Popular Posts

Saturday, November 17, 2012

հազարավոր քաղաքացիներ պատրաստ են վարչապետի մատնացույց արած այդ 100 -120 հազար դրամ աշխատավարձով աշխատել


Երեկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում վարչապետի այն հայտարարությանը՝ թե անապահով ընտանիքների աշխատունակ անձինք նախընտրում են ստանալ 30-50 հազար դրամ նպաստ, քան աշխատել ու ստանալ 100-120 հազար դրամ աշխատավարձ, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը որակում է վարչապետի կողմից արված հերթական ոչ կոռեկտ արտահայտություն:

«Նա այդ հայտարարությամբ, ըստ էության, վիրավորում է ՀՀ քաղաքացուն: Ստացվում է, որ ՀՀ աշխատունակ քաղաքացին գերադասում է մատնվել անգործության, և ստանալ պետության կողմից իրեն տրվող նպաստը, քան աշխատել, և, ինչպես վարչապետն է նշում՝ ստանալ այդ 100 -120 հազար դրամ աշխատավարձը: Կրկնում եմ՝ Տիգրան Սարգսյանը ՀՀ քաղաքացուն, ըստ էության, ծույլ է որակել»,- ասաց նա:
Նշենք, որ այս մասին այսօրվա իր համարում գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը։

Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ Տիգրան Սարգսյանի այս հայտարարությունից հետո ԲՀԿ են դիմել ՀՀ գործունյա, աշխատունակ քաղաքացիներ՝ խնդրելով վարչապետին փոխանցել հետևյալ հորդորը. «Այս պահին, հենց այսօր, տասնյակ հազարավոր քաղաքացիներ պատրաստ են վարչապետի մատնացույց արած այդ 100 -120 հազար դրամ աշխատավարձով աշխատել, եթե վարչապետը ցույց տա այդ աշխատատեղերի տեղերը»,- նշեց՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը և հավելեց, որ Տիգրան Սարգսյանն ավելի լավ կլիներ, մտածեր՝ «Թե այդ ինչպե՞ս է լինում, որ աշխատանք չունենալու պատճառով երկիրը լքած հայը շատ կարճ ժամանակում, որտեղ էլ որ լինի, կարողանում է արագ կազմակերպվել և պահել իր ընտանիքը, բայց ՀՀ-ում, ըստ իրեն՝ գերադասում է նպաստ ստանալ»:

Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ չի զարմանում, որ Կառավարությունում գերիշխում է այս տրամաբանությունը, և վկայակոչեց շաբաթներ առաջ ԱԺ-ում մի քննարկում, որը վերաբերել է փոքր և միջին ձեռնարկություններին բյուջեի ծախսային մասից հատկացումներին: Եվ, ըստ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարի՝ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը կրկնել է վարչապետի թեզը՝ բառացիորեն ասելով. «Մենք շրջում ենք մարզերում և ականատես ենք դարձել, որ ՀՀ քաղաքացիները գերադասում են նպաստ ստանալ, քան աշխատել»:

Սա Նաիրա Զոհրաբյանը համարում է կործանարար, և նշում, որ Տիգրան Սարգսյանը պետք է ուղղակիորեն պատասխանի, թե ինչ է նկատի ունեցել նման բան հայտարարելով:

Նշենք, որ երեկ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ երեկ որոշել է, որ ՕԵԿ քաղխորհուրդը արձանագրում է, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու ԲՀԿ առաջարկը համահունչ չէ կուսակցության որդեգրած քաղաքական կուրսին, ինչպես նաև ժամանակավրեպ և անընդունելի է՝ ներկա բարդ աշխարհաքաղաքական պայմաններում:


Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ տեղեկացվել են ՕԵԿ քաղխորհդի որոշմանը, և որ այն իրենց օրակարգը չի փոխում: «Մենք կընդունենք այդ տեսակետն ի գիտություն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Էրդողանը արաբական և իսլամական երկրներին համախմբման և ՄԱԿ-ի ԱԽ-ի կառուցվածքը փոխելու կոչ է հղում


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել արաբական և իսլամական երկրներին, փոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կառուցվածքը, հաղորդում է РИА Новости գործակալությունը:

Էրդողանը այսօր երկօրյա այցով ժամանել է Եգիպտոսի մայրաքաղաք, որտեղ արդեն հանդիպել է Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ: Կահիրեի համալսարանում հնչած նրա ելույթը հեռարձակվել է տեղի հեռուստաալիքների կողմից:
 
«Անարդար է, որ միայն 5 երկրներ (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները - խմբ.) կառավարում են ամբողջ միջազգային հարաբերությունները», - հայտարարել է Էրդողանը:

Նա պնդում է, որ անհրաժեշտ է «վերանայել և փոփոխել ինչպես ՄԱԿ-ի կառուցվածքը, այնպես էլ ինքնին Անվտանգության խորհուրդը»:

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի հանդուրժում Ղազայի հատվածի դեմ ագրեսիան և հաստատել է, որ իր երկիրը, «տարածաշրջանի բոլոր երկրների հետ միասնական ճակատով» հանդես կգա Թել Ավիվի Ղազայում ագրեսիվ գործողությունների անհապաղ դադարեցման օգտին:
 
Ըստ mignews.com-ի նա նաև հայտարարել է, որ «Իսրայելը տարածաշրջանը արյան ծովի է վերածել»:
Էչդողանը հայտարարել է, որ «պաղեստինյան արյան յուրաքանչյուր կաթիլ մեր ընդհանուր մուսուլմանական երակներից է հոսում, պաղեստինյան երեխաների աչքերից ընկած արցունքները` նաև մեր արցունքներն են»:
 
«Տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովումը, սկսած Սիրիայից, ուր արյունահեղության պատճառը Դամասկոսի վարչակարգն է, վերջացրած Պաղեստինի և Լիբանանի իրավիճակով` այդ հարցերը Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում են», - ասել է Էրդողանը:

Մեկնածներից 88,2 հազարը չեն վերադարձել Հայաստան

Միջազգային ուղևորափոխադրումների վերաբերյալ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2012 թ. հունվար-հոկտեմբերին Հայաստան ժամանածների և մեկնածների թիվը համապատասխանաբար եղել է 1 մլն 791 հազար 879 և 1 մլն 880 հազար 120: Սալդոն բացասական է` -88241 մարդ:
Ըստ ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության տվյալների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օդային տրանսպորտով, երկաթուղով և ավտոտրանսպորտով մեկնածների և ժամանածների թվերի տարբերությունն աճել է 6,7 հազարով կամ 8,2%-ով: Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում կազմել է 41,8%:
2012թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 381,7 հազար մարդով կամ 11,6%-ով և կազմել՝ 3 մլն 672 հազար մարդ:
Հոկտեմբերին արձանագրվել է միջազգային ուղևորահոսքերի դրական մնացորդ, որը կազմել է 8,9 հազար մարդ` նախորդ տարվա հոկտեմբերի 8,4 հազարի դիմաց: Ընդ որում` և՛ օդային, և՛ ավտոմոբիլային, և՛ երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումների սալդոն հոկտեմբերին դրական է և համապատասխանաբար կազմում է 8 583, 205 և 66 մարդ:

Գերմանացի ներդրողը դատի է տվել Ծառուկյանի կոնյակի գործարանին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, քննվում է գերմանական «ԻստԻնվեստոր» ընկերության տնօրեն Ստեֆան Լաքսհուբերի հայցն ընդդեմ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի:
Հայցվորը պահանջում է անվավեր ճանաչել բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը, կանոնադրության փոփոխության պետական գրանցումը, բաժնետերերի ռեեստրում կատարված գրանցումը և վերականգնել «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲ ընկերության 1520 հատ բաժնետոմսերի նկատմամբ «ԻստԻնվեստոր» ՍՊ սեփականության ու բաժնետիրոջ իրավունքները:
Արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետությունում առկա է հայոց պետականության գոյությանն սպառնացող բարոյահոգեբանական, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական և կառավարման համակարգային ճգնաժամ,
փաստելով, որ օրեցօր խորացող այդ ճգնաժամը մասնավորապես արտահայտվում է.
ա. հասարակությանը` իշխող վերնախավի կողմից իրեն հատուկ քրեաօլիգարխիկ արժեհամակարգի  պարտադրմամբ,
բ. կենսունակ հասարակական կյանքի հետ անհամատեղելի, հանրային համերաշխությունը կտրուկ թուլացնող սոցիալական բևեռացմամբ,
գ. դատաիրավական համակարգի՝ քաղաքական իշխանության կամակատարի դերի ստանձմամբ,  
դ. բնական ռեսուրսների գիշատչական շահագործմամբ, բնական համակարգերի և կենսաբազմազանու-թյան  ոչնչացմամբ,
ե. մշակութային ժառանգության փոշիացմամբ,
զ. օտար ուժերից օրեցօր ավելացող կախյալությամբ,
գիտակցելով, որ նշված համակարգային ճգնաժամը հանգեցնում է ապագայի նկատմամբ համատարած հուսահատության, որի հետևանքով սպառնալի չափերի հասնող արտագաղթը ռեալ վտանգ է առաջացնում ոչ միայն պետականության, այլև հայրենիքում բնակվող հայության ֆիզիկական գոյության համար, 
գտնելով, որ համակարգային ճգնաժամից կարելի է դուրս գալ միայն առկա քաղաքական և կառավարման համակարգերի արմատական վերաիմաստավորման և վերափոխման պարագայում,
համոզված լինելով, որ նման իրավիճակում անթույլատրելի է հասարակության առավել կենսունակ և կարող ուժերը ներկայացնող դիմադրական քաղաքացիական շարժումների համախմբման ուշացումը,
հիմք ընդունելով մարդկային և ազգային արժանապատվությանը, ազատությանն ու արդարությանը տեր կանգնելու բնական իրավունքը և նրա իրացմանն ուղղված քայլերի օրինականությունը, իշխանությունը ժողովրդին պատկանելու՝ համընդհանուր ճանաչում ստացած և սահմանադրորեն ամրագրված իրավական պահանջը,
կարևորելով  հայ ժողովրդի պատմական ընթացքի ճակատագրական պահերին նրան զորաշարժի վիճակի բերելու գործում առաջամարտիկ կամավորության վճռորոշ դերը,
հանձն ենք առնում նախաձեռնել ԱԶԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՈՒՆԱԿ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ:
Այս նոր քաղաքական գործընթացի նախաձեռնող խումբը, որպես Հայաստանի մտահոգ քաղաքացիների ազատ, բաց և ընկերային ժողով, իրեն հռչակում է ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ:
Նախախորհրդարանի աշխատանքը միտված է լինելու այլընտրանքային ընտրությունների միջոցով Հիմնադիր խորհրդարանի ձևավորմանը, որը կձեռնարկի Հայաստանի նորացված տեսլականի ու ռազմավարական ծրագրերի նախագծերի մշակումը և, որպես ինքնակազմակերպման անհրաժեշտ քայլ, ապագա պետական կառավարիչների կադրային ռեսուրսի ստեղծումը:
Նախախորհրդարանը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին և արտերկրի հայությանը՝ պահի կարևորության գիտակցությամբ տեր կանգնելու իրենց մարդկային, ազգային ու պետական արժանապատվությանը, ազատությանը և արդարությանը, մասնակցելու Հայաստանի ինքնիշխանությունը Հայաստանի բոլոր քաղաքացիների ու հայ ժողովրդի շահերին ծառայեցնելու գործին և զորավիգ լինելու նշված քաղաքական գործընթացին:
Աբրահամյան Էմիլ, նկարիչ
Ալավերդյան Լարիսա, իրավապաշտպան
Ալեքսանյան Ժաննա, լրագրող, իրավապաշտպան
Ավագյան Մարիամ, կենսաֆիզիկոս
Արշակյան Մհեր, իրավաբան
Բալյան Վարդան, երաժիշտ, գործարար
Բոյաջյան Արտաշես, ազգագրագետ, Գյումրու «Քաղաքը մերն է» նախաձեռնության անդամ
Գիլանց Գևորգ, բանաստեղծ, թարգմանիչ
Դռնոյան Լևոն, բժիշկ-առողջագետ, գրող-հրապարակախոս
Եղնուկյան Կարո, իրավաբան, գործարար
Զարոբյան Նիկիտա, սիստեմային վերլուծաբան
Զոհրաբյան Ապրես, հասարակական ակտիվիստ
Էվոյան Հասմիկ, տնտեսագետ, բնապահպան ակտիվիստ
Խառատյան Հրանուշ, ազգագրագետ
Խզմալյան Տիգրան, կինոռեժիսոր
Կարապետյան Հարություն, ֆիզիկոս
Հակոբյան Վարդան, դիրիժոր
Ղազարյան Արթուր, ծրագրավորող, մաթեմատիկոս
Ղափլանյան Իրինա, քաղաքագետ
Մելքոնյան Սուսաննա, բնաբույժ, գործարար
Մկրտչյան Բաբկեն, գործարար կառավարման խորհրդատու
Մնեյան Լալա, ՀՀ ժողովրդական վարպետ
Ներսիսյան Արմեն, աշխարհագրագետ, Գյումրու «Ազգային Արժեք» ակումբ
Ներսիսյան Եղիա, լուսանկարիչ, բնապահպան ակտիվիստ
Չիլինգարյան Խաչիկ, ճարտարագետ
Չուգասզյան Գարեգին, սիստեմային վերլուծաբան
Պետրոսյան Վարդգես, մաթեմատիկոս, դիզայներ, բնապահպան ակտիվիստ
Սիմոնյան Սյուզան, թարգմանիչ-խմբագիր
Վարդանյան Արտավազդ, մաթեմատիկոս

Thursday, November 15, 2012

Հայաստանը 141 երկրների շարքում զբաղեցնում է 77- րդ հորիզոնականը

Բիզնեսի իրականացման համար ստեղծված նպաստավոր պայմաններով Հայաստանը 141 երկրների շարքում զբաղեցնում է 77- րդ հորիզոնականը` նշվում է ամերիկյան «Forbes» ամսագրի երեկ հրապարակած տարեկան` 2012 թվականի զեկույցում: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ անցյալ տարի ՀՀ-ն 89-րդ հորիզոնականում էր: Այսինքն` նախորդ տարվա համեմատ մեր երկիրը 12 նիշով բարելավել է դիրքերը: 

Եվ չնայած նման առաջընթացին` բիզնեսի համար ստեղծված պայմաններով Հայաստանը զիջում է իր անմիջական հարևաններին. Վրաստանը գտնվում է 50-րդ հորիզոնականում, Թուրքիան` 52-րդ, իսկ Ադրբեջանը` 73-րդ: Բիզնեսի իրականացման համար լավագույն երկրների եռյակը գլխավորում են Նոր Զելանդիան, Դանիան և Հոնկոնգը: Ցուցակը եզրափակում են աֆրիկյան երկրները` Զիմբաբվեն, Չադը և Գվինեան: Զեկույցը կազմելիս հաշվի է առնվել 11 չավորոշիչ` անձի ազատությունը, բյուրոկրատիայի և կոռուպցիայի մակարդակը, ներդրողների պաշտպանվածությունը և այլն, իսկ կառավարությունը ուրախանում է, որ «Դուինգ բիզնես» սանդղակում Հայաստանը 32-րդն է:

Wednesday, November 14, 2012

Հայաստանը զբաղեցնում է 23-րդ տեղը


Կոնվերսիայի Բոննի միջազգային կենտրոնը (BICC) հրապարակել է «2012-ի համաշխարհային ռազմականացվածության» վարկանշային աղյուսակը, ըստ որի` Հայաստանը զբաղեցնում է 23-րդ տեղը։ Նախորդ տարի Հայաստանը 20-րդն էր:
Մեր հարևան Ադրբեջանը 7-րդ տեղում է, իսկ առաջատարն Իսրայելն է:

Առաջին տասնյակում Իսրայելից հետո միմյանց հաջորդում են Սինգապուրը, Սիրիան, Ռուսաստանը, Հորդանանը, Կիպրոսը, Ադրբեջանը, Քուվեյթը, Բահրեյնը և Սաուդյան Արաբիան: Նկատվում է, որ 10-յակից 6-ը Միջին Արևելքում է:

Անցած տարի նույն ցուցակի առաջին տասնյակում էին նաև Հունաստանն ու Հարավային Կորեան, որոնց այս տարի դուրս են մղել Բահրեյնը և Ադրբեջանը, որոնք կտրուկ մեծացրել են իրենց ռազմական ծախսերը:

ԱՄՆ-ն 30-րդն է, Հնդկաստանը՝ 71-րդը, Չինաստանը՝ 82-րդը։  Մեր մյուս հարևանը՝ Թուրքիան, 24-րդն է:


Ադրբեջանի 7-րդ հորիզոնականի առիթով BICC-ն իր զեկույցում գրում է, որ դա անհանգստացնող է, և «ժամանակն է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել ու մղել ապառազմականացման շուրջ բանակցությունների»։

BICC-ի ցուցակը կազմվում է ոչ միայն ռազմական ծախսերի ծավալի հիման վրա՝ նրանց հարստության և բնակչության թվաքանակի նկատառումով: Հաշվի են առնվում նաև ռազմականացվածության մի քանի այլ ցուցիչների վրա՝ ռազմական ծախսերի և առողջապահական ծախսերի հարաբերակցությունը ՀՆԱ-ում, զինվորականների և բժիշկների թվաքանակի հարաբերակցությունը՝ բնակչության ընդհանուր թվի կտրվածքով, ծանր ռազմատեխնիկայի թվաքանակը՝ ըստ բնակչության թվի:
Ցուցակում ներառված է 135 երկիր:
 
Ըստ ադրբեջանական APA-ի այս աղյուսակը չի արտացոլում երկրների իրական ռազմական հզորությունը, հակառակ դեպքում ԱՄՆ-ն կլիներ 1-ինը, Ռուսաստանը` 2-րդը, իսկ առաջատար Իսրայելը` 10-րդը:

Վարչապետը քիչ հավանական է համարում ՀԱԿ–ԲՀԿ միասնական թեկնածուի ձևաչափը ու հրաժարվում մեկնաբանել Ռ. Քոչարյանի հայտարարությունը


Տիգրան Սարգսյանը քաղաքական դաշտում ոչինչ չի բացառում, սակայն քիչ հավանական է համարում, որ «Հայ ազգային կոնգրեսն» ու «ԲարգավաՃ Հայաստանը» հանդես գան միասնական թեկնածուով։ Այսօր նա նման կարծիք հայտնեց՝ ԱԺ–ում պատասխանելով լրագրողների հարցին։

Հիշեցնենք, որ նախորդ քառօրյային Տիգրան Սարգսյանը կարծիք էր հայտնել, որ Սերժ Սարգսյանին որպես նախագահի միասնական թեկնածու պաշտպանելու մասին նախորդ տարվա կոալիցիոն հուշագիրն ուժի մեջ է, մինչդեռ այսօր «Բարգավաճ Հայաստանը» տարբեր քաղաքական ուժերի հետ քաղաքական կոնսուլտացիաներ է անում և ավելին՝ «Հայ ազգային կոնգրեսից» չի բացառվել, որ ՀԱԿ–ն ու ԲՀԿ–ն հանդես կգան միասնական թեկնածուով։

Ինչ վերաբերում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, որ հղում անելով կոալիցիոն պայմանագրին ասել, որ այն ուժի մեջ է, նույնն է, թե ասել, որ Տիգրան Սարգսյանը դեռ ԱԺՄ անդամ է կամ ուժի մեջ է Սևրի պայմանագիրը, վարչապետը հարցադրում-պատասխան ուղղեց. «Իսկ Սևրի պայմանագիրը ուժի մեջ չի՞։ Դուք ունե՞ք այդ հարցի պատասխանը»։ Տիգրան Սարգսյանը նաև հավելեց, որ այս հարցի կապակցությամբ ՀՀԿ դիրքորոշումը եղել է շատ հրապարակային։ Իշխող կուսակցությունը պատրաստ է համագործակցել այն ուժերի հետ, որոնք համագործակցել են ՀՀԿ–ի հետ։

Ավելին, եղել են համաձայնագրեր, հռչակագրեր և ձևավորվել են դաշինքներ։ Վարչապետը նույնիսկ հիմա էլ չի բացառում, որ ԲՀԿ–ն ՀՀԿ–ի հետ նոր հուշագիր ստորագրի։ «Դե գիտե՞ք ինչ կա, մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, նայում եմ մեր կուսակցությունների անցած ճանապարհին, միմյանց ճանաչում ենք, գիտենք, թե ինչ արժեքների շուրջ է տեղի ունենում այդ համախմբումը»,–փակագծերը բացեց Տիգրան Սարգսյանը։
Փոխարենը, Տիգրան Սարգսյանը հավանական չի համարում, որ գալիք նախագահական ընտրություններին առաջադրվեն Հանրապետության առաջին և երկրորդ նախագահները։
Իսկ նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ վարչապետի, ունենալով բարձր վարկանիշ, մեծ հավանականությամբ կվերընտրվի։
Վարչապետը հրաժարվեց մեկնաբանել Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկ տված հարցազրույցը։ Սակայն երկրների կառավարման համակարգերի տարբերությունների վերաբերյալ տեսական մակարդակով ասաց. «Գոյություն ունի քաղաքական, տեսական բանավեճ, թե որ երկրների փորձն է ավելի արդյունավետ։ Տարբեր երկրների փորձը կա, և ամեն մի երկիր իր առանձնահատկություններին հետևելով պետք է իր համար ընտրի առավել արդյունավետ կառավարման համակարգ։ Դրա լավագույն ձևը քաղաքական բանավեճն է, որը տեղի է ունեցել, և մենք նոր ենք փոփոխել «Ընտրական օրենսգիրքը»»,–հայտարարեց Տիգրան Սարգսյանը՝ կարծիք հայտնելով, որ նախագահական ընտրություններից հետո այս հարցը կքննարկվի։

Հիշեցնենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանը անդրադառնալով «Բարգավաճ Հայաստանի» կողմից տարբեր քաղաքական ուժերի միջև տարվող քաղաքական կոնսուլտացիաներին, որոնց առանցքը հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգն է ու կառավարման խորհրդարանական մոդելը, ասաց, որ մեծամասնական ընտրակարգը նպաստում է Հայաստանում «ֆեոդալական համակարգի» զարգացմանը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հայտնել էր նաև, որ 2005 թվականի սահմանադրական հանրաքվեի արդյունքում վարչապետին շատ ավելի լայն լիազորություններ տրվեցին։

Ի պատասխան, Տիգրան Սարգսյանն ասաց, որ 2008 թվականից հետո Հայաստանում ձևավորվել է քաղաքական նոր իրավիճակ, որը նախկինում չէր եղել։ Այն է՝որ Հանրապետության վարչապետն ու նախագահը ներկայացնում են միևնույն քաղաքական ուժը և հանդես են գալիս որպես միասնական քաղաքական թիմ։ Եվ հենց դա է պատճառը, որ նախագահի և կառավարության միջև չեն կարող լինել քաղաքական հակասություններ։
«Նախկինում այդպես չէր իրավիճակը, կուսակցության ղեկավարը երկրի վարչապետն էր, հիմա փոխվել է իրավիճակը»,– ասաց Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ նախորդ փուլի հետ այս համեմատությունը ճիշտ չի համարում։

