց հակիրճ՝ «Ճիշտ չեն ասում»:

Ինչ վերաբերում է մյուս վիճահարույց կետին՝ դրա հակասահմանադրականության վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության պնդումներին, ապա Ստեփան Սաֆարյանը կրկնեց. «Իրականում դրանք ոչ մի կերպ չեն փոխել օրենքի նախագծի հակասահմանադրական էությունը և լրամշակման տակ կառավարությունն ուղղակի պարտավոր էր նախագիծը համապատասխանեցնել Մայր օրենքի պահանջներին»: 

Հիշեցնենք, որ «Ժառանգությունը» բարձրացնում էր նաև արտակարգ դրության պայմաններում ԱԺ –ի դերի խնդիրը: Մասնավորապես, ըստ «ժառանգության» պատգամավորի՝ օրենքն այնպես է գրված, որ խորհրդարանը կարող է չեղյալ ճանաչել որոշ գործողություններ միայն հետագայում: Մինչդեռ, ըստ Սաֆարյանի, Սահմանադրությունը պառլամենտին լիազորում է այդ դերը, որը կարող է իրացվել հատուկ նիստում, իսկ այս շարադրմամբ այդ հատուկ նիստը լրիվ կորցնում է իմաստը:

Մաշտոցի պուրակը պաշտպանում են նաև «Հեծանիվ+»-ի անդամները


Այսօր «Հեծանիվ պլյուս» հասարակական կազմակերպության մի շարք հեծանվորդներ միացել են Մաշտոցի այգու բնապահպաններին: Նախքան այդ նրանք հեծանվավազքով անցան Երևանի կենտրոնական փողոցներով և անցորդներին բաժանեցին թռուցիկներ, որոնցում կոչ էր արվում միանալ Մաշտոցի այգում կրպակների տեղադրման դեմ պայքարող բնապահպաններին ու սոցիալական խմբերին: «Հեծանիվ պլյուս» ՀԿ –ի անդամները փորձեցին հեծանավարժանքներ կազմակերպել այգու տարածքում, սակայն այս պահին վարժանքները դադարեցված են, քանի որ այգին պատված է սառույցով: Հեծանվորդները նախ բնապահպանների հետ բահերով սառույց են կոտրում, իսկ հեծանվավարժանքները մտադիր են անցկացնել մեկ այլ օր: Այս մասին Tert.am –ին ասաց «Հեծանիվ պլյուս» ՀԿ-ի նախագահ Սամվել Հովհաննիսյանը:
Այսօր առավոտյան այգու ակտիվիստներին են միացել նաև գյումրեցի մի քանի բնապահպաններ: Նրանցից Հայկ Բարսեղյանը ասաց, որ չնայած իրենց քաղաքում էլ խնդիրները քիչ չեն, բայց իրենց պարտքն են համարել կտրել 120 կիլոմետր՝ «երևանցիների անտարբեր հատվածին» կոչ անելով միանալ ակտիվ հատվածին և պայքարել Երևանի համար:
Ըստ բնապահպանների՝ վաղը Մաշտոցի այգի կգան նաև վանաձորցի բնապահպանները:
Նշենք նաև, որ այգում նախապես հայտարարված միջոցառումներն անցնում են ըստ ժամանակացույցի. Այսօր հին Երևանի լուսանկարաների ցուցանահես է, որոնք խոսուն կերպով ցույց են տալիս նոր Երևանի շինությունների փոխարեն հին Երևանի կանաչ տարածքները: 

Հայկ Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործով առաջիկայում սենսացիոն բաներ են սպասվում


Երկուշաբթի օրը «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանի փաստաբանը Վերաքննիչ դատարան է ներկայացնելու դատական հայց ընդդեմ Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ լրագրողին կալանքի սանկցիա տալու հունվարի 23-ի որոշման դեմ, այս մասին Tert.am–ին հայտնեց Հայկ Գևորգյանը:
Որպես վերջնանպատակ կա նաև մտադրություն դիմելու ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական գործ հարուցելու ՀՀ ՃՈ քննչական բաժանմունքի քննիչ Աշոտ Ասատուրյանի դեմ, որը, ըստ Հայկ Գևորգյանի, կալանքի սանկցիայի միջնորդությունը ներկայացնելիս ակնհայտ կեղծ տեղեկությունն էր տրամադրել դատարանին, «որի հիման վրա էլ դատարանը կայացրել էր ապօրինի որոշում»:
Հիշեցնենք, որ «ՀԺ»-ի րագրողը կալանավորվեց, ապա վերահսկող դատախազի որոշմամբ նրա նկատմամբ ընտրվեց քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը՝ այս տարվա հունվարի 13-ի քաղաքացի Աշոտ Ֆրանգուլյանին վրաերթի ենթարկելու և նրան դեպքի վայրում թողնելու մեղադրանքով:
Հայկ Գևորգյանի մեկնաբանությամբ՝ եթե դատարանը «թղթերը ուշադիր նայեր», ապա կտեսներ, որ կան կեղծ փաստական տվյալներ: Մասնավորապես խոսքն այն մասին է, որ քննիչի միջնորդության մեջ որը հիմնավորում էր լրագրողին կալանավորվելու անհրաժեշտությունը, նշվում է, որ նա մինչև հունվարի 20-ը կանչվել է հարցաքննության, սակայն չի ներկայացել: Մինչդեռ հայտնի է, որ քրեական գործը հարուցվել է հունվարի 20-ին, և, հետևաբար, Հայկը չէր կարող կանչվել «հարցաքննության», որովհետև հարցաքննություն կատարվում է, եթե կա քրեական գործ:
Հայկ Գևորգյանը նաև ասաց, որ Կենտրոն Նորք-Մարաշ վարչական համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի (նույն դատարանի նախկին նախագահ Ժորա Վարդանյանի որդին և «Մարտի 1-ի» գործով ՀՔԾ նախկին քննիչ) ընդունած որոշման մեջ կա զավեշտի հասնող նախադասություն, ըստ որի, Հայկ Գևորգյանը Աշոտ Ֆրանգուլյանին վրաթերթի է ենթարկել 2012 թ. հունվարի 13-ին, սակայն նրա նկատմամբ քրեական գործ հարուցվել է դեռևս 2011 թ.մարտի 15-ին:
Ամփոփելով՝ Հայկ Գևորգյանն ասաց, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործով առաջիկայում սենսացիոն բաներ են սպասվում, որոնց առայժմ չի անդրադառնում, բայց ասաց, որ Աշոտ Ֆրանգուլյանի ոտքի դատաբժշկական փորձաքննության եզրակացության` իրեն տրամադրված օրինակի կեսը սպիտակ է ֆոտոպատճենահանումից:
Հայկ Գևորգյանի և Աշոտ Ֆրանգուլյանի միջև որևէ առերես հարցաքննություն չի կատարվել, քանի որ լրագրողն, ինչպես հայտնի է, հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Իսկ առերես հարցաքննությունները կատարվում են քրեական գործով անցնողների՝ իրար հակասող ցուցմունքների դեպքում:
«Ինձ համար ցուցմունքներից հրաժարվելը սկզբունքի հարց է: Նախ, իրենք պետք է ապացուցեցեն, որ ես մեղավոր եմ, և երկրորդ, ես չեմ վստահում ոստիկանական համակարգին ու գիտեմ, որ այդ համակարգի ղեկավարն է սարքել այս գործը»,- ասաց Հայկ Գևորգյանը:
Լրագրողն ասաց նաև, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում «ոչ մի քննչական գործողություն» չի կատարվում: Մեկ անգամ կանչվել է և վերադարձրել են կալանքի ժամանակ առգրավված իրերը՝ ֆոտոխցիկ, գրիչ, ձայնագրիչ:
Իսկ «ՀԺ»-ի մեքենան, որով ըստ ոստիկանության՝ կատարվել է վրաերթը, դեռ չի վերադարձվել:

