Ազատության հրապարակում ավարտվեց Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի յուրօրինակ ասուլիսը: Նա պատասխանեց մոտ 4 տասնյակ հարցի:
Առաջին հարցը եղել է մարտի 1-ի եւ 1996 թվականի համեմատության մասին:
«Համեմատությունը տեղին է միայն մեկ պարագայում, որ երկու ընտրություններն էլ տեղի են ունեցել ընտրություններից հետո բողոքի արդյունքում: Սրանով համեմատությունն ավարտվում է, որովհետեւ այն, ինչ տեղի է ունեցել մարտի 1-ին, աննախադեպ է հայոց պատմության անկախության այս քսան տարիներին», հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Ըստ նրա, 1996 թվականի սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանն այս հրապարակում հանրահավաք է արել, այն տարել դեպի Բաղրամյան փողոց, ԱԺ շենք, ու հայտարարել, որ եթե մտնեմ ԿԸՀ, որն այդ շենքում էր, ու քսան րոպե հետո դուրս չգամ, բոլորդ եկեք իմ հետեւից: Տեր-Պետրոսյանն ասել է, որ քսան րոպե անց ժողովուրդը, մոտ հինգ հազար մարդ, սկսեց բարձրանալ ԱԺ ճաղերը: Տեր -Պետրոսյանն ասել է, որ այդ ժամանակ ինքն ու իրավապահները իր նախագահական սենյակում էին եւ այդ օրվա անվտանգության միջոցառումների պատասխանատվությունը դրված էր ազգային անվտանգության նախարար Սերժիկ Սարգսյանի վրա:
«Անգամ իմ անձնական անվտանգության ծառայությունը դրված էր նրա հրամանի տակ: Ոչ Վանո Սիրադեղյանը, ոչ Վազգեն Սարգսյանը, ոչ Ռոման Ղազարյանը, այդ հարցում որեւէ իրավասություն չունեին եւ ենթարկվում էին Սերժիկ Սարգսյանին: Այդ պահին, երբ նրանք բարձրացան ճաղերը եւ ներխուժեցին ԱԺ շենք, Սերժ Սարգսյանը իմ գրասենյակում մոտեցավ ինձ եւ ասաց՝ շեֆ, պետք ա կրակել: Ասի ոչ մի դեպքում, սպասեք: Բայց երբ հայտնի դարձավ, որ ներխուժողները առեւանգել եւ լինչի դատաստանի են ենթարկել ԱԺ նախագահին եւ փոխնախագահին, Սերժ Սարգսյանը նորից կրկնեց, որ պետք է կրակել: Ես մի պահ մտածեցի եւ ասեցի միայն օդ: Կրակեցին օդ եւ տասը րոպե անց ժողովուրդը ցրվեց: Այդ օրը ոչ մի հրազենային վիրավոր չի եղել, հայտարարել է Տեր-Պետրոսյանը, ասելով, որ ովքեր համեմատում են դա մարտի 1-ի հետ, նրանք այս իշխանության փաստաբաններն են:
No comments:
Post a Comment