ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն այսօր դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով, որ քննվի Սերժ Սարգսյանի՝ ընտրությունները կազմակերպելու մասին հայտարարությունը, որը նա, մասնավորապես, արել էր աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանին ուղղված պատասխան նամակում:
«Ի՞նչ պիտի ասեմ նրան, Սե՛րժ, որ ես իմ ժողովրդին ապահով Հայաստան խոստացա, կազմակերպեցի մեր երկրի 21-ամյա պատմության լավագույն ընտրությունները (անշուշտ խնդիրներով հանդերձ, որոնք, սակայն, որևէ էական ազդեցություն չէին կարող ունենալ արդյունքների վրա) ու չկարողացա՞ համախմբել ողջ ժողովրդին ու ապագայի ճանապարհը ցույց տալ»,- մասնավորապես ասված էր Սերժ Սարգսյանի նամակում:
«Սարգսյանը հայտարարել է, որ ընտրությունների կազմակերպիչը հենց ինքն է եղել, մինչդեռ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ երկրում ընտրությունները կազմակերպվում են եռաստիճան հանձնաժողովների համակարգով»,- դիմումը դատարանին ներկայացնելուց հետո լրագրողներին ասաց Անդրիաս Ղուկասյանը՝ ընգծելով, որ այդ հայտարարությունը հակասում է օրենքին:
Վերջինիս փոխանցմամբ՝ ինքն այդ մասին փաստաթղթեր է ներկայացրել դատարան, որպեսզի բացատրեն, թե դա ինչպես է մտնում սահմանադրական նորմերի մեջ: Ըստ նրա՝ ենթադրվում է, որ եթե ընտրությունները կազմակերպել է Սերժ Սարգսյանը, ապա դա չի կարող ազդեցություն չունենալ քվեարկության արդյունքների վրա:
No comments:
Post a Comment