Ադրբեջանի և Իսրայելի միջև 1.6 մլդ դոլարի ռազմական պայմանագիրը խոշոր չափերի գործարք է, որն ակնհայտորեն, առաջին հերթին ուղղված է Իրանի դեմ, այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանի և Իրանի պետական մակարդակով հայտարարությունները, թե այն ուղղված է Արցախի դեմ, ընդամենը քողարկված քայլ է: «Եթե սպառազինությունը լիներ հարձակվողական տեսքի, կասեինք, որ այո, այն Հայաստանի դեմ է, մինչդեռ պաշտպանական զենքի մասին է խոսքը, որն էլ արդեն կասկած չի հաղորդում, որ դա Իրանի դեմ է»,-նշեց փորձագետը:
Նա նկատեց, որ միանշանակ չի կարող պնդել, որ այդ գումարով հավասարակշռությունը կարող է խախտվել տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանի հետ, սակայն, ըստ նրա, անկախ նրանից` Իսրայելից այս զենքը ձեռք կբերվի, թե ոչ , հակակշիռ քայլերը Հայաստանի համար կմնան նույնը:
Ռազմական փորձագետն այդուհանդերձ, այս պայմանագրում նշված կետերը շատ կասկածելի համարեց, քանի որ այն «ահազանգող բան ունի իր մեջ»:
Ասուլիսին ներկա Իսրայելի ներքին և արտաքին քաղաքականության ուսումնասիրությամբ զբաղվող Արմեն Պետրոսյանը նախ անդրադարձավ Ադրբեջանի և Իսրայելի պատմական համագործակցության զարգացումներին, որը, ըստ նրա, հիմնված է նախևառաջ արաբ-իսրայելական հակամարտության վրա:
«Իրանի առկայության պարագայում Իսրայելին հետաքրքրում է այս տարածաշրջանը, իսկ պատերազմում պարտված Ադրբեջանին, որի հիմնական գրավականը տեսնում է սպառազինությունների տեսքով, որը գալիս էր Իսրայելից»,- նշեց նա և հավելեց, որ անցյալ տասնամյակնների ընթացքում այս պետությունների միջև երկկողմ հարաբերությունները բուռն են, թե՛ տնտեսական, թե՛ ռազմական առումով:
No comments:
Post a Comment