Popular Posts

Wednesday, January 16, 2013

Նախագահական ընտրությունների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի արձագանքից ավելի հետաքրքրական էր հայտնի դերասան Գոռ Վարդանյանի արձագանքը Քոչարյանի արձագանքին: Բանն այն է, որ Գոռ Վարդանյանի արձագանքը կարծես թե երկրորդ նախագահի հարցազրույցի արձագանքի սրբագրումն էր, մասնավորապես` «ղարաբաղցիներ» տերմինի իմաստով: 

Ինչպես հայտնի է, երկրորդ նախագահը հայտարարել էր, որ չի առաջադրվել, քանի որ չէր ուզում «երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների» միջև պայքար սրել, որը բարդ ընտրության առաջ կդներ իշխանական համակարգի մի զգալի մասին: 

Հասարակության մեջ ուշագրավ արձագանք եղավ այս կապակցությամբ: Ոչ թե հերթական սուր ընկալումներն ու վրդովմունքը եղան ղարաբաղցիների, ղարաբաղյան կլանի և այլնի թեմայով, այլ Ռոբերտ Քոչարյանը հայտնվեց քննադատության տակ, որ կիրառում է «ղարաբաղցիներ» հասկացությունը, այսինքն` բաժանում է մտցնում, փորձում է մասնատել հասարակությանը, գավառականություն է դրսևորում և այլն: 

Ռոբերտ Քոչարյանն, ամենայն հավանականությամբ, չէր սպասում նման արձագանքի և անմիջապես կարիք զգաց սրբագրել իրավիճակը, որի դրսևորումն էլ նկատվում է Գոռ Վարդանյանի արձագանքում: Եվ միգուցե Վարդանյանը ընտրվել է այն նկատառումով, որ դիտվի որպես ապաքաղաքական արձագանք և հնարավորինս քիչ կապվի երկրորդ նախագահի քաղաքական շրջանակի հետ: 

Միևնույն ժամանակ, հայտնի դերասանի արձագանքում կա մեկ այլ հետաքրքրական դրվագ: Խոսքը Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված ակնարկի մասին է, որտեղ Գոռ Վարդանյանը նրան թափանցիկ կերպով մեղադրում է հասարակությանը երկու մասի բաժանելու, մարդկանց փողոց հանելու և նրանց ուժային համակարգի դեմ փողոցում թողնելով` գիշերը պետական պահպանության ներքո տանը հանգիստ մնալու համար: 

Սա ևս կարելի է դիտարկել Ռոբերտ Քոչարյանի ելույթի սրբագրման կոնտեքստում: Ելույթի մեջ երկրորդ նախագահը որևէ կերպ չէր անդրադարձել ներքաղաքական սուբյեկտներին, ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին, նրանց միջև հնարավոր դաշինքին: Նրա հարցազրույցից մեկ օր անց հանկարծ Գոռ Վարդանյանի ողջույնի արձագանքն է, և դրանում Տեր-Պետրոսյանի հասցեին մեղադրանքը, որով անուղղակիորեն տարանջատվում է Քոչարյանը Տեր-Պետրոսյանից, այն դեպքում, երբ ներքաղաքական վերջին ամիսներին նրանց ճանապարհները կարծես թե բավականաչափ միահյուսվել էին: 

Գոռ Վարդանյանը նախկինում Ռոբերտ Քոչարյանի անվտանգության համակարգի աշխատակիցներից էր: Նա համակարգում եղել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին, սակայն Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում էր, որ Վարդանյանը հայտնի դարձավ, սկսեց ֆիլմարտադրությամբ զբաղվել: 

Այսօր, իհարկե, Գոռ Վարդանյանը Քոչարյանի անվտանգության, նրա անմիջական շրջանակի հետ կապ չունի, սակայն երկրորդ նախագահի հարցազրույցից հետո նրա արձագանքը՝ ողջույնը և մեծարանքը Ռոբերտ Քոչարյանի խոսքի հանդեպ, բավական օպերատիվ և օրգանական ստացվեց` համալրելով երկրորդ նախագահի հարցազրույցի թողած աուրան և մթնոլորտը, որը, հավանաբար, այնքան էլ չէր գոհացրել իրեն՝ Քոչարյանին:

No comments:

Post a Comment