Անահիտ Բախշյանը ոչ ժխտում, ոչ հաստատում է մեծամասնականով առաջադրվելու մասին լուրերը


Մամուլում երեկ տեղ գտած լուրերի համաձայն «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների համատեղ համամասնական ցուցակում տեղ չեն գտել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստաջյանն ու Անահիտ Բախշյանը: Այս հանգամանքը տիկին Բախշյանը որակեց որպես որոշ մարդկանց երազանք:
«Նախ, եթե մենք դեռևս համագումար չենք ունեցել և ոչինչ չենք հրապարակել, ո՞վ է իրենց իրավունք տալիս ցուցակներ հրապարակել: Ամեն ինչ դեռ քննարկման փուլում է»,-ասաց նա:
Անահիտ Բախշյանը ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց այն լուրերը, որ հնարավոր է ինքը առաջադրվի մեծամասնական ըտրակարգով: Իսկ այն հարցին, թե արդյոք պատգամավորը ունի այնքան միջոցներ մրցելու մեծամասնակով առաջադրվող գործարարների հետ, նա պատասխանեց. «Ես բիրտ ուժին հակադարձելու եմ քաղաքակիրթ միջոցներով, մարդկանց այլընտրանք եմ առաջարկելու: Իհարկե չեմ կարող ասել, թե մեր օրերում դա իրական է, բայց նաև չեմ կարող չհավատալ մեր կուսակցության ուժին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի Անահիտ Բախշյանը մտադիր է առաջադչվել թիվ 12 ընտրատարածքում, որտեղ ներկայիս պատգամավորը ԲՀԿ–ական Վերսանդիկ Հակոբյանն է։ Մամուլի հրապարակումների համաձայն ՀՀԿ–ԲՀԿ պայմանավորվածության համաձայն այս ընտրատարածքը «թողնվել է» ԲՀԿ–ին, սակայն ԲՀԿ–ն դեռևս չի կողմնորոշվել ում առաջադրել այս ընտրատարածքում։
Տիկին Բախշյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչու երեկ ԵԺԿ ընդունվելու կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության կազմակերպած ընդունելությանը ներկա չէր Զարուհի Փոստանջյանը:
«Փոստանջյանը գտնվում է Սյունիքի մարզում` կուսակցական գործերով զբաղվելու` կապված ընտրությունների հետ»,-տեղեկացրեց պատգամավորը։

Հովիկ Աբրահամյանն ու Ալիկ Սարգսյանը վարչապետին չեն ուղեկցում Արարատի մարզ


ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, Հայաստանի Հանրապետական Կուսկացության նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանն ու ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը չէին ուղեկցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` Արարատի մարզում ՀՀԿ ակտիվի հետ այսօր կայացած հանդիպմանը:
Նշենք, որ արդեն մի քանի շաբաթ վարչապետն այցելում է մարզեր, հանդիպում ՀՀԿ ակտիվի հետ և քննարկում կուսակցության նախընտրական ծրագիրը:
Արարատի մարզկենտրոն Արտաշատ քաղաքում վարչապետ Սարգսյանը, նախ կրթությանն անդրադառնալով նշեց, որ պետությունը պետք է ուշադրություն դարձնի սոցիալապես անապահով խավի կրթությունը ֆինանսավորելուն, և դրանով էլ պետությունը կնպաստի նրանց վիճակի բարելավմամբ:
Ըստ Սարգսյանի՝ այսուհետ ստեղծվելու են պայմաններ, և բուհ ընդունվելը կլինի շատ հեշտ, իսկ ավարտելը կլինի շատ դժվար:
Առողջապահության ոլորտին անդրադառնալով, վարչապետը նշեց, որ պետությունը պետք է հոգ տանի, որպեսզի առողջապահությունը հասանելի բոլորի խավերին։
Գյուղատնտեսությանն անդրադառնալով Տիգրան Սարգսյանն ասաց, որ Հայաստանում կա ավելի քան 340 հազար գյուղացիական տնտեսություն.«Սա շատ ահռելի ցուցանիշ է, և մենք պետք է ձեռնարկենք բոլոր միջոցառումները, որ գյուղացին չձգտի գալ քաղաք, այլ պետք է այնպես անել, որ ճանապարհները շատ լավ վիճակում լինեն, և քաղաքում ապրելը այդ դեպքում չի լինի արդիական, ինչպես նաև ինտերնետի հասանելիությունը, և նման շատ հարցեր կան»,- ասաց Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ պետք է մտածել նաև գյուղում արտադրողականության ավելացման մասին:
ՀՀ Վարչապետին հանդիպմանը ուղղեկցում էին Արարտի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը, ՀՀ կառավարության անդամներ, ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչներ:

Ախթալայում տեղի ունեցած դժբախտ դեպքի մասին


Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի ներկայացուցիչներն այսօր կոմբինատում տեղի ունեցած դժբախտ պատահարի վերաբերյալ հրաժարվում են տեղեկություններ հայտնել, քանի դեռ Տեխնիկական անվտանգության մարմինների հանձնաժողովը տեղում չի պարզել, թե ինչ է տեղի ունեցել: Այս մասին Tert.am –ին ասաց Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի մամուլի քարտուղար Լյովա Վարդանյանը:

Նշենք, որ ըստ տեղեկությունների, այսօր ժամը 12:30-ի սահմաններում, կոմբինատի հանքում 22-ամյա Գարիկ Աղճյանը դժբախտ պատահարի արդյունքում գլխի վնասվածք է ստացել և մահացել:
Ախթալայի Լեռնահարստատցուցիչ կոմբինատի արտաքին կապերի գծով տնօրեն Շահնազարյանը կայքերից մեկին ասել էր, որ. հանքաքարի տատանման ժամանակ էլեկտրաքարշի անտոգրաֆը շարժվել է, Գարիկը կաբինկայից գլուխն ու մարմինը դուրս է հանել, որ ուղղի, քարը կպել է գլխին ու սեղմել կողքի պատին:

Այսինքն՝ կատարվածը անվտանգության կանոնների չպահպանման արդյունք է:
22-ամյա Գարիկ Աղճյանը Ախթալայում աշխատում էր մոտ երեք ամիս և եկել էր Սպիտակ քաղաքից:
Մեր հարցին, թե անկախ եզրակացության արդյունքներից, փոխհատուցում տրվելու՞ է մահացածի ընտանիքին, ընկերության ներկայացուցիչ Լյովա Վարդանյանը նշեց. «Նու, ամեն ձևով կաջակցենք»:
Նշենք նաև, որ կոմբինատը պատկանում է մանկապղծության մեղադրանքով այժմ նազատության մեջ գտնվող Սերոբ Տեր–Պողոսյանին։

