Popular Posts

Tuesday, May 8, 2012

Ով ում կմիանա. հնարավոր կոալիցիաների մասին


Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրում է. «Պարզ է, որ այսօրվանից քաղաքական ուժերը սկսել են նախապատրաստվել հաջորդ տարվա նախագահական ընտրություններին, և այն դասավորությունը, որը ստեղծվել է խորհրդարանում, պետք է դիտել հենց այդ տեսանկյունից: Նախ` հնարավոր կոալիցիաների մասին: Ամենավատ տարբերակը կլինի, եթե ԲՀԿ-ն միանա ՀՀԿ-ին և ՕԵԿ-ին: Դա վատ կլինի նրանով, որ խորհրդարանն այդ դեպքում կշարունակի խաղալ դակիչի դերը, և կառավարության բերած օրենքները ոչ մի «օրենսդրական փորձագիտություն» չեն անցնի: Ծայրահեղ լճացումը մեր երկրին օգուտ չի բերի: Վատ տարբերակ չէ, որ ԲՀԿ-ն միանա ՀԱԿ-ին և առաջիկա ընտրություններում պաշտպանի Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Բայց նման սցենարը քիչ հավանական է` ոչ այնքան այն պատճառով, որ գուցե Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ական մնացած գործարարների բիզնեսները կհայտնվեն հարվածի տակ: Պարզապես այդ դեպքում Կոնգրեսը պետք է պարտավորվի ոչ մի վատ բան չասել Ռոբերտ Քոչարյանի մասին, իսկ վերջինս էլ, այդ պայմանավորվածության շրջանակներում, չպիտի քննադատի առաջին նախագահին և նրա իշխանության տարիները: Դիրքորոշումների այդպիսի 180 տոկոսանոց շրջադարձ թեև հնարավոր է, բայց այս պահին` դժվար պատկերացնելի:

Ամենաօպտիմալ տարբերակը հետևյալն է. ԲՀԿ-ն ոչ մեկին չի միանում և հանդես է գալիս ինքնուրույն` կառուցողական ընդդիմության դիրքերից: Մյուս երեք ընդդիմադիր խմբակցությունների հետ, ըստ անհրաժեշտության, փորձում է շտկել, բարելավել, իսկ երբեմն նաև` տապալել կառավարության բերած օրենքները: Որբան դժվար լինի կառավարությանն աշխատել ԱԺ-ի հետ, այնքան բարձր կլինի օրենքների որակը: Իսկ մեկ տարվա ընթացքում «Բարգավաճը» կկողմնորոշվի` երեբ նախագահներից որ մեկին պաշտպանել կամ գուցե առաջ քաշել պարոն Օսկանյանին:

Չլինելով Կոնգրեսի կամ որևէ այլ քաղաքական ուժի համակիր` ուրախ եմ, որ ՀԱԿ-ը հայտնվել է խորհրդարանում: Նախ` պատգամավոր լինելը ենթադրում է պատասխանատվության և լրջության այլ մակարդակ: Երկրորդ` սկգբունքային եմ համարում, որ պատգամավոր է, ըստ ամենայնի, դառնալու Հրանտ Բագրատյանը. համաձայնեք, տարբեր բաներ են` քննադատել կառավարությանը ասուլիսներում, թե Աժ-ի ամբիոնից: Եթե կառավարությունը կատարի ոչ խելամիտ քայլ [ինչը նա բազմիցս արել է այս 4 տարվա ընթացքում], պարոն Բագրատյանը, Արա Նռանյանը, Արծվիկ Մինասյանը, Վահե Հովհաննիսյանը, նույն Վարդան Օսկանյանը պառլամենտական կոռեկտության սահմաններում պետք է ցույց տան ճիշտ ճանապարհը: Կամ` կհամոզեն կառավարությանը, իսկ եթե չհամոզեն, ապա հասարակությունը կիմանա այլընտրանքային դիրքորոշումները, և դա կլինի շատ լավ նախընտրական քարոզչություն` առաջիկա նախագահական ընտրություններից աոաջ: Հիմնական մարտահրավերներն այսօր, իհարկե, սոցիալ-տնտեսական են: Նոր խորհրդարանն այստեղ շատ ավելի մեծ հնարավորություններ ունի, քան նախորդը»:

No comments:

Post a Comment