Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօրվա հանրահավաքին ելույթի փոխարեն ներկայացրեց մի փաստաթուղթ, որը մի քանի օր տևած երկար քննարկումներից հետո ընդունվել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի կողմից, ապա հայաձայնեցվել քաղխորհրդի անդամների և տարածքային կառուցների ղեկավարների հետ: Ըստ ՀԱԿ առաջնորդի այն` շուրջօրյա նստացույց-հանրահավաքի բանաձևն է:
ՀԱԿ բանաձևում, որը ներկայացրեց կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ-ը դադարեցնում է նստացույց-հանրահավաքը: Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, որի ընթացքում ՀԱԿ-ը կներկայացնի հետագա գործունեության ծրագիրն ու անելիքները:
Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով` միջոցառումն ապացուցեց, որ եթե ոստիկանությունը չի միջամտում, ապա Կոնգրեսի պատճառով ոչ մի միջադեպ չի լինում, նույնը կլիներ, եթե 2008-ի մարտի մեկին էլ ոստիկանությունը բռնությամբ չցրեր Ազատության հրապարակի ցույցը:
Բանաձևի համաձայն` նստացույցը միակուռ դարձրեց ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցություններին. քաղաքական խնդրի շուրջ նրանց միավորումն ամրապնդվեց նաև մարդկային-հոգևոր կապի շնորհիվ:
Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով` համաժողովրդական շարժման ներկա ակտիվացումը խորացրեց իշխանական ճամբարի ճեղքերը, հասարակական անվտանհությունն ու համընդհանուր արգահատանքը:
Համաժողովրդական շարժման և Մարտի մեկի զոհերի ծնողների ակտիվության շնորհիվ ԵԽԽՎ-ն վերանայել է Հայաստանի վերաբերյալ բանաձևի նախագիծը և խիստ պահանջներ է դրել Հայաստանի իշխանությունների առջև` ցույց տալով միջազգային կառույցների որոշումների կախվածությունը համաժողովրդական շարժման ակտիվությունից:
«Մենք կհասնենք ողջ աշխարհի հարգանքին, եթե պայքարենք մեր իրավունքների համար»,- հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը:
ՀԱԿ-ը, սկսելով հանրահավաքները, պատրաստ էր վերսկսել երկխոսությունը, սակայն իշխանությունների կատարյալ անհաղորդությունը ՀԱԿ-ին ստիպեց անիմաստ համարել երկխոսությունը, սակայն, ըստ ՀԱԿ առաջնորդի, եթե կոալիցիոն պատվիրակությունը իր նախաձեռնությամբ դիմի կոնգրեսին` վերսկսելու երկխոսությունը, ՀԱԿ-ը կքննարկի հնարավորությունը: Լևոն Տեր-Պետրոսյանը, սակայն, դրա հնարավորությունը քիչ հավանական է համարում: «Նույնիսկ արտահերթ խորհրդարականան և նախագահական ընտրություններն են դադարել արդիական լինելուց. Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականն այժմ ամենաարդիականն է:
ՀԱԿ-ը շուրջօրյա նստացույց հանրահավաքների կայացումը համարում է չորս տարի առաջ սկիզբ առած համաժողովրդական շարժումների մեծագույն ձեռքբերում: Բավարարվածության զգացումով ՀԱԿ-ն Ազատության հրապարակում գիշերող հազարավոր նվիրյալների առաջարկում է ժամանակավոր դադարեցնել միջոցառումը»,- հայտարարեց ՀԱԿ առաջնորդը: Հավաքվածների շարքերից դժգոհության հնչյուններ լսելով` նա ընդգծեց, որ պայքարի հաջողությունը կախված է միայն Կոնգրեսի ղեկավարության որոշումների անվերապահ կատարումից: «Ով այդպես չի վարվում օգնում է Սերժ Սարգսյանին: Պետք է դադարեցնել շուրջօրյա հանրահավաքները` ցանկացած պահի պատրստ լինելով անժամկետ նստացույց»,-ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:
No comments:
Post a Comment