Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը (տես ներքեւում): Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: Աշոտ Սուքիասյանը 2010թ. հունիսի 25-ից մինչև 2011թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունից մաս-մաս ստացել է 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար վարկ: Բայց վարկի դիմաց նա բանկում գրավադրել է գործարար Փայլակ Հայրապետյանին եւ նրա որդուն պատկանող ընկերությունները: Ստանալով գումար՝ Աշոտ Սուքիասյանը չի կատարել վարկային պայմանագրերով ու բիզնես-ծրագրով նախատեսված պարտավորությունները, բայց սա չի խանգարել, որ «Ամերիաբանկ»-ն անարգել շարունակի գումարները փոխանցել Կիպրոսում գրանցված մի քանի ընկերությունների բանկային հաշվեհամարներին: «Ամերիաբանկը» «Ձորագյուղ» ա/կ-ի հանձնարարականներով վերջինիս բանկային հաշվեհամարին փոխանցված վարկի գումարներից շուրջ 9 մլն 370 հազար 450 ԱՄՆ դոլար գումար փոխանցել է Կիպրոսի «HELLENIC BANK PUBLIK COMPANY»-ի մի քանի օֆշորային ընկերությունների հաշվեհամարներին: Վարկային միջոցները փոխանցվել են. 1. «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ին՝ 7 մլն 20 հազար 450 դոլար: 2. «WLISPERA HOLDINGS LIMITED» ՍՊԸ-ին՝ 350 հազար դոլար: 3. «STR EMERALD LIMITED» ՍՊԸ-ին՝ 2 մլն դոլար: Ներկայացնենք ուշագրավ եւս մեկ փաստ: Կիպրոսի օֆշորային ընկերություններին փոխանցված գումարների մի մասը նույն ժամանակահատվածում հետ է փոխանցվել «Ձորագյուղ» ա/կ-ի՝ «Ամերիաբանկի» հաշիվներին: Մասնավորապես՝ «STR EMERALD LIMITED»-ը փոխանցել է 3 մլն 233 հազար, իսկ «WLISPERA HOLDINGS LIMITED»-ը՝ 2 մլն 99 հազար 773 դոլար: Իսկ ո՞վ է Աշոտ Սուքիասյանը: Հայաստանյան լրատվամիջոցներում տարբեր առիթներով հիշատակումներ են եղել նրա մասին: Դրանցից մեկի համաձայն՝ նրա քավորը Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է, եւ Կճոյանին թանկարժեք «Բենթլի» ավտոմեքենան նվիրել է հենց Աշոտ Սուքիասյանը: «Ձորագյուղ» ա/կ-ն հավասար բաժնեմասերով պատկանում է Աշոտ Սուքիասյանին, նրա կնոջն ու դստերը: Հայտնի է, որ նա բազմաթիվ մարդկանց պարտք է ոչ միայն Հայաստանում, այլեւ Աֆրիկայում եւ Ռուսաստանում: Այժմ վերջինս ընատնիքով լքել է Հայաստանը: Առայժմ մեզ չի հաջողվել կապ հաստատել նրա հետ: Ոստիկանությունում վերը նշված վարկային պատմության առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն որեւէ մեկի նկատմամբ առայժմ մեղադրանք առաջադրված չէ: Հանցագործության մասին հաղորդում ներկայացրածներից մեկն էլ գործարար Փայլակ Հայրապետյանն է: Նա պատմում է, թե ինչպես է հայտնվել այս պատմության կիզակետում ու կանգնել ունեզրկման եզրին: «2009 թ. Հայաստանում ադամանդագործության եւ ոսկերչության զարգացման պետական ծրագրի շրջանակներում հիմնեցի ձեռնարկություն եւ բացեցի 400 աշխատատեղ: Մեծ գումարներ ծախսեցի՝ 3,5 մլն դոլար, կառուցեցի գործարան եւ հիմնեցի ուսումնարան՝ մասնագետների պատրաստման համար: Մեկ էլ մի օր ինձ զանգեց Էկոնոմիկայի նախարարության Առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը եւ կանչեց վարչապետի մոտ՝ ոլորտին վերաբերող շտապ խորհրդակցության»,- պատմում է Փայլակ Հայրապետյանը: Վերջինս նշում է, որ երբ հասել է նախարարություն, վարչապետն արդեն խորհրդակցությունից դուրս էր եկել, ու նրան հանդիպել է աստիճանահարթակին: Մտել է խորհրդակցական սենյակ, նստած են եղել էկոնոմիկայի այն ժամանակվա նախարար Ներսես Երիցյանը, նրա կողքին՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, իսկ մյուս կողքին՝ Աշոտ Սուքիասյանը: Նախարարը հանդիպմանը ներկա ոսկերչության եւ ադամանդագործության ոլորտում գործող 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարներին տեղեկացրել է, որ ՌԴ-ն Հայաստանին տրամադրելիք 500 մլն ԱՄՆ դոլարի վարկից 100 միլիոնը հատկացնելու է ադամանդի հումքի տեսքով: Ընդ որում՝ Ռուսաստանը համաձայնվել է, որ մեր երկիրը վարկի տվյալ մասը վերադարձնի հենց ապրանքի՝ մշակված ադամանդի տեսքով: Նախարարը ներկայացրել է Կառավարության պահանջը՝ խորհրդակցությանը ներկա արդյունաբերողներն այս վարկավորման շրջանակներում պետք է աշխատանքով ապահովեն 10 հազար մարդու: «Մեկ էլ նախարարը խոսքը փոխանցեց Աշոտ Սուքիասյանին, եւ նա ասաց, որ ինքը Աֆրիկայի Սիերա Լեոնե պետությունում ոսկու եւ ադամանդի հանքեր ունի եւ պատրաստ է բարձրորակ հումքով ապահովել Ռուսաստանի առաջարկածից 15 տոկոսով էժան,- պատմում է գործարար Հայրապետյանը,- բոլորն ուրախացան, Երիցյանը, թե՝ ընկերներ, մեզ ձեռնտու է: Պայմանավորվեցինք, եւ 20 օր հետո Աշոտը բերեց ադամանդի հումքի նմուշը: Այս հանդիպմանն արդեն ներկա էին 17-18 գործարար, բոլորն իրենց մասնագետներով էին եկել: Իսկապես ադամանդի հումքի որակը շատ բարձր էր»: Սուքիասյանը, սակայն, նշել է, որ հայ գործարարներին տարիներ շարունակ նման հումք կարող է մատակարարել, եթե իր աֆրիկյան հանքերում 12 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարվի՝ անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելու համար: Հանդիպման մասնակիցներն Առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանի ուղեկցությամբ գնացել են «Սվիս» բանկ: «Քանի որ նման մաշտաբի պետական ծրագիր էր, ես էլ ներկաներից տարիքով ամենամեծն էի, ասացի, որ կարող եմ միանգամից իմ գույքը գրավադրել, որպեսզի մյուսներն էլ ամեն մեկն առանձին-առանձին իր ունեցածը գրավ չդներ: Ժամկետն էլ երկար չէր՝ 3 տարով պետք է վարկը տրվեր»,- պատմում է Փայլակ Հայրապետյանը: Որոշ ժամանակ անց Աշոտ Սուքիասյանը տեղեկացրել է, որ «Սվիս» բանկը հրաժարվել է վարկը տրամադրել, սակայն վարչապետի, նախարար Երիցյանի եւ արքեպիսկոպոս Կճոյանի միջնորդությամբ անհրաժեշտ գումարները համաձայնվել է տրամադրել «Ամերիաբանկը»: Աշոտ Սուքիասյանն իրեն տրված լիազորագրով «Ամերիաբանկում» գրավադրել է Փայլակ Հարյապետյանին պատկանող մոտ 33 մլն դոլար ընդհանուր արժեքով գույքը եւ բանկից ստացել 10,7 մլն դոլարի վարկ: «Բիզնես ծրագիրը, որի հիման վրա բանկը գումարները տվել է, կազմել է հենց «Ամերիաբանկը»: Դրա համար Աշոտ Սուքիասյանը վճարել է 6 հազար դոլար»,- ասում է Փ. Հայրապետյանը: Նշյալ բիզնես նախագիծը շատ նման է 2008 եւ 2013 թթ. ՀՀ կառավարության ծրագրերին: Սա եւս մի հավակնոտ ծրագիր է, եւ այս դեպքում խոսքը «Հայաստանը աշխարհը ադամանդի հղկման և վաճառքի կենտրոններից մեկը դարձնելու» մասին է: Իհարկե, այս անգամ խոստացողը վարկառուն է, ըստ բիզնես նախագծի՝ «Ձորաղբյուր» ՍՊԸ-ն: Մինչդեռ բանկը գումարները փոխանցել է նույնանուն ա/կ-ին, մի անուն, որի մասին բիզնես նախագծում ընդհանրապես ոչ մի նշում չկա: Ինչո՞ւ կամ ու՞մ հանձնարարականով է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն այս կերպ վարվել: Ինչո՞ւ չի վերահսկել, թե ինչի վրա են ծախսվել վարկային միջոցները, մանավանդ, որ գումարը փոխանցել է մաս-մաս եւ կարող էր, ասենք, 7-րդ փոխանցումը չկատարել ու վարկի տրամադրումը կասեցնել, քանի որ նախորդ 6 փոխանցումներից եւ ոչ մեկով վարկառուն որեւէ պարտավորություն չէր կատարել: Ավելին՝ բանկը «աչք է փակել» այն հանգամանքի վրա, որ իր փոխանցած գումարների մի մասը նորից հետ է փոխանցվել հենց «Ամերիաբանկում» բացված՝ «Ձորաղբյուր» ա/կ-ի հաշվեհամարներին: Ի հեճուկս այս ամենի՝ «Ամերիաբանկը» սեփականության իրավունքով իր անունով է գրանցել Փայլակ Հայրապետյանին պատկանող գրավադրված ամբողջ գույքը:
Սույն բլոգը Հայաստանի ներքին և արտաքին կյանքին վերաբերող տեղեկատվության վերլուծության հնարավորություն ընձեռող նախագիծ է: Այն բաց է ներքին և արտաքին այնպիսի հարցերի քննարկման համար, որոնք ունեն էական նշանակություն Հայաստանի քաղաքացիների և պետության համար, ինչպես նաև ունեն քաղաքական կամ հասարակական բնույթ: Այն բաց է բոլոր անձանց համար և ուղղված է վերը նշված որևէ հարցի ըստ էության քննարկմանը, առկա թերությունների բացահայտմանը, քննադատությանը և հնարավոր լուծումների որոնմանը:
Popular Posts
-
Այս տարի արտահանման ծավալները 22-25% ավելանում են գումարային առումով, թեկուզ և դա հանքահումքային և գյուղոլորտի ապրանքների շնորհիվ է: Հայր...
-
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականն անդրադարձել է Nabucco խողովակաշարի շուրջ վերջին զարգացումներին, հատուկ շեշտելով, որ դր...
-
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մարսել: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ՀՀ նախագահը վաղը` դեկ...
-
«Օջախ» ռեստորանում ընթացող ՀՀ հավաքական թիմերի մարզիկների և մարզիչների պարգևատրման ամանորյա հանդիսության սկզբում ներկաներին ողջունեց Օլիմպի...
-
Հատուկ քննչական ծառայության կայքէջում հրապարակվել է 2008 թվականի մարտի 1-2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ...
-
Ըստ Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը` - Տարվա սկզբից հույսը շատ մեծ էր, որ մենք կարողանալու ենք երկրում փոփոխ...
-
2011թ. հունվարից–նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում ազգային արժույթի նկատմամբ դոլարի պաշտոնական փոխարժեքը 5,05 տոկոսով աճել է։ Ին...
-
Գագիկ Ծառուկյանը, ինչպես և սպասվում էր, ոչ միայն ճանապարհել, այլև դիմավորել է Վիետնամից վերադարձած Սերժ Սարգսյանին: «ԲՀԿ-ում գտնում են, որ ...
-
Ամերիկացի միակ զինվորականը, ով մեղադրվում էր Իրաքի պատերազմի ժամանակ ավելի քան երկու տասնյակ անզեն մարդկանց սպանելու մեջ, երեքշաբթի օրը կա...
-
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանին դատապարտեց 6 տարվա ...
No comments:
Post a Comment