Տարիներ շարունակ մենք խլել ենք մեր համազգեստից էն, ինչի իրավունքը չունեինք


ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Գյումրիում աշխատանքային այցով գտնվելու ժամանակ հարցազրույց է տվել «Գալա» հեռուստաընկերությանը՝ անդրադարձ կատարելով ոստիկանական համակարգում սպասվող բարեփոխումներին և, մասնավորապես, համազգեստի փոփոխությանը։
«Եթե մենք փոխում ենք մեր համազգեստը, ուրեմն համազգեստի միջի պարունակությունը պետք է համահունչ լինի էն արտաքին տեսքին, որը մենք մտածում ենք, որ տարիներ շարունակ մեր իսկ անփութության պատճառով մենք խլել ենք մեր համազգեստից էն, ինչի իրավունքը մենք չունեինք, սակայն դա խլել ենք»,– ասել է Վլադիմիր Գասպարյանը։
Վերջինս հավաստել է նաև, որ հիմա ոստիկանությունը ոստիկաններին վերադարձնելու և ոստիկանությունը նոր որակական փոփոխությունների բերելու, ոստիկանին էապես փոխելու ժամանակն է։ Ոստիկանապետը մասնավորեցրել է, որ ոստիկանը չպետք է վախ ու սարսափ լինի հասարակության համար և որպես դրա ապացույց ասել, որ վերջերս ստեղծված պահպանության ծառայության նոր համազգեստի տարբերանշանը խորհրդանշական ձևով կրում է աղավնիու պատկեր։ Ի դեպ, Գասպարյանի հավաստմամբ՝ աղավնին «Հին Կիլիկիո սուրբ Ավետարանից վերցված սուրբ հոգու նշանն է»։
Այնուհետև Գասպարյանը խոսել է կադրային քաղաքականությունից, ասելով, որ կադրային քաղաքականության արդյունքում ոմանք գնացին համակարգից։ «Գնացին համակարգից մարդիկ, որոնք հասկանալով, որ իրենք սպառել են իրենց համակարգում և համակարգն իրենց չի ընդունում։ Նրանք, իհարկե այդքան էլ մեծ թիվ չեն կազմում՝ շուրջ 20 հոգի էդ ահռելի համակարգում։ Իսկ կոնտինգենտը էն ոստիկաններն են, որոնք երկար տարիներ մի տեղ մնալով ուղղակի որոշակի սովորույթներ են ձեռք բերել, և դա բացասական է անդրադառնում արդեն աշխատանքի վրա։ Զբոսաշրջիկներ են, որոնք համակարգում զբոսաշրջիկի կարգավիճակ ունեն»,– ասել է Գասպարյանը։
Իրականացվող բարեփոխումներով, Գասպարյանի հավաստմամբ, ոստիկանությունը բերվում է բացարձակ օրենքի գերիշխանության դաշտ։ «Ինչքանո՞վ մեզ կհաջողվի... Գիտեմ, որ հաջողվում է և գիտեմ որ հաջողվելու է։ Բայց էդ ճանապարհը դժվարին ճանապարհ է և էդ ճանապարհին ուղղակի հասարակության բոլոր խավերի օգնությունն է պետք»,– ասել է նա։
«Գալա» հեռուստաընկերության լրագրողը փորձել է ստանալ նաև Գասպարյանի արձագանքը այսօրվա մամուլում տեղ գտած այն լուրի կապակցությամբ, ըստ որի ոստիկանապետը Գյումրի էր գնալու նաև ընտրություններին ընդառաջ տեղի իրավապահներին «դուխ տալու» և հանձնարարականներ տալու համար։ «Ես հենց «դուխ» բառն էլ կօգտագործեմ։ Իհարկե ոստիկանապետը եկել է «դուխ տալու»։ Ոստիկանապետի ուղղակի պարտավորությունն է ոգևորել անձնակազմին, և խոսքով, և գործով և սեփական օրինակով ցույց տալ, թե ինչումն է բանը։ Իհարկե, ես եկել եմ ընտրությունների համար խոսամ, որի համար և խոսում ենք։ Որովհետև դա ոստիկանության ամենակարևոր գործառույթն է լինելու մի քանի ամսից»,– ասել է Ոստիկանապետը և հավելել,– «Մենք ունեցանք փորձ՝ համայնքների ընտրությունները, և ոստիկանությունն իր առաջին քննությունը հանձնեց։ Ոստիկանությունը չունեցավ ոչ մի արտակարգ իրավիճակ։ Իհարկե ինձ մտահոգում են ընտրությունները, և համոզված եղեք, որ մայիսին ավելի լավ ենք պատրաստված լինելու ընտրություններին։ Բոլոր պայմանավորվածությունները ձեռք ենք բերել»։

Sunday, February 19, 2012

Իրանն առաջարկում է «Վեցնյակի» բանակցություններն անցկացնել Ստամբուլում



Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին կիրակի օրը հայտարարել է, որ Իրանը կողմ է իր երկրի միջուկային խնդրի վերաբերյալ միջազգային միջնորդների «Վեցնյակի» հետ բանակցությունները հնարավորինս շուտ սկսելուն /ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամները և Գերմանիան/:

Իրանական ИСНА գործակալության հաղորդմամբ` Ալի Աքբար Սալեհին հանդես է եկել առաջարկությամբ` այդ բանակցություններն անցկացնել Ստամբուլում, սակայն չի ճշտել հնարավոր ժամկետները:

Նախարարը հիշեցրել է, որ փետրվարին Եվրամիության արտաքին գործերի բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին ուղղված նամակում Թեհրանը տեղեկացրել է նման բանակցություններին իր պատրաստակամության մասին: «Մենք պատասխանի ենք սպասում»,-ընդգծել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:

Փախուստի դիմելիս ձերբակալվել է


«Առաջին լրատվական»-ի հավաստի տեղեկություններով այսօր Սադախլո անցակետում փախուստի փորձ կատարելից ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալ գնդապետ Հայկ Ստեփանյանը: Հայտնի է, որ Հայկ Ստեփանյանը տարիներ ի վեր եղել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը:

Գնդապետ Հայկ Ստեփանյանը
Հայկ Ստեփանյանը եղել է Վլադիմիր Գասպարյանի տեղակալը Ռազմական ոստիկանությունում, ապա Վլադիմիր Գասպարյանի Պաշտպանության փոխնախարար նշանակվելուց հետո եղել է նրա օգնականը: Վերջինիս ՀՀ Ոստիկանապետ նշանակվելուց հետո նշանակվել է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալ:

Մեր հավաստի տեղեկություններով, Հայկ Ստեփանյանի՝ ռազմական ոստիկանությունում ծավալած բազմամյա ապօրինությունների մասին ՀՀ նախագահականում ամիսներ շարունակ նյութեր են կուտակվել, որոնք էլ հիմք են հանդիսացել, որ վերջինիս ԱՄՆ-ից վերադառնալուն պես նա ՀՀ ոստիկանապետի կողմից պաշտոնանկ արվի և ձերբակալվի:
Հայկ Ստեփանյանի առանձնատունը Լոս Անջելեսի Բըրբենկ քաղաքում

