Popular Posts

Wednesday, November 11, 2015

Իշխանությունները հիմնավոր կասկածի տակ են դնում հանրաքվեի ողջ գործընթացի թափանցիկությունը և անաչառությունը, որն արդեն հավատ չի կարող ներշնչել դրա արդյունքների նկատմամբ

Իշխանությունները հիմնավոր կասկածի տակ են դնում հանրաքվեի ողջ գործընթացի թափանցիկությունը և անաչառությունը, որն արդեն հավատ չի կարող ներշնչել դրա արդյունքների նկատմամբ 

Ինչպես գիտենք, Հայաստանում տոտալիտար իշխանություն հաստատած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխման գործընթաց՝ դեկտեմբերի 6-ը նշանակելով որպես հանրաքվեի օր:

Հայաստանի հասարակությունը չունի հասարակական պահանջ և դրական վերաբերմունք այս նախաձեռնության վերաբերյալ, քանի որ հստակ գիտակցում է, որ այն նախաձեռնվել է Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի և նրա քաղաքական հենարան հանդիսացող Հայաստանի Հանրապետական կուսակցության իշխանությունը վերափոխելու և վերարտադրելու նպատակով: Գործող Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանը չի կարող վերընտրվել Նախագահի պաշտոնում 3-րդ անգամ, ուստի երկրում խորհրդարանական մոդել հաստատելը դրա լավագույն լուծումն է, որը նաև կվերացնի նախագահի ընտրությունը ժողովրդի կողմից՝ բացառելով ընտրակեղծիքի և դրան հաջորդող ժողովրդական հուզումների անհարմարությունները:  

Սահմանադրական այդ փոփոխությունների դեմ Հայաստանի մի քանի ընդդիմադիր ուժեր նախաձեռնել են ՈՉ շարժումը: Այդ ուժերից Հիմնադիր խորհրդարանը և Ժառանգություն կուսակցությունը ձևավորել են Նոր Հայաստան հանրային փրկության ճակատը, որը նախատեսում է հանրահավաք անցկացնել դեկտեմբերի 1-ին Երևանում: 

Նրանք հայտարարել էին, որ եթե իշխանությունները ուժ կիրառեն և հարձակվեն խաղաղ բնույթի պայքարի դուրս եկած ժողովրդի վրա, ապա պետք է ստանան համարժեք պատասխան: Նրանք կոչ են անում քաղաքացիներին դիմել քաղաքացիական անհնազանդության: Հիմնադիր խորհրդարանը բազմից շեշտել է, որ անհնազանդություն ասելով նկատի ունի միայն օրինական գործողությունները: 

Այս հայտարարությանը ի պատասխան՝ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ այդ կոչերը սադրանք են՝ նշելով, որ «Նման տիպի մարդկանց հարկավոր է համապատասխան վերաբերմունք՝ օրենքի սահմաններում»: 

Հիշեցնենք, որ Հիմնադիր խորհրդարանի մի շարք անդամների դեմ 2015թ փետրվարին քաղաքական միտումներով հարուցված քրեական գործը՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշներով, չի կարճվել, և նրանք շարունակում են մնալ մեղադրյալի կարգավիճակում՝ հանդիսանալով քաղհալածյալ, քանի որ որևէ մեղադրանք չի հիմնավորվել այս 10 ամիսների ընթացքում, իսկ քրեական գործը օգտագործվում է նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության համար: ՀՀԿ խմբակցության ղեկավարը թե նախկինում հնչեցրած թե ներկայիս այս հայտարարությունը ոչ այլ ինչ են, քան քաղաքացիներին ահաբեկելու, նրանց քաղաքական գործունեությունը սահմանափակելու, խոսքի և գաղափարների ազատությունը կոպտորեն ոտնահարելու փաստեր: Դրա վառ ապացույցն է նաև այն, որ 2015 թ. նոյեմբերի 10-ին, երեկոյան ժամը 21-ին, մի խումբ ոստիկաններ այցելել են «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանի բնակարան և տեղեկացրել, որ նա առավոտյան ժամը 10-ին հարցաքննության նպատակով ներկայանա ՀՀ քննչական կոմիտե: Այսինքն՝ ամիսներ առաջ հարուցված և չհիմնավորված քրեական գործը շարունակվում է օգտագործվել որպես պատժիչ գործիք՝ անձնաց քաղաքական գործունեությունը սահմանափակելու համար:

Այս ամենին զուգահեռ, իրավապահ մարմինները չեն արձագանքում ընդդիմության կողմից մատնանշած մի շարք իրավախախտումներին, մասնավորապես, որ Սահմանադրական դատարանի նախագահը և պետական այլ պաշտոնյաներ օրենքի խախտումով իրականացնում են քաղաքական քարոզչություն սահմանադրական փոփոխությանը կողմ քվեարկելու համար: Սահմանադրության համաձայն, դատավորները և սահմանադրական դատարանի անդամները չեն կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ: 

Հարկատուների միջոցներից գոյացած պետբյուջեից աշխատավարձ ստացող երկրի վարչապետը նշանակվել է Սահմանադրությանը կողմ քարոզող  քարոզչության շտաբի ընդհանուր ղեկավար, իսկ մարզպետները՝ մարզային շտաբերի ղեկավարներ: Կրթության և գիտության նախարարը Հանրային հեռուստատեսությամբ վարում է մի հաղորդում, որում փորձում են ներկայացնել սահմանադրության փոփոխությունների էությունը: Ըստ էության քաղաքացիների միջոցներով իրականացվում է մի գաղափարի քարոզչություն, որին իրենք կողմ չեն: Մյուս կողմից, խախտվում է հանրային ծառայության ապաքաղաքական լինելու սկզբունքը և պետական կառավարման արդյունավետությունը: Խախտվում է նաև իշխանությունների տարանջատման սկզբունքը, քանի որ գործադիր իշխանությունն ըստ էության զբաղվում է իրավական ակտի նախագծի քաղաքական քարոզչությամբ, այնինչ գործադիրը պետք է կյանքի կոչի բացառապես գործող օրենքները: Բնականաբար, սա իր հերթին հանգեցնում է քարոզչության դաշտում ոչ հավասար պայմանների և վարչական ռեսուրսի գերօգտագործման, որը բացառում է հանրաքվեի արդյունքների նկատմամբ որևէ վստահություն: 

Վերջին շրջանում օրենսդիր մարմինը նաև օրենք ընդունեց՝ թույլատրելով նույնականացման պլաստիկ քարտերով քաղաքացիների մասնակցությունը քվեարկությանը, որի պայմաններում արդեն չի կարող կիրառվել դրոշմման ընթացակարգը, քանի որ դրոշմը տեխնիկապես չի կարող դրվել այդ պլաստիկ քարտերի վրա (խոսքը գնում է շուրջ 150 հազար քաղաքացու մասին): 

Գրանցվել է նաև բնակչության պաշտոնական թվի արհեստական աճ (վերջին տասնամյակում Հայաստանում տարեցտարի մեծանում է արտագաղթը, որի մասին հրապարակվել են պաշտոնական թվեր): Այսպես, օրինակ՝ Լոռու մարզում 47000-ով ավելացել է քաղաքացիների պաշտոնական թվաքանակը, այնինչ այդ մարզը առաջատարն է իր արտագաղթի տեմպերով: Միայն պաշտոնական տվյալներով շուրջ 700 հազար քաղաքացի գտնվում է Հայաստանից դուրս, որոնք սակայն ընդգրկվել են ընտրողների ցուցակներում: Ընդգծենք, որ ոստիկանության հրապարակած թվերը նաև ակնհայտ չեն համապատասխանում մարդահամարի տվյալներին:

Երևանի Պետական Համալսարանում իրականացվում է քարոզչություն սահմանադրական փոփոխությանը կողմ քվեարկելու համար (կրթական օջախներում քաղաքական գործունեությունը արգելվում է Սահմանադրությամբ): Մյուս կողմից, ընդդիմության ներկայացուցիչներին արգելվել է իրականացնել ՈՉ-ի քարոզչություն նույն համալսարանում:
Օրինակ՝ թիվ 46 մանկապարտեզի ծնողներն պարտադրում են «այո» քվեարկել: Մանկապարտեզի դաստիարակներն ու դայակները ակտիվ «այո»-ի քարոզչություն են սկսել ու ծնողներից անուն, ազգանուններ են հավաքում՝ ի նշան, որ «այո» են քվեարկելու: Դպրոցների տնօրեններին ցուցակներ են ուղարկում Հանրապետական կուսակցությունից, վերջիններս պահանջում են ուսուցիչների անձնագրային տվյալները, լրացվում են ցուցակները: Յուրաքանչյուր կրթական հաստատության ղեկավար լրացված ցուցակները ներկայացնում է որպես «Այո»-ի օգտին քվեարկողների պոտենցիալ թվաքանակ: Նման գործելաոճը ոչ թե բացառություն է և ոչ էլ նորություն, այլ կրում է համատարած բնույթ՝ ուսումնական բոլոր տեսակի հաստատություններում: 

Սա իրավախախտումների ոչ ամբողջական ցուցակն է միայն:

Նման գործելաոճով պետական կառավարման համակարգը և Հանրապետական կուսակցությունը կոպտորեն խախտում են քաղաքացիների խոսքի ազատության, միավորումներ կազմելու,, երթեր ու ցույցեր անցկացնելու ազատության՝ միջազգայնորեն ճանաչված հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Նման անարդար, անհավասար ու անհանդուրժողական քաղաքական մթնոլորտ ստեղծելով իշխանությունները հիմնավոր կասկածի տակ են դնում հանրաքվեի ողջ գործընթացի թափանցիկությունը և անաչառությունը, որն արդեն հավատ չի կարող ներշնչել դրա արդյունքների նկատմամբ:

No comments:

Post a Comment