Popular Posts

Thursday, January 10, 2013


«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, եթե շարունակեր մնալ ընդդիմադիր քաղաքական գործիչ, և 2008-ի նախագահական ընտրություններից հետո կոալիցիոն դաշինք չկազմեր իշխանությունների հետ, միևնույնն է, այսօր նախագահի թեկնածություն առաջադրելով Սերժ Սարգսյանին լուրջ մրցակից համարվել չէր կարող, Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։

«Չնայած ես այդպիսի քաղաքական վերլուծություն կամ կանխատեսում անելու ո՛չ հնարավորություն ունեմ, ո՛չ բարեկամական կապ մեկ ուրիշ Միշելի հետ՝ Նոստրադամուսի մասին է խոսքը, բայց կարող եմ ընդամենն ասել, որ Արթուր Բաղդասարյանը բավականին ճկուն անձ է՝ քաղաքական ասպարեզում հայտնի, և որ կարևորն է, շատ արագ կողմնորոշվող, մտքի և լեզվի ներդաշնակում կա իր խոսքի և գործի մեջ։ Այդ իմաստով կարող ուժ է, բայց դա դեռևս շատ քիչ է»,- ասաց ՀՀԿ պատգամավորը։

Նա որպես լիարժեք թեկնածու այսօր միայն ու միայն տեսնում է գործող նախագահին։ «Գնահատելով Արթուր Բաղդասարյանին՝ որպես քաղաքական գործիչ, չեմ տեսնում, որ նա եթե-ների եթե-ն եթե լիներ, կարող էր հաղթել Սերժ Սարգսյանին»,- ասաց նա։

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը տեղին չհամարեց հարցը, գնահատելու համար, թե ինչ հնարավորություն այսօր կունենար իր կուսակցության ղեկավարը, եթե ժամանակին այլ կերպ գործեր։ «Ինձ թվում է Ձեր հարցը կապ չունի նախագահական ընտրությունների հետ»,- Tert.am-ին ասաց նա։

Ինչ վերաբերում է տեսակետին, թե ընտրությունները մրցակցային չեն, ապա, ըստ Հեղինե Բիշարյանի՝ 8 թեկնածուներն արդեն իսկ հուշում են, որ նախագահական ընտրությունները մրցակցային են լինելու։

«Արդեն 8 հոգի գրանցվել են, որպեսզի մասնակցեն նախագահական ընտրություններին, և դա արդեն խոսում է մրցակցության մասին։ Թե ինչպիսի հնարավորություն ունեն թեկնածուները, դա արդեն այլ խնդիր է, բայց թեկնածուների քանակը ցույց է տալիս, որ մրցակցային են»,- ասաց նա։

Ըստ Հեղինե Բիշարյանի՝ պետք է հաշվի առնել երկարաժամկետ ծրագրերը։ «Որովհետև, ինչպես գիտենք, միշտ գործող նախագահի ծրագրերը երկարաժամկետ են լինում և եթե երկարաժամկետության մեջ նայում ենք, երկրորդ առաջադրումը, բնական է, որ ավելի թույլ են թվում մրցակցողները և կամ շատ ավելի քիչ ուժեղ թեկնածուները»,- ասաց նա: 

No comments:

Post a Comment