Ադբեջանի Ղուբա քաղաքում (Ղուբայի շրջանի վարչական կենտրոնը) այսօր առավոտյան տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ձերբակալված անձինք ազատ են արձակվել, իսկ հանուն նրանց ազատության շրջանի ոստիկանության բաժանմունքի մոտ հավաքված ղուբացիներն ակցիան դադարեցրել են:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր առավոտյան Ղուբա քաղաքում (երկրի հյուսիսում) անկարգություններ էին տեղի ունեցել, որի ժամանակ, տարբեր տվյալներով, մի քանի տասնյակ մարդ էր ձերբակալվել: Իսկ անկարգությունների համար պատճառ էր հանդիսացել Ղուբայի շրջկենտրոնի ղեկավար Ռուաֆ Հաբիբի վերջերս արած այն հայտարարությունը, թե «Ղուբայի բնակիչները ծախված են և դավաճան, 30 մանաթով (40 ԱՄՆ դոլար) վաճառում են իրենց հողատարածքը և հեռանում»:
Առավոտյան քաղաքի բնակիչները հավաքվել էին քաղաքի գործադիր իշխանության շենքի մոտ և պահանջել էին, որպեսզի Հաբիբովը ներողություն խնդրի ու հրաժարական տա: Հաբիբովը մոտեցել էր հավաքվածներին, ներողություն խնդրել, ասել էր, որ նրանք «թանկ են իր համար», ակցիայի մասնակիցները, սակայն, այդ ամենը բավարար չէին համարել, մտել էին շենք, քարուքանդ արել նրա գրասենյակը, այնուհետ հրկիզել էին Հաբիբովի տունը:
Ոստիկանները փորձել էին ցրել ցույցը. ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով 4 մարդ էր վիրավորվել: Տարբեր տվյալներով` մինչև 200 մարդ էր ձերբակալվել:
Դրանից հետո ղուբացիները հավաքվել էին շրջանի ոստիկանության բաժանմունքի մոտ և պահանջել էին ազատ արձակել ձերբակալվածներին: Ոստիկանների և ցուցարարների միջև կրկին բախումներ էին սկսվել:
Ադրբեջանի իշխանությունները զրահատեխնիկա և ներքին զորքերի ստորաբաժանումներ են մտցրել քաղաք:
Որոշ տվյալներով Հաբիբովն արդեն հրաժարական է տվել:
No comments:
Post a Comment