Popular Posts

Saturday, November 17, 2012

հազարավոր քաղաքացիներ պատրաստ են վարչապետի մատնացույց արած այդ 100 -120 հազար դրամ աշխատավարձով աշխատել


Երեկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում վարչապետի այն հայտարարությանը՝ թե անապահով ընտանիքների աշխատունակ անձինք նախընտրում են ստանալ 30-50 հազար դրամ նպաստ, քան աշխատել ու ստանալ 100-120 հազար դրամ աշխատավարձ, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը որակում է վարչապետի կողմից արված հերթական ոչ կոռեկտ արտահայտություն:

«Նա այդ հայտարարությամբ, ըստ էության, վիրավորում է ՀՀ քաղաքացուն: Ստացվում է, որ ՀՀ աշխատունակ քաղաքացին գերադասում է մատնվել անգործության, և ստանալ պետության կողմից իրեն տրվող նպաստը, քան աշխատել, և, ինչպես վարչապետն է նշում՝ ստանալ այդ 100 -120 հազար դրամ աշխատավարձը: Կրկնում եմ՝ Տիգրան Սարգսյանը ՀՀ քաղաքացուն, ըստ էության, ծույլ է որակել»,- ասաց նա:
Նշենք, որ այս մասին այսօրվա իր համարում գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը։

Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ Տիգրան Սարգսյանի այս հայտարարությունից հետո ԲՀԿ են դիմել ՀՀ գործունյա, աշխատունակ քաղաքացիներ՝ խնդրելով վարչապետին փոխանցել հետևյալ հորդորը. «Այս պահին, հենց այսօր, տասնյակ հազարավոր քաղաքացիներ պատրաստ են վարչապետի մատնացույց արած այդ 100 -120 հազար դրամ աշխատավարձով աշխատել, եթե վարչապետը ցույց տա այդ աշխատատեղերի տեղերը»,- նշեց՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը և հավելեց, որ Տիգրան Սարգսյանն ավելի լավ կլիներ, մտածեր՝ «Թե այդ ինչպե՞ս է լինում, որ աշխատանք չունենալու պատճառով երկիրը լքած հայը շատ կարճ ժամանակում, որտեղ էլ որ լինի, կարողանում է արագ կազմակերպվել և պահել իր ընտանիքը, բայց ՀՀ-ում, ըստ իրեն՝ գերադասում է նպաստ ստանալ»:

Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ չի զարմանում, որ Կառավարությունում գերիշխում է այս տրամաբանությունը, և վկայակոչեց շաբաթներ առաջ ԱԺ-ում մի քննարկում, որը վերաբերել է փոքր և միջին ձեռնարկություններին բյուջեի ծախսային մասից հատկացումներին: Եվ, ըստ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարի՝ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը կրկնել է վարչապետի թեզը՝ բառացիորեն ասելով. «Մենք շրջում ենք մարզերում և ականատես ենք դարձել, որ ՀՀ քաղաքացիները գերադասում են նպաստ ստանալ, քան աշխատել»:

Սա Նաիրա Զոհրաբյանը համարում է կործանարար, և նշում, որ Տիգրան Սարգսյանը պետք է ուղղակիորեն պատասխանի, թե ինչ է նկատի ունեցել նման բան հայտարարելով:

Նշենք, որ երեկ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ երեկ որոշել է, որ ՕԵԿ քաղխորհուրդը արձանագրում է, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու ԲՀԿ առաջարկը համահունչ չէ կուսակցության որդեգրած քաղաքական կուրսին, ինչպես նաև ժամանակավրեպ և անընդունելի է՝ ներկա բարդ աշխարհաքաղաքական պայմաններում:


Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ տեղեկացվել են ՕԵԿ քաղխորհդի որոշմանը, և որ այն իրենց օրակարգը չի փոխում: «Մենք կընդունենք այդ տեսակետն ի գիտություն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

No comments:

Post a Comment