Թուրք հայտնի լրագրող, վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդը, մեկնաբանելով Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի` ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու մասին վճիռը, հայտարարել է, թե չպետք է կարծել, որ դատարանը նման որոշում ընդունեց` Թուրքիայից վախենալով:
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը փետրվարի 28-ին հակասահմանադրական ճանաչեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը` պատճառաբանելով, որ այն հակասում է խոսքի ազատության իրավունքին:
Թուրքական Kanal D հեռուսատալիքի եթերում Բիրանդը հավելել է, թե Սահմանադրական խորհրդի որոշումը «թուրք ֆրանսիական հարաբերությունները փրկեց վերջնական վատթարացումից»:
«Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը մեզ և ողջ աշխարհին դաս տվեց` ցույց տալով, թե որքան կարևոր է խոսքի ազատությունը: Մենք, սակայն, այժմ չենք կարող ասել, որ հարցը վերջնական լուծված է: Մինչև 2015թ. (2015թ. լրանում է Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցը), Թուրքիան «ականապատ դաշտով է գնալու»: Մենք պետք է դա հաշվի առնենք»,-ասել է վերլուծաբանը:
Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ին ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունել էր ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում): Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում և 45.000 եվրո տուգանք էր սպառնում։
Օրինագծին դեմ հանդես եկած խորհրդարանականները, դրա սահմանադրականությունը վիճարկելու նպատակով, հունվարի 31-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ դիմում էին ներկայացրել:
No comments:
Post a Comment