Popular Posts

Friday, September 21, 2012

դատախազությունում նյութեր են պատրաստվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երկու նախկին նախարարների՝ առողջապահության և քաղաքաշինության նախարարներ Հարություն Քուշկյանի և Վարդան Վարդանյանի դեմ: 

անցած շաբաթ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ հանդես եկավ խիստ հայտարարություններ քաղաքաշինության ոլորտում եղած «ատկատների» ու մրցույթներն իրենց ծանոթներին տալու, ինչպես նաև դեղերի շուկայի մասին: Որոշ տեղեկությունների համաձայն` նյութեր են պատրաստվում հատկապես Վ. Վարդանյանի դեմ: 

Ս. Սարգսյանը որոշել է մեղմ վարվել Հ. Քուշկյանի հետ, քանի որ վերջինս ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր առճակատման դեպքում կարող է դուրս գալ իր կուսակցությունից: Եվ չի բացառվում, որ այդ խորհրդակցության ողջ ծանրությունը մնա Վ. Վարդանյանի վրա, մանավանդ, որ հենց նրա ղեկավարած ոլորտում են տեղի ունեցել մեծ չափերի հասնող չարաշահումներ: 

նախորդ տարիներին Վերահսկիչ պալատը ահռելի չարաշահումներ էր հայտնաբերել այս ոլորտում: ՎՊ նախագահ Ի. Զաքարյանը հատուկ ընդգծել էր, որ հատկապես շինարարական ոլորտում ապրանքները ձեռք են բերվել շուկայական արժեքից ավելի բարձր գներով: Վերջինս անընդհատ շեշտում էր, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումների մասին տեղյակ են պահում նախագահին և տեղեկություններ ուղարկում Գլխավոր դատախազություն:

Արդյոք դատախազությունն արդեն նյութեր ստացե՞լ է, և խոսքը վերաբերում է այդ ոլորտների նախկի՞ն նախարարներին: Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանն ասեց, թե չի ցանկանում «նախորդներ և ներկաներ» տարբերակում անել, և ավելացրեց, որ առաջիկա օրերին ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի: «Արդեն իսկ ստացել ենք տեղեկություններ թե՛ վերահսկողական ծառայություններից և՛ թե այլ մարմիններից, ովքեր լիազորված են ստուգումներ անցկացնել: Առաջիկայում էլ կստանանք: Հնարավոր է, որ տեղեկություններ ստանանք նաև օպերատիվ ստորաբաժանումներից»,- ասաց Ս. Տռուզյանը` առայժմ չցանկանալով նշել, թե ինչ տեղեկություններ են ստացել, և դրանք որ ոլորտներին են վերաբերում:

Չի բացառվում, որ Գլխավոր դատախազությունն ի վերջո օգտագործի նաև Վերահսկիչ պալատի նախորդ տարիների ստուգումների արդյունքները: Մեր տեղեկություններով, սակայն, այդ նյութերը վերաբերում են հատկապես քաղաքաշինության ոլորտում եղած «ատկատներին» ու մրցույթներին: Իսկ ավելի վաղ դատախազությունը ստացել է ինչ-որ նյութ նաև ճանապարհաշինության ոլորտում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ: 

Ինչ վերաբերում է առողջապահության կամ դեղերի ոլորտներին, ապա այստեղ նույնպես կարող են հետաքրքիր բացահայտումներ լինել: Անցած տարի մամուլում հրապարակվեց, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը որոշել է դեղորայքի շուկայում գործունեություն ծավալել, մասնավորապես` ցանկանում է շաքարային դիաբետի համար անհրաժեշտ ինսուլին և մեկ տասնյակից ավելի դեղորայք ներկրել: Բացի այդ` Գ. Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» ընկերության կազմում է նաև Երևանի դեղագործական ֆաբրիկան: Եվ չի բացառվում, որ առողջապահության և դեղերի ոլորտներում կատարված չարաշահումների կծիկը հասնի մինչև Գ. Ծառուկյան: Եվ ոչ միայն: 

դեղերի շուկան հիմնականում վերահսկում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Եվ առողջապահության նախարարությունը պարբերաբար մատակարարման պայմանագրեր է կնքում պատգամավորին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերության հետ: Այս տարի այդ ընկերության հետ կնքվել է 913 մլն դրամի դեղի մատակարարման պայմանագիր` այն դեպքում, երբ 2012թ. բյուջեով դեղորայքի ձեռք բերման համար նախատեսված է հատկացնել 3,7 մլրդ դրամ: Այնպես որ` չի բացառվում, որ բավականին աղմկոտ բացահայտումների ականատես լինենք նաև այս ոլորտում:

Իսկ քաղաքական շրջանակներում շրջանառվող խոսակցությունների համաձայն` Ս. Սարգսյանը սպասում է նախագահական ընտրությունների հետ կապված` ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի որոշմանը: Եթե վերջինս այնպիսի որոշում կայացնի, որին դեմ է Ս. Սարգսյանը, ապա ԲՀԿ-ի նախկին նախարարների հետ կապված ատկատների ու չարաշահումների գործերը կբացահայտվեն և կպատժվեն ամենայն խստությամբ: Հակառակ դեպքում` նախորդների նման դրանք ևս ծածկադմփոց կարվեն:

No comments:

Post a Comment