Ի՞նչ հաշվարկի հիման վրա է որոշվել բուհական կրթաթոշակի չափը


Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը այսօր ԱԺ հարց ու պատասխանի ժամին բարձրացրեց ուսանողների կրթաթոշակների ցածր լինելու հարցը: Նա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից, մասնավորապես, փորձեց պարզել, թե ի՞նչ հաշվարկի հիման վրա է որոշվել կրթաթոշակի չափը:

«ՀՀ-ում ուսման վարձերը հավաքագրվում են մի քանի հարյուր հազար դրամից մինչև 1մլն դրամ և ավելի, բայց կրթաթոշակ տրվում է 5000 դրամ, իսկ գերազանցության թոշակը՝ 6000»,- ասաց նա։

Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ կրթաթոշակների վրա պետական բյուջեից ծախսվում է բարձրագույն կրթության ապահովման համար նախատեսված գումարի շուրջ 18%-ը:

«Բուհերին հատկացվում է մոտ 7 մլրդ դրամ, որից 1 մլրդը տրվում է կրթաթոշակներին: Հավատացնում եմ, որ դա մեծ գումար է: Այլ բան է, որ գաք միասին մտածենք ինչպես բաշխել գումարը այլ ճանապարհով, որ ուսանողներին առձեռն ավելի մեծ գումար տրվի»,-ասաց նախարարը:

Նախկին վարչապետը ներկայիս վարչապետի պատասխանների մեջ տրամաբանություն չի տեսնում


Այսօր ԱԺ նիստի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ կառավարությանն ուղղված հարցը երկրում ներդրված ԱՊՊԱ համակարգի և դրա արդյունքում ՀՆԱ-ի աճի մասին հետաքրքիր երկխոսության առիթ դարձավ երկու՝ նախկին և ներկա վարչապետերի միջև։ Այն հանգուցալուծվեց նրանով, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի պատասխանները Բագրատյանը բավարար չհամարեց, քանի որ իր ձևակերպմամբ՝ դրանց մեջ չտեսավ իր հարցադրումների պատասխանները, և չտեսավ հստակ տրամաբանություն։
«Անցյալ տարի մտցվեց ԱՊՊԱ համակարգը, այս տարի՝ առողջապահության ապահովագրությունը, մի տարի հետո կլինի պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգը: Այս ամենը գեներացնում է ՀՆԱ-ն, քանի որ 50% շահույթ կա ԱՊՊԱ համակարգում, մի քանի տասնյակ տոկոս շահութաբերություն էլ կա առողջության ապահովագրության գործում: Իմ կարծիքով ԱՊՊԱ-ն մոտ 1.5 տոկոսով ավելացրեց ՀՆԱ-ն, և սա կոչվում է ֆինանսական փուչիկ»,- ասաց Բագրատյանը՝ կասկած հայտնելով, թե արդյոք դա արվում է ՀՆԱ-ի աճի համար:

Հարցին ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց. «Ապահովագրական դաշտում, երբ մենք ներդրեցինք պարտադիր ապահովագրությունը, կային մտահոգություններ, թե արդյոք Հայաստանը պատրաստ է այդ համակարգի ներդրմանը, հաշվի առնելով, որ դեռևս մեզանում հաղթահարված չի աղքատության խնդիրը, և մենք պարտադրելու ենք բոլոր մեքենա ունեցողները գումարներ վճարեն և ապահովագրեն երրորդ անձանց ռիսկերը»: Բայց, վարչապետի ընդգծմամբ՝ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ առաջին երեք տարիների համար շատ դժվար է որոշել գինը: Դրա համար հետագայում իրենք պետք է անցնեն գների լիբերալիզացիա և պետք է այնպես անեն, որ շուկան որոշի գները:
«2012թ.-ի արդյունքներն ամփոփելուց հետո կներկայացնենք հաշվետվություն, թե ինչպիսին է ապահովագրական դաշտում շահութաբերության մակարդակը, և արդյոք գները բարձր են, թե ոչ»,- ասաց նա:

Կուտակային հիմնադրամների մասին Տիգրան Սարգսյանը նշեց, որ իրենք պատրաստ են ԱԺ-ի հետ քննարկել այն խելամիտ մեխանիզմները, որոնց ներդրմամբ վերջիններս պաշպանված կլինեն և կխթանեն մեր տնտեսության զարգացմանը:

Կմտածեմ, կասեմ


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այն կարծիքին է, որ կառավարության անդամները պետք օգտվեն էլեկտրոնային սարքերից։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցին ասաց Տիգրան Սարգսյան՝ ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս է վերաբերում այն հանգամանքին, որ կառավարության անդամները պետական բյուջեի քննարկման և կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մուտք են գործում սոցիալական ցանցեր։

«Գիտե՞ք, էլեկտրոնային սարքերի նկատմամբ պետք չէ այդպիսի վերաբերմունք ունենալ։ Կառավարության նիստի ժամանակ կառավարության անդամը ipad-ով տեղեկատվություն է որոնում, և ես դա համարում եմ շատ դրական, քանի որ շատ հաճախ հարցեր են հնչեցվում , որոնք մենք պետք է կարողանանք որոնել մեր տեղեկատվական բազաներից»,- ասաց Տիգրան Սարգսյանը հարցը տված լրագրողին նախապես հարցնելով, թե նա ունի՞ այս մասին հանրության տեսակետը։

Նշենք,սակայն, որ հարց տվողի կողմից ընգծվեց, որ խոսքը սոցիալական ցանցերի մասին է, սակայն այս հիշեցումը վարչապետը միգուցե չլսեց։

Լրագրողների՝ ընդդիմության կողմից իրեն ուղղված քննադատության նկատմամբ վարչապետի ունեցած վերաբերմունքի մասին հարցին էլ ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանն ասաց, որ
վարչապետի պաշտոնն այնպիսի պաշտոն է, որ նա պետք է մտահոգված լինի՝ ըստ էության, լրագրողներին առաջարկելով ընդդիմության քննադատությունը «թեթև տանել»։

«Բայց ինչո՞ւ եք զարմանում, որ մեզ քննադատում են. տարօրինակ կլիներ, եթե մեզ գովերգեին։ Նորմալ վերաբերվեք»,– ասաց Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ կառավարությունը հարգում է այն գործիքակազմը, որն ընդդիմությունն օգտագործում է իրենց քննադատելու համար։

Պատասխանելով ընդդիմության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի այն հարցադրմանը, թե ինչու գալիք տարվա գլխավոր ֆինանսական–տնտեսական փաստաթուղթն ԱԺ–ին ներկայացնելիս ինքը ներկա չի եղել, Տիգրան Սարգսյանն ասաց, որ իր ուղերձը շատ մանրամասն քննարկվել է ԱԺ բյուջետային քննարկումներում և նույն ելույթը երկու անգամ կրկնելը նպատակահարմար չի համարում։
Ինչ վերաբերում է լրագրողի այն հարցին, թե անգամ ԱԺ «Հանրապետական» խմբակցությունում չեն բացառում, որ Տիգրան Սարգսյանն ընտրություններից հետո չշարունակի պաշտոնավարել և հետևաբար, ու՞մ է տեսնում որպես իրեն փոխարինող, վարչապետն ասաց. «Կմտածեմ, կասեմ»։

Saturday, November 10, 2012


«Հայ ազգային կոնգրեսի» մաս կազմող «Հայաստանի ժողովրդական կուսակցության» անդամ Գրիգոր Հարությունյանը չի կարող ասել՝ «Բարգավաճ Հայաստանը» կընդու՞նի ՀԱԿ-ի 4 առաջարկները, որոնք հարստացնում են խորհրդարանական կառավարման համակարգին և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին նվիրված ԲՀԿ-ի հայտարարած օրակարգը, թե ոչ, բայց Tert.am –ի հետ զրույցում ասաց, որ «դա ՀԱԿ-ի համար առաջին խնդիրն է»:

Հիշեցնենք, որ  ՀԱԿ-ն առաջարկել էր նաև համատեղ քայլերով անվստահություն հայտնել գործող իշխանություններին, ինչպես նաև անցկացնել ժողովրդի քաղաքական ակտիվացմանն ուղղված համատեղ զանգվածային միջոցառումներ, իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկվա դրությամբ հայտնել էր, թե այս պահին չի կարող նշել, թե կետերից ո՞ր մեկն է իրենց համար ընդունելի կամ մերժելի և ավելացրել. «Քննարկումները հենց նրա համար են, որպեսզի կոնսուլտացիաների արդյունքում քննարկվեն օրակարգային հարցերը, և գտնենք կոնսեսուս և այդ խնդիրների շուրջ էլ շարժվենք առաջ»:
Եթե քննարկման ընթացքում պարզվում է, որ ԲՀԿ-ն չի ընդունում նշված երկու առաջարկները, ՀԱԿ-ը կմնա՞ այդ ձևաչափում:
«Բայց ինչու՞ այդքան կատեգորիկ, առաջարկներ են, կքննարկվեն»,-ի պատասխան ասաց Գրիգոր Հարությունյանը և հավելեց. «Կարծում եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» պետք է ընդունի:

Առ այսօր ԲՀԿ-ն իրեն ներկայացնում է «այլընտրանք», բայց ոչ ընդդիմություն որակմամբ, և այդ դեպքում՝ որտեղի՞ց Գրիգոր Հարությունյանին վստահություն, որ ԲՀԿ-ն կընդունի, օրինակ՝ ժողովրդի քաղաքական ակտիվացմանն ուղղված համատեղ զանգվածային միջոցառումներ անցկացնելու մասին առաջարկը:

«Ես չասացի՝ վստահ եմ, ասացի՝«կարծում եմ» և վստահ եմ, որ երկիրն այս վիճակից դուրս հանելու համար պետք է պայքարել»,- ասաց Գրիգոր Հարությունյանը:

Tert.am-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ Արշակ Բանուչյանն էլ նույն հարցին ի պատասխան ասաց՝ «երբ դա կլինի, այն ժամանակ էլ կմտածենք: «Եթե»-ներով խոսել քաղաքական պրոցեսների մասին… դա նույնիսկ վերլուծություն էլ չի, որ ինձանից պահանջում եք, որովհետև մինչև դա չի եղել, ինչպես կարող ես դրա մասին խոսել»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ԲՀԿ խորհրդարանական կառավարման մոդելի վերաբերյալ կուսակցության դիրքորոշման վերաբերյալ տարածած հայտարարության մեջ նշել էր.« Կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների հետևում չտեսնել մարդկանց, որոնք որևէ այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու իշխանության գալու հնարավորություն չունեն, առնվազն քաղաքական կարճատեսություն է: Սա ավելի քան ակնհայտ է: Պարզունակ քայլ է և ակնհայտ՝ որտեղ մշակված»:
Արդեն իսկ մամուլի առանձին վերլուծություններով առաջ է քաշվում այն վարկածը, որ Էդուարդ Շարմազանովն այսկերպ ասում է, որ այս ձևաչափում վարչապետի պաշտոնին ձգտող Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի կողմից է սա մշակված:
Ի պատասխան այս դիտարկմանը, Գրիգոր Հարությունյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանին «Մարտի մեկի համար» պետք է դատեն, ինչի՞ մասին է խոսքը»:

Մեկ այլ հարցի էլ, որը որոշակի թյուրըմբռնումների ու վերլուծությունների տեղիք է տվել այն է, որ երեկ ԱԺ-ի պետաիրավական հանձանաժողովում դաշնակցական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի՝ հարյուր տոկոսանոց համամասանական ընտրակարգին անցնելու մասին քվեարկությամբ մերժված օրենսդրական առաջարկի վերաբերյալ ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանն ասել էր, որ ոչ մեծամասնական, ոչ համամասնական և ոչ էլ խառը ընտրական համակարգերը մի բան չեն և ունեն իրենց թերությունները:
Նրա այս հայտարարությունից հետո հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչու՞ է ՀԱԿ-ը միանում Նաիրա Զոհրաբյանի հնչեցրած առաջարկով ձևավորված օրակարգին:

Tert.am –ի հետ զրույցում Գագիկ Ջհանգիրյանն առաջարկեց թեթև տանել մեկնաբանությունները, թե այս հայտարարությամբ ինքը կրկնում է ՀՀԿ-ին: «Ես այդ «վշտին» կդիմանամ, Դուք էլ դիմացեք: Ցտեսություն»,-ասաց ՀԱԿ անդամը:

Իսկ Արշակ Բանուչյանն այս կապակցությամբ նշեց, որ ամենակարևորը Հայաստանում սահմանդրական կարգը վերականգնելն է և ժողովրդին իր տեսակետներն իր քվեով արտահայտելու հնարավորություն տալը:
«Երբ կգա ժամանակը, Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու առաջարկով ժողովրդին կդիմեն, նա ինքը կընտրի, իսկ այս կամ այն տեսակետի ջատագովները կփորձեն ժողորվրդին բացատրել՝ որն է ճիշտ, որը՝ սխալ»,-ասաց Արշակ Բանուչյանը:

1918–20թթ. դաշնակցական կառավարության գրքերը կարդացեք, թե ինչպե՞ս էին կառավարությունները կազմվում


«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «168 ժամի» հետ զրույցում կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու առաջարկին անդրադառնալով՝ ասաց, որ ինքը միշտ բացասական վերաբերմունք է ունեցել դրա նկատմամբ։ «Հայաստանը մի մարդու դեպքում, եթե նորմալ մարդ գտնենք, շատ դժվար է կառավարել։ Պատկերացնո՞ւմ եք՝ 4-5 կուսակցություն, կոալիցիոն կառավարություններ։ էս էլ մի բան չի, բայց այդ դեպքում Հայաստանից բան չի մնա։ Պատկերացնո՞ւմ եք պառլամենտական հանրապետության կառավարման ձևը։ Եթե ժամանակ կունենաք, 1918–20թթ. դաշնակցական կառավարության գրքերը կարդացեք, թե ինչպե՞ս էին կառավարությունները կազմվում, խեղճ վարչապետերն ինչպե՞ս էին տառապում դրանց ձեռքը։ Իմ կարծիքով՝ դա դեռևս անիմաստ խոսակցություն է։ Պատերազմական իրավիճակում գտնվող երկրում պառլամենտական կառավարման ձևը, այն էլ ՝ հայկական մենթալիտետի այսօրվա պարագայում... պատկերացնո՞ւմ եք՝ դա ի՞նչ է։ Վերցրեք դրա պրակտիկ իրագործումը նայեք։ Հիմա են փորձում կոալիցիա կազմել, տեսեք՝ ինչ է տեղի ունենում...»,– ասաց Ա.Կարապետյանը։ Ըստ նրա, խորհրդարանական համակարգին անցնելը սխալ է մի քանի պատճառներով, քանի որ Հայաստանում չկա ներկուսակցական դեմոկրատիա, իսպառ բացակայում են ժողովրդավարական ինստիտուտները, ինչպես նաև այն, որ պառլամենտարիզմը ոչնչացված վիճակում է։

