Popular Posts

Sunday, February 17, 2013

Լիբանանահայերի հո՞սք է սպասվում

Փետրվարի 14-ին և 15-ին Լիբանանում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել ՀՀ անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողություն: Հանդիսավոր երդման արարողությունից հետո դեսպան Քոչարյանը 200-ից ավելի լիբանանահայերի հանձնել է ՀՀ քաղաքացու անձնագրեր: Լիբանանում ՀՀ դեսպանությունը վերջին շաբաթների ընթացքում ՀՀ անձնագրեր է հանձնել նաև շուրջ 60 սիրիահայերի, որոնք քաղաքական զարգացումների բերումով` ժամանակավոր բնակության են հաստատել Լիբանանում: ՀՀ ԱԳՆ-ի տարածած այս տեղեկատվությունից կարելի է եզրակացնել, որ Սիրիայի հայ քաղաքացիների հետ մեկտեղ Հայաստան տեղափոխվելու ծրագրեր ունեն նաև հարյուրավոր լիբանանահայեր: Հավանաբար, այս ամենի պատճառն այն է, որ ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են ի հայտ գալիս, որ նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո իրավիճակի ապակայունացում է սպասվում նաև Լիբանանում: Համենայնդեպս, Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի որոշակի փուլերում սիրիացի զինված ապստամբները բազմիցս մարտերը տեղափոխել են Լիբանանի տարածք: Այս ամենը լիբանանահայերին, հավանաբար, ստիպում է ավելի հեռատես գտնվել և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել:

No comments:

Post a Comment