Տիգրան Կարապետյանը հավանաբար կառաջադրվի Արտաշատի մեծամասնական ընտրատարածքներից մեկում՝ ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանի եղբոր դեմ: Այդ մասին նա հայտնեց Tert.am-ի հետ զրույցում։ «Ուզում եմ կոնկուրենցիա անեմ այնտեղ, որտեղ միշտ չսիրվելով՝ ընտրվում են»,- ասաց «Ժողովրդական կուսակցության» (ԺԿ) նախագահը։ Ըստ վերջինիս՝ Արտաշատի վրա կանգ առնելու մյուս պատճառն այն է, որ մարզի հետ միշտ էլ կապեր է պահպանել: Տիգրան Կարապետյանը ներկայացրեց, թե ինչ հնարավոր կարգախոս կարող է ունենալ՝«Ընտրի՜ր ճիշտ ուղի, թե չէ կկործանվես»:
Կարապետյանից փորձեցինք ճշտել նաև, թե ճիշտ են մամուլի այն լուրերը, որ ՀՀԿ-ականներից մեկն իրեն առաջարկել է մտնել կուսակցության համամասնական ցուցակ, սակայն ինքը ՀՀԿ-ականին «ուղարկել է» ուր որ պետքն է: Հարցին ԺԿ նախագահը արձագանքեց իր հանրահայտ ծիծաղով (հը-հը-հը)։
Այսուհանդերձ, Տիգրան Կարապետյանը հաստատեց, որ եղել է նման դեպք, բայց ոչ ռեստորանում: Թե ով է այդ հանրապետականը, Տիգրան Կարապետյանը չի բացահայտում, քանի որ համարում է, որ դա «սիրուն բան չի», բայց ասաց, որ վերջինս բարձրաստիճան կուսակցական է եղել:
«Ինձ ամեն տեղից էլ առաջարկում են, բայց ես ոչ մի տեղ չեմ մտնում, քանի որ համարում եմ, որ իրենք անարդար են, իրենք պիղծ են, ու համագործակցել իրենց հետ, կնաշանակի՝ մեղսակից լինել»,- ասաց Տիգրան Կարապետյանը՝ կրկին նույն նկատառումով որևէ քաղաքական ուժի անուն չնշելով: Tert.am-ը խնդրել էր մանրամասնել՝ ԲՀԿ-ի՞ց, ՕԵԿ-ից, թե՞ այլ քաղաքական ուժից:
Տիգրան Կարապետյանն այս առնչությամբ ավելացրեց, որ իբրև հավատացյալ մարդ համարում է, որ դա գործարք կլիներ սատանայի հետ: Որպես քրիստոնյա նա ճանաչում է մեկ արժեք՝ «արդարություն և ճշմարտություն»:
Տիգրան Կարապետյանին ուղղված հրավերները ոչ միայն համամասնական ցուցակ մտնելուն են վերաբերում, որովհետև նա վերջին օրերին տարբեր միջոցառումներին մասնակցելու հրավերներ էլ ստանում: Բնականաբար, ասաց, որ բոլորին մերժում է:
«Մենակ Բանակի օրվան նվիրված տոնին կմասնակցեմ, քանի որ բանակը իմ համար սրբություն է»,- ասաց քաղաքական գործիչը:
ԺԿ-ն անպայման մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին և մասնակցելու է առանց քաղաքական դեմքերի:
Հիշեցնենք, որ ըստ երեկվա մամուլի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առաջիկայում հանդես է գալու կուսակցություններին ուղղված առաջարկով, որ ավելի շատ քաղաքական դեմքերի ներառեն իրենց համամասնական ցուցակներում:
Տիգրան Կարապետյանը այս ընտրություններին ապավինելու է ոչ թե նյութական կամ վարչական միջոցներին, այլ ժողովրդին: Նրա ընտրազանգվածը լինելու է դժգոհ, բայց հպարտ Հայաստանի քաղաքացին: ԺԿ նախագահի հավելմամբ՝ այդ քաղաքացին երբեք չի կարող «աբիժնիկ» լինել:
Շատերն են հիշում, թե ինչպես յուրաքանչյուր ընտրությունից հետո Տիգրան Կարապետյանը «ԱԼՄ»-ի եթերից ամոթանք էր տալիս իր «պոտենցիալ » ընտրողներին՝ «անաղուհացության» համար:
«Հա, էդ էլ կա»,- համաձայնեց ԺԿ նախագահը, ով համարում է, որ այդ ուրացությունը ոչ թե հայ ժողովրդից է, այլ նրա մեջ տարրալուծված նախկին «բոշեք»-ից: