1890թ.-ին Թիֆլիսում հիմնադրված, 1918-1920թթ.-ին Հայաստանի առաջին հանրապետությունը ղեկավարած, հայության կյանքում կարևոր դերակատարություն ունեցած Դաշնակցություն կուսակցությունը այսօր կանգնել է լուրջ ընտրության առաջ: Դաշնակցությունը կա՛մ պետք է գնա Հրանտ Մարգարյանի ճանապարհով ու հաջորդ ընտրություններում հայտնվի ՀՀԿ-ի ընդլայնված ցուցակում՝ Արտաշես Գեղամյանի ու Արամ Զավենի Սարգսյանի միջև ինչ-որ մի տեղում, կա՛մ պետք է կուսակցության վերնախավի վերակազմավորման գործընթաց սկսի:
ՀՅԴ-ի վերակազմավորումը բխում է ոչ միայն կուսակցության, այլև հայ ժողովրդի շահերից:Կուսակցությունը ունի մեծաթիվ կառույցներ տարբեր երկրներում, որոնք երբեմն ավելի արդյունավետ կերպով, քան Սփյուռքի նախարարությունը, ապահովում են կապը Հայաստանի ու Սփյուռքի միջև: Անգնահատելի է նաև «Հայ Դատի» դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու հայկական շահերի լոբբինգի գործում: Դաշնակցության`զարգացած կուսակցական կառույցների ցանցը կորցնելը կարող է հարվածել հայության շահերին: Հենց այդ պատճառով Դաշնակցության Հայաստանի կառույցի վերակազմավորումը ողջ հայ ժողովրդի համար կարևոր է: Պետք է հասկանալ` ինչպես պատահեց, որ Հրանտ Մարգարյանի թեթև ձեռքով ՀՅԴ-ն երկխոսացված վիճակում հայտնվեց:
Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակ Դաշնակցությունն ընդդիմություն էր: Առճակատման գագաթնակետ դարձավ դաշնակցական ԶԼՄ-ների փակումն ու կուսակցական ղեկավարների ազատազրկումը:
Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո Դաշնակցության համար ծաղկման շրջան սկսվեց.կուսակցության լիդերներն ազատ արձակվեցին, ու այն դարձավ իշխանական վերնախավի մաս:
2008թ.-ին՝ նախագահական ընտրությունների ժամանակ, ՀՅԴ-ն հանդես եկավ իր սեփական թեկնածուով, սակայն ընտրություններից հետո մտավ կոալիցիայի մեջ: Դաշնակցությունը իշխանության մեջ մնաց մինչև Սերժ Սարգսյանի կողմից տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտություն ձեռնարկելը: Այն ժամանակ Դաշնակցության վերնախավի համար հայ-թուրքական արձանագրությունները առևտրի առարկա չէին, ու կուսակցությունը իրեն արժանապատիվ կերպով պահեց`դուրս գալով կոալիցիայից:Սակայն 2012թ.-ից, երևում է, նրանց այդ մոտեցումը փոխվեց:
Կոալիցիայից դուրս գալը ցավոտ էր Դաշնակցության ղեկավարության համար. կուսակցությունը զրկվեց իր վարչական ռեսուրսներից, ինչպես և ֆինանսական հոսքերից, որոնք ստանում էր իշխանության մեջ լինելու ժամանակ: Հենց այդ ժամանակ արդեն կուսակցության քաղաքական էլիտան պետք է գնար վերնախավի վերակազմավորման, կուսակցության վերափոխման, այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության ու կուսակցական երիտասարդության հետ աշխատանքների ակտիվացման ճանապարհով: Նման պարագայում կուսակցությունը կպահպաներ իր դիրքերը Հայաստանի քաղաքական դաշտում, նույնիսկ, միգուցե, ուժեղացներ իր դիրքերը:
Սակայն դա տեղի չունեցավ: Ինչպես պարզվեց, կուսակցական ղեկավարությունը Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ կոալիցիայի մեջ վերադառնալու փորձեր էր անում: Ու նման շանս նրանք ստացան նախագահական ընտրություններից առաջ:
Սակայն բացահայտ կերպով Սերժ Սարգսյանի հետ երկխոսության գնալ Մարգարյանը չէր կարող, նա պետք է իր երկխոսությանը «գաղափարական» ֆոն հաղորդեր: Հենց այդ պատճառով էլ առաջ քաշվեց ՀՅԴ-ի 7 կետերից բաղկացած պլատֆորմը: Եթե Սարգսյանն ընդուներ այդ պլատֆորմը, ապա Հրանտ Մարգարյանը արդարացում կունենար: Բացի այդ, այդ պլատֆորմը այլ դեր էլ խաղաց.դրանով դաշնակցական ղեկավարությունը իր գինը բարձրացրեց նախագահի մոտ: Արդյունքում Սերժ Սարգսյանը ստացավ իր ուզածը: «Կոնսենսուս – Սերժ Սագսյան» տարբերակը տեղի չունեցավ, ՀՅԴ-ի պլատֆորմը մնաց թղթի վրա, և այժմ իշխանությանն ընտրությունների ժամանակ իրական այլընտրանք չի լինի:
Այս պատմության մեջ բացասական դերակատար դիտարկվում է Հրանտ Մարգարյանը, ով և կատարեց Սերժ Սարգսյանի կողմից երկխոսացվածի հիմնական դերը, սակայն ոչ պակաս ուշագրավ է այս հարցում նաև բյուրոյի մյուս անդամների դերակատարությունը: Այդ մարդիկ ուղղակի չպետք է թույլ տային Սարգսյանի ու Մարգարյանի միջև բանակցությունների փաստն անգամ: Դրա փոխարեն նրանք խրախուսել են Մարգարյանի`մինչև վերջին պահը գաղտնի բանակցությունների հանգամանքը:
Սա խոսում է այն մասին, որ կուսակցության վերնախավը պետք է թարմացվի: Պետք է գան մաքուր գործիչներ, որոնք ունեն կայուն արժեհամակարգ ու իրապես պայքարում են Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի համար: Եթե դա տեղի չունենա, ապա, ինչպես արդեն ասացի, ՀՅԴ-ն կհայտնվի ՀՀԿ-ի համամասնական ցուցակում:
http://www.zham.am/blog/?p=1879
No comments:
Post a Comment