«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը զուգահեռներ է տեսնում ներկայիս ներքաղաքական զարգացումներով պայմանավորված վիճակի և 1996-ին առկա վիճակի մեջ, երբ ընդդիմությունը չափից ավելի բզկտված էր, թույլ ու ոչ համակարգված, իսկ իշխանությունը շատ ավելի՝ քաղաքական էր, նաև հաղթած, բայց լրջագույն խնդիրներ ունեցավ ընդդիմության համախմբման շնորհիվ: «Եվ ես համոզված եմ, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը վստահ մտնի պրոցեսի մեջ, շատ բան կփոխվի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ի պատասխան դիտարկման թե,«բայց առայժմ, կարծես թե, ամեն ինչ գնում է Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի հայտնի ձայնագրության սցենարով (այսինքն՝ առաջադրվում է թեկնածու, որը «յոթ-տասը տոկոս» կարող է հավաքել, ու դա շատ ամոթ չի լինի), «ԺՀ» նախագահը նկատեց. «Ճիշտն ասած, ես Լևոն Զուրաբյանի հետ կապված…ես նրան քաղաքական դեմք չեմ համարում, նա չինովնիկ է, որը Կոնգրեսում գործում է, դրա համար չեմ էլ ուզում անդրադառնալ»,- ասաց Պետրոս Մակեյանը։
Ի պատասխան հարցի էլ՝ բայց չէ՞ որ նա լիազորված էր, ՀԱԿ անդամը նշեց, որ չգիտի, թե ումից էր լիազորված Լևոն Զուրաբյանը: Ասաց, որ համենայնդեպս, ոչ ՀԱԿ քաղխորհրդի կողմից:
Վերջին շրջանում նախագահական ընտրություններին ընդդիմության մասնակցության վերաբերյալ կա ձևավորված երկու մոտեցում, այսպես կոչված, բոյկոտի և «չբոյկոտի»: Պետրոս Մակեյանը մի շարք «եթե»-ների դեպքում, վերջինի կողմնակիցն է:
Արձագանքելով այն դիտարկմանը, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց, որ չի ուզում հերթական անգամ պարտվածների շարքերը համալրել, իսկ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը իրատեսական չի համարում առաջադրվելը, ընտրվելը, իսկ միմիայն մասնակցությունը համարում է վարչախմբին լեգիտիմացում, Պետրոս Մակեյանը նշեց, որ որևէ կերպ չի ուզում հակադրվել «երկու Արամներին»:
«Հայաստանյան էս իրավիճակը՝ ապատիայի ու անտարբերության, որին իշխանությունները հասցրել են, դա քաղաքական կատեգորիա չէ, դա համատարած հնազանդեցնելու, ժողովրդին ստրկացնելու, դիմազրկելու, արժանապատվությունից զրկելու ձգտում է, որպեսզի իրենք շարունակեն իշխել: Էս պարագայում երկու Արամներն էլ ճիշտ են, բայց ես համարում եմ, որ հաշվի առնելով էս բոլորի հանրագումարը՝ կա հնարավորություն իրավիճակ փոխելու, և եթե Լևոն Տեր-Պետրոսյանը մտնի գործընթացի մեջ, ՀԱԿ-ը վերակազմավորվի, նախկին որակները ձեռք բերի, ես համոզված եմ՝ և՛ Արամ Սարգսյանը, և՛ շատերը կմտնեն գործընթացի մեջ»,-ասաց նա:
Իսկ ի՞նչ անի ՀԱԿ-ը վերակազմավորվելու համար, «չէ՞ որ կառույցի մեջ չի խնդիրը, այլ համակիրների կորցնելու, հիասթափության»,- այս հարցին ի պատասխան կուսակցության նախագահը կրկնեց. «Համակիրներին կորցնում է իր որակներով: Երբ «արաբական գարնան» շնչառությունը մեր հասարակությունն առավ, և ժողովուրդը հավատով լցված դուրս եկավ հրապարակ, երկխոսության գործընթաց սկսվեց: Եթե բարգավաճհայաստանյան էդ «քաղաքական վերլուծությունը չլիներ», էդ համակիրները չէին կորչի, չէ՞: Հիմա, նորից եմ ասում, եթե վերանայվեն էս բոլոր, մեղմ ասած, թույլ տրված սխալները և հասարակությանը մեսիջ տրվի գործընթացների իրական զարգացումների մասով, կարծում եմ՝ մեծ մասը կվերադառնա ՀԱԿ»:
Սակայն Պետրոս Մակեյանն այսօրվա դրությամբ վստահ չէ, որ Կոնգրեսը փորձում է էդ լիցքերը հաղորդել հասարակությանը:
Հայտնի է, որ առաջադրվում է նաև «Կոնգրեսի» մեջ մտնող «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը՝ պայմանով, որ կհանի իր թեկնածությունը Տեր-Պետրոսյանի առաջադրվելու դեպքում:
Ի պատասխան հարցին՝ կողմնակից է միայն Լևոն Տեր-Պետրոսյանի՞ առաջադրմանը, թե դեմ չէ նաև Բագրատյանին կամ ընդդիմադիր այլ թեկնածուների, Պետրոս Մակեյանը հիշեցրեց, որ «ԺՀ»-ն դեռևս հուլիսին հանդես էր եկել հայտարարությամբ, որում Կոնգրեսին առաջարկել էր նախաձեռնել ու աջակցել նոր ուժային կենտրոնի ձևավորմանը, որպեսզի մանդատների «մայիսյան աճուրդից» հետո նույնը չկրկնվի:
«Որ էս վեց-յոթ ամիսը օգտագործվի, որ էդ ուժային կենտրոնը ձևավորվի, որ հասարակությանը ներկայանան այլընտրանքով, ցավոք սրտի, հիմա էդ բառն օգտագործելն էլ մի քիչ տհաճ է՝ «այլընտրանք», «Բարգավաճ», կարծես հայկական լեքսիկոնի մեջ ուրիշ ձևով են ընկալվում, դրա համար պետք է իրավիճակը փոխելու թեկնածու լինի: Էսօր եղած արենայում՝ և՛ ՀԱԿ-ից դուրս և ՀԱԿ-ում, ունենք շատ մարդիկ, որոնք արժանի են նախագահ լինելու: Շատ ավելի, հազարապատիկ ավելի արժանի, քան վերջին տասը տարում եղել են: Բայց խնդիրը էն է, որ էդ թեկնածուները կարո՞ղ են համախմբել, ունե՞ն որակները, թե՝ ոչ»,-ասաց նա:
Ի պատասխան դիտարկմանը՝ «իսկ Տեր-Պետրոսյանը ունի՞», ինչի մասին արդեն բացահայտ ակնարկվում է ( որ ՀԱԿ-ը՝ որպես կառույց, գոյություն չունի, անգամ հեգնվում է, թե չարենցյան «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»-ին այսօր փոխարինում է «Հեռանալիս չանիծես»-ը), Պետրոս Մակեյանը նշեց, որ ինքը, ի դեպ, ի տարբերություն շատերի սթափ գնահատում է իրավիճակը և հավելեց. «Երեկ էլ, երբ լրագրողները հարցրին՝ ՀԱԿ-ը ե՞րբ կխոսի, ասացի՝ երբ կոմայից դուրս գա: Բայց ես վատաբանելու համար չեմ ասում, այլ սթափվելու խնդիր եմ տեսնում, ու ես տեսնում եմ, որ էդ ներուժը իրոք կա»,- ասաց նա։
No comments:
Post a Comment