«Դուք ութ օր անձրևին թե ցրտին, կանգնելով թե քայլելով, խոսելով թե մտահոգ մեզ հետ միասին անցկացրեցիք այս օրերը: Դուք գիտեք, որ ՀԱԿ-ում տարբեր կուսակցություններ ու կազմակերպություններ կան, որոնք տարբեր կերպ են մտածում շատ հարցերի շուրջ, բայց այս օրերին սեր ու միասնություն էր ամեն հարցում:
Ոչ մի պաշտոն ու անսահման իշխանություն չի կարող համեմատվել գիշերը վրանում մեկ բաժակ թեյ խմելուն այն մարդու հետ, ում անունը նույնիսկ չգիտես: Ինքնազոհության ու հերոսության գնալն ամեն մարդու տրված չէ: Իսկ ես հետևյալ եզրահանգման եմ եկել. ՀՀ հասարակությունը մարտնչում է իր ժողովրդավարության և իրավունքների համար: Այստեղ հավաքված է այն ժողովուրդը, որն, ինչպես կասեր Երվանդ Մանարյանը, մերանն է, հենքը, որի վրա պետք է ստեղծվի ժողովրդավարությունը»,- ասաց Արամ Սարգսյանը:
Ըստ նրա՝ Հայաստանում կա ձևավորված, կազմավորված ընդդիմություն, որն ունակ է առաջնորդել այս ժողովրդին դեպի հաղթանակը:
«Հասնելու է նաև հարձակվելու ժամանակը, չկասկածեք, մենք բոլորս ուզում ենք մեկ բան, որ մենք, մեր զավակներն ու թոռները սոցիալական անհավասարությունից, օրենքի առաջ անպաշտպանությունից ու անհավասարությունից չլքեն այս երկիրը, մենք միակ ուղին տեսնում ենք օրինական ընտրություններում, որի հիմնական երաշխավորը արտահերթ ընտրություններն են, ինչի համար էլ հավաքվել ենք: Հավատացեք, մենք հասնելու ենք արտահերթ ընտրությունների, կտեսնեք դա»,- հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը:
No comments:
Post a Comment