Այդ դեպքում ի՞նչ պետք է անեն ընդդիմադիր ուժերը։ Այս հարցին ի պատասխան՝ Արամ Կարապետյանն ասաց. «Ոչինչ, ի՞նչ պետք է անեն։ Պետք է պատրաստվեն, տեսնեն, թե իշխանության վերարտադրման դեմն ինչպե՞ս կարելի է առնել, կարելի՞ է, թե՞ չի կարելի։ Այդ քննարկումները պետք է լինեն։ Երկրորդը՝ հիմա փոփոխություններ են լինում աշխարհով մեկ, այդ փոփոխությունը Հայաստան էլ է գալու, ինչպե՞ս ենք դրան դիմագրավելու։ Ավելի շատ դա է պետք քննարկել, քան պառլամենտարիզմ կամ ոչ պառլամենտարիզմ։ Ռուսաստանում պաշտպանության նախարար է փոխվել, բոլորը կապեցին ամեն ինչի հետ, բայց չե՞ք տեսնում՝ո՞վ է եկել, եկել է մի մարդ, ով արտակարգ իրադրություններում է միշտ աշխատել. Շոյգուն։ Նշանակվել է ( գլխավոր շտաբի պետ (Վալերի Գերասիմով.– «168 ժամ»), ով պատերազմի դաշտով անցած մարդ է։ Այդ տեսակետից՝ աշխարհի մեծերը պատերազմի են պատրաստվում։ Կարծում եմ, ցավոք սրտի, մեր տարածաշրջանն ամենաշատն է այդ պատերազմի մեջ ներքաշվելու»։ Արամ Կարապետյանը նշեց, որ այս նոր իրավիճակը կարող է, օրինակ, բերել Իրանին հարված հասցնելուն, Սիրիայում պատերազմը կշարունակվի, Վրաստանը կարող է մտնել ՆԱՏՕ-ի կազմի մեջ, Ադրբեջանը կարող է վերսկսել պատերազմը։ «Մեր տարածաշրջանն ամբողջությամբ ընդգրկված է աշխարհաքաղաքական այդ խաղի մեջ, և մեր դեմ գնալով ծառանալու են ֆինանսատնտեսական խնդիրներ. 52 անուն ապրանքի ներկրում է փակել Իրանը դեպի Հայաստան, իրավիճակն այնտեղ գնալով վատթարանում է, Ռուսաստանում հացն է թանկացել, իսկ հացահատիկի ամենամեծ քանակությունը, որքան գիտեմ, Հայաստանը ներկրում է հենց Ռուսաստանից։ Մենք արտաքին ազդակներով ապրող երկիր ենք՝թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տնտեսական առումով, իսկ մենք նստած քննարկում ենք՝ անցնենք պառլամենտարիզմի, չգիտեմ, վարչապետին էս անենք, էն անենք, հանենք։ Հանեք, ի՞նչ է եղել»։

Thursday, November 8, 2012

Իսրայելը «համար առաջին թշնամին է»


Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը այսօր հայտարարել է, որ Իսրայելը «համար առաջին թշնամին է» և սպառնացել է համարժեք պատասխան տալ «Յարմուկ» ռազմական արդյունաբերության գործարանի ռմբահարմանը, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:

«Իսրայելը մեր համար առաջին թշնամին է», - ասել է նախագահը Սուդանի պետական հեռուստատեության եթերից:

Նրա խոսքով, գործարանի ռմբահարման հետևանքով ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար հնարավոր է երկու տարբերակ` «կամ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորում կամ պատասխան հարված հասցնել»:

Քանի որ հարաբերությունների կարգավորումը անհնարին է, ապա «երկրորդ տարբերակն է՝ ստանալ տեխնոլոգիաներ, որոնք մեզ հնարավորություն կտան համարժեք նմանատիպ հարված հասցնել Իսրայելին»:
«Չեմ կարող ասել, թե դա անհնարին է: Մենք փորձում ենք նման տեխնոլոգիա ստանալ», - ասել է նախագահը:

Խարտումի տվյալներով, Իսրայելը հոկտեմբերի 23-ին 4 նորագույն կործանիչ է ուղարկել «Յարմուկ» գործարանը ոչնչացնելու համար: Իսրայելը այդ տեղեկությունները չի հերքել, և ի պատասխան՝ Սուդանին մեղադրել է ՀԱՄԱՍ-ին և «Հեզբոլահին» զենք մատակարարելու մեջ:

Ժողովուրդը ոտքի չի կանգնի, բացառվում է, դա ոչ միայն ցույց տվեցին մայիսի 6-ի ընտրությունները

«Ժողովուրդը ոտքի չի կանգնի, բացառվում է, դա ոչ միայն ցույց տվեցին մայիսի 6-ի ընտրությունները, ընդհանրապես՝ 20 տարվա ընթացքում ժողովուրդը բազմաթիվ անգամներ ոտքի է կանգնել և արդյունքի չի հասնում։ Հասկանո՞ւմ եք, դա արդեն բերում է այն գաղափարի ձևավորմանը, որ «մեկ է, այստեղ այլևս խաղ չկա», և միակ «խաղը»՝ պայքարի ձևը, Հայաստանից հեռանալն է»,– թերթի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքական փորձագետ Արմեն Բադալյանը։ «Մեր դիտարկմանը՝ ժողովուրդը ոտքի չի կանգնում, որովհետև պարզապես չի՞ տեսնում այն ուժը, որի ետևից կարելի է գնալ, Բադալյանը պատասխանել է. «Ժողովուրդը ոչ միայն այդ ուժը չի տեսնում, ինքը չի կարող այդ ուժը ծնել»։ Հարցին էլ, թե միգուցե ժողովուրդը պարզապես դեգրադացվա՞ծ է, դրա համար էլ չի կարողանում այդ ուժը ծնել, Ա. Բաղալյանը պատասխանել է. «Այո, դեգրադացված է, դրա համար էլ չի կարողանում ծնել, բայց մնացել է հասարակության ընդամենը 10 տոկոս ակտիվ հատվածը։ Ի՞նչ հետևանք կարող է սա ունենալ, եթե նույնը շարունակվի 2013թ.–ից հետո, այդ 10 տոկոսն էլ է արտագաղթելու... Այդ դեպքում առաջ է գալիս մի գաղափար, որ այս երկիրն ընդամենը դառնում է բնակության վայր, ժամանակավոր կացարան, բայց ոչ երբեք ՝ Հայրենիք»»

Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ գումար չունի


«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ գումար չունի և որոշել է հանդես գալ մի նորամուծությամբ՝ ընտրագրավը հավաքագրել իր համախոհներից։ Կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը երեկ թերթի թղթակցին ասել է, թե դա նոր մշակույթ է, և այն պետք է տարածվի մեր երկրում. «Մենք ուզում ենք քաղաքացիները փայատեր դառնան ձևավորվող իշխանությանը և սիմվոլիկ ներդրում ունենան»։

«Սակայն մեզ տեղեկություններ հասան, որ այս «մշակույթը» կարող է չարդարացնել իրեն, քանի որ չի հավաքագրվում գումարը։ Երբ այս մասին հարցրինք խոսնակին, ասաց, թե դեռ չի մեկնարկել այդ գործընթացը, բայց պնդեց, որ այդպես էլ անելու են։ Մեր տեղեկություններով, «Ազատ դեմոկրատների» հետ գժտության պատճառներից մեկն էլ ֆինանսական տարաձայնություններն էին»,– եզրափակում է թերթը։

Նա նման ամբիցիաներ երբեք չի ունեցել

«Այս օրերին Մոսկվայում է գտնվում ԲՀԿ-ական-քոչարյանական թևի էլիտան, որի նպատակն առաջիկա նախագահական ընտրություններում վերջնական կողմնորոշվելն է։ Մեր տեղեկություններով, նրանք փորձում են համոզել «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրեն Կարեն Կարապետյանին՝ համաձայնել դառնալ նախագահի թեկնածու կամ ստանձնել վարչապետի պաշտոնը։ Սակայն մոսկովյան մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Կարեն Կարապետյանը չի համաձայնում։ «Նա նման ամբիցիաներ երբեք չի ունեցել, մշտապես աշխատել է հեռու մնալ հայաստանյան քաղաքական դաշտից»,– տեղեկացրին մեզ։ Քննարկվո՞ւմ է նման սցենար ԲՀԿ-ում, և ինչո՞ւ է մեկնել Ծառուկյանը Մոսկվա՝ հարցրինք ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանին։ «Պարոն Ծառուկյանի այցը Մոսկվա բացառապես պայմանավորված է մրցանակաբաշխությանը մասնակցությամբ. տեղյակ եք՝ նա հռչակվել է «Տարվա մարդ»՝ հայ-ռուսական հարաբերությունների բարեկամական, քաղաքական, տնտեսական, մշակութային ամրապնդման գծով։ Եվ եթե պարոն Ծառուկյանի այցն ունենա պետական, քաղաքական, հասարակական այլ նշանակություն, մենք այդ մասին հավելյալ կտեղեկացնեևք»,– ասաց նա»։

