Popular Posts

Saturday, December 31, 2011

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Merry Christmas and Happy New Year !!!!

С Новым Годом !!!!

Feliz Navidad, Feliz Año !!!!

Friday, December 30, 2011


Armenia's richest man giving a golden lion with a diamond necklace to the former president. One of many thank you gifts for the monopoly and tax evasion that the former enjoyed under the latter.
Armenia -- Tycoon Gagik Tsarukian gives a golden lion to ex-president Robert Kocharian, 28Dec2011
Armenia -- Gagik Tsarukian gives a golden lion to ex-president Robert Kocharian, 28Dec2011

This happened yesterday. Here’s another interesting photo apparently from the same event.
Armenia -- (from left to right) Ex-president Robert Kocharian, president Serzh Sargsian, prime minister Tigran Sargsian, president's chief of staff Vigen Sargsian, 28Dec2011
Armenia -- (from left to right) Ex-president Robert Kocharian, president Serzh Sargsian, prime minister Tigran Sargsian, president's chief of staff Vigen Sargsian, 28Dec2011

Քրդերը բողոքում են թուրքական զինուժի անմարդկային արարքի դեմ


Թուրքիայի քրդերը դուրս են եկել փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելու իրենց հանդեպ իրականացվող բռնությունների հանդիպ։ Բողոքի առիթը թուրքական զինուժի կողմից իրականացված վերջին ավիահարվածներն են, որոնց արդյունքում մահացել են 35 խաղաղ քուրդ քաղաքացիներ, որոնց թուրք օդաչուներն ընդունել էին որպես ահաբեկիչներ, հաղորդում է Al Jazeera-ն։
Ոստիկանների հետ բախման վերածված ակցիայի հիմնական վայրը դարձել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակը։ Դրան մասնակցել են ավելի քան հազար քրդեր։ Ակցիան մեկնարկից մի փոքր անց ուղեկցվել է շշերի և քարերի նետումով, ինչին ի պատասխան թուրքական ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, մահակներ և ջրաշիթեր։
Քրդական սփյուռքի ներկայացուցչները տեղական մամուլին տված հարցազրույցում որակել են այդ արարքը որպես «կառավարության կողմից քրդական շարժումը անմարդկային կերպով և հետևողական ձևով ոչնչացում»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի օդուժը նախորդ գիշեր Իրաքի հյուսիսում ռմբակոծել էր մարդկանց 40 հոգուց բաղկացած մի խումբ, ինչի արդյունքում 35-ը մահացել էին։ Սկզբում հայտարարվեց, որ նրանք բոլորը քուրդ զինյալներ են եղել, իսկ թուրքական զինուժը կանխել է ահաբեկչական թափանցումը դեպի թուրքական տարածքներ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ մարդիկ ցանկացել են մաքսանենգ ճանապարհով սիգարետներ անցկացնել սահմանով։ Ավելի ուշ Թուրքիայի կառավարող Արդարության կուսակցության ներկայացուցիչ Հուսեին Չելիկը հեռուստատեսությամբ խոստովանեց, որ ավիահարվածները հասցվել են խաղաղ բնակչությանը՝ կոչելով տեղի ունեցածը «տխուր միջադեպ» և զինվորականների սխալ որոշման արդյունք։

Իրանը պատրաստ է նոր բանակցությունների


Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է վերսկսել բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ` 5 +1 ֆորմատով: Այս մասին հաղորդում է Tehran Times պարբերականը:
Սալեհին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է` ԱՄՆ-ն, ՄԵծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը և Գերմանիան ներկայացնող խմբի հետ նոր բանակցություններ սկսել:
Թեհրանը` որպես բանակցությունների հիմք, պատրաստ է ընդունել 2011 թվականի հունիսին Մոսկվայի կողմից առաջարկված փուլային տարբերակը:
Մոսկվայի մշակած նախագծով առաջարկվում է Իրանի դեմ պատժամիջոցների աստիճանական մեղմում` իրանական կողմից միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման դիմաց:

Thursday, December 29, 2011

Ամերիկյան նավերի հարվածային խումբը մտել է իրանական զորավարժությունների գոտի


Իրանական լրատվամիջոցները հայտնում են , որ Օրմուզի նեղուցի մոտակայքում իրանական ռազմածովային ուժերի զորավարժությունների անցկացման շրջանում ամերիկյան ավիակիր հարվածային նավերի խումբ է նկատվել:
«Մեր հետախուզական օդանավը վարժանքների հատվածում նկատել է ամերիկյան ավիակիր», - հայտնել է զորավարժությունների ներկայացուցիչը:
Նա շեշտել է, որ օդանավը տեսա և լուսանկարել է խումբը և ենթադրվում է, որ ավիակիրը «Ջոն Ստեննիս» նավն է:
Երեքշաբթի օրը Իրանը սպառնացել էր փակել Օրմուզի նեղուցը նավթի արտահանման համար, եթե միջազգային հանրության կողմից պատժամիջոցներ կիրառվեն Թեհրանի նկատմամբ, սև ոսկու արտահանման հարցում: Ինչին ի պատասխան, Բահրեյնում տեղակայված ամերիկյան 5-րդ նավատորմի հրամանատարությունը հայտարարել էր, որ կանխվելու է նեղուցում նավագնացության խոչընդոտման ցանկացած փորձ:

Թոնի Բլեերի արկածները


Ղազախստանի երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստները բաց նամակ են հղել նախագահ Նուրսուլթան Նազարբաևի քաղաքական հարցերով խորհրդական, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերին: Նամակում ասվում է, որ Բլեերի`խորհրդականի պաշտոնում նշանակվելուց հետո, երկրում զանգվածային ցույցերը ճնշելու համար սկսել են ձեռնարկվել «արյունոտ մեթոդներ» (առաջին հերթին նկատի է առնվում Ժանաոզենում անկարգությունների մասնակիցների նկատմամբ գործադրված ուժը):
«Մարդկանց արյունը քո ձեռքերին է, Բլեեր» վերտառությամբ նամակի հեղինակները կոչ են անում նախկին վարչապետին թողնել խորհրդականի պաշտոնը և «չհամագործակցել հանցավոր ռեժիմի հետ»:
Նամակի հեղինակները նշում են, որ Բլեերը նախկինում եղել է նաև Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի խորհրդականը, ինչի արդյունքում «առաջնորդը զենքն ուղղեց խաղաղ բնակիչների վրա`ցանկանալով ճնշել երկրում սկսված հուզումները»: «Լիբիայի արյունոտ տեսարանները կրկնվեցին Ղազախստանում»,- ասվում է նամակում:

Հոկտեմբերին խորհրդական նշանակված Բլեերը պետք է ղազախական իշխանություններին երկրում տնտեսական բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ խորհրդակցություններ տար: Իր աշխատանքի դիմաց, ինչպես գրել է Daily Telegraph-ը,նախկին վարչապետը կստանա մոտ 8 մլն ֆունտ (9.5մլն եվրո):
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին`Ղազախստանի անկախության օրը, Ժանաոզեն քաղաքում բախումներ էին տեղի ունեցել նավթային ընկերությունների աշխատակիցների (նրանք բողոքում էին ցածր աշխատավարձից) և ոստիկանների միջև: Միջադեպի հետևանքով զոհվել էր 15 մարդ: Այսօր Ղազաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել անկարգությունների մասնակից ոստիկանների նկատմամբ:

Կոսովոյի և ԼՂ–ի հարաբերակցությունը


«Լեռնային Ղարաբաղի գործող արտգործնախարար Վասիլի Աթաջանյանն որոշ ժամանակ առաջ ինձ ասաց, որ իր երկիրը կճանաչի Կոսովոյի անկախությունը, եթե նախկին հարավսլավական նահանգը նույնն անի։ Ես այդ «մեսիջը» փոխանցեցի Կոսովոյի արտգործնախարար Էնվեր Հոքսհաջին։ Նա հրաժարվեց ընդունել իր գործընկերոջ առաջարկը, սակայն երկար մտածեց՝ առաջարկը քաղաքավարիությամբ մերժելու համար,–«Անկախացած պետությունները» վերտառությամբ հոդվածում գրում է բրիտանական The Economist պարբերականի հոդվածագիրը և հավելում,– Այդ փոքր դրվագը շատ բան է ասում միջազգային հարաբերություններում առկա իրական քաղաքականության մասին, հատկապես, երբ խոսքը փոքր պետությունների մասին է»։
Հոդվածագիրն այնուհետ նշում է, որ սովետական ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղը մեծամասամբ հայերով բնակեցված ինքնավար շրջան էր Ադրբեջանի կազմում, իսկ Կոսովոն՝ Հարավսլավիայի պետության գոյության ժամանակաշրջանում՝ մեծամասամբ ալբանացիներով բնակեցված Սերբիայի ինքնավար նահանգ։
«Հայերն ադրբեջանցիների դեմ պատերազմ մղեցին 1990–ական թթ. սկզբներին, իսկ սերբերի դեմ Կոսովոյի ալբանացիները պատերազմ մղեցին 1998–1999թթ.։ Լեռնային Ղարաբաղն իր անկախությունը հռչակեց 1991թ.։ Իսկ Սերբիայի վարչակազմն ու անվտանգության ուժերը Կոսովոյից ՆԱՏՕ–ի ուժերի կողմից վտարվեցին 1999թ.։ Շրջանն այնուհետ անցավ Միավորված ազգերի կազմակերպության հսկողության ներքո։ Այն իր անկախությունը հռչակեց 2008թ»,– նշվում է հոդվածում։
Հոդվածագիրը ընդգծում է, որ առաջին հայացքից Լեռնային Ղարաբաղի և Կոսովոյի միջև մի շարք նմանանություններ կան, սակայն տարբերություններն էլ շատ են։ «Որևէ երկիր չի ճանաչել ԼՂ անկախությունը, սակայն ավելի քան 80 երկիր ճանաչել է Կոսովոյի անկախությունը»,–գրում է նա՝ ավելացնելով, թե չնայած այն հանգամանքին, որ արևմտյան երկրները ընդգծում են, որ Կոսովոյի դեպքը նախադեպ չի կարող հանդիսանալ մյուս երկրների համար, Ստեփանակերտում «այլ կերպ են մտածում»։
«ԱԳՆ պաշտոնյա Մարսել Պետրոսյանն ասում է, որ Լեռնային Ղարաբաղը, որպես անկախ պետություն ճանաչվելու համար, ավելի ուժեղ փաստարկներ ունի, քան Կոսովոն։ Նա նշում է, որ Կոսովոն ճանաչած եվրոպական և մյուս երկրները երկակի ստանդարտներով են առաջնորդվում։ Իսկ պարոն Աթաջանյան այդ հարցին այս կերպ է արձագանքում՝ «Մենք Կոոսովոն որպես նախադեպ ենք դիտարկում։ Դա վառ օրինակ է առ այն, թե ինչպես կարող են լուծվել մեր հակամարտության նման հակամարտությունները»,– պաշտոնյաների խոսքերն է մեջբերում հոդվածագիրը։
Հեղինակը գրում է, որ հայերն ու կոսովացիները շարունակում են պնդել ազգերի ինքնորոշման իրենց իրավունքը, իսկ ահա Ադրբեջանն ու Սերբիան պաշտպանում են տարածքային ամողջականության իրավունքը։
«Որ կողմ էլ նայես, հակասություն կա։ Սերբիայի դաշնակից Ռուսաստանը չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, սակայն, ի տարբերություն արևմտյան երկրների, 2008թ. Վրաստանի հետ պատերազմից հետո ճանաչեց անջատողական Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Սերբիան կցանկանար ընդհանուր գործ ունենալ Վրաստանի հետ, սակայն չի ցանկանում բարկացնել Ռուսաստանին։ Վրաստանն էլ նմանապես Սերբիայի հետ «չի աշխատի»՝ ԱՄՆ–ի հետ հարաբերությունները չվնասելու համար»։
 «Նույն կերպ էլ հայերն են ստիպված Կոսովոյի անկախությունը չճանաչելու համար խորաթափանց փաստարկներ բերել, որպեսզի չթշնամանան  Ռուսաստանի հետ։ Հայաստանը փաստացի չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչի մասին նա հիշեցնում է ամերիկացի դիվանագետներին, երբ նրանք գալիս ու կոչ են անում ճանաչել Կոսովոյի անկախությունը»։
Հոդվածագիրն այնուհետև անդրադառնում է հայ լրագրող և հասարակական ակտիվիստ Հայկ Խանումյանին և Կոսովոյի և ԼՂ–ի առնչությամբ նրա նոր փաստարկներին։ «Նա ասում է, որ Կոսովոն Սերբիայի պատմական շրջանն է, որն ալբանացիները նվաճել են (ալբանացիներն, իհարկե, չեն համաձայնի այդ փաստարկի հետ)»,– գրում է նա և ներկայացնում Նախիջևանի հետ կապված Խանումյանի փաստարկը։ «Խանումյանն ասում է, որ Նախիջևանը հայկական տարածք է եղել, որը հետագայում նվաճել են ադրբեջանցիները, ինչպես որ ալբանացիները նվաճել են Կոսովոն։ Իսկ Լեռնային Ղարաբաղը, հակառակը, չի նվաճվել և պետք է պաշտպանվի»։
«Վերադառնանք Հոքսհաջին: Պարոն Աթաջանյանին ուղղված նրա «մեսիջը» հետևյալն էր՝ Կոսովոն կարող է պաշտոնական հարաբերությոններ ունենալ ՄԱԿ–ի անդամների հետ, չնայած որ չի անդամակցում դրան։ «Մենք հասկանում ենք մյուսների ձգտումները, բայց մենք պետք է զգույշ լինենք,–ասաց նա,– Մենք չենք կարող ձևավորել մյուս փոքր ժողովուրդների ճակատագիրը, սակայն պետք է պաշտպանենք այն, ինչ ունեք, և երբեմն ոչինչ չանելն ավելի լավ է, քան սխալ գործելը»։
«Այլ կերպ ասած՝ ինչպես որ հայերն են կարեկցում կոսովացիներին, բայց չեն ցանկանում ռուսներին բարկացնել, այնպես էլ կոսովացիները չեն ցանկանում նյարդայնացնել իրենց արևմտյան հովանավորներին։ Այսպիսին են դիվանագիտության հիմքերը միջազգային հարաբերությունների աղջամուղջում, որի մեջ փոքր պետություններն ու ազգերը պետք է խորամանկ քայլերի դիմեն՝ իրենց ազգային շահերը  լավագույնս պաշտպանելու համար»,–եզրափակում է հոդվածագիրը։

Մենք գերին չենք դառնալու անցնցում իշխանափոխության


«Գնալով ահագնանում է ավերածությունը շրջաներում: Մենք խոսում ենք տեղահանությունից: Աչքներս բարձրացնենք և հիշեք, ով է իրականացրել 20-րդ դարում հայերի տեղահանությունը և հիմա ով է իրականացնում»,- անդրադառնալով Հայաստանի գյուղերում տիրող իրավիճակին, մասնավորապես Քաջարանի գյուղի հիմանխնդրին` լրագրողներին ասաց Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը:
Քաջարանի դեպքը շատ խորհրդանշական է` կարծում են Սարդարապատի նախաձեռնողները: «Խորհրդանշանական է` մի փոքրիկ գյուղ դուրս է գալիս «իշխանիկի» դեմ, որ իրեն համարում է Սյունիքի թագավոր, ում դեմ խաղ չի եղել այս տարիների ընթացքում: Սա գործընթաց է, որը չի ավարտվելու Քաջարանում: Ուղղակի Քաջարանը առաջին ծիծեռնակն է»,- ասաց Գարեգին Չուգասզյանը` կարծիք հայտնելով, որ անհանդուրժողականությունը և հավատը սեփական ուժերի հանդեպ չի մարել նաև հեռավոր գյուղերում: 
«Ազատագրված տարածքները չեն բնակեցվում: Հայաստանը դատարկվում է արտագաղթի միջոցով, տարեկան առնվազն 30.000 մարդ լքում է երկիրը, ընտրություններից հետո ավելի կմեծանան արտագաղթի տեմպերը, քանի որ հիասթափություն կլինի: Երրորդ` արհեստականորեն տեղահանվում են գյուղերը այն էլ սահմանամերձ: Սա է պատկերը»,- ճակատագրական երեք դիտարկում կատարեց Հարություն Մեսրոբյանը:
Սարդարապատի նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ Հայաստանում հեղափոխութունը արդեն սկսվել է, և հեղափոխությունը չպետք է շփոթել հեղաշրջման հետ: Ըստ Սեֆիլյանի` Հայաստանում խաղաղ առանց ցնցումների իշխանափոխություն անելու հնարավորություն կա: «Եթե մենք լծվենք մեր ունեցած ծրագրին, չեմ բացառում, որ առանց ցնցումների հեղափոխությունը ստանա միս ու արյուն: Սակայն մենք գերին չենք դառնալու անցնցում իշխանափոխության»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Ինչու՞ նվազեց Nabucco-ի կարևորությունը Եվրոպայի համար


Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականն անդրադարձել է Nabucco խողովակաշարի շուրջ վերջին զարգացումներին, հատուկ շեշտելով, որ դրա կարևորության նվազումը Եվրոպայի համար:
«Nabucco-ն ռուսական գազին այլընտրանքային «Հարավային էնէգետիկ միջանցքով» գազ ստանալու եվրոպական խոշորագույն նխաագիծն է: Տեսականորեն, այդ նախագծի իրականացումը Եվրոպա գազի մատակարարման լավագույն երաշխիքը կլիներ, քանի որ գազը կառաքվեր տարբեր աղբյուրներից: Սակայն ներկայում մրցակից նախագծերը որոշակի առավելություն ունեն: Դրանք ավելի էժան են և նախատեսված են ներկայում հումքի հնարավոր ծավալների համար: Ներկայում ոչ ռուսական հաստատված աղբյուրը ադրբեջանական «շահ-դենիզ» հանքավայրն է` տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր առաքման հնարավորությամբ:
Նախագիծը կազմելիս նախատեսվում էր, որ դրան միանալու են Իրաքն ու Թուրքմենստանը, սակայն Կասպիղ ծովի հատակով, խողովակի շինարարությունը չափազանց բարդ խնդիր է, քանի որ տարածաշրջանի երկրները արդեն երկար տարիներ ծովային սահմանների վեճի մեջ են:
Եվրամիությունը վերջնականապես չի հրաժարվել Nabucco-ից, սակայն այժմ Եվրոպան դրան «չեզոք» է վերաբերվում և ներկայում ավելի հաճախ խոսվում է «Հարավային էնէգետիկ միջանցքի» մասին ընդհանրապես, ինչն ավելի միացյալ նախագիծ է Կենտրոնական Ասիայից գազի առաքումների համար», - ասված է հոդվածում:
Հոդվածագրի կարծիքով, «Հարավային միջանցքը» լուրջ խնդիրներ ունի` Ռուսաստանի «Հարավային հոսք» խողովակաշարը, որի շինարարության թույլտվությունը երեկ տվել է Թուրքիան:

Չավեսը քաղցկեղի տարածման մեջ մեղադրում է ԱՄՆ-ին


Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը տարօրինակ է համարում Լատինական Ամերիկայի առաջնորդների շրջանում օնկոլոգիական հիվանդությունների աճի միտումը: Ինչպես հաղորդում է բրիտանական BBC-ի ռուսական ծառայությունը, նա այս հարցում կասկածում է ԱՄՆ-ին:
Դեկտեմբերի 28-ին լրատվամիջոցները լուրեր էին տարածել, որ Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների մոտ հայտնաբերվել է վահանաձև գեղձի քաղցկեղ, և նրան վիրահատության կենթարկեն:
Քաղցկեղով հիվանդ են նաև Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, Պարագվայի նախագահ Ֆերնանդո Լուգոն: Ինքը` Չավեսը, նույնպես հիվանդ է քաղցկեղով, նա քիմիաթերապիայի կուրսեր է անցել Կուբայում:

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմը թույլ չի տա, որ Հորմուզի նեղուցը փակվի


ԱՄՆ-ի ռազմածովային հինգերորդ նավատորմի հրամանատարությունը դեկտեմբերի 28-ին հայտարարել է, որ թույլ չի տա որ Հորմուզի նեղուցի նավագնացությունը խաթարվի: Այս մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:
Նախօրեին, Իրանի փոխնախագահ Մուհամմադ Ռեզա Ռախիմին հայտարարել էր, որ Իրանը կարգելափակի նավթի լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով, եթե Արևմուտքի երկրները պատժամիջոցներ կիրառեն իրանական նավթի արտահանման դեմ:
«Հորմուզի նեղուցով բեռների և ծառայությունների ազատ ընթացքը կենսական կարևորություն ունի տարածաշրջանի և համաշխարհային բարեկեցության համար: Յուրաքանչյուրը, ով սպառնում է նեղուցի միջազգային ջրերում ազատ նավագնացությանը, հակադրվում է միջազգային հանրությանը: Նավագնացությանը որևէ խոչընդոտ չի թույլ տրվի», - ասվում է 5-րդ նավատորմի հայտարարության մեջ:
Իրանի փոխնախագահն իր հերթին նշել է, որ իր երկիրը տրամադրված է մյուս երկրների հետ միայն բարեկամական հարաբերություններ հաստատելուն, սակայն Արևմուտքը շարունակում  է ճնշումներ գործադրել Իրանի վրա, և եթե արևմտյան երկրները չդադարեցնեն իրենց արտաքին քաղաքականությունն ընդդեմ Իրանի, ապա իրենք ստիպված կլինեն կոշտ պատասխան տալ:
Դրան իպատասխան` եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշտոնը հայտարարել է, որ Եվրոմիությունը մտադիր չէ հետ կանգնել Իրանի հանդեպ պատժամիջոցներից:
Հորմուզի նեղուցուվ է անցնում նավթի համաշխարհային տարհանման հիմնական ճանապարհը: Այն Պարսից ծոցի ամենանեղ մասն է, որի լայնությունն ընդամենը 6 կիլոմետր է: Հորմուզի նեղուցի փակումը կհանգեցնի համաշխարհային շուկաներում նավթի դեֆիցիտի և նավթամթերքի գների բարձրացման:
ԱՄՆ-ի 5-րդ նավատորմը տեղակայված է Բահրեյնի տարածքում, և մարտական հերթապահություն է իրականացնում Հնդկական օվկիանոսի և Պարսից ծոցի ջրերում` ապահովելով հիմնական նավթային հաղորդակցության անվտանգությունը:

Իրանի դեմ հարձակման առիթի շուրջ ամերիկյան և իսրայելական կողմերը բանակցություններ են սկսել


ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են բանակցություններ վարել այն բանի շուրջ, թե ինչը կարող է ընդհանուր առիթ դառնալ Իրանի վրա հարձակման համար:
The Daily Beast-ը գրում է, որ նման խորհրդակցությունների անհրաժեշտություն է առաջացել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետտան նոյեմբերի 11-ին հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ:
Այդ հայտարարությունը կատաղության էր հասցրել իսրայելական ղեկավարությանը, որն անմիջապես, Վաշինգտոնում իր դեսպանի միջոցով, Սպիտակ տանը բողոքի նոտա էր հղել: ԱՄՆ-ն պատասխանել էր նամակին նշելով, որ Վաշինգտոնը նշագծել է իր համար «կարմիր գիծը», որի անցումը Թեհրանի կողմից կնշանակի պատերազմ:
Պարբերականի հաղորդմամբ` փոխվել է նաև Պանետտայի հռետորաբանությունը, պացիֆիստականից հրաժարվելով նա նորից սկսել է խոսել այն մասին, որ իրանական միջուկային ծրագրի դադարեցման համար ցանկացած քայլ հնարավոր է, ինչը սովորաբար ռազմական գործողություն է նշանակում:
Այնուամենայնիվ, Իրանի դեմ հարձակման առիթի շուրջ դիրքորոշումների փոխհամաձայնեցման նպատակով ամերիկյան և իսրայելական կողմերը բանակցություններ են սկսել:

Նիստերից բացակայելու համար զրկվել են իրենց աշխատավարձի մի մասից


Վրաստանի խորհրդարանի 8 պատգամավորները Նոր տարվանից առաջ զրկվել են իրենց աշխատավարձի մի մասից։
Ինչպես լրագրողներին հայտնել է խորհրդարանի նախագահ Դավիդ Բաքրաձեն, նրանք պատժվել են խորհրդարանի լիագումար նիստերից բացակայելու համար։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend.az կայքը, օրենսդրության համաձայն, նրանք զրկվելու են իրենց աշխատավարձի 10 տոկոսից։ Բաքրաձեն հավելել է նաև, որ պատգմավորները կարող են բողոքարկել այդ  որոշումը։ 

«Օջախ» ռեստորանում ընթացող ՀՀ հավաքական թիմերի մարզիկների և մարզիչների պարգևատրման ամանորյա հանդիսության սկզբում ներկաներին ողջունեց Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով ասաց, որ 2011թ. սպասողական տարի էր, ուստի մարզիկները խնայեցին իրենց ուժերը գալիք տարվա համար, քանի որ առջևում են օլիմպիական խաղերը, և նա հույս հայտնեց որ Լոնդոնում Հայաստանը կունենա ցանկալի արդյունքներ։
Ինչպես հաղորդում է ArmSport.am-ի թղթակիցը, հայ մարզիկների ունեցած հաջողություններում Գագիկ Ծառուկյանը կարևորեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դերը։ Ծառուկյանն անդրադարձավ նաև միջոցառմանը ներկա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Այնուհետև ելույթ ունեցավ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ համամիտ չէ Գագիկ Ծառուկյանի հետ, թե 2011-ը սպասողական տարի էր. «Տարին հաջող էր, որի վառ ապացույցը ֆուտբոլի նկատմամբ ժողովրդի կողմից առկա վերաբերմունքն է»։ Նա ընդգծեց, որ նույնիսկ ֆուտբոլից հեռու և անտեղյակ մարդիկ այսօր տալիս են Հենրիխ Մխիթարյանի և Յուրա Մովսիսյանի անունը ինչը մեծ ձեռքբերում է։
ՀՀ նախագահը խոսեց նաև շախմատի հավաքականի՝ աշխարհի չեմպիոն դառնալու մասին։ Նախագահը հույս հայտնեց, որ հաջորդ տարի օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա ոսկե մեդալ։
Նախագահի կողմից դրամական պարգևներ ստացան մի շարք մարզիկներ, որոնց թվում էին Ռոման Ամոյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Արայիկ Միրզոյանը, Մուսա Մուրթազալիևը. Արթուր Ալեքսանյանը, Աղասի Աղասյանը, Վլադիմիր Սարուխանյանը, Հարություն Մերդինյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Հարությունյան, Արման Միքաելյան, Զոհրակ Ապրեսյան և այլոք։
2011թ. Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում ընդգրկված մարզիկները պարգևատրվեցին ավտոմեքենաներով։ ՀՀ օլիմպիական կոմիտեի նախագահը հուշանվերներ հանձնեց Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին։
Միջոցառման ժամանակ ուշադրության կենտրոնում էր այն սեղանը, որտեղ նստած էին Գագիկ Ծառուկյանը, նրա կողքին՝ Հենրիխ Մխիթարյանը, սպորտի նախարար Արթուր Պետրոսյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և Ռոման Ամոյանը, նրանց դիմաց՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արսեն Ջուլֆալակյանը։
Լավագույն 10 մարզիկներից միջոցառմանը ներկա չէին միայն Յուրա Մովսիսյանը և Լևոն Արոնյանը, ովքեր Հայաստանում չեն։
Մեդալներ հանձնվեցին մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների։ Միջոցառմանը ներկա բազմաթիվ հյուրերի թվում էին նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։

Թուրքիան «Անդրբալկանյան» գազատարով կստանա կրկնակի քիչ ռուսական գազ



РБК-ի փոխանցմամբ՝ թուրքական Botaş պետական խողովակաշարային ընկերությունը 2012 թվականին «Անդրբալկանյան» (արևմտյան) գազատարով ստանալու է ընդամենը 3 միլիարդ խորանարդ մետր գազ։ Այդ մասին պայմանագիրը ստորագրվել է երեկ՝ թուրքական Botaş-ի ու ռուսական «Գազպրոմ»-ի միջև։ Մատակարարումներն իրականացվելու են «վերցրու կամ վճարիր» պայմանով։

«Անդրբալկանյան» գազատարը ռուսական գազը Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի ու Բուլղարիայի միջոցով հասցնում է Թուրքիայի եվրոպական հատված։ Այդ գազատարով ռուսական գազ մատակարարելու վերաբերյալ առաջին պայմանագիրը Botaş-ի հետ ստորագրվել է դեռևս 1986 թվականի փետրվարին։

25 տարով (1987-2011) կնքված այդ պայմանագրով նախատեսվում էր «Անդրբալկանյան» գազատարով Թուրքիային տարեկան մատակարարել 6 միլիարդ խորանարդ մետր գազ։ Սակայն այս տարվա սեպտեմբերի 30-ին Botaş-ը «Գազպրոմ»-ին իրազեկեց, որ չի երկարաձգելու այդ պայմանագիրը, որի ժամկետը սպառվում է այս տարվա դեկտեմբերի 31-ին։ 

Թուրքիայի ռազմաօդային ուժերը իրաքյան սահմանին սխալմամբ սպանել են 35 մարդու



Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերը երեկ երեկոյան ռմբակոծել են իրաքյան սահմանին ընկած Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) «բները»։ Նշվում է, որ ռմբակոծության ենթարկված Շըրնաքի նահանգի Ուլուդերե շրջանում այդ ռմբակոծություններից զոհվել է 35 մարդ։

Թուրք զինվորականները տեղեկատվություն են ստացել տվյալ շրջանում հավաքված մի խումբ մարդկանց մասին և, կարծելով, որ դրանք PKK-ի զինյալներն են, օդ են բարձրացրել իրենց F-16 կործանիչներն ու ավիահարված հասցրել նրանց։

Մինչդեռ տեղաբնիկներն ընդգծում են, որ զոհվածները, որոնց թվում կան նաև 18-20 տարեկան երիտասարդներ, որևէ կապ չունեն PKK-ի հետ և ջորիներով մաքսանենգ ճանապարհով մազութ էին ներկրում Իրաքից։ 

Իրանը փորձում է իր միջուկային ծրագրից շեղել միջազգային հանրության ուշադրությունը



ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի փակման շուրջ Իրանի կողմից սպառնալիքներ հնչեցնելը միտված է այդ երկրի միջուկային ծրագրից միջազգային հանրության ուշադրության շեղմանը.

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է. «Իրանցի քաղաքական գործիչները կանոնավորապես դիմում են նման հռետորիկայի, որպեսզի դրանով իսկ շեղեն իրենց միջուկային ծրագրից միջազգային հանրության ուշադրությունը։ Մենք ցանկանում ենք այդ խնդիրը լուծել բանակցությունների միջոցով։

Մենք շարունակելու են կրկնակի ռազմավարություն կիրառել Իրանի նկատմամբ, որի էությունն այն է, որ, Թեհրանի վրա գործադրվող ճնշման հետ մեկտեղ, շարունակելու ենք նրա հետ բանակցություններ վարել։ Իրանը պետք է միջազգային հանրությանն ապացուցի, որ իր միջուկային ծրագիրը կրում է խաղաղ բնույթ»։

Wednesday, December 28, 2011

«Ժառանգություն»–ը ողջունում է ԲՀԿ–ի դիրքորոշումը


–Ես ողջունում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի հայտարարությունը։ Անշուշտ, մենք բոլորի հետ կհամագործակցենք այս հարցում։ Սա որոշակի առումով լակմուսի թուղթ է դառնալու բոլոր այն քաղաքական ուժերի համար, որոնք տարբեր առիթներով հայտարարել են, որ իրենք կողմ են և պատարստ են ազատ ու արդար ընտրություններ անկացնելուն և պատրաստ են համագործակցության։ Ինչքան հիշում եմ, «Օրինաց Երկիրն» էլ իր ստեղծման օրից կողմ է եղել համամասնական ընտրակարգին, և եթե այսօր չառաջնորդվենք կոնյունկտուրային շահով, կարծես թե ոչինչ չի խանգարում, որ ՕԵԿ–ը նույնպես միանա այս նախաձեռնությանը,–նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով 100 տոկոս համամասնական ընտրկարգի անցնելու մի շարք քաղաքական ուժերի հայտարարությանը։
Բանախոսը նշել է, թե չի բացառվում, որ առաջիկայում ֆորում կհրավիրվի այն բոլոր ուժերի մասնակցությամբ, որոնք կողմ են այս նախաձեռնությանը, և միասին կորոշվի, թե ինչպես պետք է իրականացվի 100%-անոց համամասնական ընտրակարգին անցնելու նախաձեռնությունը։
–Ուզում եմ շեշտել, որ բոլորը հավասար իրավունքով կդառնան այս նախաձեռնության հեղինակ։ Մենք հավակնություններ չունենք ասելու, որ սա միայն մերն է, և ուրիշները ուղղակի միանում են,– ավելացրել է Հակոբյանը։

Tuesday, December 27, 2011

օրինագծի ընդունումն ավելի է սառեցնելու հայ–թուրքական հարաբերությունները


Կ.Պոլսի Հայոց պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումն էլ ավելի է սառեցնելու հայ–թուրքական հարաբերությունները։
«Կողմնակի ուժերի միջամտությունն այդ հարցին անթույլատրելի է։ Դա կսառեցնի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները, և մենք որևէ բանի չենք հասնի։ Ես կողմնակից եմ, որպեսզի հարցը լուծվի կլոր սեղանի շուրջ։ Կողմնակի պետություններն այդ հարցին միջամտելու համար իրենց շահերն ունեն։ Ես չեմ ցանկանում դա մեկնաբանել»,– ադրբեջանական SalamNews գործակալության հաղորդմամբ՝ ասել է Աթեշյանը։

Բրայզային հնարավոր է փոխարինի Ստերլինգը


Ադրբեջանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար Մեթյու Բրայզայի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար կարող է նշանակվել դեսպանի տեղակալ Ադամ Սթերլինգը: Այս մասին հայտնում է 1news.az լրատվականը, հղում անելով դեսպանության տեղեկատվական բաժնի աշխատակից Քիթ Բինին:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մեթյու Բրայզային Ադրբեջանում ժամանակավոր դեսպան էր նշանակել առանց Կոնգրեսի հաստատման, սակայն օրենսդիր մարմնի վերին պալատը մինչ այժմ չի հաստատում նրա թեկնածությունը, իսկ նախագահը իրավունք չունի երկրորդ անգամ նույն անձին դեսպան նշանակել առանց Կոնգրեսի հաստատման:

Թուրքիան վնասում է ամբողջ աշխարհին


Ֆրանսիայի նախկին նախարար և Ժողովրդական շարժման միության (UMP) կուսակցության անդամ Պատրիկ Դևեջյանն այսօր հայտարարել է, որ Թուրքիան «վնասում է ամբողջ աշխարհին»: Այս մասին տեղեկացնում է Le Figaro պարբերականը:
«Իմ հաշվարկով մոտ մեկ տարվա ընթացքում Թուրքիան վնասել է ավելի քան 7 երկրի. արդյո՞ք նա ճիշտ ճանապարհ է ընտրել միջազգային հարաբերությունների զարգացման համար:
Այն ժամանակ, երբ Թուրքիան ցանկանում է անդամակցել Եվրոպական միությանը և հանդես գալ որպես մի երկիր, որտեղ պաշտպանվում են մարդու իրավունքները, Ֆրանսիայի Ազգային ժողովի ցեղասպանությունը հերքումը քրեականացնող օրենքը բացահայտում է Թուրքիայի վարքագիծը և աշխարհին ցույց տալիս, որ Թուրքիան մարդու իրավունքների երկիր չի»,-ասել է Պատրիկ Դևաջյանը:

Փոխհրաձգություն թուրք-սիրիական սահմանին


Սիրիայի սահմանապահները մի քանի զինված ահաբեկչական խմբավորման զինյալ են ոչնչացրել, որոնք փորձում էին անցնել թուրք-սիրիական սահմանը:
Սիրիայի հյուսիսային սահմանը դարձել է դասալիքների պատրաստման և Բաշար Ասադի ռեժիմի դեմ մարտնչող ուժերի զինման ու վերակազմավորման անցուղի:
«Սիրիայի հատուկ նշանակության ջոկատայինները սպանել և վիրավորել են մի քանի զինյալ ապստամբների, խլել են զենք-զինամթերքը, համազգեստները, կապի սարքավորումները եւ ինքնության կեղծ փաստաթղթերը»,-նշվում է միջադեպի մասին Սիրիայի պետական SANA գործակալության հաղորդման մեջ:

Փաշազադեն դիմել է Սարկոզիին


Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանությանբ ժխտումը քրեականացնող օրինագծխի ընդունման առնչությամբ դիմել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին և ֆրանսիացի պատգամավորներին։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Anspress.com կայքը, Փաշազադեն հայտարարել է, որ այդ որոշումն ուղղված է ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի դեմ, և կասկածի տակ է դնում Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորման հնարավորությունը։
«Քաղաքական գործիչների և կրոնական ծայրահեղականների հայտարարությունները երբեմն պատճառ են դարձել, որպեսզի մարդիկ միմյանց դեմ հանցանք գործեն։ Շատ լավ քրիստոնեական պատվիրան կա՝ «Մի դատիր, որ չդատվես», ցավոք սրտի,  ժողովրդավարության և եվրոպական մշակույթի օրան համարվող Սենատը (հավանաբար նկատի ունի Ազգային ժողովը) խիստ հակասական և վտանգավոր որոշում ընդունեց»,–նշել է Փաշազադեն։
Մահմեդականների հոգևոր առաջնորդը  հավելել է, որ այդ օրինագիծը հենվում է կեղծիքի, պատմության խեղաթյուրման վրա և ուղղված է ազգամիջյան երկպառակտություն հրահրմանը։ «Սա հստակ հակաժողովրդավարական օրենք է, որը սահմանափակում է մարդու խոսքի և մտքի ազատության իրավունքը։ Եթե ֆրանսիացի խորհրադարանականներն արդարության նման ջատագովներ  են, ապա ինչու իրենց ձայնը չբարձրացրեցին 1992թ.  Խոջալուում ադրբեջանցիների ցեղասպանության ժամանակ»,–ասել է նա։

РС-18 - Стилет հրթիռը հաջողությամբ մեկնարկեց


Ռուսաստանի ռազմավարական հրթիռային ուժերը հաջողությամբ փորձարկել են միջմայրցամաքային РС-18 (արևմտյան դասակարգմամբ Стилет) բալիստիկ հրթիռը, որը մեկնարկել է Բայկոնուր տիեզերակայանից:

«Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00 Բայկոնուրից մեկնարկել է միջմայրցամաքային РС-18 կամ УР-100Н УТТХ բալիստիկ հրթիռը»,-այս մասին ИТАР-ТАСС-ին հաղորդել է ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ` գնդապետ Վադիմ Կովալը: Նա շեշտել է, որ տվյալ մեկնարկի նպատակը հրթիռի հիմնական թռիչքա-տեխնիկական տվյալների գնահատումն է: Տվյալ հրթիռները ունեն երկարեցված շահագործման ժամկետ` 32 տարի, այս փորձարկման նպատակը պարզելն էր, արդյոք հնարավոր է դրանց ծառայության ժամկետի երկարաձգումը մինչև 33 տարի: «Մեկնարկի խնդիրը ամբողջովին կատարված է», - նշել է Կովալը: Հրթիռը արտադրված է 1978 թվականին:
«Մեկ անգամ լիցքավորված և ամպուլիզացված հրթիռները մինչև շահագործման ժամկետի ավարտը չեն պահանջում լիցքավորման և նմանատիպ սպասարկման այլ ծառայություններ: Դրանք տեղակայված են բարձր ամրության հորային մեկնարկային կետերում և մինչ այժմ մարտական հերթապահության են դրված զանազան գոտիներում», - նշել է գնդապետը:
РС-18-ը Ռուսաստանի ամենակատարյալ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներից է: Այն նախագծվում է 1967 թվականից, իսկ նման հրթիռային համակարգով առաջին գունդը մարտական հերթապահության է կանգնեցվել 1979 թվականին:
Հրթիռը կարող է մարտագլխիկները բացթողնել աստիճանաբար` թռիչքի ընթացքում:
РС-18-ը նաև ունակ է հաղթահարել հակահրթիռային պաշտպանությունը: Այն համալրված է ինքնուրույն առանձնացող և ինքնակառավարվող 6 մարտագլխիկներով: Ունակ է խոցել 350 մետր ճշտությամբ մինչև 10 հազար կմ հեռավորությամբ թիրախներ: Հրթիռի մեկնարկային քաշը 106 տոննա է, իսկ մարտական գլխամասինը` 4,3 տոննա: ԶԼՄ-ների տվյալներով` ներկայում ՌԴ ռազմավարական ուժերի տրամադրության տակ կա 160 հատ РС-18:

Հարավային Կովկասում ճգնաժամը կարող է լայնամասշտաբ պատերազմի վերաճել


«Բալկաններից և Հյուսիսային Աֆրիկայից հետո Հարավային Կովկասը ևս մեկ ճգնաժամի օջախ է, որը կարող է ներառել տարածաշրջանի բոլոր երեք երկրները և միևնույն ժամանակ խաղորդներ ներգրավել դրսից»,– «Հորիզոնում հերթական ճգնաժա՞մն է Հարավային Կովկասում» վերտառությամբ հոդվածում(չինական հայտնի Xinhua պարբերականում) գրում է Գաոչաո Ին և հավելում, որ խորհրդային ժամանակաշրջանում և դրանից հետո առաջացած էթնիկ բնույթի տարածքային վեճերը վաղուց արդեն հասունացող հարավկովկասյան ճգնաժամի գլխավոր պատճառն են։
Հոդվածագիրը ընդգծում է, որ հենց տարածքային վեճերի պատճառով 2008թ. օգոստոսին Վրաստանի և Ռուսաստանի միջև կայծակնային պատերազմ տեղի ունեցավ։ «Նույն այդ վեճերն են Հայաստանի և Ադրբեջանի միջև մերթ մարող, մերթ բռնկվող ռազմական գործողությունների պատճառը»,–գրում է  նա և հավելում, որ հարավկովկասյան տարածաշրջանում այլ «քնած» հակամարտություններ էլ կան։
«Օրինակ, ցեղասպանության առնչությամբ հակամարտություն գոյություն ունի Թուրքիայի և Հայաստանի միջև, երկու երկրների հարաբերություններում «ֆուտբոլային դիվանագիտությունը», սակայն, մեծապես նպաստել է լարվածության նվազեցմանը»,–նշված է հոդվածում։
Գաոչաո Ին հավելում է, որ տարածաշրջանում առկա իրադրությունից տեղի խաղորդներից բացի փորձում են օգուտ քաղել նաև դրսի խաղորդները (որոնք շահեր ունեն էներգետիկայի, անվտանգության ոլորտում), ինչն էլ էլ ավելի է խորացնում կովկասյան քաոսը։
«ՆԱՏՕ–ն, օրինակ, տարածաշրջանում խոշոր խաղորդ է։ Բուխարեստի կոնֆերանսի ժամանակ տված իր խոստումից (վերջիվերջո Վրաստանին ընդունել ռազմական դաշինքի կազմում) օգուտ քաղելու համար նա, հնարավոր է՝ ստիպված լինի վերաբեռնել և նույնիսկ վերաիմաստավորել իր հարաբերությունները սառը պատերազմի տարիների իր ոխերիմ թշնամու հետ ոչ միայն Հարավային Կովկասում, այլև բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ ՆԱՏՕ–ն և Ռուսաստանը փոխադարձ շահեր ունեն»,– նշված է հոդվածում։
Հոդվածագիրը գրում է, որ Վրաստանը և ողջ Հարավային Կովկասը ՆԱՏՕ–ի համար (երբ տարեվերջին միջազգային զորքերը դուրս բերվեն Իրաքից) կարող են դեպի Միջին Ասիա և Մերձավոր Արևելք տանող կամուրջ ծառայել։
«Տարածաշրջանի մեկ այլ մեծ խաղորդ  Ռուսաստանն, այն բանից հետո, երբ ընթացիկ տարվա կեսերին Վրաստանը հանկարծակի որոշում ընդունեց փակել իր օդային տարածքը` Հայաստանում գտնվող ռազմաբազայի համար մատակարարումներ իրականացնող ռուսական ինքնաթիռների առջև, ստիպված է լինելու զբաղվել իր ամենահեռավոր ամրակետով։ Չնայած այն բանին, որ Ռուսաստանը կարող է շրջանցիկ ուղիներ (Ադրբեջանի, Իրանի, կամ նույնիսկ Թուրքիայի միջով) օգտագործել, այդուհանդերձ, ստիպված է լինելու զոհաբերության գնալ, կամ առնվազն իր որոշ գլխավոր շահերը դեպի Հայաստան տանող նորմալ օդային ճանապարհ ունենալու հնարավորությամբ փոխել»,–նշված է հոդվածում։
Գաոչաոն նշում է, որ Հարավային Կովկասում նոր գործոն է ի հայտ եկել՝ Վրաստանը, որը մինչև վերջերս Ռուսաստանի մուտքն Առևտրի համաշխարհային կազմակերպություն խոչընդոտող միակ երկիրն էր։ «Այժմ Վրաստանը Ռուսաստանի հետ պայմանագիր ստորագրեց, որը թույլ տվեց ավարտին հասցնել 18 տարի շարունակվող՝ ԱՀԿ–ին Ռուսաստանի անդամակցության գործընթացը։ Արևմուտքը, լինի դա Եվրամիությունը, ՆԱՏՕ–ն, կամ ԱՄՆ–ն, հավանաբար, բավական «պարտքային ստացականներ են» օգտագործել, որպեսզի Վրաստանին ստիպեն ստորագրել Ռուսաստանի հետ այդ համաձայնագիրը»։
Հոդվածագիրն այնուհետ շեշտում է, որ երբ գա այդ պարտքերը վճարելու ժամանակը, իսկ այդ ժամանակն «այնքան  էլ հարմար չլինի», ապա իրերը կարող են զարգանալ ոչ այնպես, ինչպես պետք է։ «Հարավային Կովկասում նախատեսված ընտրությունները դրա վառ օրինակն են»,–գրում է Գաոչաոն` նշելով, որ հաջորդ տարի և Վրաստանում և Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու, իսկ դրանից հետո՝ նախագահական։
«Նախընտրական քարոզարշավների ժամանակ և ընդդիմադիր և իշխող կուսակցությունները կարող են կոշտ հռետորության և նույնիսկ խորհրդանշական գործողությունների դիմել, որոնք կարող են տարածաշրջանում անկարգությունների հանգեցնել։ Հարավային Կովկաս կատարած իր այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հստակ կերպով ցույց տվեց, թե ինչը կարող է Ֆրանսիայի նախագահական նախընտրական քարոզարշավի շրջանակում դառնալ իր արտաքին քաղաքական մանիֆեստի հարավկովկասյան մասը։
ԼՂ –ի հանդեպ «սա բնականոն է» (take-for-granted policy ) քաղաքականությունը կարող է հերթական սուր վիճաբանությունն առաջեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, և սահմաններին նոր բախումների և դիպուկահարների միջև փոխհրաձգության պատճառ դառնալ»։
Գաոչաոն հավելում է նաև, որ Ադրբեջանում 2013թ. նախագահական ընտրություններ են տեղի ունենալու, որի ժամանակ գործող նախագահը և նրա պոտենցիալ հակառակորդը կարող են համաձայնացնել իրենց արտաքին քաղաքականությունը, որպեսզի իրենց համար ավելի լավ հենարան ձեռք բերեն՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային հարցերում։ «Եվ անկախ այն բանից՝ ինչպիսին կլինեն սադրանքների պատասխանները, Հարավային Կովկասում ճգնաժամը կարող է մնալ որպես տարածաշրջանային կռիվ, կամ կարող է լայնամասշտաբ պատերազմի վերաճել»։

Գոռ Քլոյանի հայրը ՀՔԾ հրապարակած զեկույցը հերթական կեղծիք է համարում



ՀՔԾ հրապարակած հաղորդումը չի համապատասխանում իրականությանը,- նման տեսակետ հայտնեց Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության հրապարակած զեկույցին:

Նա նշեց, որ իրեն հաղորդել են, թե Գոռ Քլոյանը եղել է Մարտի 1-ի անկարգությունների մասնակից Արման Ֆարմանյանի խմբից՝ Զաքար Հովհաննիսյանի հետ, որի արդյունքում էլ սպանվել է «Չերյոմուխա-7» տեսակի զենքից: Նա փաստեց, որ դա իրականությանը չի համապատասխանում: «Իմ տղան չի ճանաչել Արման Ֆարմանյանին և Զաքար Հովհաննիսյանին: Ես իմ տղայի կողքին եմ եղել: Մենք միասին ենք եղել: Ես իմ տղայից բաժանվել եմ ընդամենը մի ժամ, ես այդպիսի բան չեմ նկատել»,- մանրամասնեց Ս. Քլոյանը`ընդգծելով, որ Մարտիմեկյան հանցագործությունները կատարել են իշխանությունները:

Նրա խոսքով, առաջին հերթին Ազատության հրապարակում ծեծի են ենթարկել ժողովրդին, որը մազապուրծ փախել եկել է Մյասնիկյանի արձանի մոտ, որ հանրահավաքը շարունակի: «Այնտեղ իշխանությունը օգտագործեց ոչ համաչափ ուժեր, որի հետևանքով սպանվեցին 10 անմեղ մարդիկ: Եթե մարդը պայքարում է իր իրավունքի համար, իր կորցրած ձայնի համար, նա պայքարում է հանուն ժողովրդավարության, հանուն արդարության, հանուն իր երեխաների ապագայի»,- մեկնաբանեց Ս. Քլոյանը`հավելելով, որ այդ պայքարն է անհանգստացրել իշխանություններին, և նրանք որոշել են գնդակահարել դիմահար:

Ժառանգություն, ՀՅԴ և ՀՌԱԿ


Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ հայտարարությունը.
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն եւ «Ժառանգություն» կուսակցությունները 2008-2011թթ. նախաձեռնեցին Ընտրական օրենսգրքի իրական եւ արմատական բարեփոխմանն ուղղված քայլեր` Ազգային ժողովի կողմից համապատասխան փոփոխություններն ընդունելու նպատակով:
Վերահաստատելով դրանց ամբողջական իրականացման ուղղությամբ մեր պատրաստակամությունը եւ կարեւոր նշանակություն տալով ընտրական գործընթացների նկատմամբ լայն վերահսկողության ապահովման համար ուժերի համադրմանը, ստեղծված պայմաններում հանդես ենք գալիս հետեւյալ համատեղ հայտարարությամբ.
- կարեւորելով Հայաստանի ապագայի համար առաջիկա խորհրդարանական ընտրությունների բացառիկ նշանակությունը եւ դրանց արդյունքների հանդեպ հասարակության վստահության մեծացումը,
- նշելով, որ ՀՅԴ-ի եւ «Ժառանգության»` ցայժմ ԱԺ-ում ներկայացված եւ ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանն ուղարկված առաջարկություններում ամփոփված են ընտրական իրավունքի պաշտպանության գաղափարի շուրջ միավորված մի քանի տասնյակ հասարակական կազմակերպությունների` ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխման վերաբերյալ առաջարկները,
- ապահովելու համար պատգամավորական բոլոր մանդատների համարժեքությունն ու համապետականությունը եւ մեծացնելու քաղաքական ուժերի պատասխանատվությունը ընտրական գործընթացի ու խորհրդարան մուտք գործող անձանց համար,
- խնդիր ունենալով յուրաքանչյուր ընտրողի համար մեծացնել սեփական իշխանությունները ձեւավորելու հարցում իր քվեի նշանակությունը,
- ձգտելով հասնել հավասար մրցակցային պայմանների ապահովմանը,
- նվազեցնելու համար ընտրական գործընթացների վրա ոչ քաղաքական եւ ոչ ընտրական գործոնների ազդեցությունը,
- ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու հարցում ընտրությունների նախաշեմին հասնելու համար քաղաքական բոլոր ուժերի համախոհությանը,
«Ժառանգություն» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները.
- Ողջունում են խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի վերջերս հայտարարած դիրքորոշումը` ազատ ու արդար ընտրությունների կազմակերպման եւ վերահսկման հարցում:
–Ազգային ժողովի մեծամասնությանն առաջարկում են Ընտրական օրենսգրքում համատեղիրականացնել մեկ կոնկրետ փոփոխություն, այն է` վերացնել մեծամասնական ընտրակարգը` անցում կատարելով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, եւ գտնում են, որհամաձայնելով այս քայլին, իշխանությունները ցույց կտան իրենց պատրաստակամությունն ու քաղաքական կամքը` նախընտրական շրջանում ընդդիմության հետ համատեղ երկրում ձեւավորելուներհասարակական հանդուրժողականության եւ համերաշխության մթնոլորտ:
- Կոչ են անում բոլոր քաղաքական ուժերին` պաշտպանել այս նախաձեռնությունը:
«Ժառանգություն» կուսակցության վարչություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Գերագույն Մարմին»

ՀՌԱԿ  Հանրապետական  Վարչությունը ողջունում է ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ հայտարարությունը գալիք ԱԺ համապետական ընտրություններին մեծամասնական ընտրակարգը վերացնելու և 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկը:  ՀՌԱԿ ղեկավարությունը ուրախ է, որ 2003 թվականից ՀՌԱԿ Հանրապետական Վարչության 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկությունը այսօր համախոհների մեծ «բանակ» է հավաքում,  սակայն ազգային շահերին ծառայող իրական քաղաքակական համակարգ ձևավորելը պահանջում է, որպեսզի ԱԺ պատգամավորները ԱԺ տարածքից դուրս օժտված չլինեն  անձեռնմխելիությամբ:  Հետևաբար համոզված ենք, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգը, «ընկերակցելով»  անձեռնմխելության մասնակի վերցման  հետ,  կբերի  քաղաքական  համակարգի  կայացմանը և ընտրական գործընթացների  որակի  բարձրացմանը:

Monday, December 26, 2011

Պետբյուջեի եկամտային մասի կատարումը հայտնվել Է լուրջ վտանգի տակ




Այս տարվա պետական բյուջեի եկամտային մասի կատարումը հայտնվել Է լուրջ վտանգի տակ: «Դա ակնհայտ է դառնում երեկ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած այս տարվա աոաջին 11 ամիսների կատարողականի մասին տեղեկանքից: Խնդիրն այն Է, որ պետբյուջեի ողջ տարվա եկամտային մասը ապահովելու համար միայն դեկտեմբերին անհրաժեշտ Է հավաքագրել 93 մլրդ դրամ: Այն դեպքում, երբ հունվար-նոյեմբերին հաջողվել Է հավաքագրել ամսական միջինը 69 մլրդ դրամ»:

Իջևանի քաղաքապետարանը այս տարին կփակի ծակ բյուջեով



«Իջևանի քաղաքապետարանը այս տարին կփակի ծակ բյուջեով՝ չվճարելով մի քանի հիմնարկների աշխատավարձերի մի մասը՝  հայտնել է Իջևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վարազդատ Գևորգյանը:

 Շինվարչության պետն ասել է. «Հիմա ես միանգամից չեմ կարող այդ հարցի պատասխանը տալ»: Իսկ հարցին՝ նախկին քաղաքապետ Վ. Ներսիսյանի մեղքի բաժինը դրանում կա՞, պատասխանել է. «Ես դատավո՞ր եմ, որ ասեմ՝ կա, թե չկա»:

Գևորգյանը, ի դեպ, հրաժարվել է թվել այն հիմնարկների անունները որոնց աշխատակիցների աշխատավարձերը չեն վճարվել: Դրանից բացի, քաղաքապետարանը տարվա արդյունքներով պարտք կմնա այլ ընկերությունների ևս:

«Իսկ Իջևանի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղալումյանը երեկվանից անցել է իր պարտականությունների կատարմանը»:


Պատրաստ է Մարտի 1-ի գործի վերաբերյալ խոստացված զեկույցը


Հատուկ քննչական ծառայության կայքէջում հրապարակվել է 2008 թվականի մարտի 1-2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած  դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով նախաքննական մարմնի պատրաստած տեղեկատվական հաղորդումը՝ նախաքննության կատարած աշխատանքների, արդյունքների եւ խնդիրների վերաբերյալ:
Հաղորդումն ունի 5 ենթաբաժին՝
- Դեպքերի նկարագրություն,
- Տասն անձանց մահվան հանգամանքները,
- Քրեական գործի փաստական հանգամանքները,
- Աշխատանքները լրատվամիջոցների, միջազգային կառույցների ներկայացուցիչների, ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի և փորձագետների փաստահավաք խմբի անդամների հետ,
-  ՀՀ Նախագահի հանձնարարականը և քրեական գործի ընթացքը:
«Փաստաթուղթն ունի հինգ ենթաբաժին. դեպքերի նկարագրություն, 10 անձանց մահվան հանգամանքները, քրեական գործի փաստական հանգամանքները, աշխատանքները լրատվամիջոցների, միջազգային կառույցների ներկայացուցիչների, ՀՀ Աժ ժամանակավոր հանձնաժողովի և փորձագետների փաստահավաք խմբի անդամների հետ, «ՀՀ նախագահի հանձնարարականը և քրեական գործի ընթացքը»: 

Տվյալ իրավիճակում, հասկանալիորեն, հատուկ հետաքրքրություն Է ներկայացնում ՀՔԾ զեկույցի՝ 10 զոհերի մահվան հանգամանքների մասը: ՀՔԾ-ն, ըստ այդմ, զոհերից առնվազն 3-ին փորձում Է ներկայացնել որպես մեկ հանցավոր խմբի անդամ: Ըստ փաստաթղթի` Գոռ Քլոյանը և Զաքար Հովհաննիսյանը «զանգվածային անկարգություններին ներգրավվել են Արմեն Ֆարմանյանի կողմից»: Սա ինքնին նշանակում է, որ ՀՔԾ-ն նրանց համարում է զանգվածային անկարգության մասնակից»:

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը քաշքշել են իրար



«ՀԺ»-ն գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 19-ին Կրեմլի մեծ պալատում ԱՊՀ 20-ամյակի կապակցությամբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավիրած ընդունելության ժամանակ խայտառակ միջադեպ է տեղի ունեցել. Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը քաշքշել են իրար:

Դեպքը տեղի Է ունեցել այսպես. նախատեսված Է եղել ԱՊՀ 20-ամյակի կապակցությամբ շքանշանների հանձնում՝ ԱՊՀ անդամ յուրաքանչյուր պետությունից մեկ դիվանագետի: Ընդ որում, շքանշանի հանձնման համար հարկավոր է եղել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների միաձայն որոշումը: Բոլոր պետությունների ներկայացուցիչներն ստացել Են պարգևները, իսկ երբ հերթը հասել Է Հայաստանի ներկայացուցչին (Հաաստանի ղեկավարությունն այդ պարգևին ներկայացրել Էր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին), Իլհամ Ալիևն առարկել Է, ու Շավարշն այդպես Էլ առանց մեդալի Է մնացել: Իսկ Ադրբեջանի ներկայացուցչին շքանշանի շնորհման քվեարկությունը դրանից մի քանի րոպե առաջ Է եղել, և Սերժ Սարգսյանը չի առարկել:

Այնուհետև սեղանի շուրջ Իլհամ Ալիևը Սերժ Սարգսյանին սկսել Է հանդիմանել, թե այդ ո՞ւմ ես ներկայացնում շքանշանի ու անհարգալից արտահայտությունների տարափ է տեղացել Շավարշ Քոչարյանի հասցեին՝ ակնարկելով, որ Ադրբեջանի ղեկավարության հասցեին Շավարշի հնչեցրած հրապարակային քննադատությունները չեն նպաստում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը:

Սերժ Սարգսյանն էլ տակ չի մնացել ու սկսել է Իլհամին պատասխանել նույն ոճով, թե՝ այդ քո աշխատակազմի ղեկավարն ու ձեր դիվանագետներն են որ ավել-պակաս հայտարարություններով խաթարում են պրոցեսը: Բանն այնտեղ Է հասել, որ Սերժն ու Իլհամը ոտքի են կանգնել սկսել են միմյանց հրել ու մենամարտի պատրաստ մարտական կեցվածք են ընդունել: Միայն Մեդվեդևի՝ «նու գասպադա, չտո վի» արտահայտությունից հետո են նրանք նստել իրենց հատկացված տեղերում, որից հետո Էլ Իլհամ Ալիևն ատամները կրճտացնելով՝ Սերժ Սարգսյանին սպառնացել Է, թե դեռ կտեսնեք` ձեզ հետ ինչ ենք անելու»,- ապա թերթը հավելում է.

«Այս ամենի կապակցությամբ երեկ մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ Սերժ Սարգսյանի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանից, իսկ ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Շավարշ Քոչարյանի մեդալ չստանալու հանգամանքի վերաբերյալ մեր հարցին ոչինչ չասող պատասխան տվեց՝ ըստ Էության ո՛չ հերքելով, ո՛չ հաստատելով մեր ունեցած տեղեկությունը: Մոսկովյան մեր աղբյուրները հաստատում են, որ նման միջադեպ իսկապես տեղի է ունեցել»:

Մարդասպանություն վարչապետի ուղարկած ձեթի համար



«Գյումրու «Քութաիսյան» կոչվող խանութում սկսել էին բաժանել անապահով ընտանիքների համար նախատեսված կառավարական ձեթը, որն էլ դարձել էր կռվի ու մարդասպանության առիթ»,- գրում է «Առավոտ»-ը և հավելում.

«Այնպիսի մի հերթ էր գոյացել, որ նման բան հնարավոր չէր տեսնել նույնիսկ ցուրտ ու խավար տարիներին, այն ոչ սկիզբ ուներ, ոչ էլ վերջ և ուղեկցվում էր ամենավերջին այլանդակ հայհոյանքներով, միմյանց մազ քաշելով ու հրմշտելով: Ցավն այն է, որ հերթ կանգնողների մեջ կային նաև հենափայտով ծերեր, որոնք լրագրողներին տեսնելուն պես` խնդրում էին սոցծառայությունում ծանոթ գտնել, որպեսզի իրենց արտահերթ հատկացնեն: Օրինակ՝ ծերերից մեկը՝ Սոնիկ Գևորգյանը, արցունքներն աչքերին, մեզ առանց չափազանցության աղաչում էր իր համար բարեխոսել, քանի որ անկողնում գամված քրոջը տանը մենակ է թողել ու չի կարող անգամ «խցկվել» հերթի մեջ:

Հերթ կանգնածները պնդում էին, որ վաղ առավոտից շտապօգնության մեքենաները հերթափոխում են մեկը մյուսին, ծերերը հերթով վատանում են, ու ստիպված բժիշկ են կանչում»:

«Գազպրոմ»-ի պատվիրակությունը հրատապ մեկնում է Թուրքիա



Новый Регион-ի փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Թուրքիա «Հարավային հոսք» գազատարի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար։ Խոսքը թուրքական տարածքով այդ խողովակաշարի անցկացման վերաբերյալ թուրքական կողմի թույլտվություն տալու և գազի գնի շուրջ համաձայնության գալու մասին է։

Միլլերի բանակցությունները միտված են երեկ Թուրքիայի և Ադրբեջանի միջև «Անդրանատոլիական» գազատարի կառուցման շուրջ կնքված հուշագրի «հավասարակշռմանը»։ Այդ գազատարի կառուցման դեպքում ադրբեջանական գազը կհասցվի Եվրոպա, ինչպես նաև Թուրքիայի արևմտյան հատված, որոնցում էլ այն մրցակցության մեջ կմտնի ռուսական գազի հետ։

Այն, որ «գազպրոմյան» պատվիրակությանը սպասում են Թուրքիայում, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, որը ռուսական կողմի հետ գազային բանակցություններ վարելու նպատակով պետք է Ռուսաստան ժամաներ դեռևս դեկտեմբերի 2-ին, սակայն այդ այցը հետաձգվել էր Ռուսաստանում նախընտրական կամպանիայի մեկնարկման պատճառով։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսին «Գազպրոմ»-ի փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը հայտարարել էր, որ մինչև տարեվերջ Թուրքիան տալու է իր համաձայնությունը «Հարավային հոսք» գազատարի նախագծի շուրջը։ Այդ գազատարով ռուսական գազը կհասցվի Թուրքիայի տարածքային ջրեր, որտեղից էլ կփոխադրվի դեպի Եվրոպա։

Ըստ Մեդվեդևի՝ «Հարավային հոսք» գազատարով ռուսական գազի փոխադրումը պլանավորված է սկսել 2015 թվականին, սակայն դրան ներկայումս խոչընդոտում է Թուրքիան, որը դեռ չի տվել իր տարածքային ջրերում ռուսական գազատարի կառուցման թույլտվությունը։