Իսրայելը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Իրանի հարցում



Իսրայելի ղեկավարությունը քննարկում է Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծման հարցը, սակայն վերջնական որոշում դեռևս չի կայացրել:

Այս մասին հայտնել է «Հաարեց» թերթը` հիմնվելով ԱՄՆ ադմինիստրացիայի բարձրաստիճան ներկայացուցչի հայտարարության վրա: Աղբյուրը չի ցանկացել հայտնել իր անունը:

«Մենք կարծում ենք, որ Իսրայելը դեռևս չի որոշել` արժե՞ արդյոք, որ ինքը հարձակում գործի: Սակայն ակնհայտ է, որ ռմբակոծման առաջարկը լրջորեն քննարկվում է»,- ասել է աղբյուրը:

ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի խոսքերով` ինքը նման եզրահանգման եկել է Երուսաղեմից Վաշինգտոն եկող տեղեկատվությսն հիման վրա:

Իրանը դադարեցրել է նավթի վաճառքը ֆրանսիական և բրիտանական ընկերություններին



Ինչպես տեղեկացնում է interfax.ru-ն, Իրանի իշխանությունները որոշում են կայացրել դադարեցնել նավթի առաքումը ֆրանսիական և բրիտանական ընկերություններին: Այս մասին կիրակի օրը հայտարարել են Իրանի նավթի նախարարությունում:

«Նավթի վաճառքը ֆրանսիական և բրիտանական ընկերություններին դադարեցված է»,- ասվում է նախարարության ներկայացուցիչ Ալի Ռեզա Նիկզադ Ռախբարի հայտարարության մեջ:

Friday, February 17, 2012

Արտակարգ դրության օրինագիծը` «հակասահմանադրական»

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծն ընդունելով` իշխանությունը փորձում է օրինականացնել բանակի օգտագործումը ներքաղաքական նպատակներով, իսկ դա հակասահմանադրական է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս համոզմունքը հայտնեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: 

Հիշեցնենք` «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը երեկ ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ է հենց հիմա նման օրինագիծ ընդունվում, Լեւոն Զուրաբյանը ասաց. - «Այն ապօրինությունները, այն բռնությունները, որ խաղաղ ցուցարարների դեմ կիրառվել են 2008 թվականի մարտի 1-ին` Սահմանադրությանը հակառակ ներգրավելով զինված ուժերը, հիմա փորձում են հետին թվով օրինականացնել»:

Երկրորդ պատճառը, ըստ Լեւոն Զուրաբյանի, քարոզչական խնդիր լուծելու` իշխանության մղումն է: - «Իրենց հենց հիմա պետք է ցույց տալ ժողովրդին, իրենց սատարող քաղաքական հենարանին, որ պատրաստ են ինչ-որ ուժային գործողությունների, նաեւ բանակի կիրառմամբ, իշխանությունը պահելու նպատակով: Սա, իհարկե, զուտ քարոզչական միջոց է` հասարակությունը այլեւս նման բան թույլ չի տա: Այս հակասահմանադրական օրինագծի իմաստը հենց այդ քարոզչության մեջ է` հենց ժողովրդին վախեցնելու, ահաբեկելու նպատակով է», - հայտարարեց ընդդիմադիր գործիչը:

Նախագծի վերաբերյալ ավելի վաղ մտահոգություն էր հայտնել նաեւ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Չորեքշաբթի օրը նա խորհրդարանում հայտարարել էր, որ օրինագիծը իշխանություններին հնարավորություն է տալիս բանակն օգտագործել քաղաքական նպատակներով:

Արձագանքելով կառավարության հեղինակած այս օրինագծի վերաբերյալ քննադատություններին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նախօրեին ԱԺ–ում ասել էր. - «Այդ ո՞ր դրույթն էր, որը անգամ կասկած առաջացրեց, որ բանակը քաղաքականացվում է: Որոշ ձեւակերպումներ են քննադատվում, որոնք ուղղակիորեն կրկնվում են Սահմանադրությունից»:

Բանակի գործառույթները սահմանվում են Սահմանադրությամբ



Իրավաբան Մուշեղ Շուշանյանը պնդում է, որ օրինագծի որոշ ձեւակերպումներ հակասում են Սահմանադրությանը:

«Նախագծի այն դրույթը, որը նախատեսում է, որ զինված ուժերը կարող են օգտագործվել արտակարգ դրության ժամանակ եւ բանակին կարող են տրվել ոստիկանական գործառույթներ, հակասում է Սահմանադրության 8.2 հոդվածին, որը նախատեսում է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց իրավաբան Մուշեղ Շուշանյանը:

Նախօրեին նախարար Հրայր Թովմասյանը հայտարարում էր, թե անհրաժեշտության դեպքում արտակարգ դրության պայմաններում ներգրավվելով, բանակը որպես բանակ հանդես չի գալու եւ կատարելու է ոստիկանության գործառույթները, եթե ոստիկանության ուժերը չբավարարեն:

Մինչդեռ իրավաբան Մուշեղ Շուշանյանը հակադարձեց, որ Սահմանադրության մեջ հստակ նախատեսված է, թե ինչ կոնկրետ գործառույթներ ունի բանակը եւ ոստիկանական գործառույթներ դրանցում չկան:

«Բանակը այլ գործառույթ իրականացնել` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն չի կարող: Օրենքով բանակին վերապահել այլ գործառույթներ` հակասահմանադրական է», - հայտարարեց փաստաբանը:

Թուրքիան ՆԱՏՕ-ին թույլ չի տա հետախուզական տվյալներ կիսել Իսրայելի հետ


Թուրքիան թույլ չի տա որևէ երրորդ երկրի, մասնավորապես Իսրայելին, օգտագործել ՆԱՏՕ-ի ռադարների համակարգով ձեռք բերված հետախուզական տվյալները: Նման հայտարարություն է արել այդ երկրի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, հաղորդում է al-Arabiya-ն:
«Մենք երբեք թույլ չենք տա որևէ երրորդ երկրի ՆԱՏՕ-ի որևէ հիմնարկ օգտագործի: Մեր դիրքորոշումն էլ առավել պարզ կլինի, եթե այդ երկիրը մասնավորապես Իսրայելը լինի», - ասել է Դավութօղլուն ՆԱՏՕ-ի ղեկավար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ Անկարայում կայացած հանդիպումից հետո լրագրողների համար հայտարարություն անելիս:
Ավելի վաղ որոշ արտասահմանյան ԶԼՄ-ներ տեղեկություն էին տարածել, թե ԱՄՆ-ն ու Իսրայելը համատեղ հրթիռի փորձարկում են ձեռնարկել` Թուրքիայի արևելյան մասում ՆԱՏՕ-ի ռադարներից ստացված տվյալների հիման վրա:
ՆԱՏՕ-ի պաշտպանական նախագծերի շրջանակում անցած տարի Անկարան թույլատրել էր հարավ-արևելյան Մալաթիա քաղաքի մերձակա ռազմական բազայում նախազգուշական ռադար տեղակայել:
Ռասմուսենը, նույն հարցի շուրջ ասել է, թե տվյալները տարածվում են միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև, այն էլ պաշտպանական նպատակներով: ՆԱՏՕ-ի ղեկավարը շրջանցել էր Իսրայելի գործոնը:
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է 1952-ից, Իսրայելը ՆԱՏՕ-ի անդամ չի հանդիսանում:

