Popular Posts

Wednesday, October 5, 2011

Թոմաս դե Վաալը Քոչարյանի մասին


The National Interest հանդեսը հրապարակել է Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալի «Վլադիմիր Պուտինը և Հարավային Կովկասը» վերտառությամբ հոդվածը, որը ներկայացնում ենք «Ազատություն» ռադիոկայանի թարգմանությամբ:
Հեղինակը գրում է, որ Ռուսաստանի հարևանները այժմ փորձում են գուշակել, թե իրենց համար ինչ կարող է նշանակել Կրեմլ վերադառնալու Պուտինի մտադրությունը։ Այդպիսի տարածաշրջաններից մեկը Հարավային Կովկասն է։
Վերլուծաբանի համոզմամբ` Պուտինի ազդարարած վերադարձը հարավկովկասյան լիդերներին վստահաբար կստիպի վերանայել հաշվարկները։ Հայաստանում այդ լուրն անպայման կուրախացնի Ռոբերտ Քոչարյանին` ևս մեկ նախկին նախագահի, ով ստվերում էր։ Կան ակնհայտ զուգահեռներ` երկուսն էլ երկու անգամ անընդմեջ պաշտոնավարելուց հետո 2008 թվականին են հեռացել նախագահական նստավայրից և աթոռը հանձնել են վստահելի գործիչներին։ Ինչպես և Պուտինը, Քոչարյանն էլ ունի կոշտ և անզիջում անձնավորության համբավ։ Ուստի, նա կարող է իր երբեմնի դաշնակցի վերադարձը դիտել որպես իր հանրային կարիերան վերսկսելու պատեհություն։
Սակայն այս խնդրում կան նաև հստակ տարբերություններ։ Մասնավորապես, նշում է վերլուծաբանը, ի տարբերություն Դմիտրի Մեդվեդևի` Սերժ Սարգսյանը, որի պաշտոնավարման ժամկետը 2013 թվականին է սպառվում, իր նախորդի հետ հավասար դիրքի է. երկուսն էլ մոտ երեք տասնամյակ համագործակցել են, իրենց քաղաքական կարիերաները անցած դարի 80-ականների սկզբին են սկսել, ընդ որում` Ստեփանակերտի կոմերիտական կազմակերպությունում Սարգսյանը Քոչարյանից ավելի բարձր պաշտոն է զբաղեցրել։
Այդուհանդերձ, ըստ Թոմաս դե Վաալի, հիմնական տարբերությունն այն է, որ եթե Ռուսաստանում կայանան արդար ընտրություններ, այլ ոչ թե ձևական թագադրություն, ապա մեծ ժողովրդականություն վայելող Պուտինը, ամենայն հավանականությամբ, իսկապես կհաղթի, մինչդեռ ժողովրդի կողմից ծայրաստիճան չսիրված Քոչարյանը վերադարձի փորձ անելու դեպքում կհանդիպի հանրության հզոր հակազդեցությանը։ Սերժ Սարգսյանը դա գիտակցում է, և Քոչարյանի վերադարձի փորձը նրան նույնիսկ կարող է ընդդիմության լիդերների լռելյայն աջակցությունն ապահովել, քանի որ նրանք կցանկանան նստավայրում Քոչարյանի փոխարեն Սարգսյանին տեսնել, կարծիք է հայտնում վերլուծաբանը։

No comments:

Post a Comment