Հայաստանի քաղաքական դաշտն առաջիկայում կհամալրվի նոր՝ «Առաքելություն» կուսակցությամբ, որը շուտով կստեղծի սկզբնական տարածքային կառույցներ, ապա կհրավիրի հիմնադիր համագումար:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին նախաձեռնող խմբի անդամները, որոնք բոլորը երիտասարդներ են. Ազատ Թովմասյան, Գարեգին Մուրադյան, Էդուարդ Տերտերյան, Հակոբ Մանուկյան, Հրաչյա Սարգսյան, Մարինե Եփրեմյան, Մեսրոպ Առաքելյան, Վահե Հովհաննիսյան, Մանուկ Սուքիասյան: Ըստ Ազատ Թովմասյանի՝ այս պահին «Առաքելությանը» հարում են շուրջ 700 գաղափարակիրներ:
«Առաքելությունն» իր առաքելությունը տեսնում է Հայաստանում վերջին 20 տարիներին ձևավորված անմիխիթար վիճակից կամ անհուսության մղող դեգրադացիայից ելքեր որոնելու և առաջարկելու հարցում: Կամ, ինչպես ձևակերպեց նախաձեռնող խմբի անդամներից Մանուկ Սուքիասյանը՝ «Առաքելություն» անվանումն ինքնին խոսում է կուսակցության նպատակների մասին:
«Մեր քաղաքական գնահատականով՝ նախագահական ընտրություններն ավելի են սրում այն զգացողությունը, որ քաղաքական դաշտը գնում է դեպի դեգրադացիա: Երեք ամիս է մնացել, ամբողջ ազգը նստած սպասում է, թե էսինչը ինչ ա ասելու, էնինչը ոնց ա ասելու, էնինչը էն մյուսին կմիանա, թե չէ: Այսինքն՝ դեժավյուի զգացողություն է ու այս անգամ շատ ավելի փոքր ռեյտինգներով ընդդիմադիր լիդերների մասին է խոսքը»։
Մանուկ Սուքիասյանը ներկայիս իրավիճակը բնորոշեց անհույս և անմխիթար, մեղմ ասած՝ դեգրադացված։ «Նախագահական ընտրություններին երեք ամիս է մնացել, և հասարակությունը չգիտի, թե ում և ում միջև է կատարվելու ընտրությունը»,- որպես իր նկարագրածի բնորոշում նշեց նա:
Երիտասարդներն ասացին, որ իրենց միավորել են սահմանադրության և տարրական իրավունքների ոտնհարումը, «ժողովրդավարության ամենօրյա խեղաթյուրումը, արտագաղթն ու դեմոգրաֆիական աղետը: Մանուկ Սուքիասյանի հավելմամբ՝ այս երևույթների առաջն առնելու գործում իր առաքելություն ունի նաև ՀՀ քաղաքացին:
Որպես այդպիսին «Առաքելության» անդամները ոչ արևմտամետ են, ոչ ռուսամետ, հետապնդում են բացառապես ՀՀ պետական շահը և ազատ խոսքի, ազատ շուկայական արժեքների հիման վրա սոցիալական պետության գաղափարը:
Առաջիկա նախագահական ընտրություններին այս քաղաքական ուժը իր մասնակցության ձևաչափը դեռ չի որոշել, այսինքն՝ որևիցե մեկին չեն առաջադրելու, ինչ վերաբերում է, թե ում են սատարելու, ապա սա թողնված է ապագային: Երբ թեկնածուները դուրս կգան «ծանրակշիռ քաղաքական պաուզայից» և կլինեն գրանցված թեկնածուներ, չի բացառվում իրավիճակի հետ կապված որոշում կընդունեն, նկատեցին նախաձեռնության անդամներն՝ ի պատասխան լրագրողների հարցին, թե ընտրություններին նախագահի ո՞ր թեկնածուին են պաշտպանելու: Մանուկ Սուքիասյանը նկատեց, որ այս պահին ակնհայտ է, որ նախագահի թեկնածուի շուրջ ստեղծված կոնսոլիդացիան ցանկալի մակարդակի վրա չէ, և հավելեց, որ նախագահի ոչ մի նոր թեկնածու «պարաշյուտով չի իջնի»։
Նշենք, որ նորաստեղծ քաղաքական ուժի հետ արդեն իսկ կապվում է որոշակի ինտրիգ: Մասնավորապես, Մանուկ Սուքիասյանը «Հայ ազգային կոնգրեսի» պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից հիմնադրված «Այլընտրանք» նախաձեռնության անդամ էր: Նախաձեռնողների թվում կա՞ն այլ ՀԱԿ անդամներ: Պարզվեց, որ Մանուկ Սուքիասյանը միակն է (նախաձեռնող խմբում ):
No comments:
Post a Comment