Popular Posts

Saturday, September 8, 2012

Հայրապետյանը վստահեցրել է Ծառուկյանին, թե ինքը նման մտքեր չի ասել


Ռուբեն Հայրապետյանի կողմից արված կամ չարված արտահայտությունները մեկնաբանելուց զերծ կմնամ, պարզապես տեղեկացնեմ, որ Ռուբեն Հայրապետյանի հետ հարցազրույցը համացանցում հայտնվելուց անմիջապես հետո տեղի է ունեցել հեռախոսազրույց նրա և Գագիկ Ծառուկյանի միջև, որի ժամանակ Հայրապետյանը վստահեցրել է ԲՀԿ նախագահին, որ ինքը նման արտահայտություններ չի հնչեցրել և հարցազրույցի այդ հատվածը չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, նկատի ունենալով այսօր համացանցում տարածված «Նուվել դ’Արմենի Մագազին» հայկական ամենամսյա ամսագրի բացառիկ հարցազրույցը Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, ուր, իբրև թե, վերջինս ասել էր հետևյալ խոսքերը. «Կարծում են, թե ես էլ, իրենց նման, գողացել եմ, Գռզոների նման կոպեկներով եմ առել սեփականությունը: Եվ ո՞վ է ֆինանսավորում նրանց. Դոդի Գագոն: Այ այդպես: Ո՞վ չի հասկանում, թե սա ինչ է»:


ԲՀԿ-ն փորձե՞լ է ճշտել, թե «Նուվել դ’Արմենի Մագազին» թերթի թղթակիցն, արդյո՞ք, պահպանել է հարցազրույցի ձայնագրությունը, ինչպես նաև՝ ի՞նչ ճանապարհներով է այդ հարցազրույցը հայտնվել համացանցում, Իվետա Տոնոյանը փոխանցեց հետևյալը - Հենց այս պահին հստակ աշխատանքներ են տարվում ձեր նշած փաստերը պարզելու ուղղությամբ: Գործընթացը շարունակվում է և, երբ կլինի հստակ պատասխան, այդ ժամանակ մենք հանրությանը տեղյակ կպահենք»,- եզրափակեց ԲՀԿ մամուլի խոսնակը:

Տեղեկացնենք, որ հիշյալ հարցազրույցը տևել է մոտ չորս ժամ, ըստ տարածված տեղեկատվության, հարցազրույցի մեծ մասը ձայնագրվել է:

No comments:

Post a Comment