գաղտնիության պայմաններում կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա ավանդական դրամահավաք–ճաշկերույթը


Մոսկվայում, գաղտնիության պայմաններում կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա ավանդական դրամահավաք–ճաշկերույթը։ Մասնակիցների կողմից տրվել է ավելի քան 12 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրաբերման խոստում։
«Այս փաստը մեր թղթակցին հայտնել է ԼԴՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը, որը նույնպես ներկա է եղել ճաշկերույթին։ Տարօրինակ է, բայց մեր թղթակցի հարցմանը ՀՀՀ գրասենյակի մամուլի բաժնից պատասխանել են, որ առաջին անգամ իրենից են լսում ճաշկերույթի մասին։ Տարօրինակ է նաև, որ ճաշկերույթին մասնակցելու համար Մոսկվա է մեկնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, այնինչ նրա այցի մասին պաշտոնապես չի հաղորդվել։ Այս տարի նույնպես՝ անցյալ տարվա նման դրամահավաք-ճաշկերույթին ներկա չի եղել Սերժ Սարգսյանը, փոխսսրենը՝ գնացել Էր Մեղրի։ Մինչև անցյալ տարի Սարգսյանը այս միջոցառումը բաց չէր թողնում՝ դա դարձնելով հեռուստաալիքների լուրերի համար առաջին թեման»,–գրում է թերթը։

Հայաստանի քաղաքական դաշտն առաջիկայում կհամալրվի նոր՝ «Առաքելություն» կուսակցությամբ


Հայաստանի քաղաքական դաշտն առաջիկայում կհամալրվի նոր՝ «Առաքելություն» կուսակցությամբ, որը շուտով կստեղծի սկզբնական տարածքային կառույցներ, ապա կհրավիրի հիմնադիր համագումար:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին նախաձեռնող խմբի անդամները, որոնք բոլորը երիտասարդներ են. Ազատ Թովմասյան, Գարեգին Մուրադյան, Էդուարդ Տերտերյան, Հակոբ Մանուկյան, Հրաչյա Սարգսյան, Մարինե Եփրեմյան, Մեսրոպ Առաքելյան, Վահե Հովհաննիսյան, Մանուկ Սուքիասյան: Ըստ Ազատ Թովմասյանի՝ այս պահին «Առաքելությանը» հարում են շուրջ 700 գաղափարակիրներ:

«Առաքելությունն» իր առաքելությունը տեսնում է Հայաստանում վերջին 20 տարիներին ձևավորված անմիխիթար վիճակից կամ անհուսության մղող դեգրադացիայից ելքեր որոնելու և առաջարկելու հարցում: Կամ, ինչպես ձևակերպեց նախաձեռնող խմբի անդամներից Մանուկ Սուքիասյանը՝ «Առաքելություն» անվանումն ինքնին խոսում է կուսակցության նպատակների մասին:

«Մեր քաղաքական գնահատականով՝ նախագահական ընտրություններն ավելի են սրում այն զգացողությունը, որ քաղաքական դաշտը գնում է դեպի դեգրադացիա: Երեք ամիս է մնացել, ամբողջ ազգը նստած սպասում է, թե էսինչը ինչ ա ասելու, էնինչը ոնց ա ասելու, էնինչը էն մյուսին կմիանա, թե չէ: Այսինքն՝ դեժավյուի զգացողություն է ու այս անգամ շատ ավելի փոքր ռեյտինգներով ընդդիմադիր լիդերների մասին է խոսքը»։
Մանուկ Սուքիասյանը ներկայիս իրավիճակը բնորոշեց անհույս և անմխիթար, մեղմ ասած՝ դեգրադացված։ «Նախագահական ընտրություններին երեք ամիս է մնացել, և հասարակությունը չգիտի, թե ում և ում միջև է կատարվելու ընտրությունը»,- որպես իր նկարագրածի բնորոշում նշեց նա:

Երիտասարդներն ասացին, որ իրենց միավորել են սահմանադրության և տարրական իրավունքների ոտնհարումը, «ժողովրդավարության ամենօրյա խեղաթյուրումը, արտագաղթն ու դեմոգրաֆիական աղետը: Մանուկ Սուքիասյանի հավելմամբ՝ այս երևույթների առաջն առնելու գործում իր առաքելություն ունի նաև ՀՀ քաղաքացին:

Որպես այդպիսին «Առաքելության» անդամները ոչ արևմտամետ են, ոչ ռուսամետ, հետապնդում են բացառապես ՀՀ պետական շահը և ազատ խոսքի, ազատ շուկայական արժեքների հիման վրա սոցիալական պետության գաղափարը:

Առաջիկա նախագահական ընտրություններին այս քաղաքական ուժը իր մասնակցության ձևաչափը դեռ չի որոշել, այսինքն՝ որևիցե մեկին չեն առաջադրելու, ինչ վերաբերում է, թե ում են սատարելու, ապա սա թողնված է ապագային: Երբ թեկնածուները դուրս կգան «ծանրակշիռ քաղաքական պաուզայից» և կլինեն գրանցված թեկնածուներ, չի բացառվում իրավիճակի հետ կապված որոշում կընդունեն, նկատեցին նախաձեռնության անդամներն՝ ի պատասխան լրագրողների հարցին, թե ընտրություններին նախագահի ո՞ր թեկնածուին են պաշտպանելու: Մանուկ Սուքիասյանը նկատեց, որ այս պահին ակնհայտ է, որ նախագահի թեկնածուի շուրջ ստեղծված կոնսոլիդացիան ցանկալի մակարդակի վրա չէ, և հավելեց, որ նախագահի ոչ մի նոր թեկնածու «պարաշյուտով չի իջնի»։

Նշենք, որ նորաստեղծ քաղաքական ուժի հետ արդեն իսկ կապվում է որոշակի ինտրիգ: Մասնավորապես, Մանուկ Սուքիասյանը «Հայ ազգային կոնգրեսի» պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից հիմնադրված «Այլընտրանք» նախաձեռնության անդամ էր: Նախաձեռնողների թվում կա՞ն այլ ՀԱԿ անդամներ: Պարզվեց, որ Մանուկ Սուքիասյանը միակն է (նախաձեռնող խմբում ):

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել


Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որով ներկայացնում է իր պատասխանը խորհրդարանական կառավարման կարգին անցում կատարելու և դրա հետ կապված քաղաքական քննարկումներ սկսելու վերաբերյալ ԲՀԿ կողմից հնչեցված առաջարկին։
Հայտարարությունում ասված է.

