Այսօր ԱԺ նիստի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ կառավարությանն ուղղված հարցը երկրում ներդրված ԱՊՊԱ համակարգի և դրա արդյունքում ՀՆԱ-ի աճի մասին հետաքրքիր երկխոսության առիթ դարձավ երկու՝ նախկին և ներկա վարչապետերի միջև։ Այն հանգուցալուծվեց նրանով, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի պատասխանները Բագրատյանը բավարար չհամարեց, քանի որ իր ձևակերպմամբ՝ դրանց մեջ չտեսավ իր հարցադրումների պատասխանները, և չտեսավ հստակ տրամաբանություն։
«Անցյալ տարի մտցվեց ԱՊՊԱ համակարգը, այս տարի՝ առողջապահության ապահովագրությունը, մի տարի հետո կլինի պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգը: Այս ամենը գեներացնում է ՀՆԱ-ն, քանի որ 50% շահույթ կա ԱՊՊԱ համակարգում, մի քանի տասնյակ տոկոս շահութաբերություն էլ կա առողջության ապահովագրության գործում: Իմ կարծիքով ԱՊՊԱ-ն մոտ 1.5 տոկոսով ավելացրեց ՀՆԱ-ն, և սա կոչվում է ֆինանսական փուչիկ»,- ասաց Բագրատյանը՝ կասկած հայտնելով, թե արդյոք դա արվում է ՀՆԱ-ի աճի համար:
Հարցին ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց. «Ապահովագրական դաշտում, երբ մենք ներդրեցինք պարտադիր ապահովագրությունը, կային մտահոգություններ, թե արդյոք Հայաստանը պատրաստ է այդ համակարգի ներդրմանը, հաշվի առնելով, որ դեռևս մեզանում հաղթահարված չի աղքատության խնդիրը, և մենք պարտադրելու ենք բոլոր մեքենա ունեցողները գումարներ վճարեն և ապահովագրեն երրորդ անձանց ռիսկերը»: Բայց, վարչապետի ընդգծմամբ՝ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ առաջին երեք տարիների համար շատ դժվար է որոշել գինը: Դրա համար հետագայում իրենք պետք է անցնեն գների լիբերալիզացիա և պետք է այնպես անեն, որ շուկան որոշի գները:
«2012թ.-ի արդյունքներն ամփոփելուց հետո կներկայացնենք հաշվետվություն, թե ինչպիսին է ապահովագրական դաշտում շահութաբերության մակարդակը, և արդյոք գները բարձր են, թե ոչ»,- ասաց նա:
Կուտակային հիմնադրամների մասին Տիգրան Սարգսյանը նշեց, որ իրենք պատրաստ են ԱԺ-ի հետ քննարկել այն խելամիտ մեխանիզմները, որոնց ներդրմամբ վերջիններս պաշպանված կլինեն և կխթանեն մեր տնտեսության զարգացմանը:
No comments:
Post a Comment