Popular Posts

Wednesday, November 30, 2011

Նորվեգիան փակում է Թեհրանում իր դեսպանատունը


Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ փակում է Թեհրանում իր դեսպանատունը։ Ինչպես հաղորդում է ֆրանսիական «Ֆրանսպրես» գործակալությունը, նման որոշում ԱԳՆ–ն ընդունել է «անվտանգության նկատառումներից ելնելով»՝ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա երեկ իրականացված հարձակումից հետո։
Նորվեգիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին այդ երկրից տարհանելու մասին որոշում դեռևս չեն ընդունել։
Հիշեցնենք, որ երեկ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ  ուսանողները բողոքի ակցիա էին անցկացրել, որի ընթացքում նրանք դեսպանատան շենք էին ներխուժել, պատանդ վերցրել 6 մարդու (քիչ անց պատանդներն ազատ էին արձակվել)։ Նրանք նաև իջեցրել էին Մեծ Բրիտանիայի դրոշը, այրել այն և փոխարենը բարձրացրել Իրանի դրոշը։
Ուսանողները, սակայն, խոստացել են բողոքի ակցիաները շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները վերջնականապես չեն խզվել։
Դրանից հետո Մեծ Բրիտանիան Իրանից դուրս էր բերել իր դիվանագետներին:

Թուրքիան պատժամիջոցներ սահմանեց Սիրիայի նկատմամբ


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նկատմամբ։
Ինչպես հաղորդում է ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, այդ պատժամիջոցները  նախատեսում են  սառեցնել Սիրիայի հետ ռազմավարական համագործակցությունը, արգելք են դնում հանցանք գործած սիրիացի պաշտոնատար անձանց և գործարարների՝ Թուրքիա մուտքի վրա, սառեցնում են հարաբերությունները Սիրիայի Կենտրոնական բանկի հետ, սառեցնում են նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի և կառավարության ֆինանսական ակտիվները։

Մեծ Բրիտանիան իր երկրից վտարում է իրանցի դիվանագետներին


Մեծ Բրիտանիան իր երկրից կվտարի Իրանի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներին։ Ինչպես հաղորդում է բրիտանական «Բի–Բի–Սի» հեռուստառադիոկորպորացիան, այդ որոշումն ընդունվել է Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա երեկ իրականացված հարձակումից հետո։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Վիլյամ Հեյգն ասել է, որ ինքը հրահանգել է փակել Լոնդնում Իրանի դեսպանատունը, իսկ բրիտանացի դիվանագետները երկրի տարածքը պետք է լքեն 48 ժամվա ընթացքում։
Նա հավելել է, որ իր երկիրը ճիշտ է ամբողջովին չի խզում հարաբերություններն Իրանի հետ, բայց դրանք նվազագույնի է հասցնում։
Հիշեցնենք, որ երեկ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ ուսանողները բողոքի ակցիա էին անցկացրել (այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան խստացրել էր Իրանի նկատմամբ պատժամիջոցները), որի ընթացքում նրանք դեսպանատան շենք էին ներխուժել, պատանդ վերցրել 6 մարդու (քիչ անց պատանդներն ազատ էին արձակվել)։ Նրանք նաև իջեցրել էին Մեծ Բրիտանիայի դրոշը, այրել այն և փոխարենը բարձրացրել Իրանի դրոշը։
Ուսանողները, սակայն, խոստացել են բողոքի ակցիաները շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները վերջնականապես չեն խզվել։ Դրանից հետո Մեծ Բրիտանիան Իրանից դուրս էր բերել իր դիվանագետներին:

Պաշտոններից ազատվել են ճանապարհային ոստիականության տեսուչներ


Պաշտոններից ազատվել են ճանապարհային ոստիականության տեսուչներ ոստիկանության մայոր Աղասի Խաչատուրյանը և ոստիկանության լեյտենանտ Արման Մկրտչյանը։ Այս մասին հաղորդել է ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար պետք է այսուհետ միացված լինեն ոստիկանական մեքենաների փարոսիկները՝ ծանրաբեռնված երթևեկության և օրվա մութ ժամերին։ Խաչատուրյանն ու Մկրտչյանը ոչ միայն չեն միացրել փարոսիկները, այլև կատարել են «թաքնված ծառայություն»։
Հասարակայնության հետ կապերի վարչությունը նաև հաղորդում է, որ համակարգում առկա բացասական երևույթների դեմ պայքարում ակնկալվում է հասարակության աջակցությունը։ Թեժ գծի հեռախոսահամարներն են 546912 և 546914։ 

http://www.youtube.com/watch?v=bUhB9mAvjn4&feature=share

Tuesday, November 29, 2011

Արարատի մարզպետարանում բացահայտվել է 50 միլիոն դրամի խախտում

նոյեմեբերի 29-ին Արարատի մարզում տեղի է ունեցել ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի արտագնա նիստ: Նիստը վարել է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: ՎՊ խորհրդի անդամներից բացի, նիստին մասնակցել են նաև համապատասխան վարչությունների պետերը, ինչպես նաև մարզպետարանի համապատասխան ոլորտների պատասխանատուներն ու համայնքապետերը, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ–ի խորհրդի նախագահը և «Սոցիալական ներդրումների հիմնադրամի» գործադիր տնօրենը:  Նիստից հետո տեղի է ունեցել մամուլի ասուլիս: ՎՊ նախագահը լրագրողներին է ներկայացրել քննարկված հարցերը: Ի.Զաքարյանը տեղեկացրել է, նաև որ սոցիալական ոլորտում հայտնաբերված խախտումները հիմք են հանդիսացել, որպեսզի ՎՊ–ն սկսի «օպերատիվ վերահսկողություն» թոշակ-նպաստ համակարգում: Ստուգումները կանցկացվեն եկող տարվա հունվարից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում: Զաքարյանը հայտնել է, որ ինքը դիմել է կառավարությանը, որոշում ընդունի այն մասին, որ անօրինական վճարված նպաստների գումարն այսուհետև հետ գանձվի ոչ թե նպաստառուներից, այլ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ղեկավաներից և աշխատակիցներից:

Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, Արարատի մարզպետարանում 2009-2010 թվականներին իրականացված քաղաքաշինական, առողջապահական, կրթական ծրագրերում, ինչպես նաև տարբեր հողատարածքների վարձավճարների չհավաքագրման արդյունքում Վերահսկիչ պալատի ստուգումներով բացահայտվել են մոտ 50 միլիոն դրամի խախտումներ:

Ըստ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի՝ այդ գումարների մեծ մասը ենթակա են վերականգման պետական բյուջե: Վերահսկիչ պալատն առանձին ստուգումներ է իրականացրել նաև մարզի Մասիս, Արտաշատ, Վեդի և Արարատ քաղաքների Սոցիալական ծառայության տարածքային գրասենյակներում: Ընդհանուր առմամբ, արձանագրվել է ավելի քան 15 միլիոն դրամի խախտում:

Վերահսկիչ պալատը նաև վերահսկողություն է իրականացրել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի նկատմամբ:

Երևանի մետրոպոլիտենում իրականացված ստուգումների արդյունքով էլ Վերահսկիչ պալատը արձանագրել է 12 միլիոն դրամի և 4700 եվրոյի խախտման դեպք:

Վերահսկիչ պալատի այսօրվա խորհրդի նիստում արձանագրված խախտումների նյութերից որևէ մեկի վերաբերյալ դատախազություն ուղարկելու որոշում չի կայացվել, ինչը Իշխան Զաքարյանը մեկնաբանել է այսպես. «Դատախազություն ուղարկում ենք այն նյութերը, որտեղ քրեաիրավական բնույթի խախտումներ կան կամ ինչ-որ կազմակերպված խնդիրներ ենք տեսնում»:

Ինքնանպատակ կայունությունն ավերիչ է


Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը Ազատություն ռադիոկայանի հետ հարցազրույցում դեմ է արտահայտվել ԲՀԿ-Կոնգրես գործակցության թեմային՝ ասելով, որ այն կհարվածի Կոնգրեսին, պարունակելով շատ վտանգներ:


Մակեյանը նաև ակնարկել է, որ ինքը Կոնգրեսում մենակ չէ, որ դեմ է թեմային և մոտեցմանը: Կոնսենսուսի բացակայության մասին խոսել էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, ընդ որում՝ առաջին անգամ: Մինչ այդ նա երբեք չի խոսել այն մասին, որ Կոնգրեսում կա իր տեսակետին դեմ տեսակետ: Ավելին՝ այն, որ նա հայտարարեց այդ մասին և ընդգծեց, որ ինքը հայտնում է անհատական կարծիք, թերևս վկայում է, որ Տեր-Պետրոսյանն այդ հարցում եղել է փոքրամասնություն: Այսինքն՝ ավելի շատ դեմ են եղել, քան կողմ նրա մոտեցմանը: Չի բացառվում նաև, որ նա եղել է միայնակ կամ գրեթե միայնակ:

Այդտեղ, իհարկե, որևէ ողբերգություն չկա: Քաղաքական ուժը քաղաքական ուժ է հենց նրանով կամ ավելի շուտ ուժ է հենց նրանով, որ ոչ թե վախենում է ներքին տարակարծությունների դրսևորումից, այլ դրանք համարձակ հանում է հանրության առաջ և քննարկում: Մինչ այդ Կոնգրեսը չի արել այդպիսի բան, թեև հայտարարել է, թե կան տարակարծություններ: Հայտարարում էին, ասում, որ ներքին բուռն քննարկումներ են լինում տարբեր հարցերով, սակայն հանրությունն այդ ամենին ականատես չէր լինում: Ով ինչ է մտածում, ինչպես է մտածում, ով ինչին և ինչի համար է դեմ եղել, հանրությունը չէր իմանում, քանի որ այդ ամենը մնում էր Կոնգրեսի պատերից ներս և դուրս էր գալիս միայն Տեր-Պետրոսյանի «դատավճիռ»-ելույթը: Այդ ամենը Կոնգրեսի հասարակական հենարանը հիմնականում կամ գերազանցապես մտածող մարդկանցից վերածեց հիմնականում կամ գերազանցապես հավատացող մարդկանց: Դա էլ իր հերթին թուլացրեց Կոնգրեսի հասարակական մոբիլիզացիայի պոտենցիալը, իրավիճակը հասցնելով այնտեղ, որ ելքերն ավելի շատ ոչ թե հասարակության մեջ սկսեցին որոնել, այլ հիմնականում քաղաքական կոմբինացիաների, նույնիսկ ինտրիգների մեջ: Այդ ամենի արդյունքն էլ դարձավ այն որոշակի փակուղին, որում հայտնվելով, Կոնգրեսը այժմ թերևս ստիպված է հանել իր տարակարծությունները և քննարկել հանրային շրջանակում, չպահելով դրանք Կոնգրեսի պատերից ներս:

Ընդհանրապես, դա պետք է լինի, այսպես ասած, մրցունակ, բաց և հրապարակային քաղաքական ուժի հավատամքը: Մենք անցած երեք տարիների ընթացքում որևէ անգամ չենք տեսել Կոնգրեսի, այսպես ասած, «ներկուսակցական» բանավեճ որևէ թեմայով: Իհարկե, Կոնգրեսը կուսակցություն չէ, բայց քաղաքական միավոր է, որտեղ որոշակի սկզբունքների շուրջ հավաքվել են մարդիկ, կուսակցություններ և խմբեր: Մի՞թե այդ սկզբունքները պահելը անհնար էր լինելու, եթե նրանք բանավեճեր ունենային տարբեր մարտավարական հարցերի և ընթացիկ թեմաների վերաբերյալ: Մի՞թե այդքան հեղհեղուկ էր Կոնգրեսի հենքը, որ բանավեճերը պետք է քանդեին այն կամ ջլատեին: Այդպես լինում է այն ուժերի դեպքում, որոնց հետևում չկա ժողովուրդ, չկա սոցիալական հենարան: Մինչդեռ Կոնգրեսի հետևում կար դա, կար այդ հենարանը, բայց փոշիացավ հենց այն պատճառով, որ ունենալով այդ հենարանը, Կոնգրեսը հենարանը ծառայեցնում էր Հայաստանի քաղաքական դաշտի համար ավանդական մոտեցումների կիրառմանը, ոչ թե օգտագործում էր նոր որակի քաղաքականություն իրականացնելու համար:

Հիմա, ինչպես բոլոր մյուս ուժերի պարագայում, այս անգամ էլ Կոնգրեսի խոփը դեմ առավ քարին, և ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ եթե վարվում է հին որակի, ավանդական որակի քաղաքականություն, ապա այդտեղ միշտ հաղթում է նա, ում ձեռքին է ուժը, փողը, իշխանությունը, ինտրիգների համար անհրաժեշտ լծակների ամբողջությունը: Կոնգրեսն այժմ շանս է ստացել փոխելու իրավիճակը, բացելու քաղաքական գործունեությունը: Իհարկե փոշիացածն այնքան է, որ քիչ հավանականություն կա շանսը արդյունավետ օգտագործելու առումով, բայց դա անելուն այլընտրանք չկա: Այլընտրանքը կլինի այն, որ Կոնգրեսը ստիպված կլինի խորհրդարանի ընտրության արդյունքի վրա որոշակի «քաղաքագիտական» շենք կառուցել իշխանության հետ համատեղ, համատեղ մշակելով Կոնգրեսի հետագա տեղը քաղաքական դաշտում: Այլ կերպ ասած՝ Կոնգրեսն ընդամենը կգնա ու կհամալրի Հայաստանի համար սովորական դարձած քաղաքական ուժերի շարքը, եթե արդեն իսկ չի գտնվում այդ շարքում:

Ներկայիս թեմատիկայի վրա կառուցվող հանրային քննարկումները լավ ֆոն են Կոնգրեսի համար բանավիճային հարթակ բարձրանալու և ներքին անհամաձայնություններն ու տարաձայնությունները բաց քաղաքական դիսկուրսի ռեժիմ բերելու համար: Իրականում ոչ թե «Բարգավաճ Հայաստանի» հետ կապը, այլ հենց այդ բաց գործընթացն է Կոնգրեսի միակ շանսը: Պատրաստ կլինի՞ արդյոք Կոնգրեսը գնալ այդ քայլին: Ինքնին հասկանալի է, որ այս ժամանակահատվածում հրապարակային ներքին բանավեճի պրակտիկայից ամեն գնով խուսափած քաղաքական ուժի համար շատ մեծ դժվարություն է ներկայացնելու նոր ոճի կիրառումը, բայց Կոնգրեսի համար ստեղծված իրավիճակը ներկայումս ավելի հեշտ չէ: Այսպես ասած՝ ներքին կայունությունը քաղաքական ուժի համար չպետք է լինի ինքնանպատակ:

Դա կարելի է հստակ պատկերացնել պետության օրինակով: Իշխանությունը ինքնանպատակ է հռչակել պետության ներքին կայունությունն ու սպառնում է այն խախտողներին՝ ամեն մի շեղում որակելով որպես ցնցում և հակասահմանադրականություն: Իրականում այդ կայունության ինքնանպատակ պահպանումը, որի համար կիրառվում են ներքին ու արտաքին վտանգների վրա ձևավորված քարոզչական հնարքներ, խոչընդոտում է երկրի զարգացմանն ու խթանում արտագաղթը, քանի որ մարդիկ պարզապես ստիպված են ենթարկվել համընդհանուր կայունության կանոնին և զսպել իրենց մտքի և կամքի ինքնուրույն դրսևորումները: Դա ոչ մի կապ չունի կազմակերպվածության, կարգի, կանոնի հետ: Դա պարզապես ինքնանպատակ կարծրատիպ է, որը ծառայեցվում է իշխանությունը պահելուն, լինի պետություն, թե առանձին որևէ միավոր այդ պետության ներսում: Նույնը քաղաքական ուժի պարագայում է՝ ինքնանպատակ կայունությունը հանգեցնում է այդ ուժի լճացման, հոգեբանական անկման և «արտագաղթի»՝ համակիրների կորստի: Առավել ևս, որ տվյալ պարագայում կայունություն ասվածը խիստ պայմանական է և դրա հականիշը ամենևին անկայունությունը չէ:

Հայաստանից մեկնելիս ու վերադառնալիս պարտադրված շփվում ես ռուսական ՖՍԲ-ի աշխատակից բլյանդինկաների հետ

ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը Ej էլեկտրոնային ամսագրի (ejournal.am) իր բլոգում գրում է.
...... Ուրախ ավարտով այս փոքրիկ դիպվածը, սակայն, մի շարք հարցեր է առաջացնում: Ահա դրանցից մի քանիսը. Ի՞նչ գործ ունեն ռուս սահմանապահները Զվարթնոց օդանավակայանում: Այդ ի՞նչ են անում նրանք, ինչը չեն կարող անել հայ սահմանապահները ու այդ պատճառով չի իրականացվում հայ-ռուսական միջպետական համաձայնագրով ի սկզբանե նախատեսված, ռուս սահմանապահների փուլ առ փուլ փոխարինումը հայ սահմանապահներով: Նույն հարցադրումը վաղուց արդիական է նաև հայ-իրանական սահմանի համար: Օտարերկրացիներին դեռ մի կողմ թողնենք. սեփական երկրի անկախության մասին ի՞նչ կարծիք են կազմում հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիները, երբ Հայաստանից մեկնելիս ու վերադառնալիս պարտադիր կարգով ստիպված են լինում շփվելու Ռուսաստանի ՖՍԲ-ի աշխատակից բլյանդինկաների հետ:

Եվ վերջին տրտունջս օդակայանի բացման վերաբերյալ. Ի՞նչ տարբերություն կա սեփական ժողովրդի աչքին թոզ փչող Սերժի և մոսկովյան բոսերի աչքին ժամանակին թոզ փչող ՀԽՍՀ կոմկուսի առաջին քարտուղարների գործելաոճում: Դեմիրճյանն էլ, հիշում եմ, երևանյան մետրոն բացեց մեծ շուքով, իսկ հետո փակեց` անավարտ շինարարությունը շարունակելու համար: Նույնիսկ կատակ կար այն տարիներին, թե մետրոն բացեցին, տեսան ռակ ա` փակեցին:

Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հարձակման է ենթարկվել


Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև արմատական տրամադրված մի խումբ երիտասարդներ բողոքի գործողություն են անցկացրել, որը, սակայն, վերաճել է մայրաքաղաքի տարբեր մասերում տեղակայված բրիտանական դիվանագիտական շենքերի վրա հարձակումների։ Ըստ իրանական լրատվամիջոցների՝ շենքերից մեկում 6 մարդու գերի են վերցրել, սակայն հետո նրանց ազատ են արձակել։ Այս մասին հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իրանի ԱԳՆ–ն արձագանքել է այս միջադեպին՝ նշելով, թե ցավում է, որ այդ գործողությունները վերածվել են հարձակումների։ Թեհրանն այդ գործողություններն «անթույլատրելի» է որակել։
«Մենք ընդունում ենք և պատրաստ ենք միջազգային իրավունքին համապատասխան ապահովել  դիվանագիտական օբյեկտների ու դիվանագետների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը»,–նշվում է ԱԳՆ–ի տարածած հայտարարության մեջ։
Արևմտյան որոշ լրատվամիջոցներ իրենց հերթին տեղեկատվություն են տարածել, թե այդ հարձակումների ժամանակ այրվել է բրիտանական դրոշը, իսկ դիվանագիտական շենքերից գողացվել են որոշ գաղտնի փաստաթղթեր։
Հիշեցնենք, որ Իրանի ու Մեծ Բրիտանիայի հարաբերությունները վերջերս բավական սրվել են։ Իրանը վռնդել  բրիտանական դեսպանին՝ այդպիսով իջեցնելով դիվանագիտական հարաբերությունների մակարդակը այդ երկրի հետ։ Ավելի վաղ, ինչպես հայտնի է, հրապարակվել էր ՄԱԳԱՏԷ–ի զեկույցը, որտեղ Իրանը մեղադրվում էր միջուկային զենքի ստեղծման ծրագիր ունենալու համար։ Դրան հետևեց Իրանի դեմ արևմտյան երկրների, այդ թվում նաև Մեծ Բրիտանիայի կողմից կիրառվող պատժամիջոցների խստացումը։

Ջիոևան Հարավային Օսիայում իրեն նախագահ է հռչակել


Հարավային Օսիայի նախագահի թեկնածու, ընդդիմադիր Ալլա Ջիոևան իրեն հռչակել է երկրի ընտրված նախագահ և կազմավորել Պետական խորհուրդ։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։
Ընտրությունները  կայացած են համարվել ԿԸՀ–ի և բոլոր միջազգային  դիտորդների կողմից–, նշել է Ջիոևան ։
10 հոգուց բաղկացած Պետական խորհուրդ կազմավորելը Ջիոևան համարում է իր առաջին նախագահական հրամանը։ Խորհրդի մեջ են մտնում մասնավորապես «Սոբր» ջոկատի հրամանատար Սոսլան Թեդետին, առողջապահության նախկին նախարար Ջեմալ Ջիգքաևը, փոխարտգործնախարար Ալան Պլիևը, պատգամավոր Վլադիմիր Քելեխսաևը և այլոք։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Հարավային Օսիայի Գլխավոր դատարանը անվավեր էր ճանաչել նոյեմբերի 27-ին տեղի ունեցած ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները։ Ըստ ԿԸՀ–ի հրապարակած նախնական տվյալների՝ Ջիոևան հավաքել էր ձայների 56,7 տոկոսը, իսկ Անատոլի Բիբիլովը՝ 40 տոկոսը։  Դատարանը որոշում էր կայացրել, որ նոր ընտրությունները տեղի կունենան 2012 թ. մարտի 25-ին, իսկ  Ալլա Ջիոևան զրկվել էր ընտրություններին իր թեկնածությունը դնելու իրավունքից։

Կադրային փոփոխություններ Շիրակի ոստիկանությունում


Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը երեկ կադրային մի շարք փոփոխություններ է կատարել: Նրա հրամանով աշխատանքից ազատվել է Գյումրիի ոստիկանապետ Արթուր Բիչախչյանը` տեղափոխվելով ռեզերվային կադրերի ցուցակ: Վերջինս նախկինում եղել է Դիլիջանի ոստիկանապետը, իսկ Գյումրիում պաշտոնավարել է մոտ 2 տարի: Գյումրիի նոր ոստիկանապետ է նշանակվել Ախուրյանի ոստիկանապետ Վահրամ Ենգոյանը։ 


Փոփոխություններ են կատարվել նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում։ Ռեզերվային կադրերի ցուցակում է հայտնվել նաև մարզի կադրերի գծով փոխոստիկանապետ Ռուբիկ Համբարյանը։ Մի աստիճանով բարձրացվել է Գյումրիի ծառայության գծով փոխոստիկանապետ Համլետ Կիրակոսյանի պաշտոնը։ Շիրակի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ Հարություն Ավետիսյանն էլ նշանակվել է կադրերի գծով տեղակալ:

Գործարարների մուտքը խորհրդարան արգելող Սահմանադրական պահանջը պոստսոցիալիստական երևույթ է

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ-ում օրենքի նախագիծը շրջանառության դրած Դավիթ Հաությունյանը երեկ «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում մի սենսացիոն բացահայտում է արել: Նա ասել է, որ գործարարների մուտքը խորհրդարան արգելող Սահմանադրական պահանջը «պոստսոցիալիստական երևույթ է, և որևէ այլ երկիր` ավանդական ժողովրդավարության, որպես կանոն, դրա մասին չի խոսում»: 

«Ուշագրավն այն է, որ այս հայտարարությամբ Դ. Հարությունյանը փաստացի որոշ հիմքեր է ստեղծում հաջորդ գումարման ԱԺ-ում որոշ գործարարների մուտքը չբացառելու համար: Բայց, ի տարբերություն նրա, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, ծանոթանալով ԱԺ ոչ լեգիտմիության մասին Կոնգրեսի հայտնի փաստաթղթին, որտեղ կար գործարարությամբ զբաղվող 76 պատգամավորի ցանկը,  հայտարարել էր, որ նրանց կարելի է ընդհուպ մինչև դատապարտել` Սահմանադրության պահանջը ոտնահարելու համար»:

«Սուրիկի լավաշ»-ի սեփականատերը այլևս ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարը չէ


«Սուրիկի լավաշ»-ի սեփականատեր Սուրիկ Հակոբյանը՝ հայտնի բանդայի գործով ձերբակալված և հանցախմբի պարագլուխ որակված Արտյուշա Հակոբյանի հայրը, այլևս Գառնու ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարը չէ: «Հիմա ինձ փոխել են՝ ուրիշ մարդ են դրել ղեկավար»,- ասել է Սուրիկ Հակոբյանը և հավելել. «Դե, երևի հաշվի առնելով, որ ես դավաճան եմ՝ հայրենիքի...»: Հակոբյանը, սակայն, ընդգծել է. «Մեկ ա, ԲՀԿ-ն իմ կուսակցությունն ա, իսկ կուսակցության նախագահին հարգում-սիրում եմ»:

Աշոտյանի հանձնարարականներն արհամարհել են


 Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում չեն վճարում մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողների կրթաթոշակները: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդես եկավ պարզաբանմամբ՝ հայտարարելով, որ ինքը ոչ միայն հրահանգել է արագ լուծել այդ հարցը, այլև մյուս բուհերի ռեկտորներին հանձնարարվել է հետևել, որ կրթաթոշակները չուշանան: 


«Բանից պարզվում է՝ Տնտեսագիտական համալսարանում նախարար Աշոտյանի հանձնարարականներն արհամարհել են, և առ այսօր ուսանողները չեն ստացել իրենց կրթաթոշակը: Ճիշտ այնպես, ինչպես նախարարի հանձնարարականներն արհամարհում են նաև դպրոցները: Թեև Աշոտյանը բազմիցս ասել է, որ դպրոցներում արգելված է դրամահավաքը, սակայն այդ արատավոր երևույթին ականատես ենք լինում ամեն քայլափոխի:

ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի նկատմամբ ճնշումները շարունակվում են


ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ Ռուստամ Գասպարյանի նկատմամբ ճնշումները շարունակվում են: Նրա մերձավորներից 6 հոգու նկատմամբ հայտարարված է հետախուզում, և ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցները փնտրում են նրանց:  «Գասպարյանը հեռացել է Հայաստանից` պատճառաբանելով, որ Չինաստանում կարևոր գործեր ունի: Թերևս պատճառն այն է, որ ի վիճակի չէ պաշտպանել իր մտերիմներին: Մենք գրել ենք, որ Գասպարյանի դեմ ճնշումներն սկսվել էին այն բանից հետո, երբ նա և նրա մտերիմներն սպառնացել էին Արմավիրի Գետաշենի համայնքապետին՝ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի (Նովո) հետ մտերմություն անելու համար»:

Իսլանդիան եվրոպական երկրներից առաջինը ճանաչեց Պաղեստինը


Իսլանդիայի խորհրդարանը քվեարկել է Պաղեստինի՝ որպես անկախ պետության, ճանաչման օգտին: Այդ որոշումը ընդունվել է 38 կողմ ձայներով, 12 պատգամավոր բացակայում էին, իսկ 13-ը ձեռնպահ են մնացել: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, քվեարկության արդյունքները հնարավորություն են ստեղծում Պաղեստինը ճանաչել 1967 թվականի սահմաններով: 


Իսլանդիան դարձել է առաջին եվրոպական պետությունը, որը կողմ է արտահայտվել Պաղեստինի` որպես անկախ պետության, ճանաչմանը:

Հիշեցնենք, որ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը ՄԱԿ դիմում էր ներկայացրել` խնդրելով ճանաչել Պաղեստնի անկախությունը: Սակայն այս նախաձեռնությունը ուժեղ դիմադրության էր հանդիպել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից:

Նոյեմբերի 9-ին ՄԱԿ ԱԽ-ն չկարողացավ համաձայնության գալ Պաղեստինի`կազմակերպությանը անդամակցության հարցի վերաբերյալ:

Սամվել Կարապետյանի գումարներն են ծախսվել


 Կառավարության վերջին նիստով ավելի քան 79 մլն 300 հազար դրամ է տրվել Սևանի թերակղզում գտնվող նախագահական ամառանոցում ԱԱԾ ՊՊԾ զինանոց կառուցելու համար: «Ավելին, այս տարվա հուլիսին էլ, կառավարության N 918-Ն որոշման համաձայն, ամառանոցի հիմնանորոգման աշխատանքների համար տրվել է 140 մլն դրամ: Մինչդեռ քաղաքական շրջանակներում գրեթե բոլորին է հայտնի, որ ամառանոցում կապիտալ շինարարությունն իրականացվել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի եղբոր՝ Սամվել Կարապետյանի՝ Կալուգայի Աամոյի ֆինանսական միջոցներով: 

Հավանաբար Կ. Կարապետյանի հրաժարականից հետո եղբայրը դադարեցրել է ֆինանսավորումը, ու հիմա զինանոցի աշխատանքներն ավարտին են հասցվում արդեն բյուջետային միջոցներով: Ստացվում է, որ մի կողմից պետական բյուջեից ամառանոցի անվան տակ գումարներ են դուրս գրվել ու անհետացել, մյուս կողմից` Սամվել Կարապետյանի գումարներն են ծախսվել այնտեղ:

Sunday, November 27, 2011

Իսլանդիան հրաժարվել է իր տարածքի մի մասը վաճառել


Իսլանդիայի իշխանությունները մերժել են Չինաստանի ամենահարուստ գործարարներից մեկը համարվող Խուան Նուբոյի՝ Իսլանդիայի տարածքի 300 քառ. կմ–ն իրեն վաճառելու առաջարկը։ Բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիայի հաղորդմամբ՝ իսլանդացի պաշտոնյաները նշել են, որ երկրի ողջ պատմության ընթացքում երբեք այդքան մեծ տարածք օտարերկրացու չի վաճառվել:
Խուան Նուբոն ծրագրում էր ձեռք բերված տարածքում զբոսաշրջային առողջարան հիմնել: Որոշ քննադատներ իրենց մտահոգություն էին հայտնել առ այն, որ գործարարի առաջարկը, ընդունվելու դեպքում, Չինաստանին հնարավորություն է տալու ռազմավարական պլացդարմ հիմնել Արկտիկայում (նրանք նշել էին, որ Չինաստանը շահագրգռված է Արկտիկայի բնական ռեսուրսների յուրացմամբ):
Գիտնականների հաշվարկներով` Արկտիկայում են գտնվում նավթի ու գազի ամենահարուստ հանքավայրերը։ 

Նախագահն այցելեց Դիլիջան

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում Սերժ Սարգսյանն այցելեց սեպտեմբերին շահագործման հաննված Բեսթ վեսթերն Փերըդայզ հյուրանոցային համալիր: Նա ծանոթացավ ժամանակակից չափանիշներով կառուցված հյուրանոցի պայմաններին, կատարված ներդրումների չափին և ստեղծված աշխատատեղերին: Շենքը շահագործման է հանձնվել 1986 թվականին: 2002-ին շինությունը սեփականաշնորհվել է, բայց ֆիզիկական մաշվածության պատճառով այն ենթակա չէր շահագործման: Չորս տարի տևած վերակառուցման և տեխնիկական վերազինման համար ներդրվել է 7 մլն դոլար:
Հյուրանոցը տեխնիկապես և մատուցվող ծառայությունների որակով համապատասխանում է միջազգային չափանիշներին: Հյուրանոցին շնորհված է լիիրավ անդամակցություն «Բեսթ վեսթերնի» մեծ ընտանիքում: Հյուրանոցի գործադիր տնօրեն Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ տնօրինությունը հիմնական շեշտը դնելու է բարձրակարգ սպասարկման վրա:


Աշխատանքային այցով Տավուշի մարց մեկնած նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց ԿԲ-ի «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի շինհրապարակ, որտեղ նրան ներկայացրեցին կատարված և ընթացիկ աշխատանքներն ու նախագծերը: Կենտրոնի կառուցման հիմնական նպատակն է ստեղծել ժամանակակից տեխնիկական ու տեխնոլոգիական լուծումներով ինստիտուտ, որտեղ կիրականացվեն միջազգային չափանիշներին համապատասխանող տնտեսագիտության և ֆինանսական բնագավառին առնչվող տարածաշրջանային և միջազգային կոնֆերանսներ: Այդ նպատակով բանակցություններ են վարվում վերոնշյալ ծրագրերի կազմակերպման և իրականացման հարուստ փորձ ունեցող մի շարք հեղինակավոր միջազգայի ֆինանսական կազմակերպությունների գործընկեր ԿԲ-ների ուսումնական կենտրոնների հետ:
Կենտրոնում տարածքներ կհատկացվեն առևտրայի բանկերի, «ԱրՔա» պրոցեսինգային կենտրոնի, ԱՔՌԱ վարկայի և ԱՊՊԱ բյուրոների համար:
Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 29 հազար քառակուսի մետր: Կենտրոնի բացումը նախատեսված է 2013 թվականի հունվարին:
«Դիլիջան» ուսումնական հետազոտական կենտրոնում աշխատող ԿԲ աշխատակիցների համար կառուցվում է բազմաբնակարան բնակելի շենք 64 ծառայողական բնակարանով՝ 6290 քմ ընդհանուր բնակելի տարածքով: Շենքի առաջին հարկում նախագծված են մանկապարտեզ և առևտրային տարածքներ:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի խոսքով՝ կենտրոնում կանցկացվեն ոչ միայն բանկային, այլև ընդհանուր ֆինանսական դասընթացներ: Մի շարք պայմանավորվածություններ կան միջազգային կառույցների հետ, ինչպիսիք են Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, ՎԶԵԲ-ը, Տորոնտոյի կենտրոնը ուսումնական և այլն: Այստեղ անցկացվելու է տարեկան մոտ 30 միջազգային սեմինար, և դասավանդելու են լավագույն մասնագետները: Նրանց փորձը թույլ կտա նաև հայ մասնագետներին ստանալ մասնագիտական բարձր գիտելիքներ: Գործելու է նաև հետազոտական խոշոր կենտրոն, որը զբաղվելու է հետազոտություններով ոչ միայն բանկային ոլորտում:

նոր համալրում


Իրանի ռազմածովային (ՌԾ) ուժերի հրամանատար, ծովակալ Հաբիբոլա Սայարին շաբաթ օրը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմածովային զորամիավորումը նոր համալրում է ունեցել` երկրի ծովային սահմաններն այսուհետ կպաշտպանեն ևս 3 սուզանավեր: Այս մասին հաղորդում է FARS գործակալությունը:
«Սուզանավերի մասերը, այդ թվում և նավի կմախքը, առաջադեմ ռադիոտեղորոշման սարքավորումը և հակաօդային պաշտպանության համակարգը մշակված և պատրաստված են Իրանի ռազմաարդյունաբերական համալիրի կողմից», - հաղորդել է բարձրաստիճան զինվորականը:
Իրանցի հրամանատարը նշել է, որ նոր «Գադիր» դասի սուզանավերը զգալիորեն ավելացրել են նավատորմի հնարավորություններն ուղղված երկրի ծովային տարածքի պաշտպանությանը:

Բելառուսում մահապատիժները գաղտնի են իրականացվում


ՄԱԿ-ի կտտանքների դեմ կոմիտեն մտահոգություն է հայտնել Բելառուսի իրավապահ մարմինների կողմից կալանավորների նկատմամբ դաժան գործողությունների մասին պարբերաբար ստացվող լուրերի առնչությամբ:
«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի համաձայն` կոմիտեն նաև դժգոհ է պաշտոնական Մինսկի` դեպքերը հետապնդելու նախաձեռնությամբ հանդես չգալու համար:
ՄԱԿ-ում անհանգստացած են, որ երկրում մահապատիժները գաղտնի են իրականացվում, իսկ մահապատժի ենթարկվածների ընտանիքներն այդ մասին իմանում են միայն օրեր անց:

Արաբական երկրների լիգան պատժամիջոցներ սահմանեց Սիրիայի դեմ


Արաբական երկրների լիգան ձայների մեծամասնությամբ համաձայնության է եկել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցում: Այս մասին հայտարարել է Քաթարի ԱԳ նախարար Համադ բեն Ջասեմը: Ըստ նրա` պատժամիջոցների ընդունմանը կողմ է քվեարկել 22 երկրից 19-ը:
Պատժամիջոցներով արգելք է դրվում Լիգայի անդամ երկրների տարածք մուտք գործելու վրա, սառեցվում են նախագահ Բաշար Ասադի և կառավարության բանկային հաշիվները, դադարեցվում են Սիրիայի ԿԲ-ի հետ գործարքների իրականացումը և Սիրիայում կազմակերպության ներդրումները:
Արաբական երկրների լիգան պահանջում էր, որ Սիրիա կարողանա մեկնել 500 դիտորդ` երկրում իրավիճակի վերլուծության համար: Դամասկոսը համաձայնել էր թույլ տալ երկիր մուտք գործել միայն 40 դիտորդի:
Սիրիայում շարունակվում են Բաշար Ասադի դեմ ցույցեր անցկացնողների դեմ ճնշումները:

Սիրիան Թուրքիայի վրա է ուղղում «ՍԿԱԴ» հրթիռները


Դամասկոսը որոշում է կայացրել ռուսական արտադրության «ՍԿԱԴ» տիպի հրթիռները Թուրքիայի վրա ուղղելու մասին:
Ինչպես գրում է «Թուրքիա» թերթը, Սիրիան «ՍԿԱԴ» և «ՍԱՄ» տիպի հրթիռները, որոնց միջոցով հնարավոր է հարված հասցնել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախին և որոնք ունեն նաև մարտագլխիկներ կրելու հնարավորություն, առաջիկայում տեղակայելու է Ղամըշլը և Այն Դիվար շրջաններում:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիային հարվածելու հնարավորության մասին էր հայտարարել Իրանի օդատիեզերական պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ Էմիր Ալի Հաջիզադեն:
Իրանցի գեներալը հայտարարել էր, որ Իրանի վրա հարձակման դեպքում իրենք հարվածելու են Թուրքիայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության տարրերին:
Որոշ ժամանակ առաջ մամուլում հայտնվել էր տեղեկություն այն մասին, որ եթե թուրքական բանակը մտնի Սիրիա, Իրանը կհարվածի Թուրքիային։
«Եթե թուրքական բանակը ներխուժի Սիրիա, մենք պատերազմ կհայտարարենք Թուրքիային։ Սիրիայի դեմ ուղղված որևէ ռազմական միջամտություն միևնույն ժամանակ կնշանակի պատերազմ հայտարարել Իրանին»,– ասել էր իրանցի բարձրաստիճան զինվորականը, որի անունը չէր նշվում:

Իրան


Ռուսաստանն ու Ադրբեջանը հայտարարել են Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման աշխատանքներին մասնակցելու պատրաստակամության մասին: Իրանի երկաթուղների ներկայացուցիչ Աբբաս Նազարին նշել է, որ Ռեշտ-Աստարա երկաթգիծն ունենալու է 75 կմ երկարություն, որի շինարարության ընդհանուր արժեքը կազմելու է 400 միլիոն դոլար:

Իրանի խորհրդարանը կողմ է քվերակել Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները գործերի ժամանակավոր հավարտարմատարի մակարդակի իջեցնելուն:
Ինչպես տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները, Իրանի խորհրդարանում Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական, ինչպես նաև առևտրային և տնտեսական հարաբերությունները սահմանափակելուն կողմ է քվեարկել պատգամավորների մեծ մասը:
Որոշման համաձայն` Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը 2 շաբաթվա ընթացքում պետք է լքի Իրանի տարածքը: Իրանի խորհրդարանը նման քայլով պատասխանել է Լոնդոնի` Իրանի դեմ ուղղված պատժամիջոցներին:

Չավեսը սկսել է դուրս բերել ոսկին


Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը սկսել է դուրս բերել ոսկին ԱՄՆ-ի ու Եվրոպայի խոշոր բանկերից: Ընդհանուր առմամբ` պետք է տեղափոխվի 211 տոննա ոսկի:
Associated Press-ի հաղորդմամբ` ոսկու առաջին մասն արդեն հասել է Կարակասի միջազգային օդանավակայան, որտեղից ուժեղացված հսկողության ներքո այն հասցվել է Վենեսուելայի Կենտրոնական բանկ:
Հաղորդվում է, որ երկրի իշխանությունները ձեռնարկել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ, այդ թվում՝ գործի են դրվել տանկերը:

Նախագահ Չավեսն օգոստոսին հայտարարել էր, որ ոսկու վերադարձն ուղղված է երկրի ինքնիշխանության պահպանությանը:

Friday, November 25, 2011

քաղաքական կամք է պետք


«Վերջերս Սերժ Սարգսյանի քաղաքական մենեջերներից մեկն ասում էր, թե Սերժ Սարգյանենք հեղափոխություն են անում, կամ պատրաստվում են անել:
Բայց դա խաբեություն է: Երկու խաբեբա մի քանի սփյուռքահայ խաբելուց հետո, նրանց թողեցին նայելու ոստիկանության, դատախազության, քաղաքային իշխանությունների վիճակին»,- հայտարարեց գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը Ազատության հրապարակում ելույթ ունենալով Կոնգրեսի հանրահավաքին:
«Առանց նախանձի չես կարող նայել մեր հարևան Վրաստանի վերջին ութ տարվա շրջանին: Հայաստանից ոչնով չտարբերվող վիճակ էր, սակայն այնտեղ տեղի ունեցած կարգին բարեփոխումները ցույց տվեցին, որ քաղաքական կամք է պետք այդ բարեփոխումները կատարելու համար»,- արձանագրեց Պասկևիչյանը:
Նա փորձել է հասկանալ Վրաստանի հեղափոխության գաղտնիքը, «բայց գաղտնիք չկար, ասում էին՝ ուղղակի մենք ուզում ենք, որ մեր զավակները լավ ապրեն»: «Մենք պետք է ստիպենք մեր քաղաքական առաջնորդներին գնալ այն ճանապարհով, որն ուզում է հասարակությունը, դա է քաղաքական կամքը»,- եզրակացրեց հրապարակախոսը՝ կոչ անելով. «Վե՛րջ տանք տրտունջներին, թե ճանապարհները փակում են։ Այդ ո՞ր ապստամբի առջև են իշխանությունները գորգ փռել: Ուզում եմ ասել, որ եթե ուզում ենք փոփոխություններ, ուրեմն պիտի ամեն կերպ հասնել դրան»

Ադրբեջանը գնել է 164 տանկ


ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի տվյալներով Ռուսաստանը, Ուկրաինան և Բելառուսը 2005–2010թթ. 13 երկրների վաճառել են 1108 տանկ։
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, վերոնշյալ 3 պետություններից ձեռք բերած տանկերի քնակով 1-ին հորիզոնականը զբաղեցնում է Ալժիրը (204), 2-րդը՝ Ադրբեջանը (164), 3-րդը՝ Հնդկաստանը (124)։

Քաթարը մտադիր է իսլամիզացնել Լիբիան


Լիբիայի Ազգային անցումային խորհրդի (ԱԱԽ) նախկին փոխվարչապետ Ալի Թարխունին Քաթարին մեղադրել է «ազատագրված» Լիբիայի ներքին գործերին կոպիտորեն միջամտելու մեջ:
Լիբիայի նավթի և ֆինանսների նախարարի պաշտոնակատար Թարխունին հայտարարել է, որ Քաթարի վարած քաղաքականությունը ուղղակի վտանգ է ներկայացնում Լիբիայի անկախության ու ինքնիշխանության համար: Այս մասին հաղորդում է MIGnews-ը:

Տրիպոյիում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Թարխունին բացատրել է, թե ինչի համար չի ընդգրկվել ԱԱԽ նոր կառավարության կազմում. «Ես տեսնում եմ Լիբիայի անկախության կորստի վտանգը, ես տեսնում եմ թե ինչպես են այդ օտարները աչքները տնկել Լիբիայի հարստության վրա: Այն ձայները, որոնք մենք այժմ լսում ենք, դրանք էլիտայի ձայներն են, ԱԱԽ ձայներն են, ձայներ այնպիսի մարդկանց, ում ոչ ոք չի ընտրել: Որոշ պետություններ, որոնք աջակցեցին մեր պայքարին, այժմ սկսել են մտածել, թե իրենք իրավունք ունեն մեր երկրի ներքին գործերին խառնվելու: Սակայն այդ պետությունները սխալվում են»:
Թարխունին նաև պնդում է, որ Քաթարը մտադիր է Լիբիան մատնել իսլամիստների բզկտմանը, այն դեպքում երբ երկրի բնակչության 90% -ը չափավոր կրոնական հայացքների տեր մարդիկ են, ովքեր ցանկանում են աշխարհիկ պետություն հիմնել:
Ըստ Թարխունիի` Քադաֆիի ժամանակ գոյություն ունեցող համակարգը նույնությամբ պահպանվել է, այդտեղից դուրս է բերված միայն Քադաֆիի տոհմը:
Ըստ նրա` դրանով են պայմանավորված այն ծանր սոցիալ-տնտեսական խնդիրները, որոք ծառացել են Լիբիայի ժողովրդի առջև: Գործազրկության մակարդակը Լիբիայում գերազանցում է 30%-ը:

Իլիա Երկրորդը դիմել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին


Վրաց պատրիարք Իլիա Երկրորդը դիմել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ Բագրատիոնիների դինաստիայի Վախթանգ VI-րդ և Թեյմուրազ II-րդ արքաների աճյունների վերահուղարկավորման խնդրանքով, որոնք թաղված են Աստրախանում:
«Վրաց արքաները պատգամել են իրենց թաղել հայրենիքում, և մենք խնդրել ենք ՌԴ նախագահին ու պատրիարք Կիրիլին, որ նրանք թույլ տան մեզ դա ի կատար ածել»,- ասել է Իլիա Երկրորդը: Նա ասել է, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն արդեն փոխանցվել են ռուսական կողմին:
Վախթանգ VI-րդն իր կյանքի վերջին երկու տարիներն անցկացրել է Աստրախանում, որտեղ էլ թաղվել է, իսկ Թեյմուրազ II-րդը մահացել է Սանկտ Պետերբուրգում, սակայն հուղարկավորվել է Աստրախանում:

Կրակողները բերման են ենթարկվել Կենտրոնականի բաժին

Երեկ, ժամը 21-ի սահմաններում, Երևանի Զավարյան 64 շենքում հնչել են կրակոցներ։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը՝ Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի և ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ, կարողացել է վնասազերծել կրակողին։ Հարևանները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ կրակողներից մեկը գործարար Աշոտ Ղազարյանն էր, ում որդին ընդունվել է Մոսկվայի պետական համալսարան, և այդ առթիվ կազմակերպված քեֆի թունդ պահին մտքներով անցել է տանը եղած զենքերով կրակել օդ։ Կրակողները բերման են ենթարկվել Կենտրոնականի բաժին։

Ծառուկյանը պայքարում է ցուցակի 2-րդ տեղի համար

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները երեկ կտրականապես հրաճարվել են որևէ կերպ մեկնաբանել լուրերն այն մասին, թե իրենք ԱԺ առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ միասնական ցուցակով են մասնակցելու։ Թերթի աղբյուրները, սակայն, շարունակում են պնդել, որ ոչ միայն որոշումը կայացվել է, այլև Ծառուկյանը համաձայնել է դառնալ միասնական ցուցակի երրորդ համարը, իսկ ցուցակը գլխավորելու է  Սերժ Սարգսյանը։ Երկրորդ համարը, այս տարբերակով, զբաղեցնելու է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ներիշխանական աղբյուրները տեղեկացնում են, որ չնայած Ծառուկյանը նախնական համաձայնություն է տվել այս տարբերակին, բայց թեման վերջնական փակված չէ։ ԲՀԿ ղեկավարը, թերևս, ուզում է տեղափոխվել նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնական։ Արթուր Բաղդասարյանի համար ցուցակում տեղ նախատեսված չէ. նա ուզում է մինչ ընտրությունները դառնալ ՀՀ գլխավոր դատախազ։

Հանցագործություն է համարվելու կաշառքի առաջարկը կամ խոստումը


Մինչ այս կաշառքը՝ որպես հանցակազմ, ավանդված էր համարվում, երբ ամբողջ գումարը՝ որպես կաշառք, անձին արդեն իսկ փոխանցված էր լինում։ Այժմ հանցակազմ է նախատեսվում նաև նման խոստում տալու կամ նման պահանջ ներկայացնելու դեպքում։ Այս մասին նշեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` խոսելով նախատեսվող օրենսդրական փոփոխությունների մասին։
«Այն պահին, երբ պաշտոնյան կաշառք կպահանջի, դա արդեն իսկ կդիտարկվի հանցագործություն. սա վերաբերում է թե առևտրային կաշառքին, թե վարձատրությանը»,- ասաց նա՝ զգուշացնելով համապատասխան գործունեությամբ զբաղվող անձանց, որ այսուհետ կոռուպցիոն ակնարկներ պարունակող զրույցի ձայնագրությամբ իրենք կարող են հանցագործ ճանաչվել։
Օրենքով սահմանված կարգով այսուհետ առավել թափանցիկ պիտի գործեն նաև կուսակցությունները՝ ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում առավել հրապարակային, ֆինանսական գործունեությունը հրապարակային հաշվետվություններով պիտի ներկայացնեն՝ ցույց տալով կուսակացության մուտքերը, ելքերը։ «Սա բխում է Սահմանադրության յոթերորդ հոդվածից,- նշեց Հրայր Թովմասյանը։- Առաջին անգամ սահմանվում են առավելագույն սահմանները, որ կարող են նվիրաբերվել կուսակցություններին։ Նաև նշվում են այն սուբյեկտները, որոնք կուսակցություններին նվիրաբերումներ անելու իրավունք չունեն՝ դրանք են բարեգործական, կրոնական կազմակերպություններին, ինչպես նաև պետական-կառավարման կառույցներին»։
Տարեկան հաշվետվությունները կուսակցությունները պիտի հետազոտման ներկայացնեն կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Կուսակցությունն, ըստ Թովմասյանի, իրավունք կունենա մեկ տարվա ընթացքում ունենալ առավելագույնը նվազագույն աշխատավարձի 100 հազարապատիկի չափով։

Սերժ Սարգսյանը չի պատրաստվում «կնգա պատճառով ժերտվա տալ»


ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստերից մեկում Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե չի պատրաստվում մի «կնգա պատճառով ժերտվա տալ» Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:

Այս հայտարարությունը շոկի մեջ է գցել ներկաներից ոմանց և հատկապես գործադիր մարմնի անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին: Նեղ շրջապատում վերջինս իր տարակուսանքն է հայտնել, թե այդ ինչպե՞ս պատահեց, որ մեքենայի մեջ մի տղայի ապտակելու համար իրեն ժերտվա են տվել, իսկ հրապարակայնորեն կին ծեծելու համար Լիսկային չեն պատրաստվում ժերտվա տալ:
«Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ վերը նշված խոսակցությունից հետո Գագիկ Բեգլարյանը որոշել է ընդհանրապես չմասնակցել ՀՀԿ-ի ընտրարշավին և, որոշ տեղեկություններով, երեկ Դուբայում ընդունել է Գագիկ Ծառուկյանի տարեդարձի խնջույքին մասնակցելու հրավերը»:

Ձերբակալվել է «Արարատցեմենտ»-ի առանցքային դեմքերից մեկը


թմրանյութ պահելու կասկածանքով երեկ ոստիկանները ձերբակալել են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի առանցքային դեմքերից մեկին՝ «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանին, և նրա ընկերոջը՝ ոմն Ասոյին: 


Շլամը «Արարատցեմենտ» գործարանի արտադրանքի հիմնական իրացնողն է՝ իրացման առյուծի բաժինը նրան է պատկանում: Շլամին են պատկանում մոտ 3 տասնյակ ցեմենտատար մեքենաներ: Ի դեպ, նա ծագումով Վեդիից է, և նրա եղբայրը մոտ երկու տարի առաջ Արարատում կրակել էր ոստիկանի վրա: 

Ինքը՝ Շլամը, իրավապահների թիրախում հայտնվել է Երևանում: Սա թերևս նույնպես պետք է դիտարկել ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության ֆոնին: 

Thursday, November 24, 2011

Ալրաղացի Լյովիկը երե՞ս է թեքել թիկնապահից


սկսվել Է Աժ պատգամավոր Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի Լևոն Սարգսյանի թիկնապահի՝ մաքսանենգության մեջ մեղադրվող Արմեն Սարգսյանի՝ Գայդի դատաքննությունը: 


«Ուշագրավն այն Է, որ երեկվա դատական նիստին Ալրաղացի Լյովիկն անձամբ չէր եկել դատարան, թեև հասկանալի է, որ ժամանակին նույն Արմեն Սարգսյանը մաքսանենգությամբ ավտոմեքենաներ է ներկրել հենց նրա հովանու տակ: Կարելի է ենթադրել, որ Լյովիկն այսպիսով երես է թեքել իր երբեմնի թիկնապահից: Թեև դատարանի դահլիճը երեկ լեփ-լեցուն էր սպորտային կազմվածքով հաղթանդամ երիտասարդներով, որոնք, ենթադրվում է, թիկնապահի թիկնապահ ընկերներն էին»:

սկսվում է նախկին մարզպետի դեմ դատաքննությունը


Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը՝ Արտաշատ) սկսվելու է նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Վարդգես Հովակիմյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: 

նախկին մարզպետին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնական լիազորությունները գերազանցելու և չարաշահումների համար: Վարդգես Հովակիմյանը ասել է, որ մինչև հիմա դատական նիստերը հետաձգվել են տարբեր պատճառաբանություններով, հիմնականում մեղադրող կողմի բացակայության պատճառով:

«Այս նիստին, կարծում եմ, կներկայացնեն մեղադրական եզրակացությունը, իսկ ես պնդելու եմ, որ ինձ մեղավոր չեմ ճանաչում»,-ասել է Հովակիմյանը:

Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավորության թեկնածու


Երևանի թիվ 6 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է պատրաստվում առաջադրել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը` Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանը: 

Վերջինս առաջադրվելու է ՀՀԿ-ական գործարար պատգամավոր, սակայն տևական ժամանակ ՀՀ-ից «անհայտ բացակայող» Հարություն Փամբուկյանի փոխարեն:

Ռուբեն Հովսեփյանը հաստատել է իր առաջադրվելու մտադրության մասին տեղեկությունները:

Հովիկ Աբրահամյանը Սամվել Նիկոյանին անկոպեկ Է թողել.


ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնից հեռանալուց հետո Սամվել Նիկոյանին, կարելի է ասել՝ անկոպեկ Է թողել: Ինչպես հայտնի է, նա իր հրաժարականի առիթով մեկ աշխատավարձի չափով «պրեմիա» է տվել Աժ աշխատակազմին և փակել է Աժ դահլիճի վերանորոգման ժամանակվանից մնացած պարտքը ճարտարապետներին: Դրանով Աբրահամյանն օգտագործել է Աժ ողջ հավելյալ բյուջեն: 

Անգամ Նոր տարվա բանկետի համար գումար չկա: Այնպես որ հնարավոր է՝ Աժ- ն տարեվերջյան բանկետ չանի: Նոր տարվա առիթով Աժ-ում ոչ գործարար պատգամավորները ևս սովորաբար «պրեմիա» են ստացել: Դրա համար, փաստորեն, ևս գումար չկա:

որևէ մարզպետի պաշտոնանկ չեն անելու՝ նույնիսկ Սուրեն Խաչատրյանին

ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ կուսակցությունում վերջնականապես որոշել են, որ մինչև խորհրդարանական ընտրությունները որևէ մարզպետի պաշտոնանկ չեն անելու՝ նույնիսկ Սուրեն Խաչատրյանին: ՀՀԿ-ն ընտրությունների կգնա հին, փորձառու դեմքերով:


Գործարար Սիլվա Համբարձումյանը, ում մի քանի օր առաջ ծեծի ենթարկեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, չի բացառել, որ Աժ առաջիկա ընտրություններում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունը կառաջադրի Սյունիքի մարզում: «Դեռ մտածելու ժամանակ ունեմ, մեկ ամիս հետո ավելի լիարժեք կասեմ»,- ասել Է Համբարձումյանը՝ հավելելով, որ եթե աոաջադրվի` հաստատ կհաղթի:

2007-ի Աժ ընտրությունների ժամանակ Սյունիքի մարզից պատգամավոր է դարձել Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը: Հնարավոր է, որ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվի նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

«Սուրիկի լավաշ»

Գառնու բնակչության շրջանում լուրեր են տարածվել, որ «Սուրիկի լավաշ»-ի սեփականատեր Սուրիկ Հակոբյանից, ով նաև Գառնու ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարն է, պատրաստվում են խլել իր արտադրությունները. «խոսվում է, որ Հակոբյանն իր բիզնեսը կաշխատեցնի ընդամենը մեկ ամիս: Սուրիկ Հակոբյանը, սակայն, հերքել է լուրը՝ ասելով «Հարյուր տոկոսով տենց բան չկա: Իմ խելքն էլ հո չեն կարա խլեն: Առաջ խանութներ կային, որ հաց չէինք ուղարկում, հիմա ուղարկում ենք»: «Սուրիկ Հակոբյանի պատասխանը, թե դեռ մի բան էլ ընդլայնվել է իր բիզնեսը, ու ներկայումս իր մոտ 40 մարդ է աշխատում, հակասում է նախկինում ասած խոսքերին: Մոտ մեկ ամիս առաջ Հակոբյանն ասում էր, որ իր մոտ 100-120 մարդ է աշխատում»

փորձում են «կաշառել» ու ներգրավել ՀՀԿ շարքերը ?

«Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀԿ-ԲՀԿ պայքարն առայժմ լռելյայն այլ երանգներ է ստանում»,- Հանրապետական կուսակցությունն «արշավ» է սկսել ԲՀԿ-ական հեղինակությունների դեմ: 

«Հայաստանի բոլոր քիչ թե շատ հայտնի բնակավայրերում «ձայներ բերող» ԲՀԿ ներկայացուցիչներին փորձում են «կաշառել» ու ներգրավել ՀՀԿ շարքերը: Իսկ բոլոր նրանք, ովքեր հրաժարվում են դավաճանել ու հավատարիմ են մնում սեփական կուսակցությանը, նրանց մտերմորեն ակնարկում են՝ առաջիկայում տարբեր բնույթի խնդիրներ ունենալու մասին»:

Ադիբեկյանը չի ուզում կախվել Քոչարյանի պատճառով


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հաստատ գիտի` գործող նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ժողովուրդն իրոք պահանջարկ ունի: Սա Հանրապետական կուսակցության պատգամավորի պատասխանն է այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքէջում (www.2rd.am) հրապարակված հոդվածին, որտեղ նշվում է, թե Ռ. Քոչարյանի հենարանը ժողովուրդն է:  
Ըստ հրապարակման՝ 2011 թ. մայիս ամսից կայքն իր միջոցներով ոչ պրոֆեսիոնալ հարցումներ է ացկացնում հանրապետության մարզերում եւ Երեւանում: Ինչպես հավաստիացնում է անհայտ հոդվածագիրը, հարցումներն իրականացվել են անշտապ, առանց որեւէ մեկին որեւէ բան ապացուցելու անտեղի ձգտման եւ «առանց հայկական սոցիոլոգիայի որոշ ներկայացուցիչներին հատուկ պատվերի ընդունման ու թվանկարչության ավանդույթի»:
Նշված ժամանակահատվածում հարցումներին մասնակցել է 1000 մարդ: Նրանցից 812-ը (81 տոկոսը)  կողմ են մեծ քաղաքականություն Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, 754-ը (75 տոկոսը)  ոչ միայն կողմ են, այլեւ կոչ են անում անպայման վերադառնալ եւ կրկին պատասխանատվություն ստանձնել երկրի ճակատագրի համար, իսկ հարցվածների մոտ 65 տոկոսը` 654 մարդ, միայն Ռոբերտ Քոչարյանի հետ է կապում երկրի ապագա բարգավաճման հույսերը:
Հարցին, թե ժողովրդի մոտ այսօր Սերժ Սարգսյա՞նն ավելի մեծ պահանջարկ ունի, թե՞ Ռոբերտ Քոչարյանը, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Այսօր գործող նախագահը շատ լավ աշխատում է, ժողովուրդը նրան, իր վարած քաղաքականությանը եւ կուսակցությանն ընդունում է եւ կարող եմ ասել, որ այդ հրապարակված տոկոսները գործող նախագահի մասին է»:
Կայքում հրապարակվածը ոչ այլ ինչ է, քան հավաստիացում, թե Ռոբերտ Քոչարյանի պահանջարկն այսօր կա, եւ նրա վերադարձը մեծ քաղաքականություն յոթ սարերի հետեւում չէ:
«Տարօրինակ է, բայց փաստ է նաեւ, որ մեր հարցումները որքան ավելանում են, այնքան նյարդայնացնում են որոշ լրատվամիջոցների: Ընդ որում՝ այդ նյարդային վիճակը հուշում է, որ նրանց համար էլ հարցումների արդյունքները համոզիչ են եւ կասկածի տեղիք չեն տալիս: Այսինքն` որքան բարձր է, եւ բարձրանում է Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը, այնքան որոշ գործիչների ու քաղաքական շրջանակների ու նրանց շահերը սպասարկող լրատվամիջոցների խուճապային վիճակն ավելի ընդգծվում է: Նրանք շատ կուզեին, որ մեր հարցումները «սարքված» լինեին: Այդ դեպքում նրանք անհանգստանալու լուրջ պատճառ չէին ունենա,- ասվում է հոդվածում:- Ինչքան էլ կուսակցությունների ու անհատների անուններ տրվեն, Քոչարյանի իրական հենարանը ինչպես եղել, այնպես էլ մնում է ժողովուրդը»:
Հրապարակումը ակնարկ է կամ ՀՀԿ-ին, որը Ռոբերտ Քոչարյանի վերադարձի համար դեռ նախադրյալներ չի տեսնում, կամ էլ` ՀԱԿ-ին: Վերջինս էլ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում է 2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների եւ նրա նախագահության տարիներին երկրում կատարվող մի շարք ապօրինություների մեջ:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը մեզ հետ զրույցում ասաց, թե Ռոբերտ Քոչարյանը, որպես նախագահի կամ վարչապետի թեկնածու զբաղեցնում է 6-րդ տեղը` Սերժ Սարգսյանից, Տիգրան Սարգսյանից, Գագիկ Ծառուկյանից, Լեւոն Տեր Պետրոսյանից, Րաֆֆի Հովհաննիսյանից հետո:
«Ռոբերտ Քոչարյանը երբեք 81 տոկոսանոց ռեյտինգ չի ունեցել, իր առավելագույնը եղել է 59 տոկոս Դեմիրճյանի հետ ընտրությունների ժամանակ, երկրորդ ընտրության ժամանակ՝ առաջին փուլում, ռեյտինգը եղել է 47, հետո, երբ մնաց Ստեփան Դեմիրճյանի հետ, 65 տոկոս: Նման բարձր ռեյտինգ նա չի կարող ունենալ»,- ավելացրեց սոցիոլոգը:
Ահարոն Ադիբեկյանի խոսքերով՝ Ռոբերտ Քոչարյանի կայքէջում հրապարակված տվյալները կեղծ են եւ դրա վրա ուշադրություն պետք չէ դարձնել: Անդրադառնալով Ռ. Քոչարյանին գովերգող հոդվածում տեղ գտած այն դիտարկմանը, թե իրենք չեն ապավինել հայկական սոցիոլոգիայի որոշ ներկայացուցիչների հատուկ պատվերի ու թվանկարչության ավանդույթին՝ Ադիբեկյանն ավելացրեց. «Թող ասեն, հիմա ի՞նչ անեմ, գնամ կախվե՞մ: Ամեն մեկն էլ այդպես է ասում, որ ինքը սոցիոլոգ է, ուրիշները սոցիոլոգ չեն: Ախր տվյալները պետք է հիմնավորում ունենան եւ իրականությանն էլ համապատասխանեն»:
Ըստ նրա՝ եթե հարցումներն արվել են ինտերնետում, ապա այն «լրիվ սուտ բան է»:

Հովհաննիսյանը ակնկալում է, որ նախագահը անձամբ կարձագանքի իր նամակին

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հղած 15 կետից բաղկացած նամակին, ասաց` այն «նախընտրական, պոպուլիստական քայլ չէր. շատ պարզ, ոչ օրիգինալ ճշմարտություն էր, որի մասին գիտեն մեր քաղաքացիները»: 

«Եթե ունենալու ենք վերջապես ազատ եւ արդար ընտրություններ, ինչպես ինքը, գործող վարչապետը, պաշտոնատար այլ անձինք հայտարարում են Բրյուսելում, Մոսկվայում, Երեւանում եւ Լոս Անջելեսում, ուրեմն անհրաժեշտ է, որ կուսակցությունը առանձնացվի պետությունից, որ հանրային ռեսուրսը, պետական պաշարները եւ ինքնությունը տարանջատվեն կուսակցականությունից», - ասաց Հովհաննիսյանը:

Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանը այս նամակի առնչությամբ ասել էր, թե իշխող կուսակցությունն ընդունում է Րաֆֆի Հովհաննիսյանը ասածը, բայց դա իրենց կուսակցությանը «չի վերաբերում»:

«Եթե այս հարցերը չեն վերաբերում Հանրապետական կուսակցությանը կամ որեւէ այլ կուսակցության, գործող նախագահը ինքը թող պատասխանի, որ ճշգրիտ չեն հարցադրումները: Ես կարծում եմ, որ ցանկացած անկեղծ, ազնիվ, սրտացավ մոտեցում` քաղաքացիական լինի, թե քաղաքական, պիտի ընդունի, որ այս հարցերը առկա են եւ պետք է լուծվեն», - հակադարձեց «Ժառանգության» առաջնորդը:

Հարցին, թե նամակում նշված պահանջները չկատարվելու դեպքում արդյո՞ք ինչ-որ գործողություններ կհետեւեն դրանց, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Երբ որ արդեն մոտենանք նախընտրական շրջանին կամ ընտրությունների շեմին, մենք կդիտարկենք ստեղծված իրավիճակը` այս 15+ չափանիշների համապատասխան, նաեւ այդ որոշումից բխող գործողություններ կիրականացնենք»:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով` իր նամակում նշված կետերի մեծ մասը ենթադրում է «քաղաքական կամք եւ քաղաքացիական պարկեշտություն»:

«Չզբաղվել քաղաքական հատվածական գործունեությամբ նախագահական նստավայրում, չստորագրել միջկուսակցական հուշագիր պետական նշանակության նստավայրում եւ պետական բյուջեի փողերով կազմակերպված ընդունելությամբ եւ շամպայնով»,- ասաց նա:

Ազատ ընտրություններ անցկացնելու մասին իշխանությունների հայտարարությունները «Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը այս պահին դրանց ճշմարտացիությանը թերահավատությամբ է վերաբերվում:

«Փաստացի իրավիճակը, հետագիծը, լավատեսություն չի ներշնչում, որովհետեւ մենք տեսնում ենք, որ հրաշալի գրված ճառեր են, որոնք համապատասխանություն չեն գտնում մեր իրականության հետ», - ասաց «Ժառանգության» հիմնադիր-առաջնորդը:

Առաջիկա ընտրություններում «Ժառանգության» շանսերի մասին խոսելիս` Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե ազատ, արդար, թափանցիկ, խոստացված ընտրությունների պարագայում «Ժառանգություն»-ը կլինի «առաջատարներից մեկը» եւ «մաս կկազմի Ազգային ժողովում նոր մեծամասնության կազմավորմանը»:

«Եթե պակաս են հաջորդ ընտրությունները այդ խոստացված չափանիշներից, ուրեմն մենք պիտի մեզ պատրաստենք հերթական անհավասար պայքարի», - ասաց Հովհաննիսյանը` շեշտելով, որ այս պահին պատրաստվում են հենց անհավասար պայքարի:

«Ժառանգություն»-ը չի բացառում նախընտրական դաշինքների կազմավորումը, անգամ նախընտրական մեկ ցուցակով ընտրություններին մասնակցելու հնարավորությունը: Ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը ձեւակերպեց, հաղորդակցության ուղիները բաց են պահում, սակայն այս պահին դաշինքների ձեւավորման հարցով քննարկումները «Ժառանգություն»-ը որեւէ ուժի հետ չի անցկացնում: Նա համոզված է, որ խորհրդարանական ընտրությունների անցկացման հաջորդ օրը մեկնարկելու է նախագահականի պայքարը: «Ժառանգության» առաջնորդը ուզում է, որ Հայաստանը դուրս գա «հին շրջանակներից»: Հարցին, թե «հին շրջանակներից» դուրս գալ ասելով արդյո՞ք Հայաստանի երեք նախագահներին ի նկատի ունի, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Թե' գործող դերակատարներին, թե' հատվածապաշտ, նեղ մտայնության, թե' ամեն մեկը իր առանձին արահետով գնալու եւ ինքնագովեստով զբաղվելու իրենց դարն ապրած մոտեցումների մասին եմ խոսում: Ես ինքս ընդդիմադիր լինելով` Հայաստանի երեք նախագահներին էլ գնահատում եմ` որպես պետական գործիչներ, իրենց ծառայությունները, քննադատում եմ նաեւ նրանց սխալները, որոնք մեծ են եղել, եւ մեկը մյուսին շարունակելով` խորացրել են այդ սխալները թե' արտաքին, թե' ներքին չափումներով, եւ ժամը եկել է, որ հիմնադիր գործիչները, այրերը հասկանան, որ սերնդափոխության պահը հնչել է»: