Popular Posts

Tuesday, May 8, 2012

Հայաստանի իշխանությունը կարողացավ կեղծել ընտրությունները գրեթե իդեալական, անխոցելի մակարդակով

Մայիսի 6-ին տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության պատմության մեջ եզակի ընտրություններ: Գոնե 1996 թվականից հետո` եզակի: Հայաստանի իշխանությունը կարողացավ կեղծել ընտրությունները գրեթե իդեալական, անխոցելի մակարդակով: Օտարերկրյա դիտորդների, միջազգային հանրության ավելի քնքուշ, ավելի բարձր գնահատական չէր կարող ակնկալել նույնիսկ ամենաժողովրդավարական իշխանությունը: Իշխանությունը կարողացավ ապահովել դա` լինելով ժողովրդավարությունից այնքան հեռու, որքան հնարավոր է: Հայաստանի իշխանությունը կեղծեց ընտրությունների արդյունքները այնքան պրոֆեսիոնալ, այնքան անխոցելի կերպով, որքան կարող է գործել ամենափորձված գողն`անապացուցելի գողություն կատարելիս: Իշխանությունը գողացավ հասարակության ձայնը այնքան հարթ, այնքան անաղմուկ, որ դա չի կարողանա ապացուցել նույնիսկ Հաագայի միջազգային դատարանը: Իշխանությունը գողացավ ընտրողների ձայնը մարդկանց հոգում, ընտրությունը խեղդեց հենց բնում` քվեարկության գնացողների մտածողության մեջ, արժեքային համակարգում: Իշխանությունը գնեց ամեն ինչ` ձայնից մինչև բարոյականություն: Եվ թույլ տվեց մյուսներին գնել այնքան, որքան կարելի է: Մեկին թույլ տվեց գնել փողով, մյուսներին` մարդկանց խաբելով, իմիտացիայով: Բայց իրավիճակի ողջ նրբությունն այն է, որ իշխանությունը դա արեց բոլորի հետ միասին' ամենաարմատակւսնից մինչև ամենակառուցողական ընդդիմության հետ միասին: Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ բացի ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից, մնացած բոլոր ուժերը խորհրդարան անցան բացառապես իշխանության բարեհաճության շնորհիվ: Իսկ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն` փողի ու իշխանական ռեսուրսների: Այսինքն` իշխանությունն ընտրությունների արդյունքներով ընտրությունների օրվա ավարտին քաղաքական ուժերին դրեց շատ որոշակի երկընտրանքի առաջ` կամ բողոքարկել, բոյկոտել ընտրությունների արդյունքները (որքան էլ դրա ապացուցողական հիմքը թույլ լինի), կամ դառնալ կոնֆորմիստ' բառի ամենալայն իմաստով` յուրաքանչյուրն իր ստացած, ավելի ճիշտ` իրեն նվիրված տոկոսների չափով: ԿԸՀ հրապարակած արդյունքները ցույց տվեցին, որ բոլոր մեծ ու փոքր ուժերին իշխանությունը խորհրդարան գնալու սահմանային հնարավորություն տվեց` դրանով իսկ նրանց առջև դրված երկընտրանքը դարձնելով ավելի անդառնալի` կամ ընդունել իրենց հատկացված տոկոսները և «բողոքել» այնքանով, որքանով որ պետք է իշխանությանը, կամ բոյկոտել ընտրությունների արդյունքները: Ընդունելով իրենց տրված տոկոսները` այդ ուժերը զրկվում են ընտրությունների արդյունքները վիճարկելու բարոյական ու քաղաքական իրավունքից, քանի որ բոլորը դժգոհ լինելով իրենց «նետված» տոկոսների թվային արտահայտությունից, մեծագույն հաճույքով վերցնելու են պատգամավորական մանդատները: Հակառակ պարագայում` ընտրությունների լեգիտիմությունը վիճարկելու պարագայում այդ ուժերը պետք է հրաժարվեն իրենց մանդատներից, ինչը, արդեն վստահաբար կարելի է ասել, չեն անելու: Դատելով ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ու «ժառանգության» երեկվա վարքագծից (բոլորը` տարբեր ձևակերպումներով, երեկ խուսափել են պաշտոնական գնահատական տալ և դիրքորոշում արտահայտել ընտրությունների արդյունքների վերաբերյալ), բոլորն ընդունել են իշխանության խաղի կանոնը և ժամանակ են «ձգում» ընդամենը հետընտրական գործարքներում ավելին ստանալու ակնկալիքների պատճառով: Այլապես, երեկ արդեն գոնե այդ ուժերի մի մասը պետք է հրապարակում լիներ: Այսինքն` լայն իմաստով խորհրդարան անցած բոլոր 6 ուժերը մասնակից են այն գործընթացին, որը բեմադրեց իշխանությունը և որն արժանացավ միջազգային հանրության բոլոր բևեռների աննախադեպ գնահատականին: Այդ թվում` այն բևեռների, որոնց «վիզը ծռած» նայում են խորհրդարան անցած բոլոր ուժերը: Այնպես որ, մայիսի 6-ի ընտրություններն իսկապես աննախադեպ էին` կատարյալ ձևի, սակայն ապաքաղաքական, հակաժողովրդավարական` բովանդակության տեսանկյունից: Իշխանությունը վերարտադրվեց այնքան գեղեցիկ, որքան գեղեցիկ էին հնչում «ընդդիմադիր» ուժերի` իշխանություններին փոխելու խոստումները նախընտրական շրջանում:

No comments:

Post a Comment