Popular Posts

Tuesday, May 8, 2012

Արարատի նախկին քաղաքապետը գլխավոր դատախազին բողոքում է գործող քաղաքապետի «հանցագործությունների» մասին


Արարատի նախկին քաղաքապետ Հակոբ Պետիկի Թովմասյանը, «Հանցագործություն կատարելու մասին» վերնագրով նամակ է ուղղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ուր տեղեկացնում է, որ Արարատ քաղաքում լուրեր են պտտվում այն մասին,որ գործող քաղաքապետը նախկին քաղաքապետի ստորագրությունն ու քաղաքապետի և ավագանու որոշումները կեղծելու ճանապարհով, օտարել և անձամբ ինքն է գնել համայնքի կենսագործունեության համար կարևոր օբյեկտներ:

Ըստ նամակի՝ դրանց շարքում հիշատակվում են Արարատ քաղաքի Աբովյան փողոցի վրա գտնվող մանկապարտեզի շենքը` իր տարածքով, քաղաքի միակ պատկերասրահը, քաղաքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճը, Խանջյան փողոցի վրա ավտոտնակներին հարող մայթը և փոխելով համայնքի հիմնական միջոցների ցանկը հաշվեկշռից դուրս է թողել կենտրոնական բոյլերակայանի շենքը` իր գույքով:

Նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանը գրում է, թե պտտվող լուրերի իսկությունը պարզելու նպատակով դիմել է ԱԳԿ Արարատի տարածքային ստորաբաժանում` նշված գույքերի օտարման կադաստրային գործերում առկա քաղաքապետի և ավագանու որոշումների պատճենները ստանալու խնդրանքով:

Ըստ նամակի՝ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արարատի տարածքային ստորաբաժանումից ձեռք բերված Արարատ քաղաքի Աբովյան փողոց 8 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենների ուսումնասիրությունից պարզել է,որ քաղաքում պտտվող լուրերը ամբողջովին համապատասխանում են իրականությանը:

«Քաղաքապետը կեղծել է ավագանու և քաղաքապետի որոշումներն ու իմ ստորագրությունները, կեղծված որոշումները որպես հիմք (իբր իմ քաղաքապետության տարիներին մանկապարտեզի շենքի կարգավիճակը փոխված լինելու մասին)` օգտագործելով քաղաքապետը մանկապարտեզի շենքի օտարման մասին հարց է ներկայացրել ավագանու նիստին և այն օտարելու մասին որոշում է կայացվել` իբր նախկին մանկապարտեզի շենք: Միաժամանակ տեղեկացնում եմ,որ մանկապարտեզի շենքի օտարման հարցը քննարկելիս նիստին ներկա են եղել և որոշմանը կողմ են քվեարկել ավագանու անդամներ, ովքեր ավագանու անդամներ են եղել նաև 2005թ., այսինքն այն ժամանակ,երբ իբր մանկապարտեզի շենքի կարգավիճակի փոփոխման մասին ավագանու որոշում է կայացվել: Իսկ ամենազավեշտալին այն է, որ իր իսկ կողմից կազմված աճուրդում հաղթող էր ճանաչվել հենց ինքը`քաղաքապետը, ով ըստ օրենքի ի պաշտոնե աճուրդային հանձնաժողովի նախագահն է ...»,- գրում է նախկին քաղաքապետը:

Վերջինս նաև նշում է, որ. «Կատարված հանցագործության մասին գրավոր տեղեկացրել եմ Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Ազատի Սարգսյանին, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ պարոն Է.Բարսեղյանին, Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Տ.Սարգսյանին, Անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Ա.Բաղդասարյանին»:
Հակոբ Թովմասյանը նամակն ավարտում է խնդրանքով՝ ներկայիս քաղաքապետին ենթարկել քրեական պատասխանատվության կատարված հանցագործության համար:

No comments:

Post a Comment