Հայ Ազգային Կոնգրեսը քննարկեց ԲՀԿ-ի առաջարկը նախագահական ընտրություններին ընդառաջ համատեղ կոնսուլտացիաներ անցկացնելու վերաբերյալ: Մեր կարծիքով, այդ կոնսուլտացիաների օրակարգը պետք է ընդլայնել, նրանում ներառելով առաջիկա նախագահական ընտրություններում ռեժիմի դեմ հասարակական և քաղաքական ուժերի համախմբման առարկայական մեխանիզմների և քայլերի ավելի ընդհանրական ծրագիր` մասնավորապես.
.
1. Ժողովրդի ազատ կամարտահայտման ապահովման նպատակով ընտրական համակարգի վերափոխում` Հայ Ազգային Կոնգրեսի կողմից ներկայացված օրենսդրական փաթեթի ընդունմամբ, ինչպես նաև առաջիկա նախագահական ընտրությունների օրինականության վերահսկման համատեղ մեխանիզմների ստեղծում
2. Գործող իշխանություններին անվստահություն հայտնելու խորհրդարանական մեխանիզմների կիրառմանն ուղղված համատեղ քայլեր
3. Ժողովրդի քաղաքական ակտիվացմանն ուղղված համատեղ զանգվածային հրապարակային և այլ միջոցառումների անցկացում
4. Ապօրինի տնտեսական մենաշնորհների և արտոնությունների և համակարգային կոռուպցիայի վերացման համատեղ ծրագրի ստեղծում։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպել է երբեմնի ընդդիմադիր գործիչ Արկադի Վարդանյանի հետ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` երեք օր առաջ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպել է երբեմնի ընդդիմադիր գործիչ Արկադի Վարդանյանի հետ: Ականատեսների վկայությամբ` նրանք հանդիպել են Երևանի կենտրոնում ժամը 21:00-ի սահմաններում և տևական ժամանակ զբոսնել ու զրուցել: Թերթի հետ զրույցում Ռ. Հակոբյանը հաստատեց լուրը: Հարցին, թե ինչ քաղաքական հարցեր են քննարկել, ինչու է նա վերադարձել, Հակոբյանը հստակ պատասխան չտվեց. «Շատ պատահական հանդիպեցի Արկադի Վարդանյանին, որպես նախկին ծանոթներ`զրուցեցինք: Շատ զարմացա, որ ինքը Հայաստանում է ապրում: Պարզապես իրար որպիսություն ենք հարցրել: Քաղաքական հարց չենք քննարկել»: 

Հիշեցնենք, որ քաղաքագիտության դոկտոր Ա. Վարդանյանը 2000թ. աշնանը (Ռոբերտ Քոչարյանի օրոք) ՀՀ-ում նախաձեռնեց ընդդիմադիր գործունեություն, որի արդյունքում մի քանի ամսով ազատազրկվեց, ապա Հայաստանից հեռանալու պայմանով ազատ արձակվեց: Հիմա նա վերադարձել է:

Friday, November 2, 2012

Վրաստանի նոր կառավարությունը կկրճատի մայրաքաղաքի, Անվտանգության խորհրդի և նախագահական ապարատի բյուջեները


Վրաստանի նոր կառավարությունը կկրճատի մայրաքաղաքի, Անվտանգության խորհրդի և նախագահական ապարատի բյուջեները, որ միջոցներ ստեղծվեն սոցիալական ոլորտի և գյուղտնտեսության ֆինանսավորման համար, հաղորդում է Новости-Грузия գործակալությունը` հղում կատարելով Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությանը:
 
«Ծախսերի օպտիմալացման հաշվին մենք կավելացնենք գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտների ֆինանսավորումը, և ժողովուրդը իրական օգուտ կստանա », - հայտարարել է Իվանիշվիլին կառավարության նիստից հետո:
 
Իվանիշվիլին հայտարարել է, որ 2013թ. բյուջեի շտկումներից հետո կրկնակի կավելանա բռնի տեղահանված անձանց և փախստականների համար իրականացվող ծախսերը:
 
Տվյալ պահին կրճատման տակ է հայտնվել մայրաքաղաք Թբիլիսիի բյուջեն, նոր կառավարությունը նախատեսում է կրճատել այն մոտ 60 մլն ԱՄՆ դոլարով:
 
Ծախսերից, որոնք կարող են կրճատվել, Իվանիշվիլին առանձնացրել է Ազգային անվտանգության խորհրդի և նախագահական ռեզիդենցիայի ֆինանսավորումը:

Փոխվարչապետի պաշտոնն ու ստատուսը հնարավոր է ամրագրվի սահմանադրական հանրաքվեի միջոցով


«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը» քննարկել է սահմանադրական հանրաքվեի միջոցով փոխվարչապետի պաշտոնն ու ստատուսն ամրագրելու հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: 

«Կուսակցությունում քննարկել ենք նման հարց, և չի բացառվում, որ ապագայում նախագահական ընտրությունների հետ նաև կազմակերպենք փոփոխություն Սահմանադրությունում»,- ասաց նա:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հարցն առավել մանրամասն չեն քննարկել, բայց՝ «Եթե կոնկրետ լինի՝ ձեզ տեղյակ կպահենք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մինչ այս, ըստ մամուլի հրապարակումների, Սերժ Սարգսյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանին՝ քննարկելու առաջիկա նախագահական ընտրություններում «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշման և նախագահական ընտրություններից հետո նրա զբաղեցնելիք տեղի մասին:

Ըստ տարբերակներից մեկի՝ իշխանությունը հակված է նրան, որ ԲՀԿ-ն հայտարարի Սերժ Սարգսյանին սատարելու մասին` դրա դիմաց ստանալով նախարարական երեք պորտֆել, ինչպես նաև փոխվարչապետի պաշտոնը, իսկ պաշտոնն ու ստատուսը պետք է ամրագրվեն սահմանադրական հանրաքվեի միջոցով :

ՀՀ գործող Սահմանադրությամբ` վարչապետի առաջարկությամբ՝ երկրի նախագահը փոխվարչապետ է նշանակում նախարարներից մեկին, ով փոխարինում է վարչապետին վերջինիս բացակայության ժամանակ: Իսկ եթե սահմանադրական հանրաքվեի միջոցով ամրագրվի, ապա փոխվարչապետի լիազորությունները կարող են ավելի լայն սահմանվել:

Հովիկ Աբրահամյանն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են ինքնաթիռում


ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հաստատել է տեղեկությունը, որ հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց այդ հանդիպումը ոչ թե նախապես ծրագրված է եղել, այլ պատահական՝ ինքնաթիռում։ Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին, երբ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Պրահայից վերադառնալիս է եղել Հայաստան։ Հանկարծ նույն ինքնաթիռն է ներս մտել Ռոբերտ Քոչարյանը։ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը, հարգելով, իր տեղը զիջել է նրան, և ՀՀ երկրորդ նախագահը նստել է Հովիկ Աբրահամյանի կողքին:
Դե, ինքնաթիռում նստում են, չեն կանգնում։ Նստած էինք, ներս մտավ պարոն Քոչարյանը։ Մենք բացառապես խոսել ենք Պրահայում պատվիրակության հանդիպումների և աշխատանքների մասին։ Ոչ մի քաղաքական պայմանավորվածության մասին խոսք չի գնացել: Կարծում եմ՝ օդանավը քաղաքական պայմանավորվածության տեղը չէ,-ասել է ԱԺ նախագահը:

ՄԻՊ–ը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու կառավարության որոշումը


Արդեն երեք տարի է, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի պետական համալսարանի «իրավագիտություն» և «միջազգային հարաբերություններ» մասնագիտությունների գծով անվճար ուսումնառության տեղեր չեն նախատեսվում։
Ուսումնասիրելով խնդիրը՝ Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ նման որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, համաձայն որի յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք՝ օրենքով սահմանված կարգով:
Բացի այդ, «Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարվա համար պետք է սահմանի պետական պատվեր` ըստ մասնագիտությունների, ուսումնական հաստատությունների` յուրաքանչյուր մասնագիտության համար նախատեսելով անվճար ուսուցման տեղեր` առնվազն տասը տոկոսի սահմաններում: Այս խնդրի կապակցությամբ Պաշտպանի գրությանն ի պատասխան՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտնել է, որ նշված սահմանափակումը օրենքի խախտում չի հանդիսանում։
Այդուհանդերձ, նշված սահմանափակումը դիտարկելով որպես օրենքի կոնկրետ պահանջի խախտում՝  Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելու կառավարության տվյալ որոշման սահմանադրականությունը։