Popular Posts

Monday, July 1, 2013

Կիպրոսի գլխավոր դատախազը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե առանց համաձայնության և անձնագրի հնարավո՞ր է օֆշորային գոտում որևէ մեկի անունով ձեռնարկություն բացել։

Կիպրոսի Հանրապետության գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսն այսօր առանձնազրույց է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ. զրուցել են վարչապետի անվան հետ կապված օֆշորային սկանդալի մասին։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Պետրոս Կլերիդեսը։

«Քիչ առաջ ձեր գլխավոր դատախազի հետ ես խոսեցի այդ մասին, նա ինձ ներկայացրեց իրավիճակը՝ նշելով, որ շուտով կտա լրացուցիչ տեղեկություն»,- Գլխավոր դատախազությունում հրավիրված նիստին ասաց նա և նշեց, թե ներկա դրությամբ լրացուցիչ ոչինչ չի կարող ասել։

«Դուք չեք կարող ինձանից ակնկալել մի հարցի պատասխան, որից ես անտեղյակ եմ»,- նշեց նա։

Կիպրոսի գլխավոր դատախազը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե առանց համաձայնության և անձնագրի հնարավո՞ր է օֆշորային գոտում որևէ մեկի անունով ձեռնարկություն բացել։       

Հիշեցնենք, որ Hetq.am կայքը նոր մանրամասներ էր ներկայացրել վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած «օֆշորային սկանդալի» վերաբերյալ, որում կրկին շոշափվում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և գործարար Աշոտ Սուքիասյանի անունները։


Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանի
 հարցին՝ հնարավո՞ր է արդյոք որևէ մեկին օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել առանց տվյալ անձի թույլտվության, Կիպրոսի գլխավոր դատախազը պատասխանել է. «Ոչ: Բայց ես չեմ ուզում մտնել մանրամասների մեջ մինչև չնայեմ գործի ողջ պատմությունը, փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են այդ իրադարձությունները հետաքննելու համար»: Հարցին՝ «այսինքն՝ հնարավոր չէ՞ գրանցել առանց իր թույլտվության», Կլերիդեսը պատասխանել է․ «Անհնար է, եթե իհարկե, նա չի գործել իր լիազորված անձի կամ նմանատիպ մի այլ ձևով»:

No comments:

Post a Comment