Popular Posts

Saturday, December 29, 2012


«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի մեջ մտնող Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ նախագահի թեկնածուների առատությունը վկայում է այն մասին, որ հասարակությանը մանիպուլացնելու փորձ է արվում՝ գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի համար լեգիտիմություն ապահովելու նպատակով:


«Ես կարծում եմ, որ մինչև 15-16 թեկնածու է լինելու: Ու սա արվում է նրա համար, որ որոշ միամիտներ կարծեն, որ Հայաստանում նախագահական ընտրություններն ընթանում են ազատ մրցակցության, բազմակարծության, ժողովրդավարության հենքի վրա: Էլ չեն էլ իմանում, որ 20 հոգի էլ դնեն, անիմաստ թեկնածուներ են, որոնք մեկ-երկու տոկոսի հույս էլ չունեն»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։


Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ՝ 2013-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրվել են՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, Մհեր Հայրապետյանը, «Ազգային համաձայնության» նախագահ Արամ Հարությունյանը, Անդրեաս Ղուկասյանը, Պավել Վասպուրի Սարգսյանը և Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը։

Ի պատասխան հարցադրման, որ նախկին ընտրություններում գոնե առաջադրվում էին հասարակության համար ոչ այդքան անհայտ կամ գրեթե անհայտ թեկնածուներ, Գուրգեն Եղիազարյանը նկատեց, թե նախկին «քողարկված ականներն այս անգամ բացահայտված են և դրա համար այս անգամ անհայտությունից են մարդիկ բերում»:


«Չնայած այն ժամանակ էլ կար, որ անիմաստ դնում էին իրենց 0,1 տոկոսը հավաքելու համար: Դե հիմա, դաշտն արդեն մաքրվել է, էլ չկան էն կեղծ ընդդիմադիրները, քանի որ դրանք հիմա իր (Սերժ Սարգսյանի – Tert.am) կողքին են գտնվում, ու ի՞նչ անեն՝ մարդիկ պետք է բազմակարծություն ապահովեն, թեկնածուներ գրանցեն»,- մեկնաբանեց Գուրգեն Եղիազարյանը հավելելով.«Լավ կլիներ, ՀՀՇ-ի, ավելի ճիշտ՝ արդեն ՀՀԿ-ի Գևորիկին էլ առաջադրեին»:


Ինչ վերաբերում է «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի մեջ մտնող «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի թեկնածությանը, ապա Գուրգեն Եղիազարյանն ասաց՝ no comment, քանի որ նրա հետ ՍԴՀԿ անդամը նրա հետ հինգ տարի եղել է նույն դաշտում և հիմա խարազանել չի ցանկանում:


Ի պատասխան հարցադրման, թե ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 68 տարեկան լինելու պատճառով չառաջադրվելու փաստարկը լուրջ չի ընդունվում, անգամ նշվեց, թե Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին պատրաստվում է ամուսնանալ 76 տարեկանում, Գուրգեն Եղիազարյանը նշեց.«Ես մի բան գիտեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է լինել 69 տարեկան, 70 ժողովուրդը որ շատ խնդրի, միգուցե էլի վերադառնա քաղաքականություն: Մեզանից է կախված»:


Հարցադրմանը, թե արդյոք Լևոն Տեր–Պետրոսյանը չառաջադրվեց, քանի որ «ժողովուրդը» նրա կողքը չկանգնեց, Գուրգեն Եղիազարյանն ասաց. «Պատճառը ժողովուրդը չէր, պատճառն այն է, որ Հայաստանում երբեք ժողովուրդը ընտրություն չի կատարում, Հայաստանում ընտրությունը միայն ու միայն մաֆիան է կատարում»:


Ինչ վերաբերում է հարցին, թե ում օգտին է քվեարկելու ՀԱԿ ընտրազանգվածը, ապա Գուրգեն Եղիազարյանն առաջարկեց սպասել ևս որոշ ժամանակ տեսնելու թե է՞լ ով է առաջադրվում, իսկ հետո ՀԱԿ-ը այս մասին առանձին հայտարարությամբ հանդես կգա:

Հրանտ Բագրատյանը նախագահի թեկնածության փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ


Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով 2013-ի նախագահական ընտրությունների իր թեկնածության առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերն է ներկայացրել նաև նախկին վարչապետ, «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի նախկին անդամ Հրանտ Բագրատյանը։


Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, ով ասաց, որ նա առաջադրվել է «Ազատություն» կուսակցությունից:


Նշենք, որ այս պահի դրությամբ ԿԸՀ փաստաթղթեր է ներկայացրել 10 քաղաքացի` ՀՀԿ-ի կողմից Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության կողմից Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, Մհեր Հայրապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, Անդրեաս Ղուկասյանը, Պավլիկ Սարգսյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը և ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը:


Եվս մեկ թեկնածուի՝ նախկին դաշնակցական Հովհաննես Աղազարյանին էլ, որը ևս առաջադրվելու մտադրություն էր հայտնել, Ոստիկանության վիզաների և անձնագրերի վարչությունը մերժել էր տրամադրել տեղեկանքը՝ վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին:

Առաջադրումների ժամկետը ԿԸՀ հաստատած ժամանակացույցի համաձայն, մեկնարկել է դեկտեմբերի 25-ին և կավարտվի 2013-ի հունվարի 4-ին: Հունվարի 4-ից կսկսվի թեկնածուների գրանցման ժամկետը և կավարտվի հունվարի 14-ին:

Saturday, December 22, 2012

Ռամկավարները ևս այսօրվա համագումարում կհստակեցնեն իրենց դիրքորոշումը նախագահական ընտրություներում

Այսօր տեղի կունենա Ռամկավար ազատական կուսակցության վարչության ընդլայնված նիստը, օրակարգում ունենալով մեկ հարց` առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցության դիրքորոշումը: Այս կարգակցությամբ արդեն ՌԱԿ վարչության դիվանը մի շարք նիստեր է գումարել, քննարկումներ են եղել: Վարչության անդամները մայրաքաղաքում և մարզերում իրենց կուսակիցների մոտեցումները և տեսակետները պարզելուց հետո ի վերջո այսօր որոշում կընդունեն, որը հետո կտարածվի: Բոլոր դեպքերում ՌԱԿ-ի` սեփական թեկնածուով հանդես չգալը արդեն իսկ հայտնի է, քանի որ այդ դեպքում համագումարն էր որոշելու թեկնածուին: Իսկ վարչության ընդլայնված նիստով սովորաբար որևէ առաջադրվելիք թեկնածուի պաշտպանելու և սատարելու հարց է վճռվում:

եր-Պետրոսյանը չի բացառել, որ ՀՀՇ այսօրվա համագումարում կարող է առաջադրել Զուրաբյանի թեկնածությունը

Այսօր կայանալիք ՀՀՇ համագումարին որպես պատվիրակ մասնակցելու է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Սպասվում է, որ Տեր-Պետրոսյանը համագումարի ժամանակ ելույթ կունենա ու վերջապես կներկայացնի իր դիրքորոշումն առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ` հայտարարելով կա՞մ իր առաջադրման, կամ ընտրությունները բոյկոտելու մասին: Թեև Տեր-Պետրոսյանը մտմտում է իր առաջադրման մասին, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ նախօրեին իր ունեցած հանդիպումների ժամանակ նա չի բացառել, որ հնարավոր է` առաջադրի Լևոն Զուրաբյանի թեկնածությունը:

Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ռուսաստանը չեն կարող Հայաստանում ստեղծել մի լիդեր, և նրան նախագահ դարձնել


Տարածված այն տեսակետները, թե Հայաստանի նախագահը պետք է նշանակվի Ամերիկայի կամ Ռուսաստանի կողմից, այսօր ՀՀՇ 17-րդ համագումարի ժամանակ Լևոն Տեր- Պետրոսյանը չափազանց բացասական գնահատեց. «Սա ահավոր բան է, հուսահատություն բերող: Մեր ժողովրդին ինչքան պետք է արհամարհեն, որ նման կարծիք հայտնեն: Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ռուսաստանը չեն կարող Հայաստանում ստեղծել մի լիդեր և նրան նախագահ դարձնել»,-ասաց նա և ընդգծեց, որ այդ գործիչը պետք է նախ երկրի ներսում լիդեր դառնա, հետո տեսնի, թե ինչպիսին կլինեն իր հարաբերությունները այդ երկրների հետ:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը, սակայն, հիասթափեցրեց ՀՀՇ համագումարին ներկա բոլոր պատվիրակներին և այսօր նույնպես ոչինչ չասաց նախագահական ընտրություններին իր առաջադրման կամ չառաջադրման մասին: Շուրջ 15 րոպե խոսելով Հայաստանում առկա իրավիճակի, մասնավորապես՝ քաղաքական դաշտը արևմտամետ և ռուսամետ ուժերի բաժանումների մասին հայտարարություններից, ինչպես նշել էինք, վերջում ասաց, որ հուսախաբ է անելու, քանի որ ասելիք դեռ չունի և ևս երկու օր պետք է սպասեն:
 
Իսկ մինչ այդ, նա խոսեց իր մտահոգությունների մասին: «Առանց այդ էլ մեր ազգի բաժանումները քիչ չէին, այսօր որոշ անպատասխանատու մարդիկ փորձում են մի նոր բաժանում մտցնեն, որն ավելի վտանգավոր է, քան մինչև հիմա տեղի ունեցած բաժանությունները»,- ասաց նա և մատնանշեց, որ խոսքը արևմտամետների և ռուսամետների բաժանումների մասին է:

Ըստ առաջին նախագահի՝ հարցը շահարկողները շփոթում են այս հասկացությունների բոլոր կատեգորիաները՝ քաղաքական, արժեքային և գաղափարախոսական բաղադրիչները:

Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ երբ որևէ քաղաքական ուժ իր քաղաքական ծրագրերը կապում է արևմտյան ուժերի հետ, նրան համարում են արևմտամետ և կամ, երբ մի ուժ ծրագրերում Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ է տեսնում՝ համարում են ռուսամետ և արևմտյան արժեքների մերժող:

Մինչդեռ, ըստ նրա, մի բան է արժեքները, մի այլ բան՝ գաղափարախոսությունները և բացարձակ այլ բան՝ քաղաքական կողմնորոշումը: Առաջին նախագահի համոզմամբ, քաղաքականությունն ունի բոլորվին ուրիշ տրամաբանություն, երբ նրա խոսքով՝ երկրում վտանգի առկայության դեպքում անհրաժեշտ է լինում «իրար կոկորդ խեղդող» ուժերը միավորվեն, այնպես, ինչպես նրա բերված օրինակով, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Չերչիլի և Ստալինի միավորումն էր:

«Պատերազմին նրանք դարձան ամենալավ բարեկամները, պատերազմնը ավարտվեց, և նրանք կրկին դարձան երդվյալ հակառակորդներ»,- ասաց նա և նշեց, որ քաղաքական համագործակցությունը թելադրված է բացարձակապես պրագմատիզմով:

Գաղափարախոսության տեսանկյունից, ըստ նրա, եթե մեկը լիբերալ է, դա չի նշանակում, որ արևմտամետ է, ինչպես մեզանում համարում են: Առաջին նախագահը հարցրեց, թե սոցիալիզմն արդյոք արևմտյան գաղափարախոսություն չէ՞: «Իհարկե, արևմտյան է՝ կոմունիզմն էլ, սոցիալիզմն էլ, լիբերալիզմն էլ»,- իր հարցին պատասխանելով ասաց նա և նկատեց, որ չպետք է կարծել, թե այն ինչը որ արևմտյան է՝ լավ է: Նա հիշեցրեց, որ Եվրոպայում են ստեղծվել նաև ինկվիզիցիան, ֆաշիզմը, ռասիզմը:

Արժեքային համակարգի տեսակետից, նրա խոսքով՝ հայ ժողովրդին բաժանել երկու մասի, կնշանակի դեմ գնալ ՀՀ Սահմանադրությանը, որն ամբողջությամբ հիմնված է Արևմտյան , համամարդկային արժեքների վրա, երբ այդ Սահմանադրությանը կողմ է քվեարկել հայ ժողովուրդը:

«Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, խոսքի, մամուլի, կարծիքի ազատություն, սեփականության ձևի բազմազանություն, հավասար իրավունքի ընձեռում, հիմա ինչպես կարող են ինչ-որ մարդիկ ամբիցիաներով տառապող մեր ժողովրդի մի մասին համարել արևմտամետ: Սա շատ վտանգավոր, արկածախնդրական գործունեություն է»,- ասաց նա:

Քաղաքական կողմնորոշումների մասին խոսելիս, նա նշեց, որ ինքը գիտի հարցը շահարկող այդ մարդկանց մոտիվացիան: «Նրանք խոսում են, իբր թե քաղաքական կողմնորոշումներից, բայց ավելի շատ դա գործակալական մոտիվացիա է»,- ասաց նա:

Լևոն Տեր-Պետրոսյանը զարմանում է, թե ինչպես են լուրջ քաղաքական գործիչներ ասում, թե Հայաստանը պետք է հստակեցնի իր վերաբերմունքը՝ կա՛մ գնա դեպի Եվրոպա, կա՛մ Ռուսաստան: «Ո՞վ ասեց, որ սա է բացարձակ ճշմարտությունը, ՀՀՇ-ի գաղափարախոսությունը բացարձակապես հիմնված է սրա մերժման վրա: Կողմնորոշումներ կարող են լինել ժամանակավոր դաշինքներ՝ բխած կոնկրետ պետական շահերից, բայց երբեք ոչ հավերժական: Մենք մերժում ենք ցանկացած կողմնորոշում և հավատարմության խոստում: Մենք ոչ արևմտամետ պետք է լինենք ոչ ռուսամետ: Միակողմանի կողմնորոշումը որևէ ազգի բարիք չի բերել, որովհետև այդ դեպքում ստեղծվում են որոշ բարեկամներ, բայց միաժամանակ բազմաթիվ թշնամիներ»,- ասաց նա և բերեց Իսրայելի օրինակը, որը վարելով հստակ արևմտամետ քաղաքականություն, 50 տարի է պատերազմում է:

«Որքան խորացնում է, այնքան ավելացնում է թշնամիների թիվը: Ի՞նչ եք ուզում, որ Հայաստանն էլ այդպես լինի, քիչ են թշնամիները, մի հատ էլ ուզում եք նորից ավելացնենք»,- հարցրեց նա և հայտարարեց, որ հակաամերիկյան և հակառուս պետք է լինի Հայաստանը:

Միքայել Մելքումյանին մանդատից զրկելու հարցը կարող է մտնել էթիկայի հանձնաժողով

ԱԺ էթիկայի հանձնաժողովը երեկ կայացրել է որոշում, որի արդյունքում կարող է խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ մտնել Աժ պատգամավորին մանդատից զրկելու հարցը: Խոսքը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի մասին է:
Նրա սկանդալային հեռախոսազրույցի վերաբերյալ հեռուստառեպորտաժ էր պատրաստել «panorama.am»-ը, որի հիման վրա Ռազմավարական մշակումների կենտրոն Հ/Կ ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը դիմել է էթիկայի հանձնաժողով, պնդելով, որ Մելքումյանը խախտել է ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի 1-ին մասը` պատգամավոր լինելով, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: Հանձնաժողովը երեկ որոշում է կայացրել սկսել դիմումի քննությունը: Եթե էթիկայի հանձնաժողովը եզրակացնի, որ Մելքումյանը խախտել է նշված հոդվածի 1-ին մասը, դրա հիմքով Աժ-ն պետք է քննի Մելքումյանին մանդատից զրկելու հարցը: Հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը, սակայն, նշել է, որ դիմումի քննությունը սկսելու մասին որոշումը կանխավարկած չի պարունակում, և որևէ մեկը չի կարող կանխորոշել, թե ինչ որոշում կկայացնի հանձնաժողովը:

«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը զուգահեռներ է տեսնում ներկայիս ներքաղաքական զարգացումներով պայմանավորված վիճակի և 1996-ին առկա վիճակի մեջ, երբ ընդդիմությունը չափից ավելի բզկտված էր, թույլ ու ոչ համակարգված, իսկ իշխանությունը շատ ավելի՝ քաղաքական էր, նաև հաղթած, բայց լրջագույն խնդիրներ ունեցավ ընդդիմության համախմբման շնորհիվ: «Եվ ես համոզված եմ, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը վստահ մտնի պրոցեսի մեջ, շատ բան կփոխվի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ի պատասխան դիտարկման թե,«բայց առայժմ, կարծես թե, ամեն ինչ գնում է Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի հայտնի ձայնագրության սցենարով (այսինքն՝ առաջադրվում է թեկնածու, որը «յոթ-տասը տոկոս» կարող է հավաքել, ու դա շատ ամոթ չի լինի), «ԺՀ» նախագահը նկատեց. «Ճիշտն ասած, ես Լևոն Զուրաբյանի հետ կապված…ես նրան քաղաքական դեմք չեմ համարում, նա չինովնիկ է, որը Կոնգրեսում գործում է, դրա համար չեմ էլ ուզում անդրադառնալ»,- ասաց Պետրոս Մակեյանը։

Ի պատասխան հարցի էլ՝ բայց չէ՞ որ նա լիազորված էր, ՀԱԿ անդամը նշեց, որ չգիտի, թե ումից էր լիազորված Լևոն Զուրաբյանը: Ասաց, որ համենայնդեպս, ոչ ՀԱԿ քաղխորհրդի կողմից:

Վերջին շրջանում նախագահական ընտրություններին ընդդիմության մասնակցության վերաբերյալ կա ձևավորված երկու մոտեցում, այսպես կոչված, բոյկոտի և «չբոյկոտի»: Պետրոս Մակեյանը մի շարք «եթե»-ների դեպքում, վերջինի կողմնակիցն է:

Արձագանքելով այն դիտարկմանը, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց, որ չի ուզում հերթական անգամ պարտվածների շարքերը համալրել, իսկ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը իրատեսական չի համարում առաջադրվելը, ընտրվելը, իսկ միմիայն մասնակցությունը համարում է վարչախմբին լեգիտիմացում, Պետրոս Մակեյանը նշեց, որ որևէ կերպ չի ուզում հակադրվել «երկու Արամներին»:

«Հայաստանյան էս իրավիճակը՝ ապատիայի ու անտարբերության, որին իշխանությունները հասցրել են, դա քաղաքական կատեգորիա չէ, դա համատարած հնազանդեցնելու, ժողովրդին ստրկացնելու, դիմազրկելու, արժանապատվությունից զրկելու ձգտում է, որպեսզի իրենք շարունակեն իշխել: Էս պարագայում երկու Արամներն էլ ճիշտ են, բայց ես համարում եմ, որ հաշվի առնելով էս բոլորի հանրագումարը՝ կա հնարավորություն իրավիճակ փոխելու, և եթե Լևոն Տեր-Պետրոսյանը մտնի գործընթացի մեջ, ՀԱԿ-ը վերակազմավորվի, նախկին որակները ձեռք բերի, ես համոզված եմ՝ և՛ Արամ Սարգսյանը, և՛ շատերը կմտնեն գործընթացի մեջ»,-ասաց նա:

Իսկ ի՞նչ անի ՀԱԿ-ը վերակազմավորվելու համար, «չէ՞ որ կառույցի մեջ չի խնդիրը, այլ համակիրների կորցնելու, հիասթափության»,- այս հարցին ի պատասխան կուսակցության նախագահը կրկնեց. «Համակիրներին կորցնում է իր որակներով: Երբ «արաբական գարնան» շնչառությունը մեր հասարակությունն առավ, և ժողովուրդը հավատով լցված դուրս եկավ հրապարակ, երկխոսության գործընթաց սկսվեց: Եթե բարգավաճհայաստանյան էդ «քաղաքական վերլուծությունը չլիներ», էդ համակիրները չէին կորչի, չէ՞: Հիմա, նորից եմ ասում, եթե վերանայվեն էս բոլոր, մեղմ ասած, թույլ տրված սխալները և հասարակությանը մեսիջ տրվի գործընթացների իրական զարգացումների մասով, կարծում եմ՝ մեծ մասը կվերադառնա ՀԱԿ»:

Սակայն Պետրոս Մակեյանն այսօրվա դրությամբ վստահ չէ, որ Կոնգրեսը փորձում է էդ լիցքերը հաղորդել հասարակությանը:
Հայտնի է, որ առաջադրվում է նաև «Կոնգրեսի» մեջ մտնող «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը՝ պայմանով, որ կհանի իր թեկնածությունը Տեր-Պետրոսյանի առաջադրվելու դեպքում:

Ի պատասխան հարցին՝ կողմնակից է միայն Լևոն Տեր-Պետրոսյանի՞ առաջադրմանը, թե դեմ չէ նաև Բագրատյանին կամ ընդդիմադիր այլ թեկնածուների, Պետրոս Մակեյանը հիշեցրեց, որ «ԺՀ»-ն դեռևս հուլիսին հանդես էր եկել հայտարարությամբ, որում Կոնգրեսին առաջարկել էր նախաձեռնել ու աջակցել նոր ուժային կենտրոնի ձևավորմանը, որպեսզի մանդատների «մայիսյան աճուրդից» հետո նույնը չկրկնվի:

«Որ էս վեց-յոթ ամիսը օգտագործվի, որ էդ ուժային կենտրոնը ձևավորվի, որ հասարակությանը ներկայանան այլընտրանքով, ցավոք սրտի, հիմա էդ բառն օգտագործելն էլ մի քիչ տհաճ է՝ «այլընտրանք», «Բարգավաճ», կարծես հայկական լեքսիկոնի մեջ ուրիշ ձևով են ընկալվում, դրա համար պետք է իրավիճակը փոխելու թեկնածու լինի: Էսօր եղած արենայում՝ և՛ ՀԱԿ-ից դուրս և ՀԱԿ-ում, ունենք շատ մարդիկ, որոնք արժանի են նախագահ լինելու: Շատ ավելի, հազարապատիկ ավելի արժանի, քան վերջին տասը տարում եղել են: Բայց խնդիրը էն է, որ էդ թեկնածուները կարո՞ղ են համախմբել, ունե՞ն որակները, թե՝ ոչ»,-ասաց նա:

Ի պատասխան դիտարկմանը՝ «իսկ Տեր-Պետրոսյանը ունի՞», ինչի մասին արդեն բացահայտ ակնարկվում է ( որ ՀԱԿ-ը՝ որպես կառույց, գոյություն չունի, անգամ հեգնվում է, թե չարենցյան «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»-ին այսօր փոխարինում է «Հեռանալիս չանիծես»-ը), Պետրոս Մակեյանը նշեց, որ ինքը, ի դեպ, ի տարբերություն շատերի սթափ գնահատում է իրավիճակը և հավելեց. «Երեկ էլ, երբ լրագրողները հարցրին՝ ՀԱԿ-ը ե՞րբ կխոսի, ասացի՝ երբ կոմայից դուրս գա: Բայց ես վատաբանելու համար չեմ ասում, այլ սթափվելու խնդիր եմ տեսնում, ու ես տեսնում եմ, որ էդ ներուժը իրոք կա»,- ասաց նա։

ՀԱԿ-ին մոտ կանգնածHenaran.am-ի աղբյուրների հավաստմամբ, երկար քննարկումներից հետո, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշել է առաջադրվել: Չնայած Լեւոն Զուրաբյանի թեւը խելամիտ չի համարում այս որոշումը, այնուամենայնիվ, երեկ առաջնորդը ասել է, որ ամենայն հավանականությամբ կառաջադրվի: Զուրաբյանը, ըստ մեր աղբյուրների, ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի Տեր-Պետրոսյանը սատարի այլ թեկնածուի:
“Լեւոն ջան, մենք երեխա չենք, ճիշտ ես ասում, բայց Ծառուկյանի նման պիտի հուսախաբ չանենք: Գուցե հենց ճիշտ պահը սա է”,-ասել է Տեր-Պետրոսյանը: Մինչ ՀՀՇ համագումարը երկու օր կա եւ գուցե մինչ այդ Գագիկ Ծառուկյանի  նման Տեր-Պետրոսյանն էլ ընկրկի:

Thursday, December 13, 2012

Երեկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր կուսակիցներին տեղեկացրել է, որ նախագահական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը` անկախ այն հանգամանքից, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվում: Արամ Սարգսյանը բացատրել է, որ այս փուլում իմաստ չունի լինել պարտվողների շարքում և պետք է սպասել ավելի հարմար պահի:
«168 ժամն» իր առաջնորդողում գրել է. «Արդեն առիթ ունեցել ենք գրելու, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` նախագահական ընտրություններում առաջադրվել-չառաջադրվելու հարցը որոշակիորեն դարձել էր Հայաստանում ժողովրդավարության վիճակի փորձաքար: Այն իմաստով, որ, եթե Ծառուկյանն իսկապես ազնվորեն և ոչ թե իշխանության հետ պայմանավորվածության արդյունքում էր ցանկանում առաջադրվել, ապա նրա այդ ցանկությանը խոչընդոտելը հերթական անգամ վկայելու էր Հայաստանում իրական ժողովրդավարության բացակայության, ժողովրդավարական շղարշի ներքո գործող կլանային հարաբերությունների մասին: Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարեց, որ չի առաջադրելու իր թեկնածությունը և չի սատարելու որևէ թեկնածուի` դառնալով Հայաստանում ժողովրդավարության բացակայության զոհը: Գնահատականների մեջ չսխալվելու համար ստիպված ենք ևս մեկ անգամ նշել վերապահումը` եթե Ծառուկյանն անկեղծ էր նախագահական ընտրություններում առաջադրվելու ցանկության մեջ, և եթե նա սուվերեն էր լինելու իր այդ քայլը կատարելու որոշման հարցում (փաստացի ստացվում է, որ Ծառուկյանն անձամբ էր ցանկանում այդ քայլին գնալ, այլապես իշխանությունը կպահանջեր նրա առաջադրումը): Գ.Ծառուկյանի այդ հայտարարությունը վկայեց Հայաստանում բիզնեսի և քաղաքականության, փողի և ազատության, հարստության և ինքնուրույնության փոխկապվածության և փոխբացառման մասին: Փաստորեն, Հայաստանը մի երկիր է, որտեղ փողով կարելի է գնել գրեթե ամեն ինչ, բացառությամբ` ազատության և ինքնիշխանության` սեփական անձի և սեփական քաղաքական թիմի վերաբերյալ որոշումներ կայացնելու ինքնիշխանության: Որովհետև ՀՀ-ում մեծահարուստ` Գագիկ Ծառուկյանի մակարդակի մեծահարուստ կարելի է լինել միայն իշխանության թողտվությամբ ու հովանավորությամբ: Իսկ իշխանությունն իրեն իրավունք է վերապահում թույլատրել կամ արգելել իր թողտվությամբ կուտակված կապիտալն օգտագործել այս կամ այն քաղաքական նպատակով: Գ. Ծառուկյանը, լինելով Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, իրականում նաև ամենաանազատ մարդն է: Նա այդպիսին չէր լինի, եթե համարձակություն ունենար չենթարկվել իրեն պարտադրված որոշմանը: Բայց համարձակությունը, ինչպես ազատությունն ու ինքնուրույնությունը, փողով չեն գնվում: Մարդը կամ լինում է այդպիսին, կամ չի լինում: Գագիկ Ծառուկյանը, փաստորեն, այդպիսին չէ: Նախագահական ընտրություններում չառաջադրվելը Գ. Ծառուկյանին կապահովագրի, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն էր խոստանում, «բոմժ դառնալուց»` կախված է իրադարձությունների հետագա զարգացումից և իշխանության ցանկությունից: Ծառուկյանն այսօր կոտրեց հասարակության որոշակի հատվածի մոտ արմատավորված «հզոր գործչի» արհեստական ստերեոտիպը` ցույց տալով, որ Հայաստանում հզոր և թույլ լինում են իշխանության ցանկությամբ: Նա ապացուցեց, որ իր խոսքն ամենևին գործ չէ, և ինքը պատրաստ չէ հանուն վստահության` կորցնել ամեն ինչ, ինչպես հայտարարում էր բոլոր հարմար առիթներով: Նա կորցրեց գրեթե ամեն ինչ, բացի ունեցվածքից: Գուցե` առայժմ»:
Անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին, Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան շաբաթ կայացած հանդիպմանը` «Ժողովուրդը», վկայակոչելով իր աղբյուրները, գրում է. « Մեր աղբյուրների պնդմամբ` Ս.Սարգսյանն ասել է, որ Ծառուկյանն ազատ է` իր որոշումների մեջ, ուզում է առաջադրվի, ուզում է` ոչ: Բայց նաև նախազգուշացրել է, որ առաջադրվելու դեպքում ինքն էլ իր քայլերը կանի, մասնավորապես` օրենքի շրջանակներում գործի դնելով կոմպրոմատների թղթապանակը: Այդ ամենի արդյունքում էլ Ծառուկյանը որոշում է կայացրել չառաջադրվելու մասին: 
Երեկ քաղաքական կուլիսներում շշուկներ կային, որ Ծառուկյանն ու Սարգսյանը պայմանավորվել են նոր կոալիցիա կազմելու մասին: Նույնիսկ խոսվում էր, որ դեկտեմբերի վերջին Ս.Սարգսյանը հանդես է գալու համապատասխան առաջարկով, ԲՀԿ-ն էլ ընդունելու է այն, ու նախագահական ընտրություններից հետո Ծառուկյանը Բաղրամյան 26-ում հերթական հուշագիրը ստորագրելուց հետո կրկին շամպայնի բաժակ է բարձրացնելու: Նաև խոսվում էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել վարչապետ Տ. Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին, իսկ այդ պաշտոնին նշանակել ԲՀԿ-ի կողմից ընդունելի ՀՀԿ-ականի: Թե որքանով Ս.Սարգսյանին կհաջողվի իրագործել իր ծրագիրը, ցույց կտա ժամանակը»:

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրություն - ըստ որի քաղաքացուն կեղծ մեղադրանք առաջադրելուց և այն ապացուցել չկարողանալուց հետո նրանից կաշառք պահանջելու համար բերման են ենթարկվել Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի պետը և ևս երկու հոգի:

Մասնավորապես, Արտաշատ քաղաքի մի բնակիչ դեկտեմբերի 12-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում հայտարարություն է տվել, որ ինքը նույն օրը, թմրանյութ օգտագործելու կասկածանքով, ատամնաբուժարանից բերման է ենթարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունք, ապա տեղափոխվել նարկոլոգիական կենտրոն:

Թմրանյութ օգտագործած լինելու հանգամանքը փորձաքննությամբ ի հայտ չբերելու և նրան քրեական պատասխանատվության չենթարկելու համար ոստիկանության ծառայողները նրանից պահանջել են 3000 դոլար, ինչին ինքը չի համաձայնել:

Քիչ անց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է եկել նույն ատամնաբուժարանի բժիշկ Գևորգ Մարտիրոսյանը և ոստիկաններից մեկի հետ առանձնազրույցից հետո քաղաքացուն ասել, որ 2000 դոլար վճարելու դեպքում բոլոր հարցերը կարող են կարգավորվել: Ըստ պայմանավորվածության՝ 300 հազար դրամը պիտի տրվեր նույն օրը, իսկ մնացած գումարը՝ այսօր` դեկտեմբերի 13-ին:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, քաղաքացուց կաշառք ստանալու կասկածանքով, ոստիկանության ներքին անվտանգության վարչություն բերման են ենթարկվել բաժանմունքի պետ Վաղինակ Վարդանյանը և օպերլիազոր Գևորգ Գևորգյանը:

Բերման է ենթարկվել նաև ատամնաբուժարանի բժիշկ Գևորգ Մարտիրոսյանը, իսկ ավագ օպերլիազոր Էդուարդ Զաքարյանը կանչով ներկայացել է ոստիկանություն: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ:
«Ժողովուրդն» իր այսօրվա առաջնորդողում գրել է. «12.12.12.: Երևանի ժամանակով 15:00: ԲՀԿ լրատվական ծառայությունը ՀՀ քաղաքացիներին վերջապես տեղեկացրեց, որ կուսակցության քաղխորհրդի նիստում «գոլդ» որոշում է կայացվել`նախագահական ընտրություններում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի առաջադրի իր թեկնածությունը, չի սատարի թեկնածուներից որևէ մեկին` վերջնականապես անվավեր հայտարարելով 2011թ. փետրվարին ստորագրած կոալիցիոն հուշագիրը` նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին: Այսինքն` եղավ այնպես, ինչպես տեղեկացրել էինք դեռ օրեր առաջ` դաշտը անապատացավ: Հիմա մեկ հարց է բաց մնում ԲՀԿ-ի խոսքը գործ կլինի՞, թե՞ ընտրությունների ժամանակ «տակից» կսատարի ՀՀԿ-ին: Դատելով իշխանական կուլիսներում պտտվող խոսակցություններից` այս ամսվա վերջում, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի նոր կոալիցիա կազմելու մտադրության մասին, որին ԲՀԿ-ն դեմ չի լինի` հաշվի առնելով արտաքին մարտահրավերները, և միասնական կառավարումը կսկսվի փետրվարյան ընտրություններից հետո` վարչապետ Տիգրան Սարգսյանի բացակայությամբ: Նշենք, որ Ծառուկյանի որոշումից խիստ նեղսրտած են բրյուսելյան այցի կազմակերպիչներն ու մասնակիցները` Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Գուրգեն Արսենյանը և էլի մի քանիսը: Նրանք բոլորը երեկ խորը ընդհատակ էին անցել` հրաժարվելով մեկնաբանել տեղի ունեցածը:

Գալիք նախագահական ընտրություններին «Բարգավաճ Հայաստանը» հանդես կգա որպես «դիտորդ»

Գալիք նախագահական ընտրություններին «Բարգավաճ Հայաստանը» հանդես կգա որպես «դիտորդ» եւ «ընտրությունները վերահսկող»:


«ԲՀԿ թիմը եւ առաջնորդը կուսակցության հիմնադրման օրվանից հայտարարել են, որ անելու են ամեն ինչ որակական փոփոխություններ բերելու համար եւ մեզ համար որեւէ դիրք , պաշտոն չի կարող ինքնանպատակ լինել»,- ասել է Տիգրան Ուրիխանյանը:

Տիգրան Ուրիխանյանը, մեկնաբանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որոշումը` ընտրություններին չմասնակցելու մասին, նշել է, որ այն կարելի է  դիտարկել նաեւ «անհատական որոշման համատեքստում»: Նա չի մանրամասնել, թե հատկապես ի՞նչը ի նկատի ունի:

Նրա խոսքով, «ԲՀԿ անդամները, որպես միասնական թիմ, ընդունում եւ հարգում են Գագիկ Ծառուկյանի որոշումը»:

Saturday, November 17, 2012

հազարավոր քաղաքացիներ պատրաստ են վարչապետի մատնացույց արած այդ 100 -120 հազար դրամ աշխատավարձով աշխատել


Երեկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում վարչապետի այն հայտարարությանը՝ թե անապահով ընտանիքների աշխատունակ անձինք նախընտրում են ստանալ 30-50 հազար դրամ նպաստ, քան աշխատել ու ստանալ 100-120 հազար դրամ աշխատավարձ, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը որակում է վարչապետի կողմից արված հերթական ոչ կոռեկտ արտահայտություն:

«Նա այդ հայտարարությամբ, ըստ էության, վիրավորում է ՀՀ քաղաքացուն: Ստացվում է, որ ՀՀ աշխատունակ քաղաքացին գերադասում է մատնվել անգործության, և ստանալ պետության կողմից իրեն տրվող նպաստը, քան աշխատել, և, ինչպես վարչապետն է նշում՝ ստանալ այդ 100 -120 հազար դրամ աշխատավարձը: Կրկնում եմ՝ Տիգրան Սարգսյանը ՀՀ քաղաքացուն, ըստ էության, ծույլ է որակել»,- ասաց նա:
Նշենք, որ այս մասին այսօրվա իր համարում գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը։

Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ Տիգրան Սարգսյանի այս հայտարարությունից հետո ԲՀԿ են դիմել ՀՀ գործունյա, աշխատունակ քաղաքացիներ՝ խնդրելով վարչապետին փոխանցել հետևյալ հորդորը. «Այս պահին, հենց այսօր, տասնյակ հազարավոր քաղաքացիներ պատրաստ են վարչապետի մատնացույց արած այդ 100 -120 հազար դրամ աշխատավարձով աշխատել, եթե վարչապետը ցույց տա այդ աշխատատեղերի տեղերը»,- նշեց՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը և հավելեց, որ Տիգրան Սարգսյանն ավելի լավ կլիներ, մտածեր՝ «Թե այդ ինչպե՞ս է լինում, որ աշխատանք չունենալու պատճառով երկիրը լքած հայը շատ կարճ ժամանակում, որտեղ էլ որ լինի, կարողանում է արագ կազմակերպվել և պահել իր ընտանիքը, բայց ՀՀ-ում, ըստ իրեն՝ գերադասում է նպաստ ստանալ»:

Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ չի զարմանում, որ Կառավարությունում գերիշխում է այս տրամաբանությունը, և վկայակոչեց շաբաթներ առաջ ԱԺ-ում մի քննարկում, որը վերաբերել է փոքր և միջին ձեռնարկություններին բյուջեի ծախսային մասից հատկացումներին: Եվ, ըստ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարի՝ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը կրկնել է վարչապետի թեզը՝ բառացիորեն ասելով. «Մենք շրջում ենք մարզերում և ականատես ենք դարձել, որ ՀՀ քաղաքացիները գերադասում են նպաստ ստանալ, քան աշխատել»:

Սա Նաիրա Զոհրաբյանը համարում է կործանարար, և նշում, որ Տիգրան Սարգսյանը պետք է ուղղակիորեն պատասխանի, թե ինչ է նկատի ունեցել նման բան հայտարարելով:

Նշենք, որ երեկ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ երեկ որոշել է, որ ՕԵԿ քաղխորհուրդը արձանագրում է, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու ԲՀԿ առաջարկը համահունչ չէ կուսակցության որդեգրած քաղաքական կուրսին, ինչպես նաև ժամանակավրեպ և անընդունելի է՝ ներկա բարդ աշխարհաքաղաքական պայմաններում:


Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ տեղեկացվել են ՕԵԿ քաղխորհդի որոշմանը, և որ այն իրենց օրակարգը չի փոխում: «Մենք կընդունենք այդ տեսակետն ի գիտություն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Էրդողանը արաբական և իսլամական երկրներին համախմբման և ՄԱԿ-ի ԱԽ-ի կառուցվածքը փոխելու կոչ է հղում


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել արաբական և իսլամական երկրներին, փոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կառուցվածքը, հաղորդում է РИА Новости գործակալությունը:

Էրդողանը այսօր երկօրյա այցով ժամանել է Եգիպտոսի մայրաքաղաք, որտեղ արդեն հանդիպել է Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ: Կահիրեի համալսարանում հնչած նրա ելույթը հեռարձակվել է տեղի հեռուստաալիքների կողմից:
 
«Անարդար է, որ միայն 5 երկրներ (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները - խմբ.) կառավարում են ամբողջ միջազգային հարաբերությունները», - հայտարարել է Էրդողանը:

Նա պնդում է, որ անհրաժեշտ է «վերանայել և փոփոխել ինչպես ՄԱԿ-ի կառուցվածքը, այնպես էլ ինքնին Անվտանգության խորհուրդը»:

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի հանդուրժում Ղազայի հատվածի դեմ ագրեսիան և հաստատել է, որ իր երկիրը, «տարածաշրջանի բոլոր երկրների հետ միասնական ճակատով» հանդես կգա Թել Ավիվի Ղազայում ագրեսիվ գործողությունների անհապաղ դադարեցման օգտին:
 
Ըստ mignews.com-ի նա նաև հայտարարել է, որ «Իսրայելը տարածաշրջանը արյան ծովի է վերածել»:
Էչդողանը հայտարարել է, որ «պաղեստինյան արյան յուրաքանչյուր կաթիլ մեր ընդհանուր մուսուլմանական երակներից է հոսում, պաղեստինյան երեխաների աչքերից ընկած արցունքները` նաև մեր արցունքներն են»:
 
«Տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովումը, սկսած Սիրիայից, ուր արյունահեղության պատճառը Դամասկոսի վարչակարգն է, վերջացրած Պաղեստինի և Լիբանանի իրավիճակով` այդ հարցերը Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում են», - ասել է Էրդողանը:

Մեկնածներից 88,2 հազարը չեն վերադարձել Հայաստան

Միջազգային ուղևորափոխադրումների վերաբերյալ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2012 թ. հունվար-հոկտեմբերին Հայաստան ժամանածների և մեկնածների թիվը համապատասխանաբար եղել է 1 մլն 791 հազար 879 և 1 մլն 880 հազար 120: Սալդոն բացասական է` -88241 մարդ:
Ըստ ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության տվյալների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օդային տրանսպորտով, երկաթուղով և ավտոտրանսպորտով մեկնածների և ժամանածների թվերի տարբերությունն աճել է 6,7 հազարով կամ 8,2%-ով: Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում կազմել է 41,8%:
2012թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 381,7 հազար մարդով կամ 11,6%-ով և կազմել՝ 3 մլն 672 հազար մարդ:
Հոկտեմբերին արձանագրվել է միջազգային ուղևորահոսքերի դրական մնացորդ, որը կազմել է 8,9 հազար մարդ` նախորդ տարվա հոկտեմբերի 8,4 հազարի դիմաց: Ընդ որում` և՛ օդային, և՛ ավտոմոբիլային, և՛ երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումների սալդոն հոկտեմբերին դրական է և համապատասխանաբար կազմում է 8 583, 205 և 66 մարդ:

Գերմանացի ներդրողը դատի է տվել Ծառուկյանի կոնյակի գործարանին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, քննվում է գերմանական «ԻստԻնվեստոր» ընկերության տնօրեն Ստեֆան Լաքսհուբերի հայցն ընդդեմ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի:
Հայցվորը պահանջում է անվավեր ճանաչել բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը, կանոնադրության փոփոխության պետական գրանցումը, բաժնետերերի ռեեստրում կատարված գրանցումը և վերականգնել «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲ ընկերության 1520 հատ բաժնետոմսերի նկատմամբ «ԻստԻնվեստոր» ՍՊ սեփականության ու բաժնետիրոջ իրավունքները:
Արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետությունում առկա է հայոց պետականության գոյությանն սպառնացող բարոյահոգեբանական, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական և կառավարման համակարգային ճգնաժամ,
փաստելով, որ օրեցօր խորացող այդ ճգնաժամը մասնավորապես արտահայտվում է.
ա. հասարակությանը` իշխող վերնախավի կողմից իրեն հատուկ քրեաօլիգարխիկ արժեհամակարգի  պարտադրմամբ,
բ. կենսունակ հասարակական կյանքի հետ անհամատեղելի, հանրային համերաշխությունը կտրուկ թուլացնող սոցիալական բևեռացմամբ,
գ. դատաիրավական համակարգի՝ քաղաքական իշխանության կամակատարի դերի ստանձմամբ,  
դ. բնական ռեսուրսների գիշատչական շահագործմամբ, բնական համակարգերի և կենսաբազմազանու-թյան  ոչնչացմամբ,
ե. մշակութային ժառանգության փոշիացմամբ,
զ. օտար ուժերից օրեցօր ավելացող կախյալությամբ,
գիտակցելով, որ նշված համակարգային ճգնաժամը հանգեցնում է ապագայի նկատմամբ համատարած հուսահատության, որի հետևանքով սպառնալի չափերի հասնող արտագաղթը ռեալ վտանգ է առաջացնում ոչ միայն պետականության, այլև հայրենիքում բնակվող հայության ֆիզիկական գոյության համար, 
գտնելով, որ համակարգային ճգնաժամից կարելի է դուրս գալ միայն առկա քաղաքական և կառավարման համակարգերի արմատական վերաիմաստավորման և վերափոխման պարագայում,
համոզված լինելով, որ նման իրավիճակում անթույլատրելի է հասարակության առավել կենսունակ և կարող ուժերը ներկայացնող դիմադրական քաղաքացիական շարժումների համախմբման ուշացումը,
հիմք ընդունելով մարդկային և ազգային արժանապատվությանը, ազատությանն ու արդարությանը տեր կանգնելու բնական իրավունքը և նրա իրացմանն ուղղված քայլերի օրինականությունը, իշխանությունը ժողովրդին պատկանելու՝ համընդհանուր ճանաչում ստացած և սահմանադրորեն ամրագրված իրավական պահանջը,
կարևորելով  հայ ժողովրդի պատմական ընթացքի ճակատագրական պահերին նրան զորաշարժի վիճակի բերելու գործում առաջամարտիկ կամավորության վճռորոշ դերը,
հանձն ենք առնում նախաձեռնել ԱԶԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՈՒՆԱԿ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ:
Այս նոր քաղաքական գործընթացի նախաձեռնող խումբը, որպես Հայաստանի մտահոգ քաղաքացիների ազատ, բաց և ընկերային ժողով, իրեն հռչակում է ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ:
Նախախորհրդարանի աշխատանքը միտված է լինելու այլընտրանքային ընտրությունների միջոցով Հիմնադիր խորհրդարանի ձևավորմանը, որը կձեռնարկի Հայաստանի նորացված տեսլականի ու ռազմավարական ծրագրերի նախագծերի մշակումը և, որպես ինքնակազմակերպման անհրաժեշտ քայլ, ապագա պետական կառավարիչների կադրային ռեսուրսի ստեղծումը:
Նախախորհրդարանը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին և արտերկրի հայությանը՝ պահի կարևորության գիտակցությամբ տեր կանգնելու իրենց մարդկային, ազգային ու պետական արժանապատվությանը, ազատությանը և արդարությանը, մասնակցելու Հայաստանի ինքնիշխանությունը Հայաստանի բոլոր քաղաքացիների ու հայ ժողովրդի շահերին ծառայեցնելու գործին և զորավիգ լինելու նշված քաղաքական գործընթացին:
Աբրահամյան Էմիլ, նկարիչ
Ալավերդյան Լարիսա, իրավապաշտպան
Ալեքսանյան Ժաննա, լրագրող, իրավապաշտպան
Ավագյան Մարիամ, կենսաֆիզիկոս
Արշակյան Մհեր, իրավաբան
Բալյան Վարդան, երաժիշտ, գործարար
Բոյաջյան Արտաշես, ազգագրագետ, Գյումրու «Քաղաքը մերն է» նախաձեռնության անդամ
Գիլանց Գևորգ, բանաստեղծ, թարգմանիչ
Դռնոյան Լևոն, բժիշկ-առողջագետ, գրող-հրապարակախոս
Եղնուկյան Կարո, իրավաբան, գործարար
Զարոբյան Նիկիտա, սիստեմային վերլուծաբան
Զոհրաբյան Ապրես, հասարակական ակտիվիստ
Էվոյան Հասմիկ, տնտեսագետ, բնապահպան ակտիվիստ
Խառատյան Հրանուշ, ազգագրագետ
Խզմալյան Տիգրան, կինոռեժիսոր
Կարապետյան Հարություն, ֆիզիկոս
Հակոբյան Վարդան, դիրիժոր
Ղազարյան Արթուր, ծրագրավորող, մաթեմատիկոս
Ղափլանյան Իրինա, քաղաքագետ
Մելքոնյան Սուսաննա, բնաբույժ, գործարար
Մկրտչյան Բաբկեն, գործարար կառավարման խորհրդատու
Մնեյան Լալա, ՀՀ ժողովրդական վարպետ
Ներսիսյան Արմեն, աշխարհագրագետ, Գյումրու «Ազգային Արժեք» ակումբ
Ներսիսյան Եղիա, լուսանկարիչ, բնապահպան ակտիվիստ
Չիլինգարյան Խաչիկ, ճարտարագետ
Չուգասզյան Գարեգին, սիստեմային վերլուծաբան
Պետրոսյան Վարդգես, մաթեմատիկոս, դիզայներ, բնապահպան ակտիվիստ
Սիմոնյան Սյուզան, թարգմանիչ-խմբագիր
Վարդանյան Արտավազդ, մաթեմատիկոս

Thursday, November 15, 2012

Հայաստանը 141 երկրների շարքում զբաղեցնում է 77- րդ հորիզոնականը

Բիզնեսի իրականացման համար ստեղծված նպաստավոր պայմաններով Հայաստանը 141 երկրների շարքում զբաղեցնում է 77- րդ հորիզոնականը` նշվում է ամերիկյան «Forbes» ամսագրի երեկ հրապարակած տարեկան` 2012 թվականի զեկույցում: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ անցյալ տարի ՀՀ-ն 89-րդ հորիզոնականում էր: Այսինքն` նախորդ տարվա համեմատ մեր երկիրը 12 նիշով բարելավել է դիրքերը: 

Եվ չնայած նման առաջընթացին` բիզնեսի համար ստեղծված պայմաններով Հայաստանը զիջում է իր անմիջական հարևաններին. Վրաստանը գտնվում է 50-րդ հորիզոնականում, Թուրքիան` 52-րդ, իսկ Ադրբեջանը` 73-րդ: Բիզնեսի իրականացման համար լավագույն երկրների եռյակը գլխավորում են Նոր Զելանդիան, Դանիան և Հոնկոնգը: Ցուցակը եզրափակում են աֆրիկյան երկրները` Զիմբաբվեն, Չադը և Գվինեան: Զեկույցը կազմելիս հաշվի է առնվել 11 չավորոշիչ` անձի ազատությունը, բյուրոկրատիայի և կոռուպցիայի մակարդակը, ներդրողների պաշտպանվածությունը և այլն, իսկ կառավարությունը ուրախանում է, որ «Դուինգ բիզնես» սանդղակում Հայաստանը 32-րդն է:

Wednesday, November 14, 2012

Հայաստանը զբաղեցնում է 23-րդ տեղը


Կոնվերսիայի Բոննի միջազգային կենտրոնը (BICC) հրապարակել է «2012-ի համաշխարհային ռազմականացվածության» վարկանշային աղյուսակը, ըստ որի` Հայաստանը զբաղեցնում է 23-րդ տեղը։ Նախորդ տարի Հայաստանը 20-րդն էր:
Մեր հարևան Ադրբեջանը 7-րդ տեղում է, իսկ առաջատարն Իսրայելն է:

Առաջին տասնյակում Իսրայելից հետո միմյանց հաջորդում են Սինգապուրը, Սիրիան, Ռուսաստանը, Հորդանանը, Կիպրոսը, Ադրբեջանը, Քուվեյթը, Բահրեյնը և Սաուդյան Արաբիան: Նկատվում է, որ 10-յակից 6-ը Միջին Արևելքում է:

Անցած տարի նույն ցուցակի առաջին տասնյակում էին նաև Հունաստանն ու Հարավային Կորեան, որոնց այս տարի դուրս են մղել Բահրեյնը և Ադրբեջանը, որոնք կտրուկ մեծացրել են իրենց ռազմական ծախսերը:

ԱՄՆ-ն 30-րդն է, Հնդկաստանը՝ 71-րդը, Չինաստանը՝ 82-րդը։  Մեր մյուս հարևանը՝ Թուրքիան, 24-րդն է:


Ադրբեջանի 7-րդ հորիզոնականի առիթով BICC-ն իր զեկույցում գրում է, որ դա անհանգստացնող է, և «ժամանակն է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել ու մղել ապառազմականացման շուրջ բանակցությունների»։

BICC-ի ցուցակը կազմվում է ոչ միայն ռազմական ծախսերի ծավալի հիման վրա՝ նրանց հարստության և բնակչության թվաքանակի նկատառումով: Հաշվի են առնվում նաև ռազմականացվածության մի քանի այլ ցուցիչների վրա՝ ռազմական ծախսերի և առողջապահական ծախսերի հարաբերակցությունը ՀՆԱ-ում, զինվորականների և բժիշկների թվաքանակի հարաբերակցությունը՝ բնակչության ընդհանուր թվի կտրվածքով, ծանր ռազմատեխնիկայի թվաքանակը՝ ըստ բնակչության թվի:
Ցուցակում ներառված է 135 երկիր:
 
Ըստ ադրբեջանական APA-ի այս աղյուսակը չի արտացոլում երկրների իրական ռազմական հզորությունը, հակառակ դեպքում ԱՄՆ-ն կլիներ 1-ինը, Ռուսաստանը` 2-րդը, իսկ առաջատար Իսրայելը` 10-րդը:

Վարչապետը քիչ հավանական է համարում ՀԱԿ–ԲՀԿ միասնական թեկնածուի ձևաչափը ու հրաժարվում մեկնաբանել Ռ. Քոչարյանի հայտարարությունը


Տիգրան Սարգսյանը քաղաքական դաշտում ոչինչ չի բացառում, սակայն քիչ հավանական է համարում, որ «Հայ ազգային կոնգրեսն» ու «ԲարգավաՃ Հայաստանը» հանդես գան միասնական թեկնածուով։ Այսօր նա նման կարծիք հայտնեց՝ ԱԺ–ում պատասխանելով լրագրողների հարցին։

Հիշեցնենք, որ նախորդ քառօրյային Տիգրան Սարգսյանը կարծիք էր հայտնել, որ Սերժ Սարգսյանին որպես նախագահի միասնական թեկնածու պաշտպանելու մասին նախորդ տարվա կոալիցիոն հուշագիրն ուժի մեջ է, մինչդեռ այսօր «Բարգավաճ Հայաստանը» տարբեր քաղաքական ուժերի հետ քաղաքական կոնսուլտացիաներ է անում և ավելին՝ «Հայ ազգային կոնգրեսից» չի բացառվել, որ ՀԱԿ–ն ու ԲՀԿ–ն հանդես կգան միասնական թեկնածուով։

Ինչ վերաբերում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, որ հղում անելով կոալիցիոն պայմանագրին ասել, որ այն ուժի մեջ է, նույնն է, թե ասել, որ Տիգրան Սարգսյանը դեռ ԱԺՄ անդամ է կամ ուժի մեջ է Սևրի պայմանագիրը, վարչապետը հարցադրում-պատասխան ուղղեց. «Իսկ Սևրի պայմանագիրը ուժի մեջ չի՞։ Դուք ունե՞ք այդ հարցի պատասխանը»։ Տիգրան Սարգսյանը նաև հավելեց, որ այս հարցի կապակցությամբ ՀՀԿ դիրքորոշումը եղել է շատ հրապարակային։ Իշխող կուսակցությունը պատրաստ է համագործակցել այն ուժերի հետ, որոնք համագործակցել են ՀՀԿ–ի հետ։

Ավելին, եղել են համաձայնագրեր, հռչակագրեր և ձևավորվել են դաշինքներ։ Վարչապետը նույնիսկ հիմա էլ չի բացառում, որ ԲՀԿ–ն ՀՀԿ–ի հետ նոր հուշագիր ստորագրի։ «Դե գիտե՞ք ինչ կա, մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, նայում եմ մեր կուսակցությունների անցած ճանապարհին, միմյանց ճանաչում ենք, գիտենք, թե ինչ արժեքների շուրջ է տեղի ունենում այդ համախմբումը»,–փակագծերը բացեց Տիգրան Սարգսյանը։
Փոխարենը, Տիգրան Սարգսյանը հավանական չի համարում, որ գալիք նախագահական ընտրություններին առաջադրվեն Հանրապետության առաջին և երկրորդ նախագահները։
Իսկ նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ վարչապետի, ունենալով բարձր վարկանիշ, մեծ հավանականությամբ կվերընտրվի։
Վարչապետը հրաժարվեց մեկնաբանել Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկ տված հարցազրույցը։ Սակայն երկրների կառավարման համակարգերի տարբերությունների վերաբերյալ տեսական մակարդակով ասաց. «Գոյություն ունի քաղաքական, տեսական բանավեճ, թե որ երկրների փորձն է ավելի արդյունավետ։ Տարբեր երկրների փորձը կա, և ամեն մի երկիր իր առանձնահատկություններին հետևելով պետք է իր համար ընտրի առավել արդյունավետ կառավարման համակարգ։ Դրա լավագույն ձևը քաղաքական բանավեճն է, որը տեղի է ունեցել, և մենք նոր ենք փոփոխել «Ընտրական օրենսգիրքը»»,–հայտարարեց Տիգրան Սարգսյանը՝ կարծիք հայտնելով, որ նախագահական ընտրություններից հետո այս հարցը կքննարկվի։

Հիշեցնենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանը անդրադառնալով «Բարգավաճ Հայաստանի» կողմից տարբեր քաղաքական ուժերի միջև տարվող քաղաքական կոնսուլտացիաներին, որոնց առանցքը հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգն է ու կառավարման խորհրդարանական մոդելը, ասաց, որ մեծամասնական ընտրակարգը նպաստում է Հայաստանում «ֆեոդալական համակարգի» զարգացմանը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հայտնել էր նաև, որ 2005 թվականի սահմանադրական հանրաքվեի արդյունքում վարչապետին շատ ավելի լայն լիազորություններ տրվեցին։

Ի պատասխան, Տիգրան Սարգսյանն ասաց, որ 2008 թվականից հետո Հայաստանում ձևավորվել է քաղաքական նոր իրավիճակ, որը նախկինում չէր եղել։ Այն է՝որ Հանրապետության վարչապետն ու նախագահը ներկայացնում են միևնույն քաղաքական ուժը և հանդես են գալիս որպես միասնական քաղաքական թիմ։ Եվ հենց դա է պատճառը, որ նախագահի և կառավարության միջև չեն կարող լինել քաղաքական հակասություններ։
«Նախկինում այդպես չէր իրավիճակը, կուսակցության ղեկավարը երկրի վարչապետն էր, հիմա փոխվել է իրավիճակը»,– ասաց Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ նախորդ փուլի հետ այս համեմատությունը ճիշտ չի համարում։

Ի՞նչ հաշվարկի հիման վրա է որոշվել բուհական կրթաթոշակի չափը


Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը այսօր ԱԺ հարց ու պատասխանի ժամին բարձրացրեց ուսանողների կրթաթոշակների ցածր լինելու հարցը: Նա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից, մասնավորապես, փորձեց պարզել, թե ի՞նչ հաշվարկի հիման վրա է որոշվել կրթաթոշակի չափը:

«ՀՀ-ում ուսման վարձերը հավաքագրվում են մի քանի հարյուր հազար դրամից մինչև 1մլն դրամ և ավելի, բայց կրթաթոշակ տրվում է 5000 դրամ, իսկ գերազանցության թոշակը՝ 6000»,- ասաց նա։

Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ կրթաթոշակների վրա պետական բյուջեից ծախսվում է բարձրագույն կրթության ապահովման համար նախատեսված գումարի շուրջ 18%-ը:

«Բուհերին հատկացվում է մոտ 7 մլրդ դրամ, որից 1 մլրդը տրվում է կրթաթոշակներին: Հավատացնում եմ, որ դա մեծ գումար է: Այլ բան է, որ գաք միասին մտածենք ինչպես բաշխել գումարը այլ ճանապարհով, որ ուսանողներին առձեռն ավելի մեծ գումար տրվի»,-ասաց նախարարը:

Նախկին վարչապետը ներկայիս վարչապետի պատասխանների մեջ տրամաբանություն չի տեսնում


Այսօր ԱԺ նիստի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ կառավարությանն ուղղված հարցը երկրում ներդրված ԱՊՊԱ համակարգի և դրա արդյունքում ՀՆԱ-ի աճի մասին հետաքրքիր երկխոսության առիթ դարձավ երկու՝ նախկին և ներկա վարչապետերի միջև։ Այն հանգուցալուծվեց նրանով, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի պատասխանները Բագրատյանը բավարար չհամարեց, քանի որ իր ձևակերպմամբ՝ դրանց մեջ չտեսավ իր հարցադրումների պատասխանները, և չտեսավ հստակ տրամաբանություն։
«Անցյալ տարի մտցվեց ԱՊՊԱ համակարգը, այս տարի՝ առողջապահության ապահովագրությունը, մի տարի հետո կլինի պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգը: Այս ամենը գեներացնում է ՀՆԱ-ն, քանի որ 50% շահույթ կա ԱՊՊԱ համակարգում, մի քանի տասնյակ տոկոս շահութաբերություն էլ կա առողջության ապահովագրության գործում: Իմ կարծիքով ԱՊՊԱ-ն մոտ 1.5 տոկոսով ավելացրեց ՀՆԱ-ն, և սա կոչվում է ֆինանսական փուչիկ»,- ասաց Բագրատյանը՝ կասկած հայտնելով, թե արդյոք դա արվում է ՀՆԱ-ի աճի համար:

Հարցին ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց. «Ապահովագրական դաշտում, երբ մենք ներդրեցինք պարտադիր ապահովագրությունը, կային մտահոգություններ, թե արդյոք Հայաստանը պատրաստ է այդ համակարգի ներդրմանը, հաշվի առնելով, որ դեռևս մեզանում հաղթահարված չի աղքատության խնդիրը, և մենք պարտադրելու ենք բոլոր մեքենա ունեցողները գումարներ վճարեն և ապահովագրեն երրորդ անձանց ռիսկերը»: Բայց, վարչապետի ընդգծմամբ՝ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ առաջին երեք տարիների համար շատ դժվար է որոշել գինը: Դրա համար հետագայում իրենք պետք է անցնեն գների լիբերալիզացիա և պետք է այնպես անեն, որ շուկան որոշի գները:
«2012թ.-ի արդյունքներն ամփոփելուց հետո կներկայացնենք հաշվետվություն, թե ինչպիսին է ապահովագրական դաշտում շահութաբերության մակարդակը, և արդյոք գները բարձր են, թե ոչ»,- ասաց նա:

Կուտակային հիմնադրամների մասին Տիգրան Սարգսյանը նշեց, որ իրենք պատրաստ են ԱԺ-ի հետ քննարկել այն խելամիտ մեխանիզմները, որոնց ներդրմամբ վերջիններս պաշպանված կլինեն և կխթանեն մեր տնտեսության զարգացմանը:

Կմտածեմ, կասեմ


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այն կարծիքին է, որ կառավարության անդամները պետք օգտվեն էլեկտրոնային սարքերից։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցին ասաց Տիգրան Սարգսյան՝ ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս է վերաբերում այն հանգամանքին, որ կառավարության անդամները պետական բյուջեի քննարկման և կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մուտք են գործում սոցիալական ցանցեր։

«Գիտե՞ք, էլեկտրոնային սարքերի նկատմամբ պետք չէ այդպիսի վերաբերմունք ունենալ։ Կառավարության նիստի ժամանակ կառավարության անդամը ipad-ով տեղեկատվություն է որոնում, և ես դա համարում եմ շատ դրական, քանի որ շատ հաճախ հարցեր են հնչեցվում , որոնք մենք պետք է կարողանանք որոնել մեր տեղեկատվական բազաներից»,- ասաց Տիգրան Սարգսյանը հարցը տված լրագրողին նախապես հարցնելով, թե նա ունի՞ այս մասին հանրության տեսակետը։

Նշենք,սակայն, որ հարց տվողի կողմից ընգծվեց, որ խոսքը սոցիալական ցանցերի մասին է, սակայն այս հիշեցումը վարչապետը միգուցե չլսեց։

Լրագրողների՝ ընդդիմության կողմից իրեն ուղղված քննադատության նկատմամբ վարչապետի ունեցած վերաբերմունքի մասին հարցին էլ ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանն ասաց, որ
վարչապետի պաշտոնն այնպիսի պաշտոն է, որ նա պետք է մտահոգված լինի՝ ըստ էության, լրագրողներին առաջարկելով ընդդիմության քննադատությունը «թեթև տանել»։

«Բայց ինչո՞ւ եք զարմանում, որ մեզ քննադատում են. տարօրինակ կլիներ, եթե մեզ գովերգեին։ Նորմալ վերաբերվեք»,– ասաց Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ կառավարությունը հարգում է այն գործիքակազմը, որն ընդդիմությունն օգտագործում է իրենց քննադատելու համար։

Պատասխանելով ընդդիմության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի այն հարցադրմանը, թե ինչու գալիք տարվա գլխավոր ֆինանսական–տնտեսական փաստաթուղթն ԱԺ–ին ներկայացնելիս ինքը ներկա չի եղել, Տիգրան Սարգսյանն ասաց, որ իր ուղերձը շատ մանրամասն քննարկվել է ԱԺ բյուջետային քննարկումներում և նույն ելույթը երկու անգամ կրկնելը նպատակահարմար չի համարում։
Ինչ վերաբերում է լրագրողի այն հարցին, թե անգամ ԱԺ «Հանրապետական» խմբակցությունում չեն բացառում, որ Տիգրան Սարգսյանն ընտրություններից հետո չշարունակի պաշտոնավարել և հետևաբար, ու՞մ է տեսնում որպես իրեն փոխարինող, վարչապետն ասաց. «Կմտածեմ, կասեմ»։

Saturday, November 10, 2012


«Հայ ազգային կոնգրեսի» մաս կազմող «Հայաստանի ժողովրդական կուսակցության» անդամ Գրիգոր Հարությունյանը չի կարող ասել՝ «Բարգավաճ Հայաստանը» կընդու՞նի ՀԱԿ-ի 4 առաջարկները, որոնք հարստացնում են խորհրդարանական կառավարման համակարգին և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին նվիրված ԲՀԿ-ի հայտարարած օրակարգը, թե ոչ, բայց Tert.am –ի հետ զրույցում ասաց, որ «դա ՀԱԿ-ի համար առաջին խնդիրն է»:

Հիշեցնենք, որ  ՀԱԿ-ն առաջարկել էր նաև համատեղ քայլերով անվստահություն հայտնել գործող իշխանություններին, ինչպես նաև անցկացնել ժողովրդի քաղաքական ակտիվացմանն ուղղված համատեղ զանգվածային միջոցառումներ, իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկվա դրությամբ հայտնել էր, թե այս պահին չի կարող նշել, թե կետերից ո՞ր մեկն է իրենց համար ընդունելի կամ մերժելի և ավելացրել. «Քննարկումները հենց նրա համար են, որպեսզի կոնսուլտացիաների արդյունքում քննարկվեն օրակարգային հարցերը, և գտնենք կոնսեսուս և այդ խնդիրների շուրջ էլ շարժվենք առաջ»:
Եթե քննարկման ընթացքում պարզվում է, որ ԲՀԿ-ն չի ընդունում նշված երկու առաջարկները, ՀԱԿ-ը կմնա՞ այդ ձևաչափում:
«Բայց ինչու՞ այդքան կատեգորիկ, առաջարկներ են, կքննարկվեն»,-ի պատասխան ասաց Գրիգոր Հարությունյանը և հավելեց. «Կարծում եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» պետք է ընդունի:

Առ այսօր ԲՀԿ-ն իրեն ներկայացնում է «այլընտրանք», բայց ոչ ընդդիմություն որակմամբ, և այդ դեպքում՝ որտեղի՞ց Գրիգոր Հարությունյանին վստահություն, որ ԲՀԿ-ն կընդունի, օրինակ՝ ժողովրդի քաղաքական ակտիվացմանն ուղղված համատեղ զանգվածային միջոցառումներ անցկացնելու մասին առաջարկը:

«Ես չասացի՝ վստահ եմ, ասացի՝«կարծում եմ» և վստահ եմ, որ երկիրն այս վիճակից դուրս հանելու համար պետք է պայքարել»,- ասաց Գրիգոր Հարությունյանը:

Tert.am-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ Արշակ Բանուչյանն էլ նույն հարցին ի պատասխան ասաց՝ «երբ դա կլինի, այն ժամանակ էլ կմտածենք: «Եթե»-ներով խոսել քաղաքական պրոցեսների մասին… դա նույնիսկ վերլուծություն էլ չի, որ ինձանից պահանջում եք, որովհետև մինչև դա չի եղել, ինչպես կարող ես դրա մասին խոսել»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ԲՀԿ խորհրդարանական կառավարման մոդելի վերաբերյալ կուսակցության դիրքորոշման վերաբերյալ տարածած հայտարարության մեջ նշել էր.« Կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների հետևում չտեսնել մարդկանց, որոնք որևէ այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու իշխանության գալու հնարավորություն չունեն, առնվազն քաղաքական կարճատեսություն է: Սա ավելի քան ակնհայտ է: Պարզունակ քայլ է և ակնհայտ՝ որտեղ մշակված»:
Արդեն իսկ մամուլի առանձին վերլուծություններով առաջ է քաշվում այն վարկածը, որ Էդուարդ Շարմազանովն այսկերպ ասում է, որ այս ձևաչափում վարչապետի պաշտոնին ձգտող Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի կողմից է սա մշակված:
Ի պատասխան այս դիտարկմանը, Գրիգոր Հարությունյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանին «Մարտի մեկի համար» պետք է դատեն, ինչի՞ մասին է խոսքը»:

Մեկ այլ հարցի էլ, որը որոշակի թյուրըմբռնումների ու վերլուծությունների տեղիք է տվել այն է, որ երեկ ԱԺ-ի պետաիրավական հանձանաժողովում դաշնակցական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի՝ հարյուր տոկոսանոց համամասանական ընտրակարգին անցնելու մասին քվեարկությամբ մերժված օրենսդրական առաջարկի վերաբերյալ ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանն ասել էր, որ ոչ մեծամասնական, ոչ համամասնական և ոչ էլ խառը ընտրական համակարգերը մի բան չեն և ունեն իրենց թերությունները:
Նրա այս հայտարարությունից հետո հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչու՞ է ՀԱԿ-ը միանում Նաիրա Զոհրաբյանի հնչեցրած առաջարկով ձևավորված օրակարգին:

Tert.am –ի հետ զրույցում Գագիկ Ջհանգիրյանն առաջարկեց թեթև տանել մեկնաբանությունները, թե այս հայտարարությամբ ինքը կրկնում է ՀՀԿ-ին: «Ես այդ «վշտին» կդիմանամ, Դուք էլ դիմացեք: Ցտեսություն»,-ասաց ՀԱԿ անդամը:

Իսկ Արշակ Բանուչյանն այս կապակցությամբ նշեց, որ ամենակարևորը Հայաստանում սահմանդրական կարգը վերականգնելն է և ժողովրդին իր տեսակետներն իր քվեով արտահայտելու հնարավորություն տալը:
«Երբ կգա ժամանակը, Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու առաջարկով ժողովրդին կդիմեն, նա ինքը կընտրի, իսկ այս կամ այն տեսակետի ջատագովները կփորձեն ժողորվրդին բացատրել՝ որն է ճիշտ, որը՝ սխալ»,-ասաց Արշակ Բանուչյանը:

1918–20թթ. դաշնակցական կառավարության գրքերը կարդացեք, թե ինչպե՞ս էին կառավարությունները կազմվում


«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «168 ժամի» հետ զրույցում կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու առաջարկին անդրադառնալով՝ ասաց, որ ինքը միշտ բացասական վերաբերմունք է ունեցել դրա նկատմամբ։ «Հայաստանը մի մարդու դեպքում, եթե նորմալ մարդ գտնենք, շատ դժվար է կառավարել։ Պատկերացնո՞ւմ եք՝ 4-5 կուսակցություն, կոալիցիոն կառավարություններ։ էս էլ մի բան չի, բայց այդ դեպքում Հայաստանից բան չի մնա։ Պատկերացնո՞ւմ եք պառլամենտական հանրապետության կառավարման ձևը։ Եթե ժամանակ կունենաք, 1918–20թթ. դաշնակցական կառավարության գրքերը կարդացեք, թե ինչպե՞ս էին կառավարությունները կազմվում, խեղճ վարչապետերն ինչպե՞ս էին տառապում դրանց ձեռքը։ Իմ կարծիքով՝ դա դեռևս անիմաստ խոսակցություն է։ Պատերազմական իրավիճակում գտնվող երկրում պառլամենտական կառավարման ձևը, այն էլ ՝ հայկական մենթալիտետի այսօրվա պարագայում... պատկերացնո՞ւմ եք՝ դա ի՞նչ է։ Վերցրեք դրա պրակտիկ իրագործումը նայեք։ Հիմա են փորձում կոալիցիա կազմել, տեսեք՝ ինչ է տեղի ունենում...»,– ասաց Ա.Կարապետյանը։ Ըստ նրա, խորհրդարանական համակարգին անցնելը սխալ է մի քանի պատճառներով, քանի որ Հայաստանում չկա ներկուսակցական դեմոկրատիա, իսպառ բացակայում են ժողովրդավարական ինստիտուտները, ինչպես նաև այն, որ պառլամենտարիզմը ոչնչացված վիճակում է։

Այդ դեպքում ի՞նչ պետք է անեն ընդդիմադիր ուժերը։ Այս հարցին ի պատասխան՝ Արամ Կարապետյանն ասաց. «Ոչինչ, ի՞նչ պետք է անեն։ Պետք է պատրաստվեն, տեսնեն, թե իշխանության վերարտադրման դեմն ինչպե՞ս կարելի է առնել, կարելի՞ է, թե՞ չի կարելի։ Այդ քննարկումները պետք է լինեն։ Երկրորդը՝ հիմա փոփոխություններ են լինում աշխարհով մեկ, այդ փոփոխությունը Հայաստան էլ է գալու, ինչպե՞ս ենք դրան դիմագրավելու։ Ավելի շատ դա է պետք քննարկել, քան պառլամենտարիզմ կամ ոչ պառլամենտարիզմ։ Ռուսաստանում պաշտպանության նախարար է փոխվել, բոլորը կապեցին ամեն ինչի հետ, բայց չե՞ք տեսնում՝ո՞վ է եկել, եկել է մի մարդ, ով արտակարգ իրադրություններում է միշտ աշխատել. Շոյգուն։ Նշանակվել է ( գլխավոր շտաբի պետ (Վալերի Գերասիմով.– «168 ժամ»), ով պատերազմի դաշտով անցած մարդ է։ Այդ տեսակետից՝ աշխարհի մեծերը պատերազմի են պատրաստվում։ Կարծում եմ, ցավոք սրտի, մեր տարածաշրջանն ամենաշատն է այդ պատերազմի մեջ ներքաշվելու»։ Արամ Կարապետյանը նշեց, որ այս նոր իրավիճակը կարող է, օրինակ, բերել Իրանին հարված հասցնելուն, Սիրիայում պատերազմը կշարունակվի, Վրաստանը կարող է մտնել ՆԱՏՕ-ի կազմի մեջ, Ադրբեջանը կարող է վերսկսել պատերազմը։ «Մեր տարածաշրջանն ամբողջությամբ ընդգրկված է աշխարհաքաղաքական այդ խաղի մեջ, և մեր դեմ գնալով ծառանալու են ֆինանսատնտեսական խնդիրներ. 52 անուն ապրանքի ներկրում է փակել Իրանը դեպի Հայաստան, իրավիճակն այնտեղ գնալով վատթարանում է, Ռուսաստանում հացն է թանկացել, իսկ հացահատիկի ամենամեծ քանակությունը, որքան գիտեմ, Հայաստանը ներկրում է հենց Ռուսաստանից։ Մենք արտաքին ազդակներով ապրող երկիր ենք՝թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տնտեսական առումով, իսկ մենք նստած քննարկում ենք՝ անցնենք պառլամենտարիզմի, չգիտեմ, վարչապետին էս անենք, էն անենք, հանենք։ Հանեք, ի՞նչ է եղել»։

Thursday, November 8, 2012

Իսրայելը «համար առաջին թշնամին է»


Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը այսօր հայտարարել է, որ Իսրայելը «համար առաջին թշնամին է» և սպառնացել է համարժեք պատասխան տալ «Յարմուկ» ռազմական արդյունաբերության գործարանի ռմբահարմանը, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:

«Իսրայելը մեր համար առաջին թշնամին է», - ասել է նախագահը Սուդանի պետական հեռուստատեության եթերից:

Նրա խոսքով, գործարանի ռմբահարման հետևանքով ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար հնարավոր է երկու տարբերակ` «կամ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորում կամ պատասխան հարված հասցնել»:

Քանի որ հարաբերությունների կարգավորումը անհնարին է, ապա «երկրորդ տարբերակն է՝ ստանալ տեխնոլոգիաներ, որոնք մեզ հնարավորություն կտան համարժեք նմանատիպ հարված հասցնել Իսրայելին»:
«Չեմ կարող ասել, թե դա անհնարին է: Մենք փորձում ենք նման տեխնոլոգիա ստանալ», - ասել է նախագահը:

Խարտումի տվյալներով, Իսրայելը հոկտեմբերի 23-ին 4 նորագույն կործանիչ է ուղարկել «Յարմուկ» գործարանը ոչնչացնելու համար: Իսրայելը այդ տեղեկությունները չի հերքել, և ի պատասխան՝ Սուդանին մեղադրել է ՀԱՄԱՍ-ին և «Հեզբոլահին» զենք մատակարարելու մեջ: