Popular Posts

Saturday, October 29, 2011

քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար


«168 ժամ»-ը գրում է. «Ներքաղաքական կուլիսներում այս օրերին խոսում են, որ Կարեն Կարապետյանը վաղուց էր մտածում հրաժարական տալու մասին, սակայն նրա այդ քայլն արագացրեց այն արշավը, որ իշխանությունների կողմից կազմակերպվեց իր դեմ Երևանի կենտրոնից գովազդային վահանակները հանելու կապակցությամբ։ Ավելին, ասվում է, որ մինչ այդ ՀՀԿ-ականներից շատերն էին Սերժ Սարգսյանին բողոքում, որ Կ.Կարապետյանն իր գործողություններով կարծես իշխանությունների դեմ է տրամադրում քաղաքացիների՝ օր օրի ավելացնելով դժգոհ զանգվածների թիվը։ Նկատի ունեին՝ փողոցային առևտրով զբաղվողներին, կրպակատերերին, վերջում նաև՝ գործարարներին»։
«Ազգ»-ը գրում է. «Իրականությունը կարող է մի քանի երես ունենալ. մեկն ու ամենակարևորն այն է, որ իշխանությունը փորձում է առավել լավ դիրքավորվել մոտեցող խորհրդարանական ընտրություններից առաջ, իսկ ոչ հանրապետական, ստերեոտիպով քոչարյանական համարվող Կարապետյանը, որ ժամանակի ընթացքում ու բիզնեսի թելադրանքով առավել եվրոպական ստանդարտներով մտածող է դարձել, չէր տեղավորվում այդ պլանների մեջ, այն է` տեղական կառույցները լիովին իմանալ, նրանց հետ սերտ աշխատել, ինչը հարկավոր է ՀՀԿ-ի համար առավելագույն ձայներ ապահովելու համար: Կ. Կարապետյանի հրաժարականը այս տեսակետից քննարկելու դեպքում ամեն ինչ տեղն է ընկնում: Իսկ եթե քաղաքապետի` արդեն թափուր պաշտոնի համար շրջանառվող անուններին էլ ենք նայում, էլի տեսանելի է, որ այս պահին ոչ այնքան աշխատելն է կարևորվում, որքան այն հաշվարկը, թե տվյալ թեկնածուներն ինչպե՞ս պետք է կարողանան ապահովել այդ գերխնդիրը: Իսկ երկարամյա քաղաքապետ ընտրություններից հետո նոր համայնքային ընտրության արդյունքում ձևավորված նոր ավագանիով էլ կարելի է ընտրել»։
«Ժողովուրդը» գրում է. «Երկու Կարեն Կարապետյանների անակնկալ հրաժարականները ցույց են տալիս, որ իշխանական դաշտում ռուսական կողմնորոշում ունեցող գործիչները կամաց-կամաց սկսում են հեռանալ երկրից։ Որքան էլ Երևանի արդեն նախկին քաղաքապետը փորձի հարցը չքաղաքականացնել և ասի, թե իր հրաժարականն այլ աշխատանքի անցնելու ցանկությունն էր, միևնույն է, դա այնքան էլ այդպես չէ։ Թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ Կարապետյանը հրաժարականից 2 օր առաջ չի իմացել, որ պետք է դիմում գրի»։
Ամեն դեպքում, ըստ թերթի տեղեկությունների՝ առաջիկայում էլի հրաժարականներ կլինեն, չի բացառվում՝ նաև ուժային կառույցներից։ Եվ բոլոր նրանք, ովքեր ՌԴ քաղաքական իսթեփլիշմենթի հետ կապ ունեն, լքում են իշխանություններին։

«Երկիր»-ը գրում է. «ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ այս պահին կուսակցությունում քաղաքապետի փոփոխության մի քանի սցենար է քննարկվում։ Ամենահավանականն այն է, որ Կարեն Կարապետյանի փոխարեն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի, իսկ մայիսին՝ խորհրդարանական ընտրությունների հետ համատեղ նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ տեղի կունենան։ Քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուների մի քանի անուն է շրջանառվում, սակայն ամենահավանականը Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի նշանակումն է»
Անդրադառնալով Երևանի քաղաքապետի պաշտոնից Կարեն Կարապետյանի հրաժարականին՝ «Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է. «Իշխանական որոշ սեգմենտներ երեկ խոսում էին, թե զարգացումների այս ընթացքն ամենևին էլ իրենց սրտով չէ, քանի որ գոնե Կարապետյանի առկայության պարագայում տեսանելի էր, թե ով կարող է լինել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այլընտրանքը, մինչդեռ հիմա պատկերը փոխվեց։ Ավելացնենք նաև, որ Կարապետյանի՝ «գործուղման մեկնելու» լուրը Տիգրան Սարգսյանը մեծ ուրախությամբ է ընդունել, իսկ թե ինչու, դժվար չէ կռահել»։

No comments:

Post a Comment