Շաբաթ օրը հրավիրված հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած պահանջները էապես տարբերվում էին նախորդներից: Մարզպետների և այլ մանր պաշտոնյանների հրաժարականներ պահանջելու և նրանց պատասխանատվության ենթարկելու կոչերից «ժառանգության» առաջնորդն անցավ կտրուկ պահանջների: Հիմա նա նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն է պահանջում, կազմավորվելու է ստվերային կաբինետ, ապրիլի 9-ին՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, Ազատության հրապարակում կազմակերպվելու է նաև նրա ինագուրացիան:
Ինչո՞ւ շուտ փոխվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հռետորաբանությունը:
Ենթադրում ենք, որ դա կապված է նաև հանրահավաքից առաջ Րաֆֆի Հովհաննիսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից: Դռնփակ հանդիպումը շարունակվել էր մոտ 3 ժամ: Հետո կողմերը ձեռնպահ մնացին մանրամասներ հայտնել քննարկված թեմաների շուրջ: Խորհրդավորության քողը բարձրացնել ցանկացողներն էլ հիմա քիչ չեն: Կարծիք կա, որ այդ հանդիպումով Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկացավ ցույց տալ, որ իր շարժմանն է միացել ՀՀԿ-ից հետո խորհրդարանական ամենամեծ խմբակցությունը:
Ի՞նչ են խոսել կուսակցությունների առաջնորդները:
Operativ.am-ին հայտնի է դարձել այդ հանդիպման որոշ մանրամասներ: Բնականաբար, Րաֆֆի Հովհաննիսյանը Գագիկ Ծառուկյանին առաջարկել է միանալ շարժմանը: Գագիկ Ծառուկյանն ասել է, որ փետրվարի 18-ին ինքը Հայաստանում էր և, ինչպես խոստացել էր, չի մասնակցել ընտրություններին և չի շնորհավորել Սերժ Սարգսյանին: Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ինչ էլ լինի ինքը միշտ ժողովրդի կողքին է:
Հանդիպումից հետո, թե ինչ ընթացքով կընթանան իրադարձությունները, ցույց կտան հետագա իրադարձությունները, բայց որ հանդիպումից հետո հանրահավաքային հռետորաբանությունը կտրուկ փոխվեց՝ աներկբա է:
Մի բան էլ. համառորեն լուրեր են պտտվում, թե ապրիլի 9-ին կայանալիք Րաֆֆի Հովհաննիսյանի «ինագուրացիային» Րաֆֆիի հոր՝ Ռիչարդի հետ մասնակցելու է նաև հայտնի բարերար Քըրք Քըրքորյանը: Համաձայնեք, որ սա էլ միտինգային հռետորաբանության կտրուկ փոփոխության պակաս առիթ չէ: Րաֆֆին, ներողություն խնդրելով իր տիկնոջից, նաև երդվել է մինչև ապրիլի 9-ը նույնիսկ կյանքի գնով տոնել հաղթանակը:
Մարտի 3-ին նախատեսված հանրահավաքը չկայացավ: Փոխարենը՝ հզոր հանրահավաք է սպասվում վաղը՝ մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը: Հանրահավաքում նաև հարգանքի տուրք կմատուցվի՝ ի հիշատակ Վազգեն Սարգսյանի:
No comments:
Post a Comment