Popular Posts

Friday, December 23, 2011

2011-ին ՀԱԿ-ն արեց հնարավորը, բայց տարին անհաջող էր բոլորի համար


Ըստ Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը`- Տարվա սկզբից հույսը շատ մեծ էր, որ մենք կարողանալու ենք երկրում փոփոխություններ բերել, դրական զարգացումներ ապահովել մեր երկրի համար, բայց Կոնգրեսի կողմից ընտրվեց շատ ավելի հարթ տարբերակ, միգուցե նաև լավագույն տարբերակը Հայաստանի համար, եթե, իհարկե, իրականանար: Ցավոք սրտի, իշխանությունները կարողացան կանխել դա, պահպանել այն վիճակը, որի մեջ հայտնվել է երկիրը, որի հետևանքով երկիրը չափազանց մեծ վնասներ է կրել տարվա ընթացքում և նման վնասներ կրելու է դեռ ապագայում: Այս ամենի արդյունքում տեղի ունեցավ այն, որ մարդիկ դադարեցին որևէ բանի հավատալ, բարձրացավ հուսալքության մեծ ալիք, ինչն էլ ապացուցում է, որ այս իշխանությունները ոչնչի ընդունակ չեն, բացի ժողովրդին հուսախաբ անելուց, ու դա է նաև պատճառը, որ ժողովուրդը արտագաղթի ճանապարհն է բռնել: Կարծում եմ` տարին շատ անհաջող էր բոլորի համար՝ և՛ ժողովրդի, և՛ ընդդիմության, իսկ իշխանության մասին խոսելն ավելորդ է:


- Հարց. Իսկ ընդդիմությունը ժողովրդին հուսախաբ չարե՞ց:

- Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է՝ ընդդիմությունը արեց ամեն ինչ, որպեսզի հարթ ճանապարհով փորձի հասնել երկրի զարգացմանը: Բայց դա չհաջողվեց, քանզի ընդդիմությունը չէր կարող հաշվարկել, որ իշխանությունները բացարձակապես չեն սիրում այս երկիրը, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է դա շատ վաղուց հասկացած լինեինք: Կարծում եմ, որ հենց դա էր անհաջողության պատճառը, ու ասել, որ ընդդիմությունը մեղավոր է` ճիշտ չի լինի, քանզի ընդդիմությունն ամեն ինչ արեց՝ փողոցում գտնվեց, գիշերեց Ազատության հրապարակում:

- Կարծում եմ` 2012թ. գարնանային պրոցեսը կամփոփի դրանց արդյունքները՝ եթե մենք գարնանը կարողանանք համախմբել ժողովրդին և փողոց դուրս բերել, ապա կարելի է նման գնահատական տալ, սակայն այս պահին ես դժվարանում եմ որևէ գնահատական տալ, թե այդ 22 հանրահավաքները ինչ տվեցին Շարժմանը: Իհարկե, ինքնին 22 հանրահավաքը մեկ տարվա ընթացքում բավականին լուրջ ցուցանիշ է, բայց թե դրանք ինչ սերմեր կտան 2012-ին, ժամանակը ցույց կտա, և եթե այս գարնանը մենք կարողանանք ժողովրդական մեծ զանգված համախմբել, ապա կարող ենք ասել, որ 2011-ին ընդդիմության գործունեությունը եղել է արգասաբեր:

- Կոնգրեսն ամեն ինչ էլ ի զորու է անել, եթե, իհարկե, կարողանանք ժողովրդին հավատացնել, որ իր ուզած փոփոխությունը մենք կարող ենք իրականացնել: Երկրում ստեղծվել է մի վիճակ, երբ իշխանությունները բացարձակ անելիք չունեն ու միայն կառչել, մնացել են իրենց աթոռներին, խոսում են ընտրություններից, որոնք անիմաստ են: Ընդհանրապես, իմ կարծիքով, ընտրությունները մեր երկրում անիմաստ գործընթաց են դարձել, որովհետև իշխանությունները հստակ գիտեն, որ իրենք վստահության քվե չունեն ժողովրդի մոտ, և նրանց միակ նպատակը ընդդիմության հնարավորությունները սահմանափակելն է. սա է նրանց միակ մտածմունքը:

- Կոնգրեսի ծրագրերի մեջ այժմ առաջնային են գարնանային պրոցեսները՝ փետրվարից արդեն կսկսեն մեր գործողություններն ակտիվանալ, և այդ զանգվածային միջոցառումների շնորհիվ մենք որոշում կկայացնենք, թե ի վերջո ինչի ենք հանգելու:

Հարց. խորհրդարանական ընտրությունները Ձեզ համար ի՞նչ ձևաչափով ընդունելի կլինեն:

- Այժմ ես անձամբ չեմ քննարկում խորհրդարանական ընտրությունների ձևաչափ կամ մասնակցության ձև, մեր առաջնային օրակարգային խնդիրը արտահերթ ընտրություններն են:

- Հարց. Պարոն Այվազյան, իսկ ինչքանո՞վ է մեծ հավանականությունը, որ փետրվար-մարտ ամիսներին իրականացվելիք զանգվածային միջոցառումները կբերեն Սերժ Սարգսյանի հրաժարականին և արտահերթ ընտրությունների, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման ակտիվ ամիսներ արդեն իսկ եղել են, ավելին` այսօր չասենք հուսահատություն, բայց ելքի բացակայությունից բխող իներտություն է նկատվում նաև ՀԱԿ-ի համակիրների շարքերում, իսկ վերջերս էլ դրան գումարվեց ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին քաղաքագիտական վերլուծության հարուցած տարակուսանքը: Ձեր կարծիքով` այսքանից հետո հնարավո՞ր կլինի լայն ժողովրդական զանգվածներ մոբիլիզացնել:

- Իհարկե, հիմա նման տրամադրություններ կան, բայց կարծում եմ, որ փետրվար ամսից այդ տրամադրությունը կփոխվի, դաշտն ամբողջությամբ կզուլալվի: ԲՀԿ-ն ինքն է իր պատմական տեղը որոշելու քաղաքական դաշտում, և ԲՀԿ-ՀԱԿ կամ ԲՀԿ-ՀՀԿ համագործակցությունների առումով ես քննարկման խնդիր չեմ տեսնում: ԲՀԿ-ն պետք է որոշի՝ մնում է ժողովրդի հե՞տ, թե՞ շարունակելու է սպասարկել գործող ռեժիմին: Մեր ձախողումն այն էր, որ մենք չկարողացանք հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին:

No comments:

Post a Comment