Տարածված այն տեսակետները, թե Հայաստանի նախագահը պետք է նշանակվի Ամերիկայի կամ Ռուսաստանի կողմից, այսօր ՀՀՇ 17-րդ համագումարի ժամանակ Լևոն Տեր- Պետրոսյանը չափազանց բացասական գնահատեց. «Սա ահավոր բան է, հուսահատություն բերող: Մեր ժողովրդին ինչքան պետք է արհամարհեն, որ նման կարծիք հայտնեն: Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ռուսաստանը չեն կարող Հայաստանում ստեղծել մի լիդեր և նրան նախագահ դարձնել»,-ասաց նա և ընդգծեց, որ այդ գործիչը պետք է նախ երկրի ներսում լիդեր դառնա, հետո տեսնի, թե ինչպիսին կլինեն իր հարաբերությունները այդ երկրների հետ:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը, սակայն, հիասթափեցրեց ՀՀՇ համագումարին ներկա բոլոր պատվիրակներին և այսօր նույնպես ոչինչ չասաց նախագահական ընտրություններին իր առաջադրման կամ չառաջադրման մասին: Շուրջ 15 րոպե խոսելով Հայաստանում առկա իրավիճակի, մասնավորապես՝ քաղաքական դաշտը արևմտամետ և ռուսամետ ուժերի բաժանումների մասին հայտարարություններից, ինչպես նշել էինք, վերջում ասաց, որ հուսախաբ է անելու, քանի որ ասելիք դեռ չունի և ևս երկու օր պետք է սպասեն:
Իսկ մինչ այդ, նա խոսեց իր մտահոգությունների մասին: «Առանց այդ էլ մեր ազգի բաժանումները քիչ չէին, այսօր որոշ անպատասխանատու մարդիկ փորձում են մի նոր բաժանում մտցնեն, որն ավելի վտանգավոր է, քան մինչև հիմա տեղի ունեցած բաժանությունները»,- ասաց նա և մատնանշեց, որ խոսքը արևմտամետների և ռուսամետների բաժանումների մասին է:
Ըստ առաջին նախագահի՝ հարցը շահարկողները շփոթում են այս հասկացությունների բոլոր կատեգորիաները՝ քաղաքական, արժեքային և գաղափարախոսական բաղադրիչները:
Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ երբ որևէ քաղաքական ուժ իր քաղաքական ծրագրերը կապում է արևմտյան ուժերի հետ, նրան համարում են արևմտամետ և կամ, երբ մի ուժ ծրագրերում Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ է տեսնում՝ համարում են ռուսամետ և արևմտյան արժեքների մերժող:
Մինչդեռ, ըստ նրա, մի բան է արժեքները, մի այլ բան՝ գաղափարախոսությունները և բացարձակ այլ բան՝ քաղաքական կողմնորոշումը: Առաջին նախագահի համոզմամբ, քաղաքականությունն ունի բոլորվին ուրիշ տրամաբանություն, երբ նրա խոսքով՝ երկրում վտանգի առկայության դեպքում անհրաժեշտ է լինում «իրար կոկորդ խեղդող» ուժերը միավորվեն, այնպես, ինչպես նրա բերված օրինակով, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Չերչիլի և Ստալինի միավորումն էր:
«Պատերազմին նրանք դարձան ամենալավ բարեկամները, պատերազմնը ավարտվեց, և նրանք կրկին դարձան երդվյալ հակառակորդներ»,- ասաց նա և նշեց, որ քաղաքական համագործակցությունը թելադրված է բացարձակապես պրագմատիզմով:
Գաղափարախոսության տեսանկյունից, ըստ նրա, եթե մեկը լիբերալ է, դա չի նշանակում, որ արևմտամետ է, ինչպես մեզանում համարում են: Առաջին նախագահը հարցրեց, թե սոցիալիզմն արդյոք արևմտյան գաղափարախոսություն չէ՞: «Իհարկե, արևմտյան է՝ կոմունիզմն էլ, սոցիալիզմն էլ, լիբերալիզմն էլ»,- իր հարցին պատասխանելով ասաց նա և նկատեց, որ չպետք է կարծել, թե այն ինչը որ արևմտյան է՝ լավ է: Նա հիշեցրեց, որ Եվրոպայում են ստեղծվել նաև ինկվիզիցիան, ֆաշիզմը, ռասիզմը:
Արժեքային համակարգի տեսակետից, նրա խոսքով՝ հայ ժողովրդին բաժանել երկու մասի, կնշանակի դեմ գնալ ՀՀ Սահմանադրությանը, որն ամբողջությամբ հիմնված է Արևմտյան , համամարդկային արժեքների վրա, երբ այդ Սահմանադրությանը կողմ է քվեարկել հայ ժողովուրդը:
«Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, խոսքի, մամուլի, կարծիքի ազատություն, սեփականության ձևի բազմազանություն, հավասար իրավունքի ընձեռում, հիմա ինչպես կարող են ինչ-որ մարդիկ ամբիցիաներով տառապող մեր ժողովրդի մի մասին համարել արևմտամետ: Սա շատ վտանգավոր, արկածախնդրական գործունեություն է»,- ասաց նա:
Քաղաքական կողմնորոշումների մասին խոսելիս, նա նշեց, որ ինքը գիտի հարցը շահարկող այդ մարդկանց մոտիվացիան: «Նրանք խոսում են, իբր թե քաղաքական կողմնորոշումներից, բայց ավելի շատ դա գործակալական մոտիվացիա է»,- ասաց նա:
Լևոն Տեր-Պետրոսյանը զարմանում է, թե ինչպես են լուրջ քաղաքական գործիչներ ասում, թե Հայաստանը պետք է հստակեցնի իր վերաբերմունքը՝ կա՛մ գնա դեպի Եվրոպա, կա՛մ Ռուսաստան: «Ո՞վ ասեց, որ սա է բացարձակ ճշմարտությունը, ՀՀՇ-ի գաղափարախոսությունը բացարձակապես հիմնված է սրա մերժման վրա: Կողմնորոշումներ կարող են լինել ժամանակավոր դաշինքներ՝ բխած կոնկրետ պետական շահերից, բայց երբեք ոչ հավերժական: Մենք մերժում ենք ցանկացած կողմնորոշում և հավատարմության խոստում: Մենք ոչ արևմտամետ պետք է լինենք ոչ ռուսամետ: Միակողմանի կողմնորոշումը որևէ ազգի բարիք չի բերել, որովհետև այդ դեպքում ստեղծվում են որոշ բարեկամներ, բայց միաժամանակ բազմաթիվ թշնամիներ»,- ասաց նա և բերեց Իսրայելի օրինակը, որը վարելով հստակ արևմտամետ քաղաքականություն, 50 տարի է պատերազմում է:
«Որքան խորացնում է, այնքան ավելացնում է թշնամիների թիվը: Ի՞նչ եք ուզում, որ Հայաստանն էլ այդպես լինի, քիչ են թշնամիները, մի հատ էլ ուզում եք նորից ավելացնենք»,- հարցրեց նա և հայտարարեց, որ հակաամերիկյան և հակառուս պետք է լինի Հայաստանը:
No comments:
Post a Comment