«Ուղիղ 55 տարի առաջ` 1956թ. հոկտեմբերի 19–ին, Սովետական Միությունը Կուրիլյան կղզիների վերաբերյալ Ճապոնիայի հետ համատեղ հռչակագիր ստորագրեց։ Հռչակագրում խոսվում էր նաև խաղաղ պայմանագրի կնքման դեպքում այդ կղզիների մի մասը ճապոնացիներին փոխանցելու մասին: Պայմանագիրը մինչև այսօր չի ստորագրվել. Տոկիոն պահանջում է ոչ թե 2, այլ 4 կղզի՝ Հարավային Կուրիլների համար վեճն անվերջ դիվանագիտական տուրուդմփոցի վերածելով։ Ռուսաստանի և Ճապոնիայի տարածքային կոնֆլիկտը, սակայն, միակը չէ և հաստատ ոչ ամենադրամատիկը»,– գրում է ռուսական АиФ պարբերականը և հավելում, որ այդ պատճառով իրենք որոշել են ընթերցողներին հիշեցնել «հողի և ջրի 10 այլ հայտնի ժամանակակից վեճերի մասին»։ Պարբերականը նաև դասակարգել է այդ վեճերը՝ «ամենաթեժ», «ամենասառցային», «ամենասուրբ», «ամենաբարձր լեռնային», «ամենաժայռային», «ամենաանմարդաբնակ», «ամենակուրորտային», «ամենալոշտո», «ամենալպիրշ», «ամենահեռավոր»։
1. «Ամենաթեժ հակամարտություն» է ճանաչվել ԼՂ հակամարտությունը։ «1992–1994թթ. Լեռնային Ղարաբաղի համար արյունալի պատերազմի արդյունքում, որոշ տվյալներով, մոտ 40 000 մարդ է զոհվել։ Հայաստանը վերահսկում է Ադրբեջանի տարածքի մոտ 13 տոկոսը, որտեղ հիմնականում էթնիկ հայեր են ապրում»,– գրում է պարբերականը։
2. «Ամենասառցային» հակամարտություն է ճանաչվել Ռուսաստանի, Կանադայի, ԱՄՆ–ի, Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի միջև Արկտիկայի շելֆի շուրջ վեճը։ «Պատահական չէ, որ Արկտիկայի ծովերի ընդերքի նկատմամբ իրենց իրավունքները համառորեն պահանջում են հյուսիսային երկրները. այդ ընդերքում նավթի և գազի վիթխարի հանքաշերտեր են հայտնաբերվել»։
3. «Ամենաբարձր լեռնային» վեճ է ճանաչվել Հիմալայան լեռներում գտնվող Ջամու և Քաշմիր շրջանի պատկանելության շուրջ Հնդկաստանի և Պակիստանի միջև վեճը:
4. «Ամենաժայռային» վեճ է ճանաչվել Ճապոնական ծովում գտնվող Տոկտո կղզիների շուրջ վեճը, կղզիները փաստացի գտնվում են Հարավային Կորեայի տիրապետության տակ. Ճապոնիան, սակայն, համարում է, որ Տոկտո կղզեխումբը և՛ իրավաբանորեն, և՛ պատմականորեն իրեն է պատկանում։
5. «Ամենաանմարդաբնակ» վեճ է ճանաչվել՝ Արևելաչինական ծովում գտնվող Սենկակու (չին. Դյաոյույդաո) կղզու տարածքային պատկանելության շուրջ Չինաստանի և Ճապոնիայի միջև վեճը։
6. «Ամենահեռավոր» վեճ է ճանաչվել՝ Հարավային Ամերիկայի ափերից 483 կմ հեռավարության վրա գտնվող Ֆոլքլենդյան կղզիների շուրջ Մեծ Բրիտանիայի և Արգենտինայի միջև վեճը։ 1982թ. ապրիլի 2-ին Արգենտինան սկսեց Ֆոլքլենդյան պատերազմը՝ հարձակվելով և օկուպացնելով Ֆոլքլենդյան կղզիներն ու Հարավային Ջորջիա կղզին: Պատերազմը, որը տևեց 74 օր, ավարտվեց Արգենտինայի պարտությամբ՝ 1982թ. հունիսի 14-ին: Ներկայում դրանք համարվում են Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածք: Արգենտինան, սակայն, երբեք չի ճանաչել Ֆոլքլենդյան կղզիների՝ բրիտանական պատկանելությունը, և դրանք անվանում է «Մալվինյան կղզիներ»:
7. «Ամենալկտի վեճ» է ճանաչվել՝ Էսեկիբո գետի շուրջ գտնվող հողերի առնչությամբ Վենեսուելայի և փոքր Գայանա պետության միջև վեճը։ Պարբերականը ընգծում է, որ այդ հողերի առնչությամբ Վենեսուելայի ախորժակը բավական մեծ է՝ նա ցանկանում է «վերցնել» 160 000 ք. կմ տարածք՝ այդ երկրի ողջ տարածքի մոտ 75 տոկոսը։
8. «Ամենալոշտո» վեճ է ճանաչվել Պսկովի մարզի Պիտալովի շրջանի շուրջ վեճը՝ Լատվիայի և Ռուսաստանի միջև։ «2005թ. այդ շրջանի նկատմամբ հավակնությունների պատճառով տապալվեց պետական սահմանի մասին ռուս–լատվիական պայմանագրի ստորագրումը.«Նրանք ոչ թե Պիտալովի շրջանը կստանան, այլ սատկած էշի ականջներ»,– Ռուսաստանի այդ ժամանակվա նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն է մեջբերում պարբերականը։
9. «Ամենակուրորտային վեճ է» ճանաչվել Հյուսիսային Կիպրոսի շուրջ Կիպրոսի Հանրապետության և Թուրքիայի միջև վեճը։ «Կիպրոսի քարտեզներում թուրքական զորքերի կողմից 1974թ. նվաճված հատվածը (Կիպրոսի կղզու մոտ 38 տոկոսը) նշված է որպես «թուրքական օկուպացիայի պատճառով անհասանելի շրջան»:
10. «Ամենասուրբ» վեճ է ճանաչվել Արևելյան Երուսաղեմի շուրջ Իսրայելի և Պաղեստինի ինքնավարության միջև վեճը. «Երուսաղեմի կարգավիճակը արաբաիսրայելական բազմամյա հակամարտության գլխավոր պատճառներից մեկն է, քանի որ այդ քաղաքի տարածքում են գտնվում հնագույն հրեական և մուսուլմանական սրբավայրեր»,– ասված է կայքում։
No comments:
Post a Comment