Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հրաժարվել է ընդունել Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 67-րդ տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձը, հայտնում է vz.ru-ն:
Մայիսի 9-ի կապակցությամբ, Պուտինն ԱՊՀ անդամ երկրների, այդ թվում` Վրաստանի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի առաջնորդներին շնորհավորական ուղերձներ է հղել:
Թբիլիսիի Վակիի պուրակում Անհայտ զինվորի շիրիմին ծաղկեպսակ դնելուց հետո, փոխարտգործնախարար Նիկոլոզ Վաշաքիձեն հայտնել է լրագրողներին, «նման շնորհավորանքներով Պուտինը կարող է այլևս իրեն չանհանգստացնել: Վրաց ժողովուրդը չի ընդունում նման վիրավորական շնորհավորանքները»:
Ի դեպ, միջոցառմանը ներկա է եղել նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր ներկայացուցիչ Հովհաննես Մանուկյանը:
Իր հերթին, նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Պուտինի ուղերձը «ցինիկ» է, և Թբիլիսիում չեն հավատում Մոսկվայի` «Վրաստանի հանդեպ սիրո» մասին հայտարարություններին:
Սաակաշվիլիին ուղղված ուղերձում Պուտինն ընդգծել էր, որ որքան ժամանակ էլ անցնի, Մայիսի 9-ը հավետ կմնա Ռուսաստանի ու Վրաստանի ժողովուրդների համար ընդհանուր հպարտության ու հիշատակի օր:
«Հաղթանակի օրվա կապակցութամբ, ցանկանում եմ խորը երախտագիտություն հայտնել Հայրենականի վետերաններին, նրանց մաղթել առղջություն ու երկարակեցություն, իսկ ողջ վրաց ժողովրդին` խաղաղություն ու բարգավաճում»,- ասված է ՌԴ նախագահի ուղերձում:
No comments:
Post a Comment