Popular Posts

Tuesday, November 1, 2011

«Սև» երկուշաբթի

Հոկտեմբերի 31-ը Հայաստանի ընթացիկ ներքաղաքական զարգացումներում թերևս կարող է անվանվել«սև» երկուշաբթի: Բանն այն է, որ երկուշաբթին խիստ անբարենպաստ օր էր ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, և ինչ որ տեղ նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի համար: 

Բանն այն է, որ երեկ օրվա վերջում հայկական մեդիայով տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Սերժ Սարգսյանը պաշտոնանկ է արել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Իսկ դրանից առաջ, մամուլում հայտնվեց Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը, որտեղ Ծառուկյանը այսպես ասած վերաճանաչում էր փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագիրը, ուր համաձայնություն կա, որ կոալիցիան միմյանցից տեղեր չի խլելու խորհրդարանական ընտրություններում, իսկ նախագահական ընտրությունների ժամանակ էլ սատարելու է Սերժ Սարգսյանին:

Եվ այսպես, երեկ կարելի է ասել, որ Հայաստանի քաղաքական կյանքում երկու բավական կարևոր իրադարձություն է տեղի ունեցել` նախ փոխվում է Հայաստանի ոստիկանության ղեկավարը, իսկ ոստիկանությունը թե ներկայիս իշխանական համակարգում ընդհանրապես, թե նախընտրական ժամանակահատվածներում մասնավորապես ունի առանցքային դերակատարում, և բացի այդ էլ ներիշխանական գլխավոր ինտրիգը ինչ որ չափով հանգուցալուծվում է հօգուտ Սերժ Սարգսյանի: 

Եթե սրան ենք գումարում նաև Երևանի քաղաքապետի փոփոխությունը, որտեղ ՀՀԿ-ն երեկ որոշել է առաջադրել Տարոն Մարգարյանի թեկնածությունը, ապա մենք փաստորեն ականատես ենք դառնում բավական լայնամասշտաբ մանևրների, որ անում է Սերժ Սարգսյանը Մոսկվայից վերադառնալուց հետո: Սա կամ հիշեցնում է այսպես ասած մոսկովյան լոյալություն սեփական ծրագրերի հանդեպ, որ կարողացել է հաջողացնել Սերժ Սարգսյանը, կամ էլ Մոսկվայում հենց այդ լայնամասշտաբ փոփոխությունների դիմաց են համաձայնել աջակցել Սերժ Սարգսյանի ընտրական ծրագրերին: 

Սակայն, չպետք է բացառել թերևս նաև արևմտյան գործոնը, որը վերջին շրջանում ևս ակտիվորեն առկա էր Հայաստանի իշխանության գործողություններում` այցեր Արևմուտք, Սարկոզիի այցը Երևան: Այսինքն, չի բացառվում, որ ներկայիս լայնամասշտաբ իշխանական շարժերը հենց այդ պայմանավորվածությունների արդյունք են, որոնք Սերժ Սարգսյանը կարողացել է նաև Մոսկվայում հավանության արժանացնել, ու վերադառնալով Երևան անցնել գործի: 

Իհարկե այս ամենի արդյունքում մի բան է կարևոր՝ թե այդ գործից մեծ հաշվով ի՞նչ է շահելու պետությունը, հասարակությունը, շարքային քաղաքացին, որ հայտնվել է չափազանց ծանր վիճակում: Այս տեսանկյունից, կարծես թե առայժմ հուսադրող միտումներ չկան: Առայժմ Հայաստանում մենք տեսնում ենք զուտ իշխանական խմորումներ, այսինքն խմորումներ, որոնք միտված են առայժմ իշխանության հարցը լուծելուն: 

Պարզ է, որ հասարակության օրակարգում բոլորովին այլ հարցեր են և այնտեղ գերական ոչ թե իշխանության, այլ պարզ գոյության խնդիրն է:

No comments:

Post a Comment