Քաղաքագետ, Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ հաշվի առնելով փաստը, որ «Ժառանգություն» կուսակցությունը ընտրությունների վերահսկողության միասնական շտաբ ստեղծելու մասին հռչակագրից իր ստորագրությունը պաշտոնապես հետ չի վերցրել, ապա կմնա այդ ձևաչափի մասնակից ՝ անկախ նրանից կուսակցությունը վաղը կմասնակցի Հայաստանի քաղաքագետների միության ընդլայնված նիստին, թե՝ ոչ:
«Այլապես թող հետ վերցնեն ստորագրությունը և հայտարարեն, որ ուխտադրույժ են»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ում նախաձեռնությամբ ստորագրվեց վերոհիշյալ փաստաթուղթը:
Հիշեցնենք, որ «Ժառանգությունը» ապրիլի 4- ին՝ քաղաքական չորս ուժերի՝ Հայ հեղափոխական դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան», և «Հայ ազգային կոնգրչես» ընդդիմադիր դաշինքի հետ միասնական ընտրությունների վերահսկողության միասնական շտաբ ձևավորելու մասին հռչակագրի տակ ստորագրելուց հետո հայտարարեց, որ մի շարք առաջարկներ ունի, որոնց չընդունումն անիմաստ է դարձնում իրենց մասնակցությունը: Իսկ «Ժառանգության» հիմնական առաջարկն այն էր, որ փաստաթղթի տակ ստորագրեն հիշյալ կուսակցությունների առաջին դեմքերը:
Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, ով իրեն այս գործընթացի «մոդերատոր» է համարում, նշեց, որ ինքը կուսակցությունների նախագահներից ճշտել է՝ ստորագրություն դրած անձինք իրենց կողմից լիազորված եղե՞լ են, և ստացել՝ դրական պատասխաններ:
Հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյա՞նն ինչ պատասխան է տվել, Հմայակ Հովհաննիսյանն ասաց. «Քանի որ և՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, և՛ «Ժառանգության» միասնական ցուցակում ընդգրկված Խաչատուր Քոքոբելյանը մասնակցել են պլենար նիստին նախորդող սեկցիոն նիստերին, ապա ինքը հռչակագրի ստորագրման ժամանակ սպասել է հենց Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայությանը: Սակայն «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, որ ինքն է լիազորված փաստաթղթի տակ ստորագրություն դնել:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ կողոպտվել և «անշարժունակ» էր դարձել Հմայակ Հովհաննիսյանի Վոլգա ԳԱԶ 31 մակնիշի ավտոմեքենան, ինչը քաղաքագետը միանշանակորեն կապել էր ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ստեղծելու իր նախաձառնության հետ:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ այսօր տեղի չունեցավ Հմայակ Հովհաննիսյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը, որը նվիրված էր լինելու նրա Վոլգայի կողոպուտին, քաղաքագետն ասաց, որ իրեն դեռ անհրաժեշտ են ինչ-ինչ հանգամանքներ պարզել, որպեսզի «պատկերը լինի ամբողջական»:
Ի դեպ, այս պահին Հմայակ Հովհաննիսյանն արդեն ունի մեքենայի կողոպուտի՝ իր համար միանգամայն հիմնավորված վարկածը, բայց այն դեռ լրացուցիչ տեղեկատվությամբ հիմնավորելու կարիք ունի:
Հարցին, թե՝ քաղաքագետը և՞ս ուխտադրժություն է համարում այն, որ հռչակագրի ստորագրմանը միացած երկու ուժերից՝ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն երեկ մասնակցել են նույն նպատակների շուրջ Դավիթ Հարությունյանի կողմից առաջարկվող ֆորմատին, Հովհաննիսյանը նախ արձանագրեց, որ միասնական վերահսկողության գաղափարն իրենն է, քանի որ այս մասին, դեռ հունվարից սկսած, քննարկումներ է կազմակերպել, ապա նկատեց, որ դեմ չէ, եթե ՀՀԿ-ում էլ են «տոգորվում այդ գաղափարով»: Բայց չմոռացավ նաև հավելել, որ գաղափարն անհնար է յուրացնել։
«Դա նյութական արժեք չէ, որ վերցնես, մեքենա չէ, որ կողոպտես, գաղափարը կողոպտել հնարավոր չէ»,- եզրափակեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահը:
No comments:
Post a Comment