Popular Posts

Wednesday, November 14, 2012

Վարչապետը քիչ հավանական է համարում ՀԱԿ–ԲՀԿ միասնական թեկնածուի ձևաչափը ու հրաժարվում մեկնաբանել Ռ. Քոչարյանի հայտարարությունը


Տիգրան Սարգսյանը քաղաքական դաշտում ոչինչ չի բացառում, սակայն քիչ հավանական է համարում, որ «Հայ ազգային կոնգրեսն» ու «ԲարգավաՃ Հայաստանը» հանդես գան միասնական թեկնածուով։ Այսօր նա նման կարծիք հայտնեց՝ ԱԺ–ում պատասխանելով լրագրողների հարցին։

Հիշեցնենք, որ նախորդ քառօրյային Տիգրան Սարգսյանը կարծիք էր հայտնել, որ Սերժ Սարգսյանին որպես նախագահի միասնական թեկնածու պաշտպանելու մասին նախորդ տարվա կոալիցիոն հուշագիրն ուժի մեջ է, մինչդեռ այսօր «Բարգավաճ Հայաստանը» տարբեր քաղաքական ուժերի հետ քաղաքական կոնսուլտացիաներ է անում և ավելին՝ «Հայ ազգային կոնգրեսից» չի բացառվել, որ ՀԱԿ–ն ու ԲՀԿ–ն հանդես կգան միասնական թեկնածուով։

Ինչ վերաբերում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, որ հղում անելով կոալիցիոն պայմանագրին ասել, որ այն ուժի մեջ է, նույնն է, թե ասել, որ Տիգրան Սարգսյանը դեռ ԱԺՄ անդամ է կամ ուժի մեջ է Սևրի պայմանագիրը, վարչապետը հարցադրում-պատասխան ուղղեց. «Իսկ Սևրի պայմանագիրը ուժի մեջ չի՞։ Դուք ունե՞ք այդ հարցի պատասխանը»։ Տիգրան Սարգսյանը նաև հավելեց, որ այս հարցի կապակցությամբ ՀՀԿ դիրքորոշումը եղել է շատ հրապարակային։ Իշխող կուսակցությունը պատրաստ է համագործակցել այն ուժերի հետ, որոնք համագործակցել են ՀՀԿ–ի հետ։

Ավելին, եղել են համաձայնագրեր, հռչակագրեր և ձևավորվել են դաշինքներ։ Վարչապետը նույնիսկ հիմա էլ չի բացառում, որ ԲՀԿ–ն ՀՀԿ–ի հետ նոր հուշագիր ստորագրի։ «Դե գիտե՞ք ինչ կա, մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, նայում եմ մեր կուսակցությունների անցած ճանապարհին, միմյանց ճանաչում ենք, գիտենք, թե ինչ արժեքների շուրջ է տեղի ունենում այդ համախմբումը»,–փակագծերը բացեց Տիգրան Սարգսյանը։
Փոխարենը, Տիգրան Սարգսյանը հավանական չի համարում, որ գալիք նախագահական ընտրություններին առաջադրվեն Հանրապետության առաջին և երկրորդ նախագահները։
Իսկ նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ վարչապետի, ունենալով բարձր վարկանիշ, մեծ հավանականությամբ կվերընտրվի։
Վարչապետը հրաժարվեց մեկնաբանել Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկ տված հարցազրույցը։ Սակայն երկրների կառավարման համակարգերի տարբերությունների վերաբերյալ տեսական մակարդակով ասաց. «Գոյություն ունի քաղաքական, տեսական բանավեճ, թե որ երկրների փորձն է ավելի արդյունավետ։ Տարբեր երկրների փորձը կա, և ամեն մի երկիր իր առանձնահատկություններին հետևելով պետք է իր համար ընտրի առավել արդյունավետ կառավարման համակարգ։ Դրա լավագույն ձևը քաղաքական բանավեճն է, որը տեղի է ունեցել, և մենք նոր ենք փոփոխել «Ընտրական օրենսգիրքը»»,–հայտարարեց Տիգրան Սարգսյանը՝ կարծիք հայտնելով, որ նախագահական ընտրություններից հետո այս հարցը կքննարկվի։

Հիշեցնենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանը անդրադառնալով «Բարգավաճ Հայաստանի» կողմից տարբեր քաղաքական ուժերի միջև տարվող քաղաքական կոնսուլտացիաներին, որոնց առանցքը հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգն է ու կառավարման խորհրդարանական մոդելը, ասաց, որ մեծամասնական ընտրակարգը նպաստում է Հայաստանում «ֆեոդալական համակարգի» զարգացմանը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հայտնել էր նաև, որ 2005 թվականի սահմանադրական հանրաքվեի արդյունքում վարչապետին շատ ավելի լայն լիազորություններ տրվեցին։

Ի պատասխան, Տիգրան Սարգսյանն ասաց, որ 2008 թվականից հետո Հայաստանում ձևավորվել է քաղաքական նոր իրավիճակ, որը նախկինում չէր եղել։ Այն է՝որ Հանրապետության վարչապետն ու նախագահը ներկայացնում են միևնույն քաղաքական ուժը և հանդես են գալիս որպես միասնական քաղաքական թիմ։ Եվ հենց դա է պատճառը, որ նախագահի և կառավարության միջև չեն կարող լինել քաղաքական հակասություններ։
«Նախկինում այդպես չէր իրավիճակը, կուսակցության ղեկավարը երկրի վարչապետն էր, հիմա փոխվել է իրավիճակը»,– ասաց Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ նախորդ փուլի հետ այս համեմատությունը ճիշտ չի համարում։

No comments:

Post a Comment