Popular Posts

Saturday, November 10, 2012


«Հայ ազգային կոնգրեսի» մաս կազմող «Հայաստանի ժողովրդական կուսակցության» անդամ Գրիգոր Հարությունյանը չի կարող ասել՝ «Բարգավաճ Հայաստանը» կընդու՞նի ՀԱԿ-ի 4 առաջարկները, որոնք հարստացնում են խորհրդարանական կառավարման համակարգին և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին նվիրված ԲՀԿ-ի հայտարարած օրակարգը, թե ոչ, բայց Tert.am –ի հետ զրույցում ասաց, որ «դա ՀԱԿ-ի համար առաջին խնդիրն է»:

Հիշեցնենք, որ  ՀԱԿ-ն առաջարկել էր նաև համատեղ քայլերով անվստահություն հայտնել գործող իշխանություններին, ինչպես նաև անցկացնել ժողովրդի քաղաքական ակտիվացմանն ուղղված համատեղ զանգվածային միջոցառումներ, իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկվա դրությամբ հայտնել էր, թե այս պահին չի կարող նշել, թե կետերից ո՞ր մեկն է իրենց համար ընդունելի կամ մերժելի և ավելացրել. «Քննարկումները հենց նրա համար են, որպեսզի կոնսուլտացիաների արդյունքում քննարկվեն օրակարգային հարցերը, և գտնենք կոնսեսուս և այդ խնդիրների շուրջ էլ շարժվենք առաջ»:
Եթե քննարկման ընթացքում պարզվում է, որ ԲՀԿ-ն չի ընդունում նշված երկու առաջարկները, ՀԱԿ-ը կմնա՞ այդ ձևաչափում:
«Բայց ինչու՞ այդքան կատեգորիկ, առաջարկներ են, կքննարկվեն»,-ի պատասխան ասաց Գրիգոր Հարությունյանը և հավելեց. «Կարծում եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» պետք է ընդունի:

Առ այսօր ԲՀԿ-ն իրեն ներկայացնում է «այլընտրանք», բայց ոչ ընդդիմություն որակմամբ, և այդ դեպքում՝ որտեղի՞ց Գրիգոր Հարությունյանին վստահություն, որ ԲՀԿ-ն կընդունի, օրինակ՝ ժողովրդի քաղաքական ակտիվացմանն ուղղված համատեղ զանգվածային միջոցառումներ անցկացնելու մասին առաջարկը:

«Ես չասացի՝ վստահ եմ, ասացի՝«կարծում եմ» և վստահ եմ, որ երկիրն այս վիճակից դուրս հանելու համար պետք է պայքարել»,- ասաց Գրիգոր Հարությունյանը:

Tert.am-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ Արշակ Բանուչյանն էլ նույն հարցին ի պատասխան ասաց՝ «երբ դա կլինի, այն ժամանակ էլ կմտածենք: «Եթե»-ներով խոսել քաղաքական պրոցեսների մասին… դա նույնիսկ վերլուծություն էլ չի, որ ինձանից պահանջում եք, որովհետև մինչև դա չի եղել, ինչպես կարող ես դրա մասին խոսել»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ԲՀԿ խորհրդարանական կառավարման մոդելի վերաբերյալ կուսակցության դիրքորոշման վերաբերյալ տարածած հայտարարության մեջ նշել էր.« Կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների հետևում չտեսնել մարդկանց, որոնք որևէ այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու իշխանության գալու հնարավորություն չունեն, առնվազն քաղաքական կարճատեսություն է: Սա ավելի քան ակնհայտ է: Պարզունակ քայլ է և ակնհայտ՝ որտեղ մշակված»:
Արդեն իսկ մամուլի առանձին վերլուծություններով առաջ է քաշվում այն վարկածը, որ Էդուարդ Շարմազանովն այսկերպ ասում է, որ այս ձևաչափում վարչապետի պաշտոնին ձգտող Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի կողմից է սա մշակված:
Ի պատասխան այս դիտարկմանը, Գրիգոր Հարությունյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանին «Մարտի մեկի համար» պետք է դատեն, ինչի՞ մասին է խոսքը»:

Մեկ այլ հարցի էլ, որը որոշակի թյուրըմբռնումների ու վերլուծությունների տեղիք է տվել այն է, որ երեկ ԱԺ-ի պետաիրավական հանձանաժողովում դաշնակցական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի՝ հարյուր տոկոսանոց համամասանական ընտրակարգին անցնելու մասին քվեարկությամբ մերժված օրենսդրական առաջարկի վերաբերյալ ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանն ասել էր, որ ոչ մեծամասնական, ոչ համամասնական և ոչ էլ խառը ընտրական համակարգերը մի բան չեն և ունեն իրենց թերությունները:
Նրա այս հայտարարությունից հետո հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչու՞ է ՀԱԿ-ը միանում Նաիրա Զոհրաբյանի հնչեցրած առաջարկով ձևավորված օրակարգին:

Tert.am –ի հետ զրույցում Գագիկ Ջհանգիրյանն առաջարկեց թեթև տանել մեկնաբանությունները, թե այս հայտարարությամբ ինքը կրկնում է ՀՀԿ-ին: «Ես այդ «վշտին» կդիմանամ, Դուք էլ դիմացեք: Ցտեսություն»,-ասաց ՀԱԿ անդամը:

Իսկ Արշակ Բանուչյանն այս կապակցությամբ նշեց, որ ամենակարևորը Հայաստանում սահմանդրական կարգը վերականգնելն է և ժողովրդին իր տեսակետներն իր քվեով արտահայտելու հնարավորություն տալը:
«Երբ կգա ժամանակը, Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու առաջարկով ժողովրդին կդիմեն, նա ինքը կընտրի, իսկ այս կամ այն տեսակետի ջատագովները կփորձեն ժողորվրդին բացատրել՝ որն է ճիշտ, որը՝ սխալ»,-ասաց Արշակ Բանուչյանը:

No comments:

Post a Comment