Պակիստանը խոստացել է պատերազմի սկսման դեպքում պաշտպանել Իրանին


Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին հայտարարել է, որ Իրանի վրա ռազմական գրոհի դեպքում պաշտպանելու է իսլամական այդ երկրին:
Ինչպես հաղորդում է իրանական Press TV հեռուստաընկերության կայքը, Զարդարին նման հայտարարությամբ հանդես է եկել Աֆղանստանի և Իրանի առաջնորդների հետ ունեցած հանդիպումից հետո Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ–ի հնարավոր հարձակման մասին լուրերը ԶԼՄ–ներում տարածվեցին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ)՝ Իրանի մասին վերջին զեկույցի հրապարակումից հետո։ Զեկույցում նշվում էր այն մասին, որ Իրանը «մոտ է միջուկային զենքի ստեղծմանը»։
Զեկույցի հրապարակումից հետո բրիտանական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե այդ հարձակումը հնարավոր է՝ տեղի ունենա մինչև 2011թ. դեկտեմբերի 25–ը։
Վերջերս ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան կարծիք էր հայտնել, որ Իսրայելն Իրանի վրա կարող է հարձակվել այս տարվա գարնանը:
Զարդարին հավելել է, որ Իսլամաբադը թույլ չի տալու, որպեսզի Իրանի և Պակիստանի միջև  հարաբերությունները «դրսի ուժերի ճնշման ներքո» փչանան:
Պակիստանի նախագահը վստահեցրել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև կոնֆլիկտում «որևէ օգնություն» չի ցուցաբերելու ամերիկյան կողմին:

Ռուսաստանի Սևծովյան նավատորմին առաջարկվում է վերադարձնել Սևաստոպոլի նավամատույցները կամ վճարել


Ռուսաստանի Սևծովյան նավատորմը Սևաստոպոլում շահագործում է 38 նավամատույց, որոնք ներառված չեն վարձակալական հիմունքներով միջկառավարական համաձայնագրում: Ինչպես հաղորդում է newsru.ua-ն, Սևաստոպոլի քաղաքային կառավարման փոխնախագահ Սերգեյ Սավենկովը լրագրողներին հայտնել է, որ իրենք այս փաստը բացահայտել են գույքագրման ժամանակ:
«Այդ իսկ պատճառով հարց է առաջանում` կարիք կա՞ դրանք վերադարձնել քաղաքին, թե դրանց դիմաց փոխհատուցում տրամադրել: Եվ այժմ մենք, որպես հյուրընկալ տանտերեր, բնականաբար, հարց ենք բարձրացնում. ինչպե՞ս անել և ինչ անել, որ արդար լինի», - ասել է նա:
Սավենկովի խոսքով` պատմականորեն այնպես է դասավորվել, որ նավամատույցների ավելի քան 50%-ն օգտագործում է Սևծովյան նավատորմը:
«Սակայն շատ նավամատույցներ ու տարածքներ ծանրաբեռնված չեն ու չեն շահագործվում այնպես, ինչպես պետք է…Ռուսաստանին առաջարկվում է սեփականաշնորհել այդ տարածքները, ներդրումներ կատարել, որպեսզի քաղաքն ու նավահանգիստը զարգանան ոչ միայն ռազմական ուղղությամբ», - ասել է Սևաստոպոլի քաղաքային պետական կառավարման փոխնախագահը:
Նրա խոսքով` Ռուսաստանին առաջարկվել է վեց խոշորագույն պիլոտային ծրագիր:
2009 թ.-ին հուլիսին Ուկրաինան հերթական անգամ կոչ էր արել Ռուսաստանին անհապաղ վերադարձնել Ուկրաինայի նավիգացիոն- հիդրոգրաֆիական ունեցվածքը, որն ապօրինի շահագործում է ՌԴ Սևծովյան նավատորմը: Ուկրաինան պնդում է 35 նավիգացիոն օբյեկտի հետ վերադարձման մասին, սակայն ռուսական կողմը հրաժարվում է կատարել ուկրաինական դատարանների որոշումը:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ՀՔԾ-ից նամակ չի ստացել


ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը որևէ նամակ չի ստացել Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ), որը քննում է կրկնակի քվեարկության վերաբերյալ «Հայկական պառլամենտարիզմի կենտրոն»-ի ղեկավար Ռուբեն Թորոսյանի դիմումը։
«Եթե նամակը ստացվի, կքննարկվի»,- Tert.am-ին ասաց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանը՝ ի պատասխան մեր հարցդարմանը, թե ինչ դիրքորոշում ունի Սամվել Նիկոյանը պատգամավորների` ուրիշ փոխրեն քվերակելու փաստի վերաբերյալ:
Նշենք, որ ՀՔԾ-ն երեկ հաստատել էր, որ քննարկում է «Հայկական պառլամենտարիզմի կենտրոն»-ի ղեկավար Ռուբեն Թորոսյանի դիմումը, որով վերջինս պահանջում է քրեական գործ հարուցել «Հայաստանի հանրապետական կուսակցության» պատգամավորներ Գագիկ Մելիքյանի, Հերմինե Նաղդալյանի, Արեգ Ղուկասյանի և Արա Բաբլոյանի դեմ` լիազորությունների գերազանցման և ուրիշի փոխարեն քվեարկելու համար:
Ազգային ժողովի նախորդ քառօրյայի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը քվեարկությունից հետո դիմել էր ԱԺ նախագահությանը՝ հայտարարելով, որ նշված հանրապետական պատգամավորները քվեարկել են ուրիշի փոխարեն։

Դատախազ Դ.Բարոյանը հեռացվել է աշխատանքից գիշերային ակումբում անվայել վարքի համար

2012թ. փետրվարի 17-ին ստացվել է ահազանգ Արմավիրի մարզի դատախազության աշխատակցի կողմից դատախազին ոչ հարիր վարքագիծ դրսևորելու վերաբերյալ, ինչը հաստատվել է, այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության կայքից: 

Պարզվել է, որ Արմավիրի դատախազության դատախազ Դավիթ Բարոյանը 2012թ. փետրվարի 16-ի լույս 17-ի գիշերն ընկերոջ հետ միասին գնացել է իր բնակության վայրին մոտ գտնվող գիշերային ակումբ, որտեղ չարաշահել է ալկոհոլը եւ թույլ տվել դատախազին ոչ հարիր վարքագիծ: Այդ հանգամանքը հաստատել է նաեւ Դ.Բարոյանը եւ զղջացել կատարվածի համար:

Նշենք, որ ըստ առանձին կայքերի՝ դատախազը մերկացել է, պարել գիշերային ակումբում, այնուհետև այդ փողոց է դուրս եկել և սեռական բնույթի ինչ-որ շարժումներ է կատարել և հայհոյել:

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով 2012թ. փետրվարի 17-ին նա հեռացվել է դատախազության համակարգից:

Ոստիկանությունը պարտավոր է համարժեք միջոցներ ձեռնարկել


ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Մաշտոցի այգու խնդրի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
Երևանի Մաշտոցի պողոտային հարող այգում մի խումբ քաղաքացիներ փետրվարի 16-ին և 17-ին փորձում են կասեցնել ընթացող շինարարական աշխատանքները:

ՀՀ ոստիկանությունը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կոչված լինելով ապահովելու հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը, պարտավոր է համարժեք միջոցներ ձեռնարկել, որպեսզի մի կողմից` ապահովի պաշտոնապես թույլատրված շինարարական աշխատանքների անխափան իրականացումը, իսկ մյուս կողմից` պաշտպանի հավաքի մասնակիցների իրավունքները: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է գիտակցել, որ թույլատրված շինարարական աշխատանքները խոչընդոտելը չի պաշտպանվում հավաքների ազատությամբ, քանի որ հավաքների խաղաղ իրականացումը բացառում է ներկայացված պահանջների հարկադրաբար կենսագործումը հավաքի մասնակիցների կողմից: Նման գործողությունները կարող են որակվել որպես ինքնիրավչություն և առաջացնել վարչական պատասխանատվություն: Հասարակական կարգի և հասարակական անվտանգության խախտումների առնչությամբ ոստիկանության ծառայողի օրինական պահանջները չկատարելը նույնպես հանգեցնելու է վարչական պատասխանատվության:
Իրավիճակի անհարկի սրումը և դրանով պայմանավորված` վարչական հարկադրանքի կիրառումը բացառելու համար ՀՀ ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին ձեռնպահ մնալ շինարարական աշխատանքները խոչընդոտող գործողություններից, և իրենց բողոքն արտահայտել «Հավաքների ազատության մասին» օրենքին համապատասխանող եղանակներով:

Սա նախաձեռնություն չի, սա պոռթկում է

Մաշտոցի այգում սկիզբ առած բողոքի ակցիան «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը համեմատում է ԽՍՀՄ–ի փլուզման պատճառ դարձաձ հասարակական ընդվզման նախնական դրսևորումների հետ, որոնք, ըստ նրա, ևս «բնապահպանական արմատներ» ունեին։

«Սա նախաձեռնություն չի, սա պոռթկում է, որը ընթացքում դառնում է նախաձեռնություն, հետո դառնում է հասարակություն, իսկ դա էլ դառնում է հեղափոխություն»,– ասաց Տիգրան Խզմալյանը՝ մեր այն հարցին ի պատասխան, թե ինչ գնահատական ունի նա այս նախաձեռնությանը և բնապահպանների վճռականությանը: Տիգրան Խզմալյանը հիշեց 80 ականների վերջին փլուզված Խորհրդային կայսրությանը. «Մենք այն ժամանակ երիտասարդներ էինք, ու ամեն ինչ սկսվեց բնապահպանական միտինգներից և հետո ամեն ինչ վերջացավ նրանով, որ փլվեց մի ամբողջ կայսրություն»,- ասաց Տիգրան Խզմալյանը:

Կինոռեժիսորը նշեց, որ քաղաքապետը այստեղ կամակատար է, և նրան չէ, որ պետք է մեղադրել. «Պետք չէ խառնել գործիքներին և գործող անձնանց: Այն մարդը, ով իրեն համարում էր խամաճիկների թատրոնի ռեժիսոր, չի նկատում, որ ինքն է այս ամենում դառնում խամաճիկ»,- եզրափակեց Տ. Խզմալյանը: 

Մեզ հետ զրույցում «Սարդարապատ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանն կարևոր համարեց այն, որ եթե առավոտյան ակտիվիստները 10 հոգի էին, իսկ ոստիկանները 60, երեկոյան կողմ պատկերը արդեն այլ էր, ոստիկանները դարձան 10 իսկ ակտիվիստները 60-ից ավել:

Նշենք, որ այսօր առավոտից բնապահպան ակտիվիստները պայքարում էին Մաշտոցի այգում իրականացվող շինարարության դեմ։ Չնայած առավոտից ոստիկանության ստորաբաժանումները հատուկ ռեժիմով ծառայություն էին իրականացնում, սակայն ակցիայի մասնակիցների թիվը օրվա ընթացքում գնալով աճում էր: Երեկոյան կողմ բնապահպանները հատարարություն էին ընդունել, որ իրենք չեն հեռանա, մինչև այգի չգա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Ավելի ուշ, սակայն, բնապահպանները մեկ այլ որոշում ընդունեցին, ըստ որի քաղաքապետին իրենք Մաշտոցի այգում կսպասեն վաղը, իսկ եթե վաղն էլ քաղաքապետը չեկավ, ապա ակցիան կշարունակվի արդեն երկուշաբթե, բայց արդեն քաղաքապետարանի դիմաց։

Արդարադատության նախարարությունն ապօրինի կերպով է գրանցել ՍԴՀԿ ատենապետին


«Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) ընդդիմադիր դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «ՀՀ Արդարադատության նախարարությունը բացարձակ ապօրինի կերպով գրանցել է նոր «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն», ակնհայտորեն ցանկանալով ուզուրպացնել Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող «Հնչակյան կուսակցությունը» և հանձնել այն իր կողմից կառավարվող անհատներին»:
«Վերջին մի քանի օրերին սա արդեն երկրորդ դեպքն է, երբ իշխանությունների կողմից հետապնդման թիրախ է ընտրվում Կոնգրեսի մաս կազմող կուսակցություն: Մի քանի օր առաջ վարչախումբը ապօրինաբար, իրեն հպատակ դատական իշխանության օգնությամբ, ըստ էության խլեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության գրասենյակը»,– ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ երեկ «Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության» ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը նամակ է ստացել Արդարադատության նախարարությունից, որով ծանուցվել է, որ այսուհետև նշված կուսակցության ատենապետը Գևորգ Պերկուպերկյանն է:

«Տեսնելով Հայ Ազգային Կոնգրեսի` գնալով աճող հեղինակությունը, վարչախումբը մարտահրավեր է նետել Սահմանադրությամբ երաշխավորված ևս մեկ հիմնարար ազատության` միավորումների ազատությանը:
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է վարչախմբի այս ապօրինի քայլերը և պահանջում անմիջապես դադարեցնել «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան» և «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունների նկատմամբ սանձազերծված իրավական կամայականությունները»,– ասվում է ՀԱԿ հայտարարությունում:

Ընտրություններից առաջ ՀՅԴ–ը նոր անդամներ չի ընդունում


«Հայ հեղափոխական դաշնակցությունն» ընտրություններից առաջ կասեցնում է կուսակցություն նոր անդամների ընդունման գործընթացը, այս մասին Tert.am-ին ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը՝ հավելելով, որ այսկերպ ցանկանում են կանխել պատեհապաշտների մուտքը կուսակցություն:
«Դաշնակցությունն ընտրությունների նախօրեին մարդիկ չի ընդունում, որովհետև կարող է մեկ լավ մարդ գա, օրինակ՝ Օսկանյանի նման, բայց տասը հատ էլ կարիերիստ»,- ասաց Արտաշես Շահբազյանը:
Նշենք, որ այսօր մամուլում տեղեկություն կար այն մասին, որ ՀՅԴ-ի համամասնական ցուցակի առաջին հինգ հորիզոնականներն արդեն հստակեցված են հետևյալ հերթագայությամբ. Հրանտ Մարգարյան, Վահան Հովհաննիսյան, Արմեն Ռուստամյան, Դավիթ Լոքյան և Լևոն Մկրտչյան:
Արտաշես Շահբազյանը, նշելով , որ ողջ կուսակցությունում որևէ մարդ չկա, որ նման ցուցակի մասին տեղյակ լինի, ասաց, թե նման լուրերը «մանր և էժանագին» մարդկանց կողմից են շրջանառվում: 

ՕԵԿ-ական նախկին պատգամավորը մանդատից հրաժարվելու իր դիմումը հետ է պահանջել

ՕԵԿ խմբակցության նախկին անդամ Գագիկ Բաղդասարյանն այսօր պատգմավորական մանդատից հրաժարվելու մասին ԱԺ նախագահին տված իր դիմումը հետ է պահանջել: Tert.am-ի հետ զրույցում նա հայտարարեց, որ այսօր առանձնակի բարձր տրամադրություն ունի ոչ միայն այդ պատճառով, այլ որովհետև այսօր նաև իր ծննդյան օրն է: «Ես նման որոշման եմ եկել` հաշվի առնելով այն անարդարությունները, որոնք հետագայում իրենք ցույց տվեցին»,- ասաց նա: 

Նախկին ՕԵԿ-ական պատգամավորը դեռևս չի կողմնորոշվել, թե որ կուսակցության հետ կշարունակի իր ճանապարհը: «Ես միանալու եմ այն ուժեին, որը իսկապես օրենքի ու արդարության կրող է»,- ասաց նա և հավելեց, որ ինքը խնդիր չունի ընտրություն կատարելու մեջ: 
Գագիկ Բաղդասարյանը նաև ասաց, որ իրավաբնորեն ՕԵԿ-ը չի կարող պարտադրել իրեն վայր դնելու մանդատը: 

Հրազդանի գործող քաղաքապետը վերընտրվեց

Ըստ թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության, Հրազդանում երեկ տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արամ Դանիելյանը Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի հավաքած ձայներից 1573-ով ավելի քվե է ստացել: Արամ Դանիելյանի օգտին քվեարկել է 13 հազար 79 ընտրող, իսկ Սասուն Միքայելյանը ստացել է 11 հազար 506 ձայն: 

Վերջին տվյալներով ընտրություններին մասնակցել է 25 հազար 477 ընտրող, կամ ընտրողների ընդհանուր թվի 58 տոկոսը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը ընտրությունների ընթացքը գնահատեց «նորմալ», մինչդեռ ընդդիմադիր թեկնածուն՝ Սասուն Միքայելյանը, դժգոհեց՝ պնդելով, որ Հրազդանում ընտրակաշառքներ են բաժանվել։

Երեկոյան ընդդիմադիր թեկնածուի շտաբում հայտնվել էին համատիրություններից «առգրավված» ցուցակներ։ Սասուն Միքայելյանի շտաբի պետ Հակոբ Ավագումյանը, ներկայացնելով այդ ցուցակները, հայտարարեց, թե դա վկայում է այն մասին, որ համատիրությունները զբաղվել են ընտրակաշառքներ բաժանելով։ Ավագումյանը ասաց, թե իրենք համաձայն չեն ընտրությունների նախնական արդյունքների հետ եւ ավելացրեց, որ Սասուն Միքայելյանի ներկայացուցիչները վերահաշվարկի դիմում չեն ներկայացնի, քանի որ դա անիմաստ են համարում։

Գործող քաղաքապետը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընտրակաշառքների մասին պնդումները «հերյուրանքներ» որակեց։

Youtube կայքում, հիշենենք, տեղադրվել է Սասուն Միքայելյանի վստահված անձի եւ մի ընտրողի երկխոսության տեսագրությունը, որտեղ վերջինս բացահայտ կերպով խոսում է ընտրակաշառք ստանալու մասին:

Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց, որ իրավապահները քննարկման առարկա են դարձրել այդ տեսանյութը:

«Միաժամանակ Կոտայքի մարզի դատախազի հանձնարարությամբ ոստիկանությունում քննարկման առարկա է դարձել նաեւ Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Հակոբ Ավագումյանի հայտարարությունը, ըստ որի 4 հազար կեղծ անձնագրերով քվեարկություն է տեղի ունեցել», - ասաց Տռուզյանը` հավելելով, որ նաեւ քրեական գործ է հարուցվել է ուրիշի փոխարեն քվեարկելու փորձի կապակցությամբ:

Ընտրությունների ընթացքում որոշակի խնդիրներ առաջացան ձայների հաշվարկի ժամանակ։ Մասնավորապես, հաշվարկի հենց սկզբին որոշ ժամանակով հոսանքազրկվեցին 25/3, 25/4 եւ 25/9 ընտրատեղամասերը։ Ընտրատարածքային հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ նախապես հոգացել են այդ մասին եւ մոմեր են բաժանել բոլոր ընտրատեղամասերում։

Ի տարբերություն իշխանական թեկնածուի, որը պնդում էր, թե ընտրությունները նորմալ են անցնում, Սասուն Միքայելյանի շտաբի ներկայացուցիչները առավոտվանից բողոքում էին, որ կնիքներն արդեն թաց են եղել քվեարկության մեկնարկին:

Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը կտրականապես հերքեց դա:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց. - «Առավոտյան որոշ կնիքներ թաց են եղել»:

Ուշագրավ փաստ արձանագրվեց թիվ 25/4 ընտրատեղամասում, որտեղ քվեաթերթիկների, դրանց ելունդների եւ ստորագրությունների թվի անհամապատասխանություն էր հայտնաբերվել․ գրանցված ստորագրությունների թիվը 1014-ն է, ելունդներինը՝ 1021, իսկ քվեաթերթիկներինը՝ 1026։ Ընտրատեղամասի նախագահ, Հանրապետական Մայիս Եղիազարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց՝ «թյուրիմացություն է, փորձում ենք հասկանալ ինչ է եղել»։

Երեկ անցկացված ընտրությունները դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը` պահանջելով անվավեր ճանաչել բոլոր 39 համայնքներում անցկացված ընտրությունների արդյունքները:

ՀՔԾ-ն պատգամավորներին պատժելու հաղորդումն ուղարկել է ԱԺ

Հատուկ քննչական ծառայությունը Ազգային ժողովի նախագահին է ուղարկել փետրվարի 9-ին խորհրդարանում ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորներ Արա Բաբլոյանին, Հերմինե Նաղդալյանին, Գագիկ Մելիքյանին եւ Արեգ Ղուկասյանին պատասխանատվության ենթարկելու մասին «Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանի հաղորդումը, որպեսզի Սամվել Նիկոյանը քննարկի այն: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հատուկ քննչական ծառայության մամուլի բաժնից: 

Ռուբեն Թորոսյանը փետրվարի 11-ին ՀՔԾ-ին ներկայացրած հաղորդման մեջ գրել էր, թե նշված պատգամավորները խախտել են Հայաստանի Սահմանադրությունը եւ Ազգային ժողովի կանոնակարգը: Թորոսյանը իր հաղորդման մեջ նաեւ նշել էր, թե Ազգային ժողովի խոսնակ Սամվել Նիկոյանը եւ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ընդունելով կատարվածը, խախտել են ԱԺ-ի կանոնակարգը եւ կարգապահական որեւէ միջոց չեն ձեռնարկել, ըստ Թորոսյանի, կարգազանց պատգամավորների նկատմամբ:

«Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահը հարցադրում է հնչեցնում, թե ինչո՞ւ է Հատուկ քննչական ծառայությունն իր հաղորդումն ուղարկել Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին:

«Եթե հաղորդումը ուղարկել են Նիկոյանին, ես կարծում եմ սխալ հասցեով են ուղարկել: Հաղորդման այդ կեսը` Նիկոյանի հետ կապված, պետք է հանրապետության նախագահին, այսինքն պետության գլխին ուղարկեին: Հիմա Նիկոյանը իր հետ կապված ինչպե՞ս պետք է ինչ-որ միջոցառումներ նախատեսի», - հարցնում է Թորոսյանը: 

Ռուբեն Թորոսյանը ՀՔԾ-ին խնդրել է իր հաղորդումը քննել` հիմք ընդունելով Քրեական օրենսգրքի 308 եւ 309 հոդվածները, այն է, պաշտոնական լիազորություններն անցնելը եւ չարաշահելը:

«Երեւի մեր Հատուկ քննչական ծառայությունը ի վիճակի չէ տեսնել, պարզել այդ հետեւանքները, այսինքն քվեարկության արդյունքների վրա դա ազդե՞լ է, թե` ոչ, ուղարկել է, որ [ԱԺ-ում] պարզեն: Բացի քվեարկության արդյունքների վրա ազդելուց, կա մեկ այլ հետեւանք, դա ընտրողների իրավունքների ոտնահարումն է: Այսինքն եթե դու քվեարկել ես այլ պատգամավորների փոխարեն, ապա այդ այլ պատգամավորի ընտրողների իրավունքները ոտնահարվել են, այսինքն նրանք հանցանք են կատարել», - ասաց Թորոսյանը:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցմանը, թե ո՞ր օրենքի վկայակոչմամբ է Ռուբեն Թորոսյանի հաղորդումն ուղարկել ԱԺ-ի նախագահին, եւ ինչո՞ւ ՀՔԾ-ն որոշում չի կայացրել քրեական գործ հարուցելու կամ քրեական գործ հարուցելը մերժելու մասին, ՀՔԾ-ից պատասխանեցին, որ Թորոսյանի հաղորդումն ուղարկվել է ԱԺ նախագահի քննարկմանը` «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկման, անձանց ընդունելության եւ գործավարության» կարգի 25-28-րդ կետերի համաձայն:  

«Հատուկ քննչական ծառայությունն ընդունած որոշումների վերաբերյալ մեկնաբանություններ չի տալիս», - գրված է ՀՔԾ-ի պատասխան նամակում` չմասնավորեցնելով, թե հատկապես որ կետն է հիմք ընդունել: 

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկման, անձանց ընդունելության եւ գործավարության» կարգի 25-րդ կետի 1-ին մասով` ՀՔԾ-ն պարտավոր է լուծում տալ ներկայացված դիմումին, 2-րդ մասով` դիմումը լուծման համար ուղարկում է այլ մարմիններ: Իսկ 28-րդ կետով սահմանված է, որ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի գործողության դեմ բողոք պարունակող դիմումը քննարկման համար ուղարկում է դրանց նկատմամբ վերահսկողական լիազորություններ իրականացնող մարմնին կամ պաշտոնատար անձին:  

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել ԱԺ նախագահը, Սամվել Նիկոյանը պատասխանեց, թե դեռ չի ստացել ՀՔԾ-ի ուղարկածը եւ նպատակահարմար համարեց այդ մասին խոսել, երբ ստանա գրությունը:
 
Ւ դեպ, Ռուբեն Թորոսյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այսօր եւս մեկ հաղորդում է ներկայացրել ՀՔԾ, որտեղ նշված է, թե մամուլի հրապարակումներում հայտնաբերել է եւս չորս պատգամավորի անուն, որոնք նույնպես փետրվարի 9-ին քվեարկել են ուրիշի փոխարեն: Այդ պատգամավորներն են` Ռազմիկ Զոհրաբյանը, Համլետ  Հարությունյանը, Ռաֆիկ Գրիգորյանը եւ Միշա  Ստեփանյանը: Ռուբեն Թորոսյանը կից ներկայացրել է նաեւ ուրիշի փոխարեն քվեարկության փաստերն արձանագրող տեսանյութը:

Ուրիշի փոխարեն ութ պատգամավորների քվեարկության հետեւանքով առաջացած այս խառնաշփոթի մեջ ՀՔԾ-ն հայտնվել է առաջին անգամ եւ, փաստորեն, կանգնել է պատգամավորներին պատժելու դժվարության առջեւ:

Իրավաբան Կարեն Մեժլումյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ուրիշի փոխարեն քվեարկելը օրենսդիր իշխանության յուրացում է: Հիշեցնենք` իրենց բացակա գործընկերների փոխարեն պատգամավորների աղմկահարույց քվեարկությունների հետեւանքով խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունված համարեց տասից ավելի նախագծեր, այդ թվում` արտակարգ դրության ժամանակ բանակն օգտագործելու հնարավորություն ընձեռող օրինագիծը:

«Եթե օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է ուրիշ պատգամավորների փոխարեն քվեարկության միջոցով, ապա այն որեւէ իրավական ուժ չի կարող ունենալ», - ասաց իրավաբանը:  

Ընդդիմադիր «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով մշտապես արձանագրում է խորհրդարանում սեղմվող կոճակների եւ պատգամավորների իրական թվի անհամապատասխանությունը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Հիմա ՀՔԾ-ն ուղարկել է այդ դիմումը, որ ի՞նչ: Իրենք շատ լավ աչք են փակելու: Ուղղակի մեկ անգամ եւս ԱԺ-ի մակարդակով մեջտեղ է գալիս այն կեղտը, այլանդակությունները, որոնք երկրում կան»:

Բախշյանը նկատեց` Սամվել Նիկոյանը, ով, ըստ ՀՔԾ-ի, պետք է քննարկի այս հաղորդումը, եւ ուրիշների փոխարեն քվեարկած պատգամավորները նույն թիմից են:

«Իրենք շատ լավ գիտեն, թե ով է ում փոխարեն եւ ինչու քվեարկում», - ասաց նա` հավելելով, որ «Ժառանգություն»-ը մտադիր է Նիկոյանին ուղարկված հաղորդումը դարձնել քննարկման առարկա: