Ցուցաբերելով կոշտ և անզիջում մոտեցում՝ Սերժ Սարգսյանը առիթ ստեղծեց և «Բարգավաճ Հայաստանին» ներքաշեց վարչական ռեսուրսից հրաժարվելու անհրաժեշտության դաշտ,-նման կարծիք հայտնեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, մինչև երեկ ԲՀԿ համամասնական ցուցակի իններորդ համար Հմայակ Հովհաննիսյանը, ով մի քանի օր առաջ հայտարարում էր, որ ինքնաբացարկի դիմում է ներկայացնելու, քանի որ դեմ է ԲՀԿ-ի՝ կոալիցիա մտնելուն:
Իսկ Սերժ Սարգսյանի կոշտ և անզիջում մոտեցումն ըստ Հմայակ Հովհաննիսյանի՝ արտահայտվել է վարչապետի փոփոխությանը վերաբերող պահանջում չզիջելով:
«Իսկ ԲՀԿ-ին վարչական ռեսուրսից հրաժարեցնելու հիմքում ընկած է կասկածը, որ ինչպես խորհրդարանական ընտրություններին եղավ, երբ ԲՀԿ-ն մտավ արմատական ընդդիմության հետ շփումների մեջ, նույնը կարող է տեղի ունենալ նախագահական ընտրություններին, և եթե կուսակցությունը տիրապետի վարչական ռեսուրսի, ապա դա որոշակի վտանգներ կստեղծի Սերժ Սարգսյանի վերընտրման հարցում»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ հայաստանյան իրականության մեջ ընտրությունների արդյունքը կանխորոշվում է երկու վճռորոշ գործոններով՝ վարչական ռեսուրս և ֆինանսական միջոցներ:
Հիշեցնենք, որ հենց Հմայակ Հովհաննիսյանն էր արմատական ընդդիմության հետ համագործակցության նախաձեռնողը, այսինքն՝ ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի, ինչպես ինքն էր ձևակերպում՝ «մոդերատորը»:
Ըստ վերջինիս, մյուս կողմից էլ՝ Սերժ Սարգսյանի կոշտությունն արտահայտվել է ՀՀԿ-ի՝ ԲՀԿ-ի առջև դրված՝ նախագահական ընտրություններում նրա թեկնածությունը պաշտպանելու պահանջով:
Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ չնայած 2011-ին ստորագրված կոալիցիոն հուշագրում այս մասին դրույթ կա, Հանրապետականից մշտապես պահանջվել է վերաթարմացնել հուշագիրը, ինչին ԲՀԿ-ն որևէ ձևով չէր արձագանքում:
Հետևաբար, ըստ Հմայակ Հովհաննիսյանի, առաջնային դարձավ ԲՀԿ-ին վարչական ռեսուրսից զրկելու հարցը, ինչն էլ ապահովվեց Սերժ Սարգսյանի ստեղծած առիթով:
Ինչ վերաբերում է մեր մյուս հարցին, թե այս զարգացումների մասին Հմայակ Հովհաննիսյանը նո՞ր է իմանում և որպես կայացած փաստ ներկայացնում և ինչո՞ւ չէր այս մասին առաջ խոսում, Հմայակ Հովհաննիսյանն ասաց. «Բա ես ինչու՞ եմ ինքնաբացարկ հայտարարել, որպեսզի նախագահական ընտրություններին անկաշկանդ ձևավորեմ իմ դիրքորոշումը՝ ելնելով միմիայն իմ սեփական քաղաքագիտական դիտարկումներից, իրավիճակի անաչառ վերլուծությունից»:
Բայց չէ, որ Հմայակ Հովհաննիսյանը քաղաքագիտական իր դիրքերից հեռացել էր այն պահին, երբ ընդգրկվել էր ԲՀԿ համամասնական ցուցակ՝ որպես պատգամավորության ակտիվ թեկնածու: Մեր այն հարցին, թե ինչու է վերադարձել քաղաքագետի դիրքերին, թեկնածուի դիրքերից, Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց.«Ես քաղաքագիտական դիրքերից դուրս չէի, ես քանիցս հայտարարում էի, որ փորձելու եմ համադրել, բայց տեսա, որ համադրելու հնարավորությունները սահմանափակ են»:
No comments:
Post a Comment