Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` նախագահ դառնալու հավակնությունների մասին փաստաթղթեր են հայտնվել Stratfor ընկերության գաղտնազերծված նամակագրության փաստաթղթերում:
Stratfor-ի Թուրքիայի գծով մասնագետ Էմրե Դողուն այս մասին խոսել է Եվրամիությանն ինտեգրման հարցերով փոխնախարար Հասան Նուրի Յաշարի հետ, ում ներկայացրել է որպես «Էրդողանի խորհրդատու և մտերիմ ընկեր»: Հենց նա էլ ասել է, որ կասկածից վեր է այն, որ Էրդողանի նպատակը նախագահ դառնալն է:
2010 թ.-ի սեպտեմբերի 20-ով թվագրված նամակներից մեկում ասվում է «Թայիփ Էրդողանը թույլ կտա, որ Գյուլը մեկ անգամ էլ ընտրվի, բայց Թուրքիայի հաջորդ նախագահը Էրդողանն է լինելու»:
«Էրդողանը մինչև 2014 թվականը թույլ կտա Գյուլին, որ շարունակի պաշտոնավարել, սակայն դրանից հետո փորձելու է ուժեղ նախագահական համակարգ ստեղծել և դառնալ նախագահ», - գրված է նամակում:
Հարցին, թե նախագահի պաշտոնում էրդողանի ընտրությունից հետո արդյո՞ք Գյուլը կհամաձայնվի վարչապետ դառնալ, աղբյուրը պատասխանել է, որ Էրդողանի և Գյուլի միջև նախագահի աթոռը կիսելը դժվար չի լինելու և Գյուլը չի մերժի վարչապետ դառնալու առաջարկը:
«Թուրքիայում նման բան ընդունված չէ, որ նախագահ լինելուց հետո վարչապետ դառնան, բայց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նման քաղաքական ավանդույթներին առանձնապես ուշադրություն չի դարձնում», - ասել է նա:
No comments:
Post a Comment