Իսրայելի կառավարությունն այսօր հայտարարել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ին (Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության) Պաղեստինի անդամակցության պատճառով դադարեցնում է կազմակերպության ֆինանսավորումը։
Պաղեստինը ՅՈՒՆԵՍԿՕ–ի լիիրավ անդամ (անկախ պետության իրավունքներով) դարձավ հոկտեմբերի 31–ին։
Ինչպես հաղորդում է ֆրանսիական «Ֆրանսպրես» գործակալությունը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, թե համապատասխան որոշումն ինքն անձամբ է ընդունել։
Ավելի վաղ կազմակերպության ֆինանսավորումը դադրեցրել էին ԱՄՆ–ն և Կանադան։ Նրանց կարծիքով՝ կազմակերպությունն իրավունք չուներ ճանաչել Պաղեստինի անկախությունը։
ԱՄՆ–ն, Իսրայելը և մի շարք այլ երկրներ բողոքում են միջազգային կառույցներում Պաղեստինի ինքնավարության կարգավիճակի բարձրացման դեմ։ Նրանց կարծիքով՝ անկախ պետություն (Պաղեստինի) կարող է ստեղծվել միայն իսրայելցիների և պաղեստինցիների միջև բանակցությունների արդյունքում։ Իսկ պաղեստինցիները հայտարարել են, թե բանակցությունների սեղանի շուրջ չեն վերադառնա այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել արաբական տարածքներում հրեական բնակավայրերի կառուցումը։
Պաղեստինի Ինքնավարությանը կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու մասին բանաձևին կողմ քվեարկեց 107 երկիր, 14 երկիր՝ դեմ, այդ թվում, Իսրայելը, ԱՄՆ–ն, Կանադան և Գերմանիան, ավելի քան 40 երկիր էլ ձեռնպահ մնացին։
No comments:
Post a Comment