Popular Posts

Tuesday, November 29, 2011

Արարատի մարզպետարանում բացահայտվել է 50 միլիոն դրամի խախտում

նոյեմեբերի 29-ին Արարատի մարզում տեղի է ունեցել ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի արտագնա նիստ: Նիստը վարել է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: ՎՊ խորհրդի անդամներից բացի, նիստին մասնակցել են նաև համապատասխան վարչությունների պետերը, ինչպես նաև մարզպետարանի համապատասխան ոլորտների պատասխանատուներն ու համայնքապետերը, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ–ի խորհրդի նախագահը և «Սոցիալական ներդրումների հիմնադրամի» գործադիր տնօրենը:  Նիստից հետո տեղի է ունեցել մամուլի ասուլիս: ՎՊ նախագահը լրագրողներին է ներկայացրել քննարկված հարցերը: Ի.Զաքարյանը տեղեկացրել է, նաև որ սոցիալական ոլորտում հայտնաբերված խախտումները հիմք են հանդիսացել, որպեսզի ՎՊ–ն սկսի «օպերատիվ վերահսկողություն» թոշակ-նպաստ համակարգում: Ստուգումները կանցկացվեն եկող տարվա հունվարից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում: Զաքարյանը հայտնել է, որ ինքը դիմել է կառավարությանը, որոշում ընդունի այն մասին, որ անօրինական վճարված նպաստների գումարն այսուհետև հետ գանձվի ոչ թե նպաստառուներից, այլ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ղեկավաներից և աշխատակիցներից:

Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, Արարատի մարզպետարանում 2009-2010 թվականներին իրականացված քաղաքաշինական, առողջապահական, կրթական ծրագրերում, ինչպես նաև տարբեր հողատարածքների վարձավճարների չհավաքագրման արդյունքում Վերահսկիչ պալատի ստուգումներով բացահայտվել են մոտ 50 միլիոն դրամի խախտումներ:

Ըստ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի՝ այդ գումարների մեծ մասը ենթակա են վերականգման պետական բյուջե: Վերահսկիչ պալատն առանձին ստուգումներ է իրականացրել նաև մարզի Մասիս, Արտաշատ, Վեդի և Արարատ քաղաքների Սոցիալական ծառայության տարածքային գրասենյակներում: Ընդհանուր առմամբ, արձանագրվել է ավելի քան 15 միլիոն դրամի խախտում:

Վերահսկիչ պալատը նաև վերահսկողություն է իրականացրել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի նկատմամբ:

Երևանի մետրոպոլիտենում իրականացված ստուգումների արդյունքով էլ Վերահսկիչ պալատը արձանագրել է 12 միլիոն դրամի և 4700 եվրոյի խախտման դեպք:

Վերահսկիչ պալատի այսօրվա խորհրդի նիստում արձանագրված խախտումների նյութերից որևէ մեկի վերաբերյալ դատախազություն ուղարկելու որոշում չի կայացվել, ինչը Իշխան Զաքարյանը մեկնաբանել է այսպես. «Դատախազություն ուղարկում ենք այն նյութերը, որտեղ քրեաիրավական բնույթի խախտումներ կան կամ ինչ-որ կազմակերպված խնդիրներ ենք տեսնում»:

1 comment:

  1. Այսինքն Վերահսկիչ պալատն իրավասու է որոշել արարքը հանցանք է, կազմակերպված խնդիր այնտեղ կա թե , ոչ , իսկ եթե ոչ, ապա ինչ դա ուղղակի անփություն է եղել, որ այդքան գումար է փոշիացվել ու վատնվել: Տարրական անգրագիտությունա..... եթե պետք է միայն գումարները հետ բերեն, ապա ուր մնաց մեղավորներին պատժելու գաղափարը... օրենքի փոփոխությունն անպայման պետք է ընդունել և գումարնեը հետ գանձել մեղավորներից ու նաև պատժել այլ եղանակներով, այդ թվում` ազատազրկմամբ.

    ReplyDelete