Ադրբեջանի Ղուբա քաղաքում (Ղուբայի շրջանի վարչական կենտրոնը), որտեղ առավոտյան անկարգություններ էին տեղի ունեցել, այս պահին բողոքի ակցիաներ են տեղի ունենում. տեղի բնակիչները հավաքվել են շրջանի ոստիկանության բաժանմունքի մոտ և պահանջում են ազատ արձակել այսօր առավոտյան ձերբակալվածներին: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, անկարգությունների համար պատճառ էր հանդիսացել Ղուբայի շրջանի ղեկավար Ռուաֆ Հաբիբի վերջերս արած այն հայտարարությունը, թե «Ղուբայի բնակիչները ծախված են և դավաճան, 30 մանաթով (40 ԱՄՆ դոլար) վաճառում են իրենց հողատարածքը և հեռանում»:
Այսօր առավոտյան քաղաքի բնակիչները հավաքվել էին շրջկենտրոնի շենքի մոտ և պահանջել էին, որպեսզի Հաբիբովը ներողություն խնդրի ու հրաժարական տա: Հաբիբովը մոտեցել էր հավաքվածներին, ներողություն խնդրել, ասել էր, որ նրանք «թանկ են իր համար», ակցիայի մասնակիցները, սակայն, այդ ամենը բավարար չէին համարել, մտել էին շենք, քարուքանդ արել նրա գրասենյակը, այնուհետ հրկիզել էին Հաբիբովի տունը:
Ոստիկանները փորձել էին ցրել ցույցը. ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով 4 մարդ էր վիրավորվել: Տարբեր տվյալներով` մինչև 200 մարդ էր ձերբակալվել:
Ռուսական Lenta.ru կայքը հաղորդում է, որ Ադրբեջանի իշխանությունները զրահատեխնիկա և ներքին զորքերի ստորաբաժանումներ են մտցրել շրջկենտրոն: Ոստիկանների և ցուցարարների միջև բախումները շարունակվում են:
No comments:
Post a Comment