Popular Posts

Tuesday, May 8, 2012

Մոռացված «կարուսելի» մեթոդը լայնածավալ կիրառվեց այս ընտրություններին. Սաքունց


Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը չի կարծում, որ ընտրություններն անցել են ազատ ու թափանցիկ: Այս մասին այսօր հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Վանաձորում, Գյումրիում, Իջևանում և Երևանի թիվ 7 ընտրատարածքում դիտորդական առաքելություն իրականացրած գրասենյակը արձանագրել է մի շարք ընտրակեղծիքներ, որոնց մասին տաս օր հետո կներկայացնի զեկույց, իսկ առայժմ նշեց հետևյալը.«Առաջին խախտումը կապված է դրոշմակնիքի թանաքի շուտ ցնդելու հետ, իրականացվել է ընտրակաշառքների լայնորեն կիրառում, նույնիսկ, հենց ընտրությունների օրը»:

«Մենք ունենք նման դեպքերի արձանագրում տեսախցիկով, որը շուտով կլինի համացանցում»,- ասաց նա և ավելացրեց, որ իրենք ահազանգ են ստացել, որ ընտրակաշառք են բաժանում Հայաստանի հանրապետական կուսակցությունը, մասամբ, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ն ընտրակաշառք է բաժանել, ավելի շատ, բարեգործության անվան տակ ընտրարշավի ընթացքում:

Սաքունցը նաև նշեց, որ այս ընտրություններին լայնորեն կիրառվել է արդեն վաղուց մոռացված «կարուսելի» մեթոդը:
«Այդ մեթոդի կիրառման մասին է վկայում հենց բազմաթիվ դատարկ ծրարների առկայությունը: Այս կարուսելի գործընթացը դժվար վերահսկելի է: ԵԱՀԿ-ի զեկույցում կարուսելի մասին ակնարկ չկար, երևի նրանք չեն նկատել, որ դա մասսայական բնույթ է կրում»,- ասաց նա:

Արթուր Սաքունցը նաև նշեց, որ ընտրակաշառք բաժանելու մասին ահազանգերի հետևից ՀՀ ոստիկանությունը չի գնացել և չի ձեռնարկել կանխարգելիչ որևէ քայլ:

No comments